Monday, December 26, 2011

Անդին

Էդպիսի մի զգացողություն կա, որ կոչվում ա «անդին»: Երդ դու հստակ գիտակցում ես, որ կաս, բայց քո ու դրսի սահմանը աղավաղված ա: Չէ, դու դուրս չես դառնում, ոչ էլ դուրսը՝ ներս, այլ դու հեռու ես. թե՛ ներսից, թե՛ դրսից: Դա անտարբերությունն ա. չկա ներս ու դուրս, որոնց հանդեպ դու տարբեր ես:

Thursday, December 22, 2011

Օրերն սկսում են երկարել

«Քիսո ջան, ծնունդդ բարով մաշես», - ակամա հանճարեղ մաղթանք իմ փափուկ, բարի, ժպտաչք Ռիմա մոքորից:

Thursday, December 15, 2011

Մի երկու խոսք «Բելժիկից»

Չէ, անլեզու հայվանությունը դուրս չի գալիս: Էս՝ մեկ: Կողքս՝ բլա-բլա-բլա, իսկ ես՝ շաշ-շաշ ժպտում եմ: Արգենտինայից առաջ իսպաներենիս փոշին մի երկու ամիս թափ եմ տալու, թե չէ սիրտս կպայթի:-) Երազենք, էլի, ինչն ա խանգարում:-)

Thursday, December 1, 2011

Անվերնագիր

Ամեն ինչ սկսվեց երեք տարի առաջ: Երբ մեռավ կամ մեռցրի երիտասարդ աղջկան: Տարիքը կապ չունի: Կապ ունի արարելու կամքը: Իմ անցյալը նման է Սիզիփոսի ժայռին՝ անընդհատ գլորվում ու ընկնում ա գլխիս: Գլուխս ոչինչ, գլուխ ա էլի, բայց երիտասարդությունս ափսոս: Մի տեսակ հետ գնալու ճանապարհ չեմ տեսնում, բայց դեռ նոր ճանապարհի դարուփոսերին էլ չեմ հարմարվել: Ես երբեմն համարձակություն եմ ունենում Սիզիփոսի նման վեր բարձրացնել ժայռը (բայց ոչ ԱՆԸՆԴՀԱՏ... եթե էսօր հերոս ընտրելու լինեմ, իրեն եմ ընտրելու...), միանգամայն համոզված լինելով, որ նորից ջարդվելու ա գլխիս: 

Wednesday, November 30, 2011

The Inheritance of Loss կարդալու մասին

Երբ փոքր էի, ատում էի ծանոթագրությունները: Հիմա դրանք գրքի ամենահետաքրքիր մասերից են: Նախկինում «Կանչենջունգան» արագ-արագ կսահեր լեզվիս ու աչքերիս սահմաններից ու ունակություններից դուրս, ուղղակի ֆիքսելով հեղինակի նշմարը, թե լեռ է: Իսկ հիմա, բացի ուիկին, մի 10 րոպե էլ կվատնեմ հիանալու այս հիասքանչ  լեռան բնապատկերներով, կզարմանամ, թե բա ինչու մինչև հիմա չեմ իմացել, որ դա երրորդ ամենաբարձր լեռն ա, թե ոնց են ժամանակին մարդիկ էնքան խելք ունեցել, որ լեռն այդ, իր հինգ կատարների պատճառով անվանելով «ձյան հինգ գանձեր», այդ ցանկում մտցրել են հացն ու սուրբ գրքերը՝ ոսկու, արծաթի ու թանկարժեք քարերի կողքին:
Երբ փոքր էի, սովորում էի ապրել, հիմա սովորում եմ գունավոր ապրել:-) Լա՞վ եմ անում որ...

Monday, November 28, 2011

Մի գիշեր

Երկինքն ահռելի շիկնեց արևի բաց փեշից,
ու վառվեց կրքոտ հրով հորիզոնն ամայի:
Սառցե քամին սուրաց մոլեգին
ու ոռնաց վրիժառու՝ խոցված քաղաքից:

Հիշեց հովիկին սեթևեթ՝ պոկված ամառվա կիզիչ մշուշից,
ու զովքն եդեմական՝ գիշերն ազատող կեսօրյա տապից,
Հիշեց քամուն սանձարձակ, որ պոռթկաց տոթակեզ հարավից,
ու հողմն անտարբեր, որ լուռ հեռացավ անհաղորդ հյուսիսից:

Հիշեց մահերը դրանց քաղաքում սահմռկելի:

Ու վազեց քամին մոլագար դեպի անապատ ապշահար,
Ու վառեց հատիկն ավազի իր անզուսպ կրքով դիվահար,
Ու փարվեց հատիկն ավազի քաղաքին ապշահար
Ու վառվեց քաղաքն ալարկոտ ավազե կրքով դիվահար:

***
Սառցե գիշեր էր քաղաքում: Թիկնել էր քաղաքը հորիզոնին շառագունած:

Ինչի՞ համար է բանաստեղծությունը: Բան ստեղծելու, բան, կերպար, մտքի շրջանակ, սահման: Շրջանակում մեկին դուր է գալիս փայտը, մյուսին՝ ոսկին: 

Monday, November 7, 2011

Մի քիչ էլ դպրոցից

Գրեթե երրորդ ամիսն է, որ դասավանդում եմ: Երկու տարվա ընդմիջումից հետո ուսանողներս այսօր.

- Ոչ մի խնդիր չունեն սխալ-մխալ անգլերեն խոսելիս: Սխալներով, բայց շատ սահուն բացատրում են իրենց միտքը: Նախկինում ամբողջ լսարանում 2-4 հոգի էր էսպիսին: Grammar-Translation-ից հարմար մեթոդ՝ սխալներից իրենց հետ վարժեցնելու համար չգիտեմ;-)

Tuesday, November 1, 2011

Հոկտեմբերյան Դիլիջան

Ձմեռն առած թուր-թվանք ու գիշերվա անթափանց շղարշով քողարկված՝ որոշեց հարձակվել անտառի ու մարդու վրա: Որոշեց հաղթել, մանավանդ դաշնակից ուներ մոտեցող դեկտեմբերին: Բայց մարդու տան երդիկից ծուխ էր ելնում: Ելնում ու ոլոր-մոլոր, ալարկոտ բարձրանում վերև: 

Ու ձմեռը գաղտագողի եկավ-հասավ անտառի փեշերին ու սսկվեց. դեռ շուտ էր, դեռ բանակը պիտի մեծացներ, բուք-բորան, քամի-մամի էլ դաշնակից սարքեր: 

Ու ասաց zalin-ը՝ «Սահման եմ գծում իմ աչքերով, ձմռան պարտությամբ, աշնան հոգեվարքով ու այս թվային սարքավորումով»:-)

Աշնան ու ձմռան սահմանագծին...
© zalin

Tuesday, October 25, 2011

Սիրո մասին:-)

Երբ առաջին անգամ ջուրն ես մտնում, ինչ խելառ բան ասես չես անում. հիմար-հիմար մեխվում ես տեղում, նայում ուրիշներին, նախանձում ու մտքում կամ բարձր մի լավ հայհոյում քո անկարողությունն ու նրանց «ցուցամոլ» կարողությունը: Կամ սկսում ես աշխարհքիս տակին եղած ու քո մարմնին հայտնի ու անհայտ բոլոր շարժումներով պայքարել մի պատշաճ կրոլային թևաթափահարում հաջողացնելու համար: Առաջին մի քանի ամիսներին ջուրը թշնամի է, ջուրը թույլ չի տալիս հիանալ ինքդ քեզանով. մարմինդ, որ առաջ քոնն էր, հիմա ուրիշինի նման քեզ չի պատկանում, քեզ չի լսում: Ջուրն է հիմա նրան սահմանում: Հետո մի օր հուսահատ ասում ես. «Քո հերն էլ անիծած», ու էլ հետ չես գալիս: Բայց թե համառ խմորից են քեզ հունցել, թե էդ ամիսների ընթացքում մի պահ կարողացել ես զգալ ջրի սահքն անտաշ մարմնիդ վրայով, հետ կգաս: Անպայման: Ու գլուխդ կախ կշարունակես համառել՝ անճոռնի, ու բախվել՝ գրեթե անշունչ: Ու մի օր ներդաշնակությունից կհալչես ջրի ու մարմնիդ համատեղ գեղեցկությունից: 

Ինչպես սիրելիս:

Wednesday, October 19, 2011

Milan Kundera: Identity

Գիրքը նախատեսված էր Բաքվի հյուրանոցային սենյակի համար: Երևի տեղին կլիներ. չէ՞ որ հյուրանոցի անդեմ ու հարմարվետ սենյակում ինքնությունների կերտման հնարավորություններն ավելանում են գրեթե անսահմանորեն՝ միակ սահմանափակումը   թողնելով քո երևակայության շրջանակները: Ինչևէ, վիպակն սկսեցի մեծ ոգևորությամբ ու ավարտեցի մի տեսակ կարկամած՝ չէի հասկանում դուրս գալիս ա, թե՞ չէ: Վերջին գլուխներում  որոշ պարբերություններ նույնիսկ մի քանի անգամ վերընթերցեցի, որովհետև չէի հասկանում` հասկանում եմ, թե՞ չէ:-) 

Վիպակը պատմություն է զույգի մասին, որտեղ կինն ու տղամարդը փորձում են հասկանալ իրենց ով լինելն այդ հարաբերության մեջ: Շատ հետաքրքիր ու համոզիչ կերպարներ ու մտքեր: Սկզբում:-) Որոշ դրվագների անկեղծությունը, որը Կունդերան կարողանում է պատկերել մերկապարանոց, սահմռկելի, հիմնարար ու հիմնավոր պարզությամբ, միաժամանակ թե՛ գրավում է, թե՛ վանում: Օրինակ՝ երբ Շանթալն իրեն երջանիկ է զգում ու հասկանում է, որ դրա համար պարտական է իր հնգամյա երեխայի մահվանը («Ես սիրում եմ քեզ, ու եթե դու ապրեիր, ստիպված էի լինելու սիրել այս աշխարհը, որն ատում եմ»: Մոտավորապես): Ընդհանրապես էնպիսի զգացողություն ունեի, թե այս անգամ Շանթալն է կունդերայական տղամարդը: Հետաքրքիր փորձ էր վերլուծել ընկերության ժամանակակից ընկալումը: 

Վերջն անընդհատ հիշեցնում էր Կուբրիկի Eyes Wide Shut-ը, ու չէի կարողանում հարմարվել. այդ էջերում մտքիս ու զգացմունքներիս թելը գտնել, թել որին հաճույքով, հետաքրքրությամբ ու ցավով հետևում էի սկզբում՝ փորձելով Կունդերայի հետ պեղել այս կյանք կոչվող լաբիրինթոսը: Վիպակն ասես մի շատ լավ, տաղանդավոր սևագիր լիներ: 

Sunday, October 16, 2011

Արևն ու անտառը

Երևի մի օր պահմտոցի խաղալիս՝ Արևն ուրախ-ուրախ, որ ամենաթաքուն տեղն է գտել աշխարհքիս տակին, լուռումունջ մի կերպ խցկվել, մտել էր Վարդանլվի անտառը: Բայց Արևին որտեղի՞ց բախտ, որ տապկացած կենա. բոսորագույն գույներից խելքը թռցրած ծառերն էնպիսի մի բղավոց էին գցել լուռ գյուղում, որ ամբողջ աշխարհքով մեկ իմացան, թե Վարդանլվի անտառում մի արև կա տապկացած: Արևին Աստված բախտ չի տվել թաքուն մնալու, բայց ուժ ա տվել զայրանալու:

Wednesday, October 5, 2011

Էսօրվա տղամարդիկ ու կանայք

Իրար վրա պատահաբար կարդացի էս երկու հոդվածները՝ Why men are in trouble ու Is Iceland the best country for women: Առաջին հոդվածն այնուամենայնիվ չի ասում, թե տղամարդն ինչպիսին պիտի լինի:-)

Monday, October 3, 2011

Հարավկովկասյան երկրների հանրակրթական նպատակների համեմատություն

Ինձ համար շատ հետաքրքիր համեմատություն ա, ու ես ընտրում եմ Վրաստանը. թեև երբեմն կարծես թե նույն միտքն ա, բայց ճոռոմություն չկա, որի տակ  շատ հաճախ քողարկվում ա գործ չանելը: Իսկ ակտիվ ուսանող անհատից լավ բան ես էս կյանքում քիչ գիտեմ:

The overview of main objectives of primary and secondary education as defined by legal acts

Friday, September 23, 2011

Առավոտյան

Քաղաքն արթնանում էր, ինքը՝ ոչ: Քաղաքն շտապում էր ապրել, ինքն շտապում էր աշխատանքի: Քաղաքում տաք էր, իր ներսում՝ բարեխառն: Հեռվից երևաց դեղին ավտոբուսը: Պետք էր շտապել: Նայեց ներքև: Գունավոր զգեստը քամուց առագաստվեց, հետո ծակվեց ու նվազ ու տկար փարվեց ոտքին: Քայլելն այլևս չեկավ: Ոտքը հերթական քայլը հրաժարվեց անել, ու ինքը մնած կանգնած: Մայթի եզրին: Անշարժ: Լուռ: Անհաղորդ: 

Monday, September 19, 2011

Կարոտ

Ժամը երկուսից հետո հինգ րոպեն մեկ դուրս էի գալիս ու նայում մեր դիք ճանապարհին. մաման պիտի գործից գար: Կապույտ մանր ծաղիկներով զգեստ ուներ: Վերևից հոգնած, շոգած իջնում էր տուն, ասում «Քոռանամ ես, էսքան գործը ոնց ես արել» ու սկսում հաց սարքել...

Sunday, September 18, 2011

Ասք տարածությունների մասին

Կամ էլ դրանց բացակայության մասին... Մենք ինչքան մոտենում, էնքան հեռանում ենք միմյանցից: Կանգնած եմ կանգառում: Բորորը հեռախոս ունեն: Բոլորը խոսում են կամ գրում: Բայց երկուսն էլ փողով են, երկուսն էլ պլաստմասի ու երկաթի միջով են անց կենում ու հասնում  ում պիտի հասնեն: Ինչքան հասանելի, էնքան էլ հեռու են դրա երկու ծայրում գտնվողներն իրար համար, որովհետև չտարածությունը համբերություն, ջերմություն, ժամանակ ու սեր ա պահանջում: Աչքերի մեջ նայել, տրվել ու վերցնել ա պահանջում: Մենք տիեզերական տարածություններ ենք ստեղծում մեր միջև: Հեռախոսների ու համակարգիչների օգնությամբ: 

Tuesday, September 6, 2011

Դիմանկարներ


Անին լուռ էր: Նրբիկ մարմինը հանդարտ տեղավորել էր աթոռին ու աչալուրջ, բայց հեռու-հեռվից նայում էր ուղիղ առաջ: Շագանակի տաքությամբ հրապուրող ուղիղ մազերն իր նման հանգիստ իջել էին ուսերին, բայց ինչպես իր աչքերն էին մատնում ներամփոփ շարժումն, այնպես էլ վարսերի խաբուսիկ հարթություն էր խոստանում խելագար ու փոթորկոտ մի ջրվեժ խելառ քամու զուռնու տակ: 

Նորայրը կարճահասակ էր ու ծանր: Ձայնը՝ թավ ու լուրջ, ասես հիմա կարևորագույն մի խնդիր պիտի լուծեր, աշխարհը պիտի փրկեր եսիմ ինչ արհավիրքից: Ծանրությունից նաև անտաշ էր ու անտաշությունից՝ պարբերաբար շառագունող: Բայց Նորայրի հմայքն ուրիշ տեղ էր: Էնպիսի մի կենսուժով էր կենտրոնացել այն նրա լիքը շուրթերում, որ ամեն մի խոսք ասես հաստատում էր վերին մի ճշմարտություն: ... Թեև Նորայրը դեռ տասնամյակներ ունի, որ պիտի հաջորդեն իր ապրած 14 տարիներին: 

Monday, September 5, 2011

Թավջութակ

Իմ բոլոր պատմությունները սկսվում են արևով. արևից ջերմացած, արևից հոգնած, արևահար, արևոտ...

... Մատները խաղում էին լարերի հետ, պիրկ աղեղն անթաքույց հաճույքով սահում էր վար ու սենյակի բոլոր անկյուններում վառվում էին մեղեդային լուսափորիկներ: Լույսն ու մեղեդին մատներից ու աղեղից առվակներով հոսում-հասնում էին մարմնին ու դեմքը զարդարում անհայտ մի ծամածռությամբ, որ հոմո սապիենսն անվանել է «ժպիտ», ու առանց որի արևն անգամ անիմաստ է: 

Մեղեդին ծորում էր: Ներսը պարուրել էր թանձր մի անձկություն (վերասովորած բառ է՝ փափագ, տենչ), որից արևի համ էր գալիս, բայց սիրտն անհանգիստ ձայնակցում էր լուսափորիկների թռիչքին՝ դոմ-դոդոմ-դոմ-դոդոմ: Անձկություն-մանձկություն՝ սովորական առիթմիա: Ու ոչ մի լուսափորիկ, ընդամենը՝ ձայնային ալիք: 

Բայց կանացի կորություններով ու տղամարդկային թավությամբ օժտված թավջութակը միևնույն է, առկայծում էր միլիոնավոր լուսափորիկներով... Իսկ սենյակում հնչում էր հերթական ճառն առ  խաղաղություն ողջ աշխարհում...

P.S. Մահարին մի անգամ գրեց, թե երբ գրելդ չի գալիս, քանդակիր, որ գրիչդ ժանգոտ երկաթ չդառնա: Կամ էլ տենց մի բան:-) 

Գեղեցիկ

Կարոտել եմ արհեստավորի արարող ձեռքերին ու կյանքի պարզությանը: Մենք դարձել ենք պղպջակների հասարակություն. ով ավելի մեծ կուռչի ու վերև կթռչի: Որ հետո ամպոտ ոտքերով կեխտոտ ցեխից խոսենք: Բայց գեղեցկությունը ցեխից, փոշուց ու անմաքուր բաներից ա ծնվում: Գեղեցկությունը անմաքուրը մաքրելն ա: 

Ու դրա համար էլ էսօր առավոտ լավ էր. պարզ էր: 

Tuesday, August 30, 2011

Բանակ...

Բայց հիմա լռելու ժամանակն անցել է: Հիմա պիտի խոսենք, պիտի պատմենք ու հիշենք:

Մեր պատգամավորներից որևէ մեկն զբաղվո՞ւմ է էս ողբերգությամբ....

Tuesday, August 23, 2011

Էլի լեզվի ու տեսակի մասին

1.1.1       Stereotypes of value ( Էստեղից՝ Guide for the Development of Language Education Policies in Europe: From Linguistic Diversity to Plurilingual Education)
"The ideology of ‘value’ refers to the beliefs and perceptions about the relative richness or poverty of languages. This may be expressed in terms of the ‘image’ of a language and its culture, the ‘sound’ of a language - ‘melodious’, ‘harsh’ etc - or its usefulness and capacity for expression - ‘not able to communicate scientific ideas’, ‘a logical language’, ‘not a proper language because it is not written’, ‘useful because of its high status’ etc. These ideas often have a detrimental impact on interest in learning certain languages, and policy development needs to anticipate and counter such unfounded perceptions...

Friday, August 19, 2011

Անձրևային

Վոնեգուտի «Կապույտ մորուքն»  եմ կարդում, որի միասին դեռ կգրեմ, բայց... մի երկու օր է մտքիս է մի հատված, երբ երիտասարդ Ռաբոն փորձում է վարպետության դասերի հաճախել, իսկ վարպետը մերժում է: Պատճառը՝ դիմորդը տեխնիկապես անթերի է, այնքան, որ նկարչի ինքնությունն իսպառ տարալուծվել է այդ տեխնիկական կատարելության մեջ: 

Առաջին անգամը չի, որ հանդիպում եմ մեր անկատարելությամբ մեր ինքնության յուրահատկությունը պատճառաբանելու մտքին, բայց առաջին անգամ եմ էսքան երկար մտածում: Փաստորեն ստացվում է մենք ՄԵՐ սխալների հավաքածուն ենք;-)))))) Չէ, իրականում հանճարեղ միտք ա... կատարյալը մի հատ ա լինում, չէ՞, բայց մենք շաաատ ենք: 

Monday, August 15, 2011

Բրենդիզմն ու դրա հետևանքները

Լոնդոնյան իրադարձություններին հետևելիս ինձ ևս ապշեցնում էր էն, ինչի մասին գրում է Չարլի Բրուքերը. "Aside from the sheer mindless ferocity and violence, one of the most depressing aspects of the protracted smashup was the nature of the looting: time and again, shops selling trainers or gadgets were targeted first."

Tuesday, August 9, 2011

Մեեեեեեծ ու վսեմ

Երեկ սեմինարի էի, որի նպատակն էր ուսուցիչներին բացատրել իրենց առարկայի կարևորությունը՝ աշակերտներին ու նրանց ծնողներին, ընդհանրապես հետաքրքրված լսարանին ներկայացնելով դրա հակիրճ նկարագիրը: Սեմինարն սկսվեց այս գործընթացը «վաճառք» հասկացությամբ նկարագրելով ու գնաաաաց... Ես հասկացա (արդեն որերորդ անգամ. պառավել եմ, հա հասկանում  ու վերահասկանում եմ, բայց վերջը չի երևում;-)), թե որքան են արժեզրկվել բառերը... Տաճար, հոգևոր, ներքին պարտք... Արդեն չեմ կարողանում համբերատար լսել, թե ինչպես «կրթելը դա սուրբ պարտականություն է» ու նման բաներ: Ինձ վրա, ում մոտ թվերը մի էնպիսի մտավոր մշուշ են ստեղծում, որ հանրահայտ ոզնուց էլ ավելի եմ մոլորվում, էն փաստը, որ վերջին տարիներին աշխարհում 50 հայկական դպրոց է փակվել ու բացվել 2000 թուրքական, մտրակի հարվածի ազդեցություն է թողնում, ու ես պատրաստ եմ վաճառքի... պատրաստ եմ վաճառել, եթե դրանով տեսակ եմ ավելացնելու՝ գայթակղելով, համոզելով ու որակ ապահովելով:

Բայց դե մյուս կողմից էլ էս արևմտյան վաճառել-մաճառելն էլ հեչ դուրս չի գալիս... Մի բան էն չի...

Ու էլի հանգում եմ պատմության կարևորությանը. դու ընտրիր քո պատմությունը՝ վաճառք, հոգևոր վերածնունդ, ինչ ուզում ես դա անվանիր, ու մնա դրան հարազատ,  կամ էլ անկեղծորեն բացատրիր, թե ինչու մի օր որոշեցիր շեղվել դրանից: 

Մեծ-մեծ մտքերն էնքան են շատացել, որ շատությունից փոքրացել ճղճիմ բաներ են դարձել... բայց միջինն էլ չեմ գտնում... բայց աշխատում եմ էդ ուղղությամբ:-)

Tuesday, July 26, 2011

Գրախոսականների մասին

Էսօր բախտս բերեց. քարտուղարուհին բարեհամբույր, ցածրա- ու քչախոս կին էր: Խոսակցիս սպասելու տաս րոպեների ընթացքում աչքի էի անցակցնում Գրողների միության «Երկունք» պարբերականը. գրախոսականներ, մի քանի միջազգային գրական նորություններ (սա էս մրցանակն է ստացել, էս մեկը՝ մյուսը, երրորդն էլ էֆտանազիա էր որոշել անել (անել ասո՞ւմ են)): Կարդացի Սոնա Վանի բանաստեղծությունների նոր ժողովածուի վերաբերյալ գրախոսականը:

Monday, July 25, 2011

Նարեկ Հախնազարյան

Անհետաքրքիր ու տհաճ աղմուկից հետո հետաքրքիր էր լսել Նարեկին. արդյո՞ք հերթական քաղաքական պաստառով հաղթանակն էր, թե՞ իսկապես գործ ունենք լավ երաժշտի հետ: Հպարտությամբ ու հիացմունքով լսեցի Նարեկին... Արտակարգ նուրբ ու զգայուն կատարող է, նույնիսկ երիտասարդությանը հատուկ այն վերթերյան զգացմունքայնությամբ, որը հիմա գրեթե չեմ հանդիպում: Չէ, գրեթե չէ, այդպիսի ուրիշին չգիտեմ:-)

Ռախմանինով «Վոկալիզ» - 2008թ.: 2011թ.՝ զարգացումն ակնհայտ է... Մարդու երջանկությունը երևի հենց էդ շարժման մեջ ա, թե չէ՝ կանգնել-դոփում եմ:-)

Friday, July 22, 2011

Horror movie

Էսօր մի հատ դինոզավր տյոտյա եմ տեսել՝ մեեեծ կրծքերով, դեղին մազերով, չար ու անժպիտ: Էս ամենն իբր քիչ էր իր դինոզավրության համար, հլա մի հատ էլ իշխանություն էին տվել ձեռը, էն էլ հարցրեք ինչպիսի. քարտուղարուհու, բա... Հինգ րոպեանոց սարսափ ապրեցի, մինչև մտա ինձ պետք եղած սենյակն ու վազելով դուրս թռա: Ու հասկացա, որ շատ էլ սիրում եմ երկարաոտ, կարճազգեստ ու տամուկ բարբիներին:-)

Wednesday, July 20, 2011

Հուլիսն էլ ա վերջանում

Միլիոն տարի չեմ գրել... ու երևի գրելու բան չունեմ էլ /Լուսինե ջան, դրա համար էլ ձեն-ձուն չեմ հանում:-)/: Երևանում անսպասելի զով ա: «Ոսկե ծիրանն» ամբողջությամբ բաց թողեցի: Արդեն երկրորդ ամսին է չենք կարողանում հավաքվել Կունդերայի վեպը քննարկելու համար: Ավելի ու ավելի եմ հեռանում մեծերի աշխարհից. զահլես գնում ա, էն էլ շատ:-) Վերջին ամսում իմ հետևած բլոգերի մի մասը վերածվում ա ֆեյսբուքային ստատուսատեքստի, սակայն չվերածվածներն էլ շարունակում են չգրավել միապաղաղությամբ, որը չի նշանակում, թե անհետաքրքիր են: Ուղղակի կայծ չկա մեջները, կամ էլ իմ մեջ:-)

Ոչ մի լավ բան չեմ արել էսքան ժամանակ, ոչ էլ՝ վատ: Լավ չի: Միակ լավ բանը Սովխոզի անտառի թփախառն վերականգնում ա. թփերն էնպես են լցրել փետրած անտառը, որ  դաչաների՝ տարիներով մարդու ձեռք չտեսած այգիները նորից սկսում են նսեմանալ իրենց փարթամությամբ: Սիրունացել ա մեր պառաված գյուղը: 

Աշխարհի ամենասարսափելի բաներից մեկը կայծի համը մեկ վայրկյան միայն ճաշակած արվեստագետն ա. էդ մի վայրկյանում կայծն էնպես ա բռնկվում, որ դու ստեղծում ես գեղեցիկը, հետո մարում ա, իսկ դու շարունակում ես, բայց արդեն ձեռքերիդ միջից փինաչություն ա դուրս գալիս, ոչ թե գեղեցկություն: Տխուր ա: 

Friday, April 1, 2011

Օվիեդոյից Լեոն

Աշնան դեղինին պարտվել էր նույնիսկ մռթնած նոյեմբերյան մառախուղը: Առջևում գալարվում էր մոխրագույն ճանապարհը, իսկ շուրջը... շուրջը ծառերը վառվել էին կարմրադեղին հրդեհով, որն անօգուտ փորձում էին մեղմել մառախուղի անտեր-անտիրական ծվենները: Մեր կրքոտ հիշողությունները` հետևում մնացած Օվիեդոյից, մեքենան լցրել էին ամառվա անհանգիստ ջերմությամբ, ու մեկիս գոռգոռոցը խլացնում էր մյուսի հիացական բացականչությունը: Զգացմունքների այս բուռն հեղումին հանկարծ միացավ նաև մինչ այդ մնթռոշած բնությունը. խառնվեց երկինք ու երկիր, պոռացին կայծակ ու ամպրոպ ու սկսվեեեեց: Անձրև մի ասի, հեղեղ ասա: Թափվում է վերևից, լցվում ներքից, շրխկացնում աջից ու ձախից: Խլացնող  այս տեղատարափից վախվորած կուչ եկանք ու քիչ անց, միալար հորդառատ անձրևից ամենքս մի մեղեդի գրկած լռեցինք կամ փակեցինք աչքերներս ու ... Օվիեդոյի տպավորություններն աստիճանաբար տեղափոխվեցին դեպի հոգնած երազներ: Մեքենան լռեց: Լսելի էր միայն Նիկայի ժպիտն ու մեքենան համառորեն գրավել ցանկանցող, ապակու հետ հողմաղացի կռիվ տվող անձրևը: 

Monday, March 28, 2011

Գունավոր օր

Մեծամորի հնավայր: Մեր թվարկությունից առաջ 11-9-րդ դարերում Մեծամորի քաղաքակրթության ժամանակվա աստղադիտարան, ենթադրաբար: Լուսինը տեսնո՞ւմ եք:-) Եթե չէ, ձեզանից աստղագետ դուրս չի գա;-)))

Thursday, March 24, 2011

Երկխոսությունների Դրամատիկականից ու Դրամատիկականի հետ

Քույրս.
- Քիս, ի՞նչ տոմս վերցնեմ:
- Վաղվա ներկայացման: 1000 դրամով:
- Ասում են 1000-ով չկա, 1500-ից ա սկսվում, վերցնե՞մ:
- Չէ, սպասիր զանգեմ:

Զանգում եմ: Սկզբից մի տղամարդ շատ հաճելի ձայնով ասում է, որ պիտի այլ համարով զանգեմ տոմսերի համար. «Վերջում 23: Զանգեք և պատվիրեք»
Վերջում 23 եմ զանգում.
- Բարև Ձեզ, վաղվա ներկայացման տոմսեր ունե՞ք:
- Այո, -պատասխանում է կանացի դժգոհ մի ձայն, որին անհանգստացրել են կարևորագույն մի գործի կեսում:
- Գները կասեի՞ք: 
- 1000-1500, - դժկամությամբ պատասխանում է նույն ձայնը:
- Կարո՞ղ եմ երկու տոմս պատվիրել, 1000- դրամանոց:
- Ոչ, երկու տոմս չեք կարող պատվիրել:
Կարկամում եմ, չգիտեմ ինչ ասել, հետո վրա եմ բերում. 
- Իսկ քանի՞ տոմս պիտի պատվիրեմ, որ ընդունելի լինի Ձեզ համար:
- Կոլեկտիվ հայտ պիտի ներկայացնեք:
- Լավ, շնորհակալություն, ես տեղում կվերցնեմ տոմսերը: 

Անկապ /պարզվում ա, էլի էսպիսի վերնագիր կա:-)/

Երբ քայլելիս նկատում եմ, որ ինձ են նայում, միանգամից անցնում եմ բադիկաքայլի, անգիտակցաբար:-) Երբ մի քիչ երկար են նայում, ոտքս ոլորվում ա, սովորաբար ձախը:-)
Երբ իմ մասին լավ բան են ասում, որքան էլ համաձայն լինեմ, ջերմությունս բարձրանում ա ու սիրտս նեղվում:-)
Շփոթվելիս սկսում եմ ձեռքով մազերս հետ տանել:-)
Կարդալիս ունքերս կիտում եմ ու զայրացած տեսք ստանում:-) /էս մեկն իհարկե ինձ ասել են, ես հո ինքս ինձ հայելում նայելով չեմ կարդում:-)/
Էլ ի՞նչ եմ անում, չեմ հիշում:-)

Tuesday, March 22, 2011

Գիշերահավասարից առաջ

Հողից հոտ քաշող ամպերի անձրևային ինքնահաստատումը մթան մեջ կամաց-կամաց ընկղմվող քաղաքին դեռ մի քանի ժամ էլ պիտի շարունակեր թաց օրորացային թնկթնկալ: Գուցե մինչև առավոտ: Հետո տղան կնկատի, որ գարնանային գիշերահավասարից րոպեներ առաջ անձրևը ծիսակարգի պես մի բան է, որ քաղաքը մաքրում ու պատրաստում է՝ հիմա արդեն ավելի շատ լույսի իրականությանը: Համեմատությունը աղջկան դուր կգա:
Սեփական գիշերահավասարը ենթագիտակցաբար դիմավորող երկուսի համար թաց փողոցներում աննպատակ թափառումը նույնպես ծիսակարգի պես մի բան էր: Ու որքան էլ իրարից անկախ՝ գիշերային քաղաքն ու ինքնակերտ արգելքների դեմ դուրս եկած զույգը անխոս միավորվել էին երկար ու ցուրտ օրերին հրաժեշտ տալու գործում... 

Monday, March 21, 2011

Նոր սկիզբը

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...

Տերյան

Էդինբուրգի ամենալավ նկարներից մեկը

Ափսոս չեմ կարողանում հենց նկարը դնել, հուսով եմ մի օր չի անհետանա էս կայքը... Էդինբուրգը մնաց իմ ամենասիրելի քաղաքը...


Մենք էլ կանք, բայց չեմ կարողանում հղում անել: Ուղղակի հիշեցում ինքս ինձ. նայել Большие панорамы-ի տակ: Լոռին ա՝ Անտոն Վասիլևի աչքերով: 

Thursday, March 17, 2011

Մի լուսանկարի պատմություն

Համբարձում պապիս հիշելիս սկզբում հայտնվում են ժպտացող աչքերը,

Լույսի պես թափանցիկ, ամենագո ու անշոշափելի խորություն ունեին պապիս  աչքերը՝ լողում էիր էդ պարզ հանդարտության մեջ ու պարուրվում ջերմության թավշե ալիքներով: Կամ ... էս «կամը» լավ չգիտեմ, երեխա ժամանակ «կամ» չկար, բայց հիմա հասկանում եմ, որ էդ պարզությանը կամ պիտի տրվեիր կամ գլուխդ առած հեռու փախչեիր դրանից, որովհետև հետո, մենակ, չէիր կարողանալու հայելու մեջ ինքդ քեզ ուղիղ նայեիր: 

Wednesday, March 16, 2011

Նանու«տ»

«Զարդարունք» ու «փայլունք», Նարեի բառերն են, որ նկարագրում են Տոնածառի խաղալիքներն ու փայլուն զարդերը: Երբեմն արդեն ուղղում է մեծերին.
- Համո՞զ ես, - հայրը:
- «Համոզ» չէ, պապ, «համաձա՞յն ես»: 

Խոսում եմ  հետը հեռախոսով.
- Նանուկ, պապիկին էսօր լսե՞լ ես:
- Հա, - պատասխանում է որոշ լռությունից հետո, որն ակնհայտորեն օգտագործում է պատասխան գտնելու համար ու հասցնում հաստատուն ձայնով վրա բերել:
- Հաստա՞տ լսել ես պապիկին, - գիտեմ, որ էնքան էլ լավ չի պահել իրեն: 
Նորից լռություն ու զսպված պատասխան.
- Երևի... երևի չէ:

Tuesday, March 15, 2011

Ցավում եմ...

"IT WAS the best of times, it was the worst of times, it was the age of wisdom, it was the age of foolishness, it was the epoch of belief, it was the epoch of incredulity, it was the season of Light, it was the season of Darkness, it was the spring of hope, it was the winter of despair... "

I wish there were a way to disperse Darkness hovering over Japan... These people are amazing...

Edith Wharton: The House of Mirth

Պատմությունն է 20-րդ դարասկզբի բարձրաշխարհիկ Լիլի Բարթի... Տխուր պատմություն է, որ վեպի վերջում ամփոփվում է այսպես. "She was like some rare flower grown for exhibition, a flower from which every bud had been nipped except the crowning blossom of her beauty." 
Սարսափելի պատմություն է սնափառության ու պորտաբուծության մասին, այն մասին, թե ինչպես է այս վարակված հողում փչանում լավ սերմը: Երկար ժամանակ ոչ ոք քթիցս էսպես բռնած չէր ֆռռացրել, ինչպես Ուորթոնն իր գրքի վերջին երկու գլխում: Թե ինչպես է շարունակելու Լիլի Բարթն իր կյանքը, հայտնվելով իր ակնկալիքներից անհասանելիորեն հեռու,  ակնհայտորեն երեք լուծում ուներ՝ վերադարձնել դրանք ամեն գնով՝ վերագրավելով  նախկին բարձրաշխարհիկ խավը, լիովին փոխել իր կյանքի հունը՝ իր էության լուսավոր կետագծերը միացնելով իրար աշխատավոր, անկախ կնոջ կյանքով և մերժել կյանքն ընդհարնապես: Ուորթոնի մարդկային էության խորքերն ընկղմվելու ու  այդտեղ կատարված հայնագործություններն ընթերցողին վարպետորեն փոխանցելու տաղանդը ցնցող լուծում էր գտել. Լիլի Բարթն ինքնասպան է լինում ակամա...նրա ողջ կերպարն ու կյանքը ավելի համահունչ ավարտ չէին կարող ունենալ...

Tuesday, March 1, 2011

Սովխոզի ճամփեն

Ավտոբուսի կանգառից տուն ոտքերդ քեզ տեղ էին հասցնում մոտավորապես կես ժամում, ուղեղդ՝ կես վայրկյանում: Իսկ ամռան տապին նույնիսկ վայրկյան էլ չէր տևում. ոտքդ ավտոբուսից հանեցիր, թեթևակի հարմարացրիր արևից կամքը կորցրած ստորաքարշ ասֆալտին, աչքիդ առաջ անմիջապես հայտնվում է  վերևի հարկի ոսկեգույն բազմոցը, սեղանին դրված բուրումնավետ վարդերով լի ծաղկամանն ու բաց գիրքը: Բայց դեռ կես ժամ կա, դիբ կա, ամառվա կեսօրի ծորուն քնկոտությանը տրված հատուկենտ ճանճերի տժժոց կա, կիսաքանդ աղբյուրի ճանապարհին հալվող թրիքի՝ քո անուշադրությունից օգտվող ճպճպոց կա, անկուշտ հավերի մոլորված ու տապից դանդրած, բայց այդուհանդերձ հեզ ու անխոնջ կուտի փնտրտուք կա ու... արև կա: Շատ արև կա, կապույտի մեջ հալված, մեջքդ կծող արև կա, որ ատամները խրել է ուսերիդ, բայց ինքը չկա: 

Saturday, February 19, 2011

Համազգային թատրոն

Արդեն երրորդ ներկայացումն եմ նայում Համազգայինում: Շատ լավ գործ են անում, թատերախումբը դուրս շատ-շատ է գալիս: Մի տեսակ էնքան նվիրված են ու էնպիսի հավեսով են բեմում խաղում, որ ներում եմ մնացած ամեն ինչ, օրինակ, ջարդված աթոռս. չնայած դրան, լաաայն ժպիտով ու ներքուստ մաքրված դուրս եկա  նաև այս ներկայացումից: 

Friday, February 18, 2011

Մանուշակագույն ծաղիկ

Երբեմն զարմանում եմ, թե մեր մանկությունն ինչպես ա անջնջելի դաջվածքով խարանում մեր հետագա կյանքը...

Մերուժանն ու ես նույն մանկապարտեզում էինք, նույն խմբում: Բացի մեր մանկապարտեզային առօրյան, մեզ միավորում էր նաև երկու ընտանիքների մտերմությունը, որ ծիածանագույն էր ներկում մեր մանկական երեկոները մեկնումեկիս տանը կամ Թեժ լեռան ստորոտին: 

Երևի ամառային երեկո էր: Ես փորձում եմ մեկնվել ճահճոտ գծից անդին ու հասնել ուշքումիտքս  հափշտակած մանուշակագույն ծաղկին: Մերոնք չեն նկատում իմ համառ ու լուռ փորձերը: Մերուժանն առանց մի բառ ասելու անցնում է ճահճոտ սահմանը, հանգիստ քաղում ծաղիկն ու մեկնում ինձ: Ինքը՝ ցեխոտ, պատրաստ հանդիմանությունների ու... հպարտ իր ասպետությամբ, որ փորձում է թաքցնել՝ անողոքաբար մարելով պայծառ աչքերից դեպի շուրթերը սպրդող ժպիտը: 

Իմ թավշե հիշողություններից ամենահաճախակին ինձ հյուրընկալվողը:-)

Wednesday, February 16, 2011

Անկապ

«Բայց ինչ անտաշն ենք... բռի, գեղցի, անկապ, ռաբիզ»: Չէ, ավելի հաճախ ոչ թե առաջին դեմք, հոգնակի, այլ հավաքական «մեր ժողովուրդը»՝ ասես էս երկու բառով թե՛ ընդունում ես քոնը լինելու փաստը, թե՛ ուրանում: Հաճախ ես էլ եմ էդպես մտածել, երբեմն դեռ մտածում եմ, երբ զայրանում եմ:-)

Բայց մի գաղտնիք ասե՞մ: Մենակ մենք չենք էդպիսին: Ուրիշների «ժողովուրդն» էլ ա էդպիսին, ուղղակի նա մեզ համար decaffinated other ա, ինչպես հուշում ա Ժիժեկը: Օրինակ՝ լոնդոնյան ավտոբուսով փորձիր Քենզինգթոնի փոխարեն գնալ Գրին Ուդս ու աչք ու ականջ դարձիր. բռի, անտաշ, ռաբիզ... Բայց դա քեզ ուղղակի տհաճություն ա պատճառում, դու դրանից չես ամաչում... Իսկ մերը՝ գլխին տվող «ուրիշ» ա, որի «հոտից» գլուխդ էնպես ա պտտվում, որ ասում ես. «Աստված հեռու պահի նմանից»: Էդ սեփական ուրիշի վանողականությունը թերևս  զարգացման մղող ամենաուժեղ խթանն ա:-)

Ու հետո, շարժունության ու տեխնոլոգիաների շնորհիվ մենք, որպես միջին խավ, աստիճանաբար ասես ապազգային ենք դառնում ու նույնականանում, որովհետև մեր կենցաղը փոխվում է, իսկ մենք հակված ենք դա կառուցել մեր արժեքներով:  Չափազանցնում եմ, իհարկե, բայց տենդենց կա. մենք ճանապարհորդում ենք, ազատ ժամանակը հատուկ, մի կերպ պլոկած ժամանակ ա, ոչ թե ամեն երեկո, շաբաթ-կիրակի, որ բարեկամների տուն գնաս, ասեք-խոսեք, ուրախանաք: Դա պիտի հատուկ պլանավորել՝ համերգ, թատրոն, կարդալ, մարզվել, պարել, բլոգ: Բարեկամա-ընկերական երկաաաար քննարկումներն ու բամբասանքն այլևս քմծիծաղ ու անհամբերություն են առաջացնում մեզ մոտ... Մարքսն էր, թե՞ Էնգելսը, որ խոսեց գործիքի հեղափոխական նշանակության մասին: Սուտ չէին ասում մարդիկ:-) Հիմա դրանք ասես նոր դասակարգ են ձևավորում, որ սահմանից անդին ա ու տեխնոլոգիահեն:

Tuesday, February 8, 2011

Մերի Մ. Կանդալյան-Ասլանյան: Ալհամբրա. Հիշողության ստվերներ

Արդեն 2:00-ին պարզ էր, որ քնել չի ստացվելու: Իզուր ինչո՞ւ տանջվել, կարելի է կարդալ, չէ՞: Ժամանակակից ստեղծագործությունների հանդեպ կանխակալ կարծիք ունեմ: Այս մասին իմանալով՝ նախապես փորձեցի ուղեղս դատարկել որևէ ակնկալիքից: Մինչև ընթերցելը. «Եթե Կալիֆորնիայում բնակվող երևանցի հայ կինը վեպ է գրել «Ալհամբրա» վերնագրով, ուրեմն լիքը հանրամատչելի տեղեկություններ կլինեն Գրանադայի մասին, զբոսաշրջիկ կնոջ պատահական հանդիպում՝ 'a dark tall stranger'- ի հետ, հանրամատչելի ինտելեկտուալ-ինֆորմացիոն երկխոսություններ գեղեցկության ու ֆլամենկոյի մասին»: Էսքանը էն կանխակալության մասին, որով ուղեղս աղտոտվել էր գրքի կազմին նայելիս: 

Monday, January 31, 2011

:-)

Երբեմն ազատությունը պատրանք չի: Երբեմն... երբ մարդ գեղեցիկ է... 


Always speak to your violin otherwise he will get angry.
 Sergey Khachatryan 

Monday, January 24, 2011

Քաղաքը

Արևամուտն սկսում էր քողարկել քաղաքը: Հոգնել էր քաղաքը: Լռում էր քաղաքը: Հեռացել էին մարդիկ: Լքել էին հիշողությունները: Փոքրացող մոլորակն անգամ չէր տաքացնում քաղաքը, ուր քայլում էին ակնկոր մարդիկ, ուր վազում էին սոված ու տխուր շներ, ուր արևն անխնա բացահայտում էր բորոտության այլանդակ վերքերն ու բշտիկները՝ կիսաքանդ շինություններն ու  երկու կիսականգուն շենքերի արանքում խցկված ծուռտիկ կրպակները: 

Երկինք նայող չկար քաղաքում: Հայացքները բարձրանում էին մինչև կիսավեր պատերն ու մանկության վառ գույներից հաղթված, ցավից վնգստալով թափվում պատերի տակ՝ անշնչանալով  ցնցոտիավոր շենքերի ու գլխիկոր քարերի սառնությունից: 

Բարի եղեք, սպանեք քաղաքը, եթե այլևս չեք սիրում նրան: 

Wednesday, January 19, 2011

Simone de Beavoir: Woman Destroyed

Second Sex-ից հետո ուզում էի կարդալ նաև Բովուարի գեղարվեստական ստեղծագործություններից, ու բարեբախտաբար ազատ ժամանակի ու Սիեթլի հրաշալի հանրային գրադարանի առկայությունն էս անգամ ինձ նման հնարավորություն ընձեռեցին: 

Այս ընդհանրական վերնագիրն ամփոփում է երեք կանացի դիմանկար երեք ոճաբանորեն տարբեր պատմվածքներում: Առաջինը վաթսունամյա Սորբոնի համալսարանի դասախոսուհու արևամուտի գույներով պատկերված վառ կերպարն է, ով ընդվզում է որդու դեմ, խռովվում ամուսնու հետ անհամաձայնությունից ու փորձում վերագտնել իր ծերացող ես-ն այս դրվագներում ու դրանց միջոցով:

Tuesday, January 18, 2011

Ճանապարհին

Muir Woods, Mill Valley, CA

Անտառը լուռ էր: Ասես մեծ մի վիշտ էր ապրել: Արցունքներն էլ հյուսել էին թանձր մառախուղը, որ ծանրանում էր դարավոր ծառերի հսկա բներին, երկնաքեր կատարներին ու անթիվ-անհամար տերևներին` թաքցնելով բերանբաց անցորդներից իր մորմոքն ու խորքը: Անտառն անտարբեր էր համարավետ նեղ արահետով ամեն օր ճեմող տարբեր գույնի ու ձևի մարդկանց  հանդեպ: Իր ոգիներն ու ստվերները մնացել էին վերջին հնդկացիների մարած հոգիներում: Երևի տարին մի անգամ մի խելառ էդ ոգիներից հմայված փորձում էր միանալ անտառին, բայց ո՞վ գիտի անտառն ինչպես էր արձագանքում...