Thursday, August 28, 2008

Կուշտ, ուրախ, հարուստ:-)

Հանրամատչելիության հերթական արևմտյան դրսևորում. երջանկության ուսումնասիրություններ: ­"Happiness: Lessons from a New Science" by Richard Layard. Քիչ է տնտեսագետ է, հետն էլ՝ անգլիացի լորդ:-)

Ահա, մեր տնտեսագետը պարզել է, որ երջանկությունը լրիվ չափելի կատեգորիա է, հետևաբար, կարելի է այն հետազոտել ընդունված գիտական մեթոդներով` սոցիալական գիտությունների, իհարկե: Եվ քաղաքականությունները պետք է ձգտեն ոչ թե համախառն ազգային արդյունքի բարձր ցուցանիշի, այլև համախառն ազգային երջանկության նմանատիպ ցուցանիշի: Մարդն ուղղակի ծրագրավորված է երջանիկ լինել:-)

Երջանկության աղբուրները.
  • Որպես սոցիալական էակներ՝ առանց շփման երջանիկ լինել չենք կարող: Ընկերությունն ու ամուսնությունը մարդկանց ավելի երջանիկ են դարձնում: Երկուսն էլ կայունություն են առաջարկում, ի տարբերություն, օրինակ՝ ռոմանտիկ սիրո. ճիշտ է, համամասնորեն այդ սիրո ընթացքում երջանկության չափը/ծավալը (որն է չափելիության միավորը, չգիտեմ) ավելին է, սակայն ամուսությունը երջանկությունը համամասնորեն բաշխում է զույգերի ողջ կյանքի ընթացքում: Մեկը բոց է, մյուսն՝ օջախում վառվող կրակ:-) (Տնտեսագետներին էլ խորհուրդ. շփումը, ոչ թե միջոց է, այլ նպատակ:)

  • Որևէ երկրում միջին երջանկությունը պայմանավորված է վեց գործոններով. 1. մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ մյուսներին կարելի է վստահել, 2. սոցիալական տարբեր կազմույթներին մարդկանց մասնակցությունը, 3. ամուսնալուծության թիվը, 4. գործազրկությունը, 5. կառավարության որակը և 6. հավատը, որ սովորաբար արտահայտվում է այս կամ այն կրոնը դավանելով: Այս բոլոր գործոնների համադրության վերլուծությունները ցույց են տալիս, որ ամենաերջանիկ հասարակությունները Երկիր մոլորակի վրա սկանդինավցիներն են:

  • Մարդիկ նախընտրում են ստատուս քվոն. ավելի քիչ են ուրախանում ձեռքերումներից, քան տխրում կորուստներից: Մարդիկ նախընտրում են այն, ինչին արդեն ծանոթ են: Հանցագործությունն ու հոգեկան հիվանդությունները շատ են հատկապես խառը կամ անցումնային համայնքներում:

  • Մարդկանց հուզում է նաև իրենց ստատուսի խնդիրը: Յուրաքանչյուրը ցանկանում է լինել ավելի լավը, քանի մյուսները, կամ գոնե նրանց հավասար: Արդյունքը՝ մրցավազք: Սրա արդյունքն էլ՝ անպայման հաղթողներ և պարտվողներ: Ըստ հեղինակի՝ մրցավազքը կարելի է զսպել երկու եղանակով. հարկեր և կրթություն:

  • Մարդկիկ հարմարվող են: Լավին էլ, վատին էլ: Եկամուտը թմրամոլության նման մի բան է. սկզբից լավ ենք զգում, հետո «դոզաների» ավելացումն ուղղակի ծնում է կախվածություն: Սկսում ենք աշխատել ու աշխատել, մեկ էլ հանկարծ ունենք միայն եկամուտ և ուրիշ ոչինչ: Ինչպես ծխելու դեմ, այնպես այս «եկամտամոլության» դեմ կարելի է պայքարել հարկերով:

  • Հարուստների եկամտի աճը նրանց մոտ երջանկության աճ բոլորովին չի ենթադրում: Ուրեմն, Արևմուտքը նոր առաքելություն ունի ստանձնելու. օգնել զարգացող երկրներին: Ոչ մի ալտրուիզմ, մաքուր շահադիտական առաքելություն. Արևմուտքն այդ դեպքում ավելի երջանիկ կզգա իրեն:

  • Երջանկությունը հավասարաչափ սնվում է թե՛ դրսից, թե՛ ներսից: Ներքին ուժի ձևավորումը կրթության առանցքը պետք է լինի: Կրոնից մինչև ժամանակակից հոգեբանություն պետք է ծառայեն մարդու դրական ներուժը խթանելուն:

  • Հանրային քաղաքականության հիմքում թշվառության վերացումը պետք է լինի, դե, որովհետև դրանք ավելի ակնհայտ են: Արևմուտքում թշվառության հիմնական աղբյուրներից մեկը հոգեկան հիվանդություններն են, և հոգեբուժությունը սովորական բժշկության հետ ձեռքձեռքի պետք է փորձի մարդկանց հանել այդ վիճակից:

Կրկին բավականին հետաքրիր հետազոտություններով հարուստ նյութ էր: Բայց մի տեսակ ցաքուցրիվ: Բոլորովին անհասկանալի գլխով Prozac-ի մասին... Drugs for Mind...Միգուցե այսպիսով հրավիրում էր կարդացողների ուշադրությունը այն հանգամանքին, որ հեգական շեղումները պետք է լո՞ւրջ ընդունել: Ամեն դեպքում տարօրինակ գովք էր... Ու անկեղծ ասած, շատ եմ երկմտում այս հարցի շուրջ... Էական հակասություն կա իմ բնույթի հետ, բայց ... մի խոսքով, չգիտեմ մինչև ինչքան կարելի է օգնել մտավոր շեղումներ ունեցող մարդկանց... Բարդյույթը կարող է կործանարար լինել հասարակության համար, եթե դրա կրողը հավակնոտ ու վրեժխնդիր անձնավորություն է... Խնամքն ու հոգատարությունը պարտադիր են, մինչդեռ հավասար իրավունքները հավասարապես բոլորի՞ն... Չեմ կարողանում դեռ կողմնորոշվել:

Հետո, մարդկանց շարժը դադարեցնել անհնար է: Այն աստիճանաբար ավելի լայնածավլ բնույթ է ստանալու: Միգուցե զինված հակամարտությունների աճող թիվը բնական արգե՞լք է մարդկանց պահելու իրենց ծանոթ սահմաններում... Եվ քանի որ մարդիկ հարմարվող են, շարժի արդյունքում «հարմարեցվում» են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են մարդկային ջերմությունը, հավատարմությունը, նվիրվածությունը: Մի տեսակ ծանծաղ, պլաստմասե երջանկություն ենք սարքում:

Սա էլ՝ ավելի կապակցված քննադատական:-)

Չեմ սիրում...

Մարդու մի տեսակ կա, որ չեմ սիրում: Անհամեստ մարդուն չեմ սիրում: Ինչպես ճանաչե՞լ.
  • Իրենք անպայման տարբեր են: Անպայման: Յուրահատուկ: Մյուսների մոտ ամեն ինչ նույն է:

  • Իրենք անպայման կարծիք են արտահայտելու: Որովհետև իրենք յուրահատուկ են, և այդ կարծիքը պիտի արտահայտի այդ յուրահատկությունը:

  • Իրենք սիրում են անսպասելիության ազդեցությունը: Սիրում են խաղալ: Մանիպուլյացիա: Ծուղակներ: Ու սովորաբար իրենց հաջողվում է շշմեցուցիչ ազդեցությունից հետո «տարբերության» հաղթադրոշը տնկած հեռանալ...

  • Սովորաբար գրագետ են, ոչ երբեք բավականաչափ: Ամեն ինչից գիտեն քիչ-քիչ, բայց տպավորիչ փաստեր: Խելացի են, բայց խելքի փայլատակումները շոուի համար են:

Անկեղծություն չկա այս մարդու մեջ, որովհետև երբ անկեղծ ես, գիտես, որ տարբեր չես... Որ ամենայն հավանականությամբ, եթե ոչ 10-ից, ապա 100-ից մեկն անպայման քեզ նման է: Տարբեր է միայն տաղանդը, նույնիսկ ոչ շնորհալին...

Tuesday, August 26, 2008

Անկապ

Միջահասակ է: Երևի 35-40: Հայաստանում այդ տարիքում արդեն ոչ զարմանալի փորիկով: Կարծես թե կիսաճաղատ: Միշտ կանգնում է դեմքով դեպի Բաղրամյան՝ աջ ձեռքը գոտկատեղին, կարծես հենարան լինի փնտրելիս: Մոլորված հայացք ունի: Միշտ նույն ծառի տակ: Միշտ նույն ժամին: Ու քանի որ միշտ նույն տեղում է, այն էլ նույն ժամին, սկսեցի նկատել... Աշխատո՞ւմ է մոտակայքում: Սպասո՞ւմ ինչ-որ մեկին:

Եվ ինչո՞ւ եմ փորձում մտնել ուրիշի կյանք: Ինչպե՞ս են անծանոթները մտերմանում...

Monday, August 25, 2008

Why Is Sex Fun? The Evolution of Human Sexuality

Մեր դարաշրջանի յուրահատկություններից մեկը. համատարած գրագիտություն: Հանրամատչելիություն: Երևի ամեն ինչ սկսվեց 19 դարից: Թերևս ախմախ ու մակերեսային եզրահանգումներ են, բայց 19-րդում մարդու շարժունակության ու գրագիտության հետ մեծացավ տարբեր խավերի հետ շփվելու նրա հնարավորությունը: Խավային սահմանները լղոզվեցին ու գիտնականը ճանաչեց արվեստագետին, գյուղացին՝ գիտնականին ու այսպես շարունակ: Մինչև այդ ո՞վքեր էին փիլիսոփայում: Ո՞ւմ էր դա հասու... Այսօր փիլիսոփայության ներածությունը պարտադիր առարկա է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում: Աբսուրդի հիանալի մարմնավորում:

***
Արևմուտքը հանրամատչելիության մունետիկն է: Ես ուր, ֆիզիոլոգիան ուր, բայց արի ու տես, կարդացի ­"The Evolution of Human Sexuality"­: Սա ենթավերնագիրն է, իսկ գրքի վերնագիրը գիտե՞ք ինչպես է: "Why Is Sex Fun?":-)))))))))) Հեղինակը հանրահայտ Ջերոդ Դայամոնդն է:

Հետաքրքիր էր: Մարդկանց սեռազգացության (որ մտածում ես, էնքան էլ վատ չի, չէ՞:-)) զարգացման էվոլյուցիայի մի քանի վարկածների ամփոփումն է ներկայացնում ու լիքը հարցեր տալիս: Հետաքրքիր էր հատկապես հեղինակի անկեղծ խոստովանությունը՝ տղամարդուն ավելի ազնվական ներկայացնելու իր ջանքերը հաջողությամբ չեն չպսակվում: Հետաքրքիր անթրոպոլոգիական հետազոտություններ են մեջբերված: Օրինակ՝ Պարագվայի Աչե ցեղախմբի տղամարդկանց և կանանց կողմից սննդի հայթայթման արդյունավետության համեմատական վերլուծությունը: Միջին հաշվով կանանք, տանը մնալով, ավելի շատ կալորիաներ են հավաքում, քան տղամարդիկ՝ որոնք, խմբերով կամ միայնակ գնում են որսորդության: Ճիշտ է, արմավի կալորիաները ավելի քիչ են, քանի մեծ կենդանու մսինը, սակայն վերջինս նրանց ռացիոնում հայտնվում է ընդամենը մի քանի օրով՝ մի քանի շաբաթ տևող որսորդությունից և հարևան-բարեկամներին միսը բաժանելուց հետո: Ակնհայտորեն սա տնտեսական անարդյունավետություն է:

Դայամոնդը փորձում է արդարացնել տղամարդկանց վարքը՝ առաջարկելով նման նախընտրության մի քանի «ազնիվ» պատճառներ.
  • Միգուցե նման վարքը ալտրուիզմի աղբյուր է. ես քեզ ու քո ընտանիքին միս եմ տալիս՝ ակնկալելով, որ դու էլ որսորդությունից վերադառնալիս նույն կերպ կվարվես: Սա այն դեպքում, եթե բոլորը լավ որսորդներ են, սակայն միսը բաժանվում է թե՛ լավ, թե՛ վատ որսորդներին ու նրանց ընտանիքներին: Չաշխատեց:
  • Տղամարդիկ որսորդության միջոցով իրականացնում են նաև պաշտպանի իրենց գործառույթը: Առյուծները թերևս մեծ վտանգ են ներկայացնում ցեղախմբի համար, սակայն ոչ ավելի, քանի հարևան ցեղախմբի տղամարդիկ: Իսկ որսորդները բացակայում են շաբաթներով՝ կանանց ու երեխաներին թողնելով ծերերի ու անկարող տղամարդկանց հետ...

Եվ ինչո­՞ւ է Աչե տղամարդը շարունակում նման վարքը: Արտամուսնական սեքսը հաճախակի երևույթ է այս ցեղախմբում: Մի քանի տասնյակ Աչե կանայք իրենց 66 երեխաների հավանական հայրեր անվանել են 2,1 տղամարդ՝ ամեն երեխայի համար: Լավագույն որսորդների անունները ավելի հաճախ են հնչել որպես երեխայի հավանական հայր...

Տղամարդու ու կնոջ շահերի տարբերություն. կնոջ բեղմնավորումից հետո նրա վերարտադրողական գործառույթի արդյունքի վրա սեքսուալ կողակցի թիվը չի ազդում: Եթե կինն արդեն իսկ բեղմնավորված է մի տղամարդու կողմից, մյուսի հետ սեքսը չի կարող ավարտվել ևս մեկ պտղի ձևավորմամբ: Առնվազն ինը ամիս: Մինչդեռ անհավատարմության մի քանի րոպեների ընթացքում նույնիսկ ամենահավատարիմ տղամարդը կարող է կրկնապատկել իր ժառանգների թիվը...

Պարզ է, չէ՞:-)))))

Բայց հիմա էլ նայենք կանանց: Կինը հաճախ տղամարդու երկու հիմնական արխետիպերից՝ 'provider' և 'show-off' (չգիտեմ ինչպես թարգմանել՝ «ապահովող» և «ցուցամո՞լ»:-)) նախընտրում է առաջինը: Առավել կայուն ու երկարաժամկետ հարաբերությունների համար: Սակայն նա բավականին շահում է, «ցուցամոլին» հարևան ունենալով, որովհետև վերջինիս հետ արտամուսնական սեքսի փոխարեն կարող է իր և իր երեխաների համար ավել միս ստանալ:

Ահա և շահերի հատման կետ: Գոյատևման համար մատչելի և հնարավորինս քիչ ռեսուրսների ծախս պահանջող ճանապարհներ:-) Սե՞ր, դա ինչ բան է...

Չեղավ էսպես, մի կես էջ ձրի թարգմանեցի:-) Իսկ գիրքը արժի կարդալ. շատ բաներ տարիների ընթացքում ինքդ ես գլխի ընկնում, ուղղակի հետաքրքիր է դրանց գիտական անվանումներն իմանալ:-) Իհարկե, կան նաև բաներ, որոնց մասին չէիր մտածել, օրինակ՝ ինչո՞ւ է մարդու էգի մոտ օվուլյացիան գաղտնի, մինչդեռ այլ տեսակների էգերի մոտ սովորաբար դա արտահայտվում է արտաքին ազդանշաններով...

Wednesday, August 20, 2008

Երթուղայինի պատուհանից այս կողմ ու անդին

Ժամանակի մեքենա պետք չէ ստեղծել: Պետք է ունենալ աչք ու կտեսնես: Կան մարդիկ, որ քեզ ուղեկցում են ժամանակով առաջ ու հետ: Մեքենա պետք չէ, տեսնել ու տրվել է պետք:

***
80-ականներ: Գոտկատեղից զանգակաձև վար իջնող կիսաշրջազգեստ, ոսկյա օղեր ու ապարանջան՝ Նեֆերտիտի կիսադեմով, անորոշ տարիքի լիքը փափկություն ու անձև սանրվածք՝ մանրակրկտորեն հարդարված ու անպայման-անպայման ներկված, շպարից էլ միայն շրթներկի առկայություն: Այս կինը ապահովություն է ճառագում, տան ջերմություն ու համովագույն պահածոների բուրմունք:

Ժամանակի մեքենա պետք չէ, երթուղայինի պատուհանից դուրս նայիր ու կտեսնես 80-ականները: Մինչև քո կանգառը կապրես դրանց անհոգ բարեկեցությամբ, երբ մարդիկ (գոնե սովետական Հայաստանում) մտածում էին տուն-տեղ դնելու մասին, երեխաներին բարձրագույն կրթության տալու, ամուսնացնելու, հերթական տոնական սեղանին հարևան-բարեկամներով հավաքվելու, հիվանդություններով ու մահերով տխրելու, բայց կյանքը շարունակելու մասին... Երբ մարդիկ ասում էին. «Ազնիվ մարդ ա» ու «ներում» սեփական տան, մեքենայի ու «դաչայի» բացակայությունը...

Երթուղայինի պատուհանից այս կողմ ու անդին տեսնելու շատ բան կա... Աչք է պետք ունենալ:

Երթուղայինն իր պայծառափայլ ներկայությամբ զարդարած Լյուդովիկոս XIV-ի ժամանակներից մեզ հասած բրածոն եզակի երևույթ է: Չեմ չափազանցնում. ամեն առավոտ անբիծ, սպիտակ կիսաշրջազգեստով, անթերի շպարով, ուղիղ, սև մազերը մեկառմեկ հարդարած, հիանալի ձիգ քայլվածքով այս կինը կյանքում չափում է ամեն ինչ. ամեն ինչ իր տեղն ունի և ինքը գիտի ինչպես դրանք տեղավորել իրենց տեղերում: Օրինակ՝ նրա կատարյալ շպարը. սև մատիտը շրջանակում է աչքերը, ինչպես հնագույն եգիպտուհիներն ու նորագույն արաբուհիներն են դա անում. շրջանակը գրեթե հասնում է քունքերին, գծերը կատարյալ են, վառ կարմիր շրթներկը նեղ շուրթերը դարձնում է արտաքինի ամենանկատելի մասը՝ գրեթե կրկնակի մեծացնելով դրանք, այտոսկրերի կարմիրը իդեալական հակասության մեջ է դիմափոշու մարմարի հետ... Ինքը գիտի իր արժեքը, վերջ: Ինքը կապույտ արյուն ունի, որ տեղափոխում է քեզ Լյուդովիկոս XIV-ի պալատում կազմակերպված զգլխիչ խնջույք, ուր ինքնամոռաց ու բերանբաց հիացմունք է ապրում գավառական ազնվականուհին...

Երթուղայինի պատուհանից այս կողմ ու անդին տեսնելու շատ բան կա... Աչք է պետք ունենալ:

Tuesday, August 5, 2008

Осип Мандельштам

Я ненавижу свет
Однообразных звезд.
Здравствуй, мой давний бред,-
Башни стрельчатый рост!

Кружевом, камень, будь
И паутиной стань,
Неба пустую грудь
Тонкой иглою рань!

Будет и мой черед -
Чую размах крыла.
Так - но куда уйдет
Мысли живой стрела?

Или свой путь и срок
Я, исчерпав, вернусь:
Там - я любить не мог,
Здесь - я любить боюсь...

1912

...ինչպիսի հստակություն... բառն ու զգացմունքն այստեղ, ինչպես մարմինն ու հոգին...