Sunday, October 16, 2011

Արևն ու անտառը

Երևի մի օր պահմտոցի խաղալիս՝ Արևն ուրախ-ուրախ, որ ամենաթաքուն տեղն է գտել աշխարհքիս տակին, լուռումունջ մի կերպ խցկվել, մտել էր Վարդանլվի անտառը: Բայց Արևին որտեղի՞ց բախտ, որ տապկացած կենա. բոսորագույն գույներից խելքը թռցրած ծառերն էնպիսի մի բղավոց էին գցել լուռ գյուղում, որ ամբողջ աշխարհքով մեկ իմացան, թե Վարդանլվի անտառում մի արև կա տապկացած: Արևին Աստված բախտ չի տվել թաքուն մնալու, բայց ուժ ա տվել զայրանալու:

Հաջորդ օրն Արևն էնպես կիտեց նոթերը, որ բոսորագույն ծառերն ահուսարսափից սսկվեցին մռթնած ամպերի ահեղ հայացքի ներքո: Արևն Ահագնացող Քամուն, իր վաղեմի բարեկամին հրաման արձակեց. «Մի էդ լեզվանիկ ծառերին մարդավարի հասկացրու, որ լեզուն խելքի նշան ա, ոչ՝ ախմախության»: Քամին խնդրեց. «Բացատրեմ, Արեգ եղբայր, բայց քամուվարի»: Արևի փուքսն արդեն իջել էր, ժպտալով համաձայնվեց: 

Ու անցավ Ահագնացող Քամին Վարդանլվի անտառով՝ մանր-մանր, արագ-արագ քայլերով։ Միայն մի անգամ կատաղի սուլոցով ուղեկցեց իր արագ քայլերից մեկը, երբ երկու համառ տանձենի փորձեցին չխոնարհվել հզոր ճամփորդի առաջ: Ճյուղերի ճռռոցն արագ հուշեց, որ  հպարտությունն անտեղին էր: 

Առավոտյան Արևն ելավ ու մի աչքով նայեց իր թաքստոցին. բոսորագույն տերևներից մնացել էր դարչնագույն մերկություն, որ պիտի կանաչեր հաջորդ գարնան հետ...

Աշունն աննկատ ու  մի ակնթարթում խցկվեց լուռ Վարդանլվի ծոցը: 

1 comment:

Anonymous said...

Vay, inch lavn es du axr! QO nman@ ashkharhkum chka