Tuesday, December 14, 2010

Մռթնած Երևանյան կեսօր:

Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկ: Սպասում եմ կանաչ լույսին ու ընթացքում նկատում, որ ինձ հետ սպասող կարճահասակ, 50-ամյա տղամարդն ինչ-որ բան է ասում նույն այդ պահին փողոցն անցնող երկու ոստիկաններին: Լսեցի նրանցից մեկի ճպպոցը, ու լույսը փոխվեց: Փողոցի կեսն անցել էի, երբ տղամարդը դարձավ ինձ ու. 

- Տեսնում ե՞ք, ինչպես են պատասխանում օրինապահները: Ասում եմ, ախր ինչո՞ւ եք կարմիր լույսով անցնում փողոցը: Չէ՞ որ դուք պիտի կարգը պահպանեք, իսկ դուք այն խախտում եք:
- Իսկ ի՞նչ պատասխանեցին: 
- Ոչինչ, տեսաք էլի...

Հպարտությունից մեջս ուռավ, մինչև հասա մյուս անցումին. պիտի Սայաթ-Նովան հատեի: Նորից սպասում եմ կանաչին: 

- Երեխեք, սպասեք, - փորձում էր հորդորել իր հինգ այլ ընկերուհիներին մի երիտասարդ աղջիկ: 
- Լավ, է՛, անցանք, - վրա է բերում մյուսն ու բոլորը հավի պես հետևում են սրան...

P.S. Անասելի սիրում եմ նկարագրել:-) Բացի «հավի պեսն» իհարկե: 

Tuesday, December 7, 2010

ՅԱՀԸԿԸ:-)

© Fergus Allan - էսքան շատ սագ իմ կյանքում չէի տեսել...

Մի քիչ էլ Մոլդովայում ԵԱՀԿ դիտորդական առաքելության մասին: Հետաքրքիր էր ներսից դիտարկել ողջ գործընթացը:

Monday, December 6, 2010

Վերագտնված երազ՝ Քամյու

"What distinguishes modern sensibility from classical sensibility is that the latter thrives on moral problems and the former on metaphysical problems."  Albert Camus "Absurd Creation"

Thursday, December 2, 2010

Պատմություններ էստեղից-էնտեղից

«Նոր էի վերադարձել Հարավային Աֆրիկայից: Դուբլին հասա ութուկես ամիս հետո՝ ոտքով, մինչև ուսերս հասնող մազերով, որպես դասական քրչոտ հիպպիի մարմնավորում: Աշխատավորների կուսակցության մարքսիստական թևի անդամներից էի: Էքստրեմիզմն ու զենքը երբեք իմը չեն եղել: Հենց վերադառնալուց հետո էլ ծանոթացա ապագա կնոջս: Փրինսթոնում էր սովորում ու ուսումնասիրում էր իմ կուսակցության ծայրահեղական թևի դերն իռլանդական քաղաքականության մեջ: Ես՝ կաթոլիկ իռլանդացի, ով ողջ գիտակից կյանքում աթեիստ է եղել, կինս՝ Չիկագոյի հայտնի հրեա դեմոկրատներից մեկի դուստր, ով չգիտես ինչու որոշել էր իր հետազոտություն իրականացնել 70-ականներին կոնֆլիկտներից ու թշվառությունից քայքայված Իռլանդիայում ... Հանդիպեցինք կուսակցության հավաքներից մեկի ժամանակ: Նույն գիշերն անցկացրեցինք իր սենյակում ու այդ օրվանից միասին ենք: