Monday, June 23, 2008

... ու իմ բառերով, Սուրիկի աչքերով...


© Suren Poghosyan

Մեկ բառով ամեն ինչ ասելն արվեստ է, որին քչերն են տիրապետում, դրա համար էլ մարդիկ ստեղծեցին լուսանկարը:

Իսկ Արցախն իմ լուսանկարում նյութականանում է Չըդըրդյուզի գեղատեսիլ բնանկարով. երկինք հառնող ժայռակերտ ժապավենի եզրերը բոլորած կանաչ ծվեններն ասես ասեղնագործ ժանյակ լինեն, որ կանացիորեն ծածկել են առնական ժայռերի դեղին մերկությունը... Ու կանաչը ալիք է տալիս, հոսում ներքև, հետո էլ վեր սլանում, փրփուր տալիս սպիտակ բազեի թևերով...

Այս հողում մարդիկ երկիր ու երկինք իրար են խառնել...

Sunday, June 22, 2008

Ղարաբաղցին Ղարաբաղի մասին

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ.
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները որոշակի յուրահատկություն ունեն: Դասական բանակցային գործընթացը ենթադրում է նախ, խնդրի շուրջ որևէ համաձայնության կայացում, որը կողմերին թույլ է տալիս ներգրավվել բանակցային գործընթացում: Այնուհետև ընթանում են բուն բանակցությունները, ինչ-որ պահ կնքվում է համաձայնագիր և այդպիսով կարգավորվում է կողմերի միջև հակամարտությունը: ԼՂՀ դեպքում այս գործընթացն իր ավանդական հունով չի ընթանում, որովհետև բանակցություններում ներկա չէ հակամարտող կողմերից մեկը: Կարծում եմ, Լեռնային Ղարաբաղին պետք է մասնակից դարձնել բանակցային գործընթացին:

Երբ սկսվեցին բանակցությունները, սկզբնական շրջանում դրանց առանցքային դրույթը պատերազմի հետևանքների վերացումն էր: Մոտավորապես 2003թ. այս առանցքը որոշակիորեն փոխվեց, թեև հաճախակի անդրադարձներ դրան դեռ կատարվում են: ԼՂՀ բացակայությունն այս շրջանակներում ընթացող բանակցություններին Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես կռվան, որին Հայաստանը համապատասխանաբար չի կարողանում արձագանքել: Քանզի պատերազմից անմիջականորեն տուժել է Լեռնային Ղարաբաղը, այստեղ հենց ինքն էլ կարող է խոսել այդ խնդրի մասին: Ադրբեջանը միջազգային համայնքին կարողացել է հրամցնել երկու փաստ` 20% տարածքներ և մեկ միլիոն փախստականներ, որոնք այնպիսի համառությամբ ու ջանասիրությամբ է կրկնում, որ դրանց արդեն հավատում են գրեթե ամենուր:

Իսկ ո՞րն է մեդալի երկրորդ կողմը: ԼՂՆ-ն, որպես պատերազմի անմիջական մասնակից, ի՞նչ ունի ասելու: Մենք կարող ենք դեմառդեմ, առանց վարանելու խոսել ներկայացված փաստերի մասին: Ի՞նչ փաստեր են սրանք. պատերազմի հետևանքներ, և եթե պետք է խոսել պատերազմի հետևանքների վերացման մասին, մենք էլ ունենք ասելիք: Պատերազմը նաև այս երկրում էր:

Եթե Ադրբեջանը խոսում է 20% տարածքի մասին, ապա հիշենք, որ ԽՍՀՄ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության տարածքում կային նաև Գետաշեն, Մարտակերտ, Շահումյան: Եթե հանենք այս տարածքները նշված 20%-ից, կմնա 8% և ստացվում է, որ նախկին ԼՂԻՀ-ն պատերազմի արդյունքում կորցրել է իր տարածքի 15%:

Մեկ միլիոն փախստական: Նախ, այս թիվը տարբեր աղբյուրների վկայությամբ 650000 է: Սակայն նույնիսկ եթե այն ճիշտ է, փախստականները կազմում են յոթ միլիոնանոց Ադրբեջանի 10%-ը, մինչդեռ վերոհիշյալ շրջաններից ԼՂՀ այլ շրջաններ տեղափոխված փախստականները կազմում են 180000-անոց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 34%-ը: Ավելին, 88թ. երկրաշարժից հետո Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիներին Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը փոխհատուցել է 70 միլիոն ռուբլի: Պատերազմի արդյունքում տուժել են բոլոր կողմերը... Սրանք փաստեր ենք, որոնք բանակցային սեղանին կարող է դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ինչո՞ւ մինչև այժմ այն չի դարձել բանակցային կողմ: Որովհետև ամեն անգամ, երբ այդ մասին խոսք է բացվել, Ադրբեջանը բարձրացրել է բանակցային սեղանը լքելու հիստերիան, իսկ Հայաստանն ու միջնորդները փորձել է նրան պահել այդ սեղանին:

Երկխոսության պահանջ կա: Անցյալ տարի մասնակցում էի Գերմանիայում կազմակերպված "Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հարավային Կովկասի զարգացման համատեքստում" միջազգային համաժողովին: Այն երկու մասից էր կազմված. առաջինում տարբեր միջազգային փորձագետներ ու գիտնականներ ներկայացրեցին իրենց տեսակետները խնդրի մասին, իսկ երկրորդ մասում մենք պետք է խնդիրը ներկայացնեինք մեր տեսանկյունից: Գերմանիայում ադրբեջանցի ուսանողների համայնքն ի սկզբանե ակտիվորեն փորձում էր խոչընդոտել համաժողովի աշխատանքներին: Երկրորդ մասում, երբ ես իմ ելույթի ձևաչափը փոխեցի` ներկայացման փոխարեն առաջարկելով պատասխանել մասնակիցների հարցերին, նրանց մի մասը լքեց դահլիճը: Մնացին ընդամենը մի քանի ուսանողներ, որոնք իրենց հարցերի միջոցով փորձում էին ներկայացնել ադրբեջանական տեսակետը: Իսկ երբ վերջում նրանցից մեկը մոտեցավ ինձ, շարունակելու քննարկումը հանդիպումից հետո, ես դա համարեցի այդ համաժողովի հաջողված լավագույն արդյունքը: Մեզ անհրաժեշտ է խոսել...

ԼՂՀ հակամարտության կարգավորման բանալին մենք ենք` դուք, ես... Պետք չի մեղավորներ փնտրել: Մենք ավելի կարևոր գործ ունենք: Բանալին պետք չի դրսում փնտրել, մենք այստեղ, դուք Հայաստանում միասին, մեր աշխատանքով ենք լուծելու այս խնդիրը, կառուցելու ՄԵՐ երկիրը...

ԼՂՀ Նախագահ.
- Որտե՞ղ է աջակցություն անհրաժեշտ: Նայեք, մենք ունենք 220կմ առաջնային գիծ: Դրա պաշտպանությունը` տեխնիկա, ամենօրյա աշխատանք, կառավարում, կարգապահություն և այլ բազմաթիվ մանրամասներ, մեր առաջանահերթ խնդիրն է և մեր գործողությունների առանցքը: Սակայն մենք ունենք նաև 34000 թոշակառուներ, 8000 հաշմանդամներ, 22000 դպրոցականներ... Ստեփանակերտում ջուր տրվում է 3 օրը մի անգամ, 3-4 ժամով: Ինքներդ տեսել եք, որ խմելու համար անպիտան է: Գյուղեր` անմխիթար վիճակում... Իսկ մենք գիտակցում ենք, որ մեր անվտանգության գրավականը մեր գյուղերն են: Ցանկացած ոլորտում համագործակցությունը և աջակցությունը ցանկալի են: Ամենակարևորը. երբ Գորիսից գալիս էիք Ստեփանակերտ, քանի՞ մեքենա տեսաք ճանապարհին: Մեկ-երկու: Այո, մենք ներքին հաղորդակցության խնդիր ունենք: Ես ուղղակի առաջարկում եմ, որպեսզի դուք հաճախակի այցելեք Արցախ և ինքներդ որոշեք, թե ինչ է հարկավոր մեր երկրին: Ճանաչեք Արցախը...

Մարտին, ազատամարտիկ, ԼՂՀ ԱԳՆ-ի վարորդներից, մեր ուղեկիցը դեպի Տիգրանակերտ: Մինչև 1992թ. նախկին Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում ապրում էր իր ադրբեջանցի ընկերների հետ:
- Տիկնայք և պարոնայք, ինչպե՞ս եք ձեզ զգում այս սքանչելի երկրում: Հրաշալի երկիր է, չէ՞: Աջից... դե, աջից ադրբեջանական գյուղ (Խոջալու) էր: Աղդամն է, չեմ ուզում խոսել դրա մասին... Տիկնայք և պարոնայք, ա՜ա՜ա՜ա՜յ այն կանաչ գիծը տեսնո՞ւմ եք: Ադրբեջանական գյուղ է մյուս կողմում: Կոնտա՞կտ: Չէ, ինչ կոնտակ, ով ում տեսնի, կկրակի... Մինչև 2001 թիվը դեռ էլի իրար ճանաչում էին, անասուն-բան հետ էին տալիս: Հիմա չէ, ոչ մի հարաբերություն... Մարտի 4-ի դեպքերից հետո ադրբեջանական բանակում հրաման տրվեց ամեն օր մի հայ զինվոր սպանել: Ամեն օր կրակոցներ կան: Չէ, ի՞նչ եք ասում, մեզ չեն կարող սպանել... Այ այն դիմացի սարին ինձ բռնել էին: Տանջեցին, մատերս կտրել էին: 4-5 օր պահեցին, հաջորդ օրը ասացի. "Աստված, թե գոյություն ունես, ինձ փրկի: Մյուս օրը էլ չեմ դիմանա": Էս եմ...
Տիկնայք և պարոնայք, ձեր ձախ կողմում Կաչաղակաբերդն է: Ասում են, թուրքերը պաշարած են լինում բերդը, մի ամիս չեն կարողանում մոտենալ: Մի օր էլ արթնանում են, տեսնում բերդի գլխին կաչաղակներ են պտտվում: Երկինքը սևացել է, այնքան շատ են: Ասում են, վերջ, ուրեմն բոլորը մահացել են, կարող ենք գրավել: Ու մտնում են բերդ...
Տիկնայք և պարոնայք, գեղեցի՞կ հող է...

ԼՂՀ Արտաքին գործերի փոխնախարար.
- Ասում են, պատերազմի ժամանակ ադրբեջանցիները պարբերաբար հրթիռներ էին նետում դեպի գմբեթ: Գմբեթից 100 մետր հեռավորության վրա հրթիռների ընթացքը շեղվում էր ու դրանք ընկնում էին բակ: Մի հրթիռ է միայն կարողացել հասնել իր նշանակետին: Տեսնո՞ւմ եք նորակառույցը: Միակ շենքն է, որ վնասվել է հրթիռից: Ավերակները մաքրելիս մի քանի տասնյակ խաչքար են գտել, որոնց գոյության փաստը մինչ այդ անհայտ էր: Խաչքարերը հիմա բակում են շարված, կարող եք տեսնել:

Խորանի դիմաց տարվա մեջ մի օր միայն, չգիտեմ սակայն որ օրը, գմբեթի պատուհաններից ներս հորդացող լույսն առնում է Դավթի աստղի տեսքը:

"Գանձասարի" "գանձը", ասում են, նշանակում է "երեք անձ` Հայր, Որդի և Սուրբ Հոգի": Ասում են նաև, Գանձասարում աղոթքը չբերություն է բուժում:

Թևանի քեռի, ղարաբաղցի.
- Մեր դռները միշտ բաց են ձեզ համար. մի օր որ առանց մարդու ենք նստում հաց ուտելու, էրեխեքն ասում են, բա մարդ չի՞ գալու էսօր...

"Օթը, թոթը, թվանքին կոթը"....

Thursday, June 12, 2008

Մարդկանց ու "ցելաֆանների" մասին

Հայաստանում իրեն հարգող ամեն մի կին բացի իր կանացի պայուսակն անպայման պետք է երկրորդ պայուսակ կրի. "ցելաֆան", էսպես ասած, կամ "պոլիէթիլենային պայուսակ": Բայց վերջինս ախր շատ անհարմար տառա-բառա-կապացություն է, առօրեականության հարմարավետությունից միանգամայն զուրկ ու այդ իսկ պատճառով, ոչ ոք երբեք "ցելաֆանին" չի մեծարում այդ տիտղոսով:

Իսկ ինչե՜ր կարելի է իմանալ այդ ցելաֆանների տերերի մասին` առաջիններիս նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունից... Օրինակ` վառ դեղինը կապույտ մեծ տառերի համադրությամբ` See/Buy/Fly, պատմում է Ամստերդամի մասին: Սակայն ամենայն հավանականությամբ այդ Ամստերդամում եղել է կրողի բարեկամը, ոչ կրողն ինքը, ով մի մեծ երազանք ունի, որ ամփոփվել է այդ դեղնակապույտ պայուսակում...

Կապտավարդագույն TATE. Ֆրանսիա, լիքը էժանագին հագուստներ, որ ուրախացրել են ոչ միայն կրողին, այլև նրա ընտանիքին, իսկ հիմա էլ խոնարհաբար ծառայում է տիրոջը` շուկա, խանութ, տնից տուն տարբեր առարկաների տեղափոխություն:

One World Travel - սա սովորաբար հայտնվում է նրանց ձեռքերում, ովքեր իսկապես եղել են ԱՅՆՏԵՂ:-)

Սպիտակ-կարմիր-սև MOSCOW. տերերը կուշտ, ուրախ ու շատախոս կանայք են հիմնականում:

Սակայն ամենատարածված տեսականին գեղեցիկ աղջիկներով ցելաֆաններն են, անպայման նոր, անբիծ, DKNY, Channel և նմանատիպ այլ ֆոների վրա հրապուրիչ շիկահերների գայթակղիչ դիմանկարներ: Կրողները` այս երիտասարդ ամոթխած աղջիկները, սովորաբար համեստ, միջակ գերազանցիկներ են: Հրաշալի տնտեսուհիներ, խոհարարներ:

Վերջապես երկրորդ, սակայն ոչ երբեք երկրորդական պայուսակների թագուհին` թղթե պայուսակները` MNG, Artbridge, MAXX, etc., etc. Սա արդեն ստատուսի ատրիբուտ է: Սա հպարտ քայլվածքի իրապես գեղեցիկ գրավական է:

Բայց... ցելաֆանները յուրահատուկ հմայք ունեն երիտասարդ տղամարդկանց ձեռքերում, ովքեր ինչ-ինչ պատճառներով հայտնվել են բուհերում` ուսանողի կարգավիճակով: Հագուստի գծերի ապշեցուցիչ ճշգրտությունը գրեթե նույնությամբ փոխադրված է ցելաֆանի ծալքեր, որոնք պիրկ ամփոփում են մեկ կամ երկու բարալիկ տետր: Մինչև այժմ կարողացել եմ ընդհանրացնել այս ցելաֆանների համար անհրաժեշտ պայմաններից հետևյալը. նոր, առանց գրավիչ շիկահերների, մուգ:

***
Երբեմն ինչ էշությունների վրա կարող եմ մոխրագույններ վատնել...