Wednesday, October 29, 2008

Patchwork

Աշխարհի տարբեր ծայրերից համակուրսեցիներ ունեմ: Իսկը՝ գնչուական կիսաշրջազգեստ, որի մի քանի գունավոր լաթերը պատահաբար կարողացել են ներդաշնակ համադրություն ստեղծել, մյուսներին էլ ուղղակի բախտ է վիճակվել լրացնել այդ ներդաշնակությունը մինչև կիրառական ամբողջություն:-)

Նահոմ` բարալիկ, քչախոս, ալարկոտ-ծորուն, վառ, բարի, սպիտակ ժպիտով եթովպիացի (սեռը՝ արական:-)): Խելացի է, բայց չի սիրում խելքի փետուրները թափ տալ խմբի առջև: Նուրբ հումոր ունի, որին հասնելու համար պետք է ականջներդ սրես, որովհետև շատ ցածր է խոսում:

Ձիեփ՝ ավելի բարալիկ, փոքրիկ-մոքրիկ, նրբիկ վիետնամուհի: Մեր մեջ ամենաերիտասարդն է և կարծես դրանից ամաչելով՝ գրեթե չի խոսում «մեծ-մեծ» թեմաներից, ինչպես ասենք հանրակրթության զարգացման հիմնապատճառների արդի տեսությունները, թեև Վիետնամի իր նկարագրական դիտարկումները բոլորովին չեն զիջում ԱՄՆ-ի վերաբերյալ Դավիդայի կողմից արված գոռգոռուն դատողություններին:

****
Ձիեփ: I could tell you something, if you promise not to beat me up.
Նահոմ: Beat you up? Why on earth would I do it?
Ձիեփ: OK, then I’ll tell you what we were talking about the other day. We were comparing the skins of different people in our group and I said that the only similarity between you and the black people is that you’re all… black. Sorry, I was just practicing Mill’s method of difference.

****
Ջաո-ջաո՝ կտրուկ, փոքր-ինչ տափակ դիմագծերով, բարձրախոս, ուղղամիտ ֆիլիպինուհի, ով կարող է ակնդետ նայել յուրաքանչյուրին, ով տվյալ պահին հետաքրքրել է իրեն: Սիրում է հանկարծակի գրկել իրեն դուր եկած մարդկանց և դա կարող է անել՝ արհամարհելով այսուայն կողմ շտապող մարդկանց կատաղի հոսքը:

Ֆադել՝ ամենափոքրիկն ու «ամենառազմատենչը» ողջ խմբում: Այս թուխ պաղեստինցին, ով մինչև Կրթության ինստիտուտը գրականություն է ուսումնասիրել, գրականության մեջ հարգում է, իհարկե, սոցռեալիզմը: Համոզված եմ, «Ամբոխները խելագարվածը» պոեզիայի լավագույն նմուշ կհամարվեր Ֆադելի կողմից: Իմ առաջին և վերջին փորձը խոսել գրականության մասին ավարտվեց վրդովված նկարագրությամբ այն բանի, թե ինչպես են իսրաելցի զինվորականները տեղահան անում դեռևս հռոմեացիների կողմից տնկված հազարամյա ձիթենիները և վերատնկում իրենց ընդամենը երկամյա պահակակետերի շրջակայքում, որոնք շրջապատում են հարթավայրերում ձևավորված հնագույն պաղեստինյան գյուղերը:

****
Ջաո-ջաո: So, you’re from Israel, right?
Ֆադել: No, I’m from Palestine. (Հատկապես արևմտյան քաղաքակրթությունում այս հաղորդակցության տրամաբանական շարունակությունը պետք է ներողությունների բազմազան արտահայտչամիջոցների երկար շարան լիներ: Սակայն մենք գործ ունենք ինքնաբուխ, էներգիայի կատաղի պաշարների տեր Ջաո-ջաոի հետ:)
Ջաո-ջաո: Come on! There’s no country like that on the map! You’re from Israel.

****
Այա՝ բարձրահասակ, սլացիկ, արևելյան անշտապողականությամբ առաջ ընթացող ճապոնուհի, ում հաջողվում է իր անբռնազբոս ժպիտով համախմբել նույնիսկ անհամախմբելին. օրինակ՝ տայվանցի Թոնգ-յուին անփութորեն ստիպել ինձ հրավիրել Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին:-))))): Հրաշալի ծիծաղ ունի Այան, միաժամանակ զրնգուն ու լուռ:
Էֆրեն՝ գիրացող, կանացի, ժպիտի մեջ հալվող դիմագծերով ֆիլիպինցի, ով ամեն ինչ անում է անաղմուկ ու հաջող:


Հադի՝ փոքր-ինչ ցածրահասակ, ազնվական պարսկական դիմագծերով բարեհամբույր այս երիտասարդը պնդում է, որ անցյալը որոշակիորեն պետք է ապրել ներկայում, սակայն նույն այդ ներկայում պետք է ջնջել այն՝ ապագա ունենալու համար, որովհետև անցյալը կարող է ճահճի նման ներքաշել քեզ իր հզոր, սակայն մութ, անապագա ջրերն, ու դու զրկվես քո իսկ ապագայից: Ահա թե ինչու է միշտ ոչնչացնում իր օրագրերը:

****
Հադի: Ahmadinejad is the same as Bush: religious, radical, egotistic…
Բացառությամբ Այայի և Ֆադելի, մյուսները «Էրազմուս Մունդուս» ծրագրի ուսանողներ են: Անգլիացիների հետ շփումը սահմանափակվում է դասերով, որովհետև իրենք հիմնականում համատեղում են աշխատանքն ու ուսումը և ժամանակ չունեն աշխարհն իմ նման տնտղելու:-)

Friday, October 24, 2008

IoE: լղոզված, ընդհանրական դիմանկար

Մի քիչ էլ բրիտանական այս համալսարանի անցուդարձից:

Կառավարումը դեռևս հիմնված է ավանդական թղթաբանության վրա, թեև ջանքեր (իհարկե լուրջ) արվում են էլեկտրոնային կառավարման ուղղությամբ: Սակայն ինչքանով որ ես եմ առնչվել, առայժմ օգտագործվում են միայն դրա տվյալների հավաքագրման և պահպանման գործառույթները: Դեռ 2000թ. ԱՄՆ-ի սովորական համալսարաններից մեկը վաղուց բոլոր վարչարարական գործառույթներն իրականացնում էր էլեկտրոնային կառավարման միջոցով...

Օրինակ. համալսարանում կա այսպես կոչված «Ուսանողների աջակցության կենտրոն»: Կենտրոնի ծառայությունից օգտվելու համար անպայման մի լավ գիրք պետք է վերցնես հետդ: Միշտ հերթ է, մեծ:-) Իսկ հերթերը գոյանում նաև այն պատճառով, որ մոտենում ես ու հարցնում.

- Ներեցեք, մեկ շաբաթ առաջ տեղեկանք էի խնդրել: (Ընդ որում, հատուկ փաստաթուղթ ես լրացնում, օնլայն դիմել չես կարող):
- Մեկ րոպե (կանգնում է, գնում սենյակի անկյունում դրված սեղանի մոտ, նայում բազմաթիվ ծրարներն ու վերադառնում): Ներեցեք, այստեղ չկա, ես փորձեմ պարզել իմ կոլեգաներից (Հեռանում է դեպի հաջորդ երկաաաար սենյակը, խոսում առաջին կոլեգայի հետ, հետո մոտենում երկրորդի սեղանին, հետո անհետանում ու վերադառնում): Ներեցեք, իմ կոլեգան, ով ստորագրելու էր տեղեկանքը, հանդիպման է, մի քանի ժամից նորից եկեք, լա՞վ:
- Լավ, իհարկե («Տեսնես կոլեգաների հետ ներքին կապով հնարավոր չի պարզել, կա՞ տեղեկանքը, թե՞ ոչ: Չկա՞ արդյոք online tracking system, ում ինչ փաստաթուղթ են տվել, երբ, երբ է վերջնաժամկետը»...)

Լավ, իսկ բուն կրթական գործընթացն այսպիսին է: Մագիստրատուրայի ծրագրերը կազմված են մի քանի դասընթացներից, որոնցից յուրաքանչյուր քառորդի ընթացքում պետք է ընտրել երկուսը միայն, ի տարբերություն մեր 5-6-ի: Դասընթացը կազմված է մոտավորապես 12 դասերից (շաբաթական մեկ հանդիպում), որոնցից յուրաքանչյուրն անդրադառնում է տվյալ ակադեմիական թեմայի ենթաթեմաներից ու հիմնախնդիրներից մեկին: Դասընթացն ունի համակարգող, ով պատասխանատու է դասընթացի կառուցվածքի, բովանդակության և մատուցման համար, իսկ առանձին դասերի վարման համար հրավիրվում են տվյալ թեմայով հետազոտություններ իրականացնող դասախոսները: Արդյունքում, յուրաքանչյուր դասընթացի ընթացքում կարող ես հանդիպել 3-8 տարբեր դասախոսների: Ընդհանրապես բրիտանական համալսարանների հիմնական գործառույթներից մեկը, բացի բարձրագույն կրթության ապահովումը, հետազոտությունների իրականացումն է, և յուրաքանչյուր դասախոսի որակավորում և հեղինակություն պայմանավորված է իր հեղինակած հետազոտությունների թվով: Միայն անցյալ տարի IoE-ին 15 միլիոն փաունդ արժողությամբ հետազոտություններ է իրականացրել...

Ինչևէ, շարունակենք: Բացի դասախոսներից, դասընթացի «անձնակազմը» բաղկացած է tutor-ներից, որոնք դասի ընթացքում այլ դասախոսների հետ միասին մասնակցում են խմբային աշխատանքներին, իսկ քառորդի վերջում օգնում առանձին ուսանողների՝ կատարելու առաջադրանքը, որը հանդիսանալու է քառորդի ամփոփման և ուսանողի առաջադիմության գնահատման հիմնական գործիքը:

Դասավանդման մեթոդաբանության առումով առաջնային է դասախոսությունը: Դասի տևողությունը երեք ժամ է, որից առաջինուկեսը դասախոսը դասական լեկցիա է կարդում: Նույնիսկ նրանք, ովքեր ՏՀՏ-ով փորձում են դասախոսության բազմազանությունն ապահովել, դա անում են մի տեսակ ստիպված. ասես, ինչ-որ մեկն իրենց ասել է, որ դա պարտադիր է if you want to look cool ու իրենք էլ կիրառում են:-) Ինձ չափազանց զարմացրեց այն հանգամանքը, որ դասախոսների մի մասը կարդում է PPT slide-ները: Ընդ որում PPT կիրառելու առաջին կանոնը, որ ես սովորել եմ և անընդհատ համառորեն կաթացնում էին ականջիս ԱՄՆ-ում, սլայդների վրա ներկայացված տեքստի հակիրճությունն է, իսկ այստեղ հոդվածներից ամբողջական մեջբերումներ են ներկայացված 10 չափի տառատեսակով:-)

Հանրահայտ Blackboard-ը ընդամենը էլեկտրոնային տեքստերի գրադարանի դեր է կատարում: Սրանից ամենաշատն էի զարմացել, որովհետև ԱՄՆ-ում այս ծրագրի հնարավորությունների կիրառումը սպառիչ էր և հիանալի կերպով լրացնում էր լսարանային դասավանդումը: Բայց դեռևս վաղ է երեք դասընթացի հիման վրա ինչ-որ եզրահանգումներ անել: Թեև հենց երեկ կարդացածս հոդվածը, որը քննարկում էր բրիտանական համալսարանների ապագա խնդիրների ու մրցակցության թեման, նշում էր, որ բուհական դասախոսների կողմից ՏՀՏ կիրառումը կրթական գործընթացում դեռևս բարելավման կարիք է զգում:

Հա, ո՞ւր հասանք: Դասերին:-) Դասի երկրորդ կեսին սովորաբար խմբային աշխատանք է կատարվում: Քննարկվում են տվյալ թեմային առնչվող հարցեր, կամ տվյալ հիմնախնդրի գործնական կիրառման օրինակները: Քանի որ օտարերկրյա ուսանողներն ապահովում են նման օրինակների բազմազանությունը, նման քննարկումները բավականին հետաքրքիր են: Օրինակ՝ իմանում ես, թե Եթովպիայում կամ Ֆիլիպիններում ինչպես, ինչու և երբ է զարգացել հանրակրթությունը (Եվրոպայի մասին, բնականաբար, իմանում ես դասախոսից:-)): Երբեմն, իհարկե, մեծ համբերություն է պահանջվում, հասկանալու տարատեսակ անգլերեններն ու դիմանալու մտքերի համակարգման փորձերին, բայց արդյունքն իսկապես արժի այդ ջանքին:-)
Յուրաքանչյուր դասին նախապատրաստվելու համար պետք է կարդալ առնվազն երեք հոդված կամ համապատասխան գրքից հատվածներ: Այստեղ անընդհատ խրախուսվում է ուսանողների համատեղ աշխատանքը, ամեն դասից առաջ հարցնում են, ձեր study group կազմե՞լ եք: Որը ենթադրում է ուսանողների փոքր խմբեր, որոնք դասերից առաջ կհավաքվեն ինչ-որ տեղ և ավելի անմիջական միջավայրում կքննարկեն տնային հանձնարարությունները: Մինչև հիմա քննարկան փոխարեն ստացվել է մեկ կամ երկուսի կողմից չկարդացողների համար տվյալ հոդվածների ամփոփում:-)

Նախանձելի գրադարան կա, իհարկե... Թե՛ ավանդական, թե՛ էլեկտրոնային: Եվ այդ ամենը կրթության վերաբերյալ: Հայաստանում կրթական որևէ հետազոտության զեկույց գտնելիս մի երեք ամիս հպարտորեն բոլորին հայտարարում էի, թե ինչ գանձ ունեմ մոտս, ինչ նորություն է (օրինակ, 2000թ. կատարված հետազոտությունը), հիմա ստիպված եմ նեղացնել կրթության մեջ հետաքրքրությունս, որպեսզի կարողանամ եղած գրականությունից արդյունավետորեն օգտվել:-) Դեռ չեմ հասցնում համալսարանում կազմակերպվող բազմաթիվ սեմինարներին մասնակցել, բայց աստիճանաբար դա էլ պետք է սովորել անել, որովհետև շատ հետաքրքիր միջոցառումներ կան: Մյուս անգամ էլ՝ դասախոսներից ու համակուրսեցիներից:-)

Thursday, October 23, 2008

Magic FM- More Music, Less Talk

Սովորաբար այս բառերով է սկսվում օրս արևոտ Լոնդոնում: Հին քաղաք է: Քաղաք, որտեղ ամեն մի քար իր պատմությունն ունի, սովորաբար հզոր պետության պատմություն: Քայլում եմ դեպի համալսարան, ու ամեն շենք ի գիտություն անցորդի հայտնում է իր պատերին մարդկության համար կարևորագույն իմաստ կերտած homo sapiens-ի անունը. «Այստեղ ապրել է Չարլզ Դարվինը»...

Լոնդոնը նման է ծեր կնոջ, որի հիասքանչ դիմագծերը ժամանակին շատերին են ստիպել խոնարհվել նրա վսեմ գեղեցկության առջև, իսկ հիմա շատերին ստիպում են խոնարհվել այդ հիշողության առջև: Գովազդն այնպես է շպարել այս քաղաքը, որ ուզում ես գլուխդ առնել ու փախչել Բորնմութ, օրինակ: Ծովափնյա փոքրիկ մի քաղաք, որ դեռ կրում է անգլիացի ձկնորսների ոգին ալիքների փոթորկոտ շաչյունի ու կղզիների մառախլապատ ուրվագծերի բնանկարում: Սակայն Լոնդոնի հմայքն իր ներկա բազմազանության ու հին վսեմության խառնարանի գայթակղությունն է: Ինչպե՞ս չխոստովանել, որ Բուքինգհեմյան անցյալի վեհափառ ծավալայնությունից անցումը ինդոնեզիական երգի հոգեթով հնչյուններին զգլխիչ փորձառություն է, որին դիմադրելն անիմաստ է...
***
Անցյալ շաբաթ սկսվեց British Film Festival-ը: 150 ֆիլմ աշխարհի ամենակորած-մոլորած երկրներից անգամ: Բացառությամբ Հայաստանի... Մի քիչ պորտուգալական Uprise ֆիլմից, որից բան չհասկացա:-) Թերևս փորձարարական արվեստի երկրպագուները գնահատեին մատերիայի կինեմատոգրաֆիկ պատկերումը: Իրերի ֆիզիկական ընկալումը, որը հաճախ շաղախված է մեր զգացմունքային առաջնայնությամբ, այստեղ միանգամայն զերծ էր զգացմունքայնության պատմությունից, որի արդյունքում դու հայտնվում էիր սաղմի գրեթե բջջային պատկերների աշխարհում... Բռռռռռ.... Իմ նման սենտիմենտալների համար չի, հաստատ:-) Ռեժիսորի հետ հարցազրույցի ընթացքում վերջինս նշեց, որ ֆիլմում պատմությունն անհայտների բացահայտումն է, ոչ թե առկա պատկերների հաջորդականությամբ որոշակի պատմության կերտումը: Հետաքրքիր է, բայց նույնիսկ հայտնին այնքան անհայտներ ունի, որ դրանց արհեստականացման կարիք չկա: Երևի:-)
Էլ ինչ եմ «հայտնաբերել»: Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Շատ լավն են, բայց առաջին համերգին ավելի շատ ուրախացել էի, որ մերոնք էլ հրաշալի նվագախումբ են:-) Հիմա հայտարարված են Չայկովսկու օրեր, բայց ես ավելի մեծ հաճույքով ծանոթանում եմ Ստրավինսկու հետ: Զարմանալի չի, որ 20-ում Ստրավինսկին ինձ ոչինչ չէր ասում:-)

Առաջին օրերին բավականին դժվար էր գլխիցս դուրս նետել ԱՄՆ-ի հետ անընդհատ ու ամեն ինչ համեմատելու ցանկությունը: Միանգամայն տարբեր երկրներ են, ու համեմատությունն անիմաստ է: Գոնե դրա միջոցով այս քաղաքի զարկերակին հասնելու առումով: Այստեղ պատմությունն է կերտել ներկան, ԱՄՆ-ում ներկան անընդհատ կերտում է ապագան: Այստեղ ամեն ինչ պատմության հին ու հարազատ հոտ ունի, ԱՄՆ-ում ամեն ինչից ներկայի հարմարավետությամբ է բուրում: Համեմատում եմ, նորից:-) Բայց ախր լեզուն էլ է շատ տարբեր. ՛Alight here for Hyde Park Station՛:

Լավ, անկապ ստացվեց, բայց կարևորը` ստիպեցի ինձ գրել: Հուսով եմ, շարունակելի:-)