Wednesday, August 22, 2018

Առավոտ լուսո

Գործի եմ գնում: 57 համարի ավտոբուսով: Ոչ մի բանով առավոտը չի տարբերվում նախորդ առավոտներից, ու ամենայն հավանականությամբ չի տարբերվելու հաջորդներից: Մեկ էլ հանկարծ ապակուն շատ մոտ արմունկս խուտուտ ա գալիս: Քանի որ թմրած եմ արևից, իսկ Բրանդերբուրգյան 1-ին կոնցերտն ինձ լրիվ ուրիշ «ավտոբուսում» ա տեղավորել, դրան էլ գումարած, որ առնվազն հինգդարյա լոռեցի եմ, աջով կամաաաաաաց հասնում եմ ձախին, որ տեսնեմ էդ ի՞նչն ա տենց խուտուտ ածում: Մինչև աջ ձեռքս տեղ կհասներ, ձախ աչքս միիի քիչ ավելի թափով շրջվեց ու ապակուն տեսավ բարալիկ ոտներով, կեռ, աջուձախ տնկված ու հատվելու անընդունակ երկաաար բեղիկներով ու անճոռնի, օվալաձև տուտուզով մի էակի: Երևի աջիս շատ շոշափելի ներուժի հավանական հետևանքներից դեռ չսթափված՝ եռանդով շագանակադեղնավուն տուտուզը թափահարում էր ու առջևի լղարիկ ոտիկներով գլխին վայ էր տալիս մի անհասկանալի միջատ, որ միջատագիտության իմ նվազագույն գիտելիքները թույլ չտվեցին տեղում դասակարգել որպես ճանճ կամ բզեզ ու դասակարգման իմ անկարողությունից դրդված՝ սկսեցի հետաքրքրությամբ վարքն նորա ուսումնասիրել: Հարդարվելը կամ սթափվելն ավարտելուց հետո սահասողալով ապակիով վերև մագլցեց ու թաքնվեց ապակին շրջանակող սև ռետինի անկյունում: Վիզս ցավեց երկար նայելուց, ստիպված սկսեցի մտածել: 

Ի՞նչ ա քաղաքակրթությունը: Բնազդայինից՝ մտածված վարքին անցում: Իմ բնազդն ինձ ասում ա՝ տուր սատկացրու: Մի վայրկյան, ավելի քիչ, ու ես սկսում եմ ապրել իր հետ: Էդ մի վայրկյանին հասնելու համար հինգ դար չէ, հարյուրավոր դարեր ենք ապրել: Մեզանից ոմանք հասել են մի վայրկյանին, մյուսներս՝ չէ: Էդ մի վայրկյանի արդյունքում ունենք, ասենք սկանդինավներ, չեղած վայրկյանի արդյունքում՝ Սուդան: 

Մի վայրկյանում ես հիշում եմ, որ ինքն ունի ապրելու իրավունք, ինչպես՝ ես: Ու քանի դեռ ինքն իմ իրավունքից ինձ չի զրկել, ես ու ինքը կարող ենք միասին ապրել: Ես մեծ եմ, ինքը՝ փոքր ու դա ավելի շատ ա օգնում հրահրում իմ բնազդային ճըլըպը: Բայց ես կարող եմ իրեն չսատկացնել, որովհետև մի վայրկյան մտածել եմ:

Մեծուփոքրն էլ ա հարաբերական...  բա որ մի հատ կծել էր ու պարզվել էր, որ 100,000-ից հենց մենակ ես պիտի «թունավորվեի» էդ խայթոցից:-)

Սենց էլի:-)

Monday, August 20, 2018

Պարանո(յ)ա

"Paranoia is an instinct or thought process believed to be heavily influenced by anxiety or fear, often to the point of delusion and irrationality."

Չգիտեմ, էն վերջին՝ հաճախի մասով ասվածին հասնո՞ւմ եմ, թե՞ չէ, բայց որ մտահոգությունն քիչ մը շատ ա՝ հաստատ։ 

Աշակերտներն անվճար կայցելեն մշակութային հաստատություններ

Ինչի՞ չեմ իմ ընկերներից շատերի նման ուրախանում: Որովհետև պարանոյիկ եմ.....

Երբ կարդում եմ «անվճար», միանգամից պարանոյիկ փոթորիկ ա սկսվում ուղեղումս: Էս դեպքն էլ բացառություն չի: 400 միլիոնն անվճար ա՞՞՞՞: