Thursday, July 31, 2008

...

Տեսնես ով առաջին անգամ որոշեց, որ կողքինին կարելի է խորհուրդ տալ: «Պետք է»... Ավելի վատ բառ չկա էս աշխարհում: «Պետք է ուտել, չուտել, գրել, չգրել, զանգել, չզանգել, մտածել, չմտածել»:

Wednesday, July 30, 2008

Էսօրվա խնձորը

Երբեմն, պատահաբար, սակայն շատ տեղին «երկնքից ընկնում է երեք խնձոր. մեկը՝ քեզ, մեկը՝ թագավորին, մեկն էլ՝ հեքիաթասացին»: Իմ «խնձորները» միշտ ժամանակին ինձ են հասնում, գրողին ու թագավորին հասնում են, թե չէ, չգիտեմ:-)

Էդպես ժամանակին կարդացի Jarod Diamond-ի գիրքը քաղաքակրթությունների և շրջակա միջավայրի փոփոխությունների շաղկապվածության մասին (Collapse: How Societies Choose to Fail or Succeed), Malcolm Gladwell-ի դիտարկումը փոքրիկ իրականությունների մասին, որ առիթ են դառնում էպիդեմիկ փոփոխությունների (The Tipping Point: How Little Things Can Make a Big Difference) ու էլի լիքը հետաքրքիր մտորումներ սրա-նրա մասին: Կարևորը նա է, որ երբ սկսում եմ ինչ-որ բանի մասին մտածել, հանկարծ հանդիպում եմ մարդկանց, գրքերի, երևույթների, որ կարծես ինքնաբերաբար սնում են էդ մտքերը: Դե, չեմ կարող թաքցնել, որ հաճախ էնպես են սնում, որ ոչ մի օրիգինալություն չի մնում, մեկ էլ ինձ բռնացնում եմ մտքի վրա, որ սկսում եմ մտածել այդ մտածողների մտքերով: Բայց ինչ արած. եթե էդ մարդիկ մի ամբողջ կյանք են նվիրել տվյալ երևույթի ուսումնասիրությանը, ես ընդամենը մի ժամ, ինչո՞ւ չվստահել:-)

Լավ, առանց երկարացնելու, նոր «հայտնագործություններս». Mark Pesce (and Edge) and J. Diamond again: "Vengeance Is Ours". Չալարեմ, մի քիչ էլ մտածեմ, շատ հետաքրքիր կլինի առաջինում տեղավորել հայկական իրականությունը: Հուսով եմ, ինձանից ավելի արագ ու ավելի որակով մի խելացի մարդ դա կանի, ես էլ կվայելեմ:-)

Monday, July 28, 2008

Շոգե մտքեր

Ամեն ինչ կամ ոչինչ...Կյանքը ձգտումն է դեպի ամենան՝ ամեն ինչն ու ոչինչը: Իկարներ քիչ են, և ամենայնության ձգտումն այրում է ոչ միայն իրեն, այլև կողքիններին: Բայց վարակիչ է:
***
Հայքուն գրեթե կատարյալ է: Նույնիսկ թարգմանաբար.
Another year is gone
A traveler's shade on my head
Straw sandals at my feet (Բասյո)
Իմաստի կատարելություն:
Արևմտյան գրականությունը պերճաշուք է: Վերսալյան:
Ձևի կատարելություն:

Thursday, July 24, 2008

...հուն. Eupraxia անունից, որ նշանակում է «հաջողություն», «բարեբախտություն»...

Հարությունյան Եպրաքսիա Հարությունի: Անազգանուն (Հարությունյան, որովհետև հոր անունը Հարություն էր): Ծնված 1926թ., երևի Թալինի գյուղերից մեկում: Մեծացած Պրոսպեկտի մանկատանը, որին «ամերիակցիք օգնում էին»: Փախած նույն այդ մանկատնից: Փորձ էր. գտնել ընտանիքին:
...Հասավ գյուղ: Տունը գտավ, հորը՝ ոչ: Հայրն ու քեռին արդեն կռվում էին գերմանացիների դեմ: Հետ չեկան: Էլի փախավ: Այս անգամ խորթ մորից: Մայրը ծննդաբերելիս էր մահացել:
...Բայազետի մանկատուն: «Ես լավ էրեխա էի: Լավ երգում էի, պարում: Աշխարհագրություն, պատմություն, ռուսերեն շատ լավ էի սովորում: Ինձ շատ անգամ էին ուզում «հոգեորդի» տանել: Չէին տալիս: Բայազետի մանկատան պատից նայում էինք ներքևում իրար ձեռք բռնած ծնողներին ու էրեխեքին ու լացում: Մացակ Պապյանին գիտեք, չէ՞: Մացակ Պապյանի քույրն էր ինձ ուզում «հոգեորդի» տանել, չտվեցին: Բախտ էր, էլի: Շատ լավ էրեխա էի: Հետո ամուսնացա: Չգիտեի էլ էդ ինչ ա, բայց ասեցին, էդպես ա պետք: Դժբախտ կյանք ունեցա: Մանկությունս էլի լավն էր: Հետո ծեծվել եմ: Հա ծեծվել եմ: Ամբողջ կյանքս ծեծ էր: Չխմես, տղա ջան, չխմես: Ամուսինս հիվանդ էր: Բաքվեցի էր, բանակում գլխին խփել էին. հա, հիվանդ էր, հոգեկան հիվանդ էր: Ինձ ծեծում էր, ես էլ մենակ փախչում էի: Ու էրեխասեր մարդ էր: Ինչքան էլ չէի ուզում, կներես էլի, տղա, ջան, ըսենց բաներ եմ ասում, ինչքան էլ չէի ուզում էրեխա բերել, ամուսինս ուզում էր: Դժբախտ էրեխեք ունեմ՝ չորս աղջիկ, բոլորի բախտն էլ չդասավորվեց, ու երկու տղա: Հիվանդ են... Հերս մշեցի էր, մերս՝ կղզվանցի: Է՛... ինչեր էին պատմում էդ թուրքերից, իսկ հիմի լցվել են էստեղ... Ռուսների վախտով լավ էր, աշխատում էի, հիվանդանոցում՝ ճաշը ձրի: Հիմա աղջկանս չեմ կարողանում բժշկի տանել: Փողը կտրել են, կներես տղա ջան, աղջիկ ջան, դու գլխի կընկնես էլի ինչ եմ ասում, հա սիրուն ա աղջիկս, բոյով, սիրուն դեմքով, բայց հիմա ըհը, չաղացել ա էսքան, դաշտանը որ չըկա, չաղացեեեեեել ա... Ես էլ չեմ կարում բժշկի տանել... Հորական տունս ասեցի գոնե վերցնեմ: Գնացի, ասեցին հարևանի սեփականությունն ա: 1000 դոլար ուզեցին, որ էդ հողն ինձ տան: Գոնե հորս տան տեղը լիներ... Փառք Աստծո, մուրացկանություն չեմ անում: Այ սենց ծաղիկ եմ ծախում, էրեխեքիս պահում: Ինչ անեմ, բալա ջան, հա, վիրավորվում եմ, տարբեր մարդիկ կան, մեկը մի թարս բան ա ասում, վիրավորվում եմ... Կյանքս կյանք չէր, բայց, փառք Աստծո, ապրում ենք: Ծնողով ապրես տղա ջան: Ջեբդ տաք ըլնի, որ բալեքիդ մեծացնես, ուսումի տաս...»:
Բարեբախտությու՞ն: Ո՞ւմ համար... Աբովյանի վերջում կորացած Եպրաքսիան կարմիր վարդեր է վաճառում ու անատամ օրհնում մի լավ բառի համար...

Thursday, July 17, 2008

Վերմիշի կնանիք

Շրջսովետի գործկոմի նախագահ ընկ. Սիմոնյանին շտապ հարկավոր էր Ճոճկանի սովխոզի դիրեկտոր Վերմիշ Վարդումյանը: Ման է գալիս, հարցուփորձ անում, չկա: Չկա ու չկա: Նեղսրտած ու մի քիչ էլ վրդովված զանգում է Վերմիշենց տուն.
- Ալյո՞, Վերմիշին կարելի՞ է:
- Ո՞վ ա հարցնում որ:
- Շրջսովետից է, Սիմոնյանը: ԴՈՒՔ չգիտԵ՞Ք, ինչպես կարող եմ գտնել Վերմիշին: Շտապ հարկավոր է խոսել նրա հետ:
- Տանը չի... Ուր ա, չգիտեմ:
- Ընկերուհի, ինձ շտապ հարկավոր է գտնել նրան: ՉգիտԵ՞Ք, որտեղ կլինի:
- Չէ, գիդեմ ոչ, ընկ. Սիմոնյան:
- Իսկ ո՞վ է խոսում (ընկ. Սիմոյանի համբերության բաժակը լցվում է տիկնոջ դինջ ու ծորուն անտեղյակությունից):
- Վերմիշի ԿՆԱՆԻՔ...

Thursday, July 3, 2008

Flashback

Պայծառ տատը լենինականցի էր: Մեծ տատ էր, լայն տատ էր: Քայլելիս բադիկի նման մի ոտքից մյուսին էր անցնում , շենքի բակում լվանում իր մեեե՜ծ ու անտակ տակառները: Ու խառնելով հին ու նոր բարբառները` բողոքում հարևաններին. "Էս ա, Անժո ջան, ընիքը, չի գնա, էս ա, էլ չի գնա ու վերջ: Հըբա, մեծցել եմ, բալամ": Չգնացողը թևն էր, որ գլխի հետևից լավ էլ բռնում էր ձախ ուսը, բայց Պայծառ տատը համոզված էր, որ մի թիզ անգամ չի շարժվել տեղից...

Ասյա տյոտյան Պառավաքարից էր, աշխատում էր արդյունաբերական Կիրովականի բազմաթիվ գործարաններից մեկում, ամուսին ու երկու որդի էր հետ գցել, տուն-տեղ, հարգանք-պատիվ և սիրում էր մորս հետ գրական հայերենով "соседский" զրույցներ վարել: Գեղաշունչ հայերենի մեխը Ասյա տյոտյայի բառարանում "երբեմս"-ն էր: "Երբեմս-երբեմս, Անժելա ջան..."

Ընկեր Ծատուրյանը գեղեցիկ կին էր` պուճուրիկ, նուրբ, համահունչ դիմագծերով, թմբլիկ, շարժուն, փոքրիկ մարմնով, որ հպարտորեն իր ուղիղ ուսերին կրում էր գրավիչ կին լինելու թեթևսոլիկ ծանրությունն ու առաջին ուսուցիչ լինելու ողջ լրջությունը: Երբ հագնում էր իր կարմիր շրջազգեստը, զվարթ կանացիություն էր սկսում ճառագել: Շատ էր սիրում ոսկյա զարդեր կրել: Իր մեծ, գեղեցիկ աչքերում արցունքները սկսեցին կայծոռիկների նման թռվռալ, երբ երրորդ դասարանում ինչ-որ շարադրության մեջ գրեցի, թե կյանքում երբեք չեմ մոռանա իմ առաջին ուսուցչին: Մոռացա, իհարկե...

Երրորդ դասարան: Երեկո: Կես ժամից ես դառնալու էի հոկտեմբերիկ: Հուզվում էի: Բացի այդ հրաշալի կարմրաոսկեգույն կրծքանշանից, կրելու էի նաև Լենին պապիկին արժանի լինելու պատասխանատվությունը: Պատրաստվում էինք: Մի քանի րոպեից մեզ 7-րդցիները պիտի հոկտեմբերիկ դարձնեին: Մտանք դասարան նրանց հետ ծանոթանալու համար, որոշելու, թե ով ում է ամրացնելու կրծքանշանը ու առաջին անգամ տեսա Հովհաննեսին: Բարձրահասակ, գունատ, բաց, հայ տղաներին, սովետական աշակերտին ոչ բնորոշ երկարությամբ մազերով: Խառնվեցի իրար, երբ ծորուն ու անտարբեր հայացքն ընկավ վրաս: Մոռացա Լենին պապիկի ու բոլոր գերազանցիկական հերոսությունների մասին, որ պիտի անեի, հենց կրծքանշանը հայտնվեր սպիտակ գոգնոցիս վրա: Միակ ցանկությունս այդ պահին. Հովհաննեսի կողմից ձեռնադրվել հոկտեմբերիկ: .... Հետո մեծացանք: 4-րդում իմացա, որ իմ անգլերենի ուսուցչի տղան է: 5-ում, որ ընտանիքիս ընկերների շենքում են ապրում: Որ սիրում է իր դասարանցի Գոհարին: 6-ում, որ Ասատրյանենք գնում են Ամերիկա... Ասատրյանը երկվորյակ եղբայր ունի, իսկ նման եղբայրներն ու քույրերը չեն կարող միմյանցից հեռու ապրել, կմեռնեն... Որ Գոհարն ու Հովիկը գնացքի մոտ իրար ձեռք բռնած հրաժեշտ էին տալիս մի ամբողջ ժամ... Որ Հովիկին զոռով են խցկել գնացք, բռնել են փախչելիս... Արդեն 10-րդում տեսա Գոհարին Պոլիտեխնիկում: Մեծ, սև աչքերով ու անժպիտ: Վերջին անգամ, արդեն Երևանում, իմացա, որ Հովիկը թմրամոլ է դարձել, որ կանանց փոխում է իր թմրադեղերի օգտագործման հաճախականությամբ...

Չգիտեմ ինչու մանկությանս այս դեմքերը հաճախ են այցելում ինձ...