Monday, November 22, 2010

Վարդանլու

Տատս փոքր-մոքր կին էր: Տարիները մեկը մյուսի հետևից իջնում էին իր հոգնած ուսերին ու պահ տալիս էս մի բուռ կնոջն իր կոպալի ամրությանը: Մաաաանր քայլերով հատում էր երկու տներն իրարից բաժանող փոշոտ փողոցն ու լուռ նստում մեր արևոտ պատշգամբում, մինչև մայրս իր կրակոտ էությամբ հասցնում էր մի գավաթ սուրճն ու կոնֆետների սկուտեղը: Տատս ամոթխած երկու կոնֆետ էր վերցնում ու  քրթմնջում. «Դավոյիս, Անոյիս տանեմ». փոքր թոռներն էին, իր աչքի լույսը: Տատիս օր չէին տալիս, բայց սիրտը վառվում էր, թե գլխներից մի մազ պակասեր: 

Wednesday, November 17, 2010

Ինչ են ասում հետազոտողներն օտար լեզվով կրթության կազմակերպման մասին

Ասեմ, որ համեմատական կրթությունն ինձ համար ինչքան հետաքրքիր, էնքան էլ հակասական ասպարեզ ա հասարակական գիտությունների շարքում: Սա որպես նախաբան, մի քիչ անտեղին, բայց դե հիմա...

Ուղղակի ուզում էի ասել, որ British Association of Comparative and International Education էս մի քանի օրն օնլայն քննարկումներ ա կազմակերպում: Տարբեր թեմաներով: Հա, մասնակացության համար ուղղակի պիտի գրանցվել՝ http://www.baice.ac.uk/forum:  Երեկվա թեմայի շրջանակներում արծարծվեց օտար լեզվով կրթության կազմակերպման հարցն ու ահա ինչ է ասում էդ մասին Օսլոյի համալսարանի պրոֆեսորներից մեկը, ով էս հարցում հեղինակություն ա, նույնիսկ անգլոսաքսոն սնոբների մեջ. 

Friday, November 12, 2010

Երբեմն պետք ա գրել, գրելը չմոռանալու համար

18-ից սկսած մաման հետս կռիվ էր անում, թե «Աչքս ջուր կտրեց մի օր կարգին աղջկա պես հագնված տեսնեմ քեզ»: Իսկ ըստ իս՝ ես շատ էլ կարգին աղջկա նման էի՝ իմ ջինսե տաբատներով ու բլուզներով: Ճիշտ ա, հիմա մեկ-մեկ երբ ուսանողական նկարներ են ընկնում ձեռքս, ծիծաղս հազիվ եմ զսպում, կամ էլ հեչ էլ չեմ զսպում, իմ պառավական ջինսերը տեսնելիս, բայց էն ժամանակ ինչքան գոհ էի ինքս ինձանից, Աստված գիտի:-) Ու էդպես ահագին երկար, նույնիսկ դասախոսական առաջին մի քանի տարիներն անցան ջինսային դիկտատուրայի  ներքո:

Հետո եկան շրջազգեստային տարիներ, երբ մաման էլի դժգոհ էր, որովհետև արդեն միասին չէինք ապրում, իսկ տանը ես նորից ջինսով էի:-) Բայց երբեմն, երբ հաջողացնում էր ինձ բռնացնել գործից հետո, գոհ ժպտում էր. կարգին աղջկա տեսք ունեի:

Կես տարի առաջ վերադարձա ի շրջանս իմո՞;-) Կորչեն բոլոր շրջազգեստներն ու տաբատները, որոնք ջինսից չեն:-) Չնկատեցի էլ, թե ոնց ստացվեց, բայց երբ երրորդ անգամ սովորականի նման շրջազգեստ հագա ու ամբողջ օրն ինձ զգում էի, ինչպես ձուկը կարթից կախված, հասկացա, որ բանս բուրդ է: 

Tuesday, November 9, 2010

Ռազմիկ Արոյան

Երեկ «Կինոաշուն» փառատոնի հերթական օրն էր, որ նվիրված էր Մհեր Մկրտչյանին՝ «Մեր մանկության տանգոն» ու իր մասին նկարահանված մի նոր ֆիլմի ցուցադրությամբ: Այս ֆիլմից հետո, որը հիմնված էր Ալբերտ Մկրտչյանի՝ Ֆրունզիկի մասին հիշողությունների վրա, նա դիմեց հանդիսատեսին ու ասաց, որ ինքն իրապես չի ընդունում այն գերակշռող մոտեցումը, որը Մհեր Մկրտչյանի մասին պատմում է որպես տառապած մարդու: Նա կարծում է, որ Մհեր Մկրտչյանը տաղանդ է ու հանրությանը պիտի  ներակայացվի որպես այդպիսին: 

Այս միջոցառումից ընդամենը երեք ժամ առաջ հանդիպեցի Մոլդովայի այցի առիթով հանդիպած իմ նոր ծանոթին, ով անտուն մարդկանց մասին մեր խոսակցության ընթացքում վերհիշեց այս միջադեպն իր կյանքից.

Monday, November 8, 2010

Երգենք-պարենք-ուրախանանք

Ես զարմանում եմ, թե ինչքան մարդ ա ուզում հայտնի լինել: Երեկ հանգամանքների բերումով դադարացրեցի երկամյա ընդմիջման ընթացքում հայտարարված հեռուստացույցադուլն ու... որ ալիքը փորձում էինք, մրցույթ էր՝ պարի, երգի, չգիտեմ ինչի: Ինչո՞ւ է էսքան մարդ ուզում հայտնի դառնալ: Հետաքրքիր ա... 21-րդ դարում տաղանդի որակը վերաբաշխվում ա քանակապես...

Friday, November 5, 2010

Առավոտ շուտ նոյեմբերյան Երևանում

Առավոտ կանուխ երկինքն էնքան պարզ ա, շունչդ կտրվում ա... Մինչև ոսկորներդ ներս ա սղոսկում սառցե թթվածինն ու... կտրուկ սառնությունից մի պահ կորցնում ես գլուխդ: Քայլելիս ամեն մի մկանով բախվում ես էս պարզությանն ու զգում ինչպես ա մարմինդ բջիջ առ բջիջ ուրվագծվում առ էդ հստակություն: Սառցե հզոր մեեեծ-մեեեծության մեջ սկսում է ջերմանալ քո մարմինը. աշխարհում, սառցե ոչնչից, սկսում ես հստակվել Դու: 

Monday, November 1, 2010

Чужая среди своих

Երեկ «Ակվարիումի» համերգին լսում եմ բարձրահասակ ու կենսուրախ այս մարդուն, գրեթե առանց ճիգի իմն եմ դարձնում կյանքի մասին նրա փոքրիկ պատմությունները ու հանկարծ հիշում եմ նախորդ մի շաբաթը, երբ հայտնվել էի ԱՊՀ-ի տարբեր երկրներից Կիշինյով  (Ք-ով  միևնույնն է չեմ կարողանում արտասանել:-)) ժամանած ռուսախոս պետական չինովնիկների 30-հոգանոց խմբում ու կարոտում էի անգլերենը՝ նույնիսկ քոքնիական հնչողությամբ: Բայց անգլերենը վաղուց արդեն դարձել է իմը... Ինչևէ, խոսքը նույնիսկ սրա մասին չի, այլ թե ինչպես 50-55 տարեկան կազախը, ռուսը, վրացին ու հայը, հավաքված սուրճի սեղանի շուրջ, սկսեցին հիշել 80-ականների Մոսկվան, երշիկի հերթերը, 40-համարի կոշիկը, որ պետք չէր իրեն, բայց քանի որ հերթ էր կանգնել ու հաջողացրել էր հասնել այն պահին, երբ դեռ մի քանի զույգ մնացել էր դրանցից, ստիպված գնել էր՝ հետագայում իր համարով փոխարինելու ակնկալիքով: Հիշում էին իրենց ուսանողական տարիները՝ МГИМО, Московский университет, Политехнический... Ու  անցյալի կարոտն ամփոփում սենյակից դուրս թափառող ժպիտով՝ "И все-таки эта была наша родина..."