Showing posts with label թատրոն. Show all posts
Showing posts with label թատրոն. Show all posts

Tuesday, January 14, 2020

Փափկության ծանրությունը...

«Փափլիկը» 13.01.2020: Պատմությունը ու մարդու անփոփոխ լուսանկարը՝ Գի դե Մոպասանի, 21-րդ դարի Հայաստանի մի փոքրիկ բեմում էդ պատմությունը պատմողը՝ Նարինե Գրիգորյանն ու իր հերոսները:

Կոմսն ու կոմսուհին, չարչին ու չարչուհին, կույսերն՝ որպես աստվածային հավանության անոթ, ընթրում են ու դավում: Մինչև դավադրության խեղկատակային ողբերգությունն ու դավադիրների կեղծավորության բոցավառումն ամենամարդկային հույսի մեջ լուռ դաջվում է «Խորհրդավոր ընթրիքում». բեմում, Համազգայինի դերասանների վրձնահարվածներով... Ֆարսը մի վայրկյանում վերածվում է ողբերգության, հետո կտավների ու մասնակիցների միջոցով փոխակերպվում կատակերգության, որովհետև առանց ծիծաղի էդ ողբերգությունից դուրս չես գա...

Բեմադրությունը մարդու ու մարդկանց մասին եվրոպական մի շքեղ խրախճանք էր Եվրոպան ու մարդուն ուսումնասիրել սիրողի համար: Եվրոպան ներկայացման ամեն մի մանրամասում էր՝ պատմության, հագուստների, երաժշտության, կերպարվեստի: Մարդն էլ «ափի վրա»՝ մերկ՝ իր ամենագեղեցիկ զարդերով՝ Եվրոպական երաժշտության ու կերպարվեստով զարդարված հանդերձ...

Լուծումների առումով հավեսագույն բեմադրություն էր: Վայրկյանների տարբերությունը թերևս կշտկեր որոշակի դինամիկության ու ազդեցության ինտենսիվության պահպանման հարցը: Օրինակ՝ ընթրող ֆրանսիացիների համաչափ դանակ-պատառաքաղային մեղեդին՝ պրուսացի սպայի դիրիժորությամբ, ֆանտաստիկ ազդեցիկ էր, բայց մի երեք վայրկյանի տարբերությունն էդ մեղեդու սահմռկեցուցիչ տրագիկոմիկ ազդեցությունը փոխակերպում է սովորականի ու թուլացնում առաջին վայրկյանների ինտենսիվությունը: 

Ամբողջ ներկայացման ընթացքում ծիծաղում ես: Հավեսագույն լուծումները հավեսագույն վարպետոությամբ մարմնավորում են դերասանները, որոնք բոլորն իրենց տեղում են. 

բարձրահասակ, նրբագեղ, թոշնող կոմսուհին (Ալլա Սահակյան), որի ազնվականությանը ձեռնոց է նետում ճոռոմ ու վեհապանծ կեղծավորության մարմնավորում հանդիսացող հատիկ-հատիկ, պլաստմասե առոգանությունը, 

փոքրամարմին ու արագաշարժ չարչուհին (Արմինե Անդրեասյան), որը թվե (այն էլ առնվազն երեք զրոյով վերջացող) աստիճանով իր համար ապահովել է կոմսուհուն գրեթե հավասար  մի տեղ էլիտարության սանդղակի վրա, 

անսեռ, չորացած միանձնուհին (Սերգեյ Թովմասյան), որ պատրաստ է խնամել տառապյալ զինվորին, բայց անպատրաստ ներել իրեն էդ զինվորին ծառայելու հնարավորություն ընձեռած պոռնիկին,

երիտասարդ, սփրթնած միաձնուհին (Մարիա Սեյրանյան), որի դալուկ հայացքի ու հիվանդոտ մարմնի պատճառն ակնհայտորեն Աստվածաշնչի սերտումն ու էդ գործողությունից խուսափելու անհնարինության գիտակցումն է, և ոչ թե աշխարհիկ մեղքերի դեմ անզիջում պայքարը,

բոլոր երկրներում ու բոլոր դարերում անպակաս պրագմատիստ ու կենսախնիդ պանդոկատերը (Վարշամ Գևորգյան), որը ճարտար սուլոցով, ճարպիկ ձեռքերով ու խոհանոցային սպասքի ստեղծագործ կիրառմամբ ապահովում է թե՛ պատմության շարունակականությունը, թե՛ դրա գործվածքի որոշակի գունագեղությունը,

հիստերիկ ու իր երազանքներով ամենայն անկեղծությամբ հայրենիքին կյանքը զոհաբերած ու, բարեբախտաբար քանի որ զոհաբերությունները եթերային են, դրանցից պահուստային մի տասնյակ միշտ գրպանում պահող Կորնյուդիեն (Նարեկ Բաղդասարյան), որի դիմա- ու մարմանախաղը ապահովեցին ծիծաղների առնվազն մեկ երրորդը,

արժանապատվությունը գետնով տալիս անգամ արժանապատիվ կոմսը (Դավիթ Հակոբյան),

գեղջկական խորամանկությամբ քաղաքացու հովերին տրվող, իր էժան գինիների նման էժանագին արժեքներով չարչին (Գագիկ Մադոյան) ու իհարկե,

գերմանական կարգուկանոնի մոլեռանդ երկրպագու պրուսական սպան (Ստեփան Ղամբարյան)...

Ամբողջ ներկայացման ընթացքում ծիծաղում ես: Գրեթե մինչև վերջ: Բայց վերջում դուրս ես գալիս ողբերգականության բեռից մի քիչ գլխահակ. զայրանում ու ներում ես (կամ էլ ոչ) կեղծավորին, խղճում ու ներում ես (կամ էլ ոչ) թույլին, ուժեղն ու լավն ես ուզում, բայց քո ուժեղն ու լավն էդ կեղծավոր ու թույլից են խմորված...

Նայել: Հաստատ: Քեզ հետ մնացող բեմադրություն ա: Ուրիշին էդ մասին պատմելու  ցանկություն ծնող բեմադրություն ա: 

Thursday, November 23, 2017

«Թռիչք քաղաքի վրայով»

Ռեժիսոր` Նարինե Գրիգորյան
Հեղինակ` Անուշ Ասլիբեկյան
Նկարչական ձեւավորում` Անժելա Գալստյան
Վիզուալ Էֆեկտներ` Սերժ Մելիք Հովսեփյան
Դերակատարներ` Նարինե Գրիգորյան և Սերգեյ Թովմասյան

Էս շատ կարևոր ա: Որովհետև հրաշք բեմադրություն ու կատարում էր: Նարինե Գրիգորյանին մի քանի տարի առաջ Համազգայինում, արդեն չեմ հիշում ինչ բեմադրության ժամանակ, տեսա ու ֆիքսել եմ, պինդ։-) Ուրիշ ա: 

Լինում են դերասաններ, որոնք հետևողականորեն վատն են, որոնք փչացնում են ներկայացումը. այ, հենց էդպես, զգում ես, որ եթե իրենք չլինեին, էն ինչ տեղի ա ունենում քեզանից դուրս՝ բեմին, կսկսի տեղի ունենալ քեզանից ներս: Օրինակ՝ Դրամատիկականի բեմադրած «Հուլիոս Կեսարի» ժամանակ՝ Արթուր Ութմազյանը (ներող, ամպի չափ գնահատելով էդ ահռելի աշխատանքը, որ իրենք կատարում են, չեմ կարող էնքան գնահատել, որ դա սահուն ու աննկատ անցնի որպես որակ): 

Միջակ դերասաններ, որոնք թույլ են տալիս, որ ներակայացումը հետևողականորեն «նայվող» լինի. չես զղջում, որ եկել ես թատրոն, բայց գիտես, որ դուրս եկար, փուուուֆ, փոշի, ոչինչ էլ չի եղել: 

Լինում են լավ դերասաններ, որ զգում ես, որ պրոֆեսիոնալ են: Զգում ես, որ իրենք իրենց գործը մինչև ուղնուծուծը գիտեն: Իրենք հետևողականորեն լավն են գրեթե բոլոր դերակատարումներում, օրինակ, Հրաչ Հարությունյանը: Շատ լավն ա: Երբեմն, ԵՐԲԵՄՆ, կարող են լինել ՈՒՐԻՇ... Օրինակ, նույն «Հուլիոս Կեսարի» կոնկրետ մի դրվագում ինքն ուրիշ էր...

Ու կան դերասաններ, որ ուղղակի ուրիշ են, իրենք մի տեսակ անհամեմատելի են: Ոչ թե լավն են, վատն են, միջակ են, իրենք ուրիշ հարթություն են, որտեղ համեմատություն չկա, որովհետև սովորաբար իրենք էդ հարթությունում մենակ են: Ինչ-որ սովորականից դուրս բան կա իրենց մեջ, ստանդարտը, կաղապարը իրենց համար չի: Իրենք էդտեղ էլ կան, լավն են, բայց կարող են նաև շատ ձանձրալի լինել, իսկ երբ դուրս են գալիս, ստեղծում են մի բան, որն ուրիշ ա, առօրեական չի, սովորական չի, կաղապարային չի, ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ա: Իրենք ստեղծում են...

Այ, Նարինե Գրիգորյանն էդպիսին ա: Ու էս ներկայացման մեջ էլ էդպիսին էր: Ցավոք, պիեսը կիսատ-պռատ էր: Կամ Նարինե ռեժիսորը:-) Չգիտեմ, որովհետև չեմ կարդացել: Բայց էդքան ստեղծագործություն դնել թերզարգացած սյուժեի ու կերպարների մեջ... Եսի՞մ, կարող ա և պետք ա...

Saturday, September 23, 2017

«Անասնաֆերմա» Գոյում

«Անասնաֆերման» բեմադրված տեսել եմ մի անգամ. Երևանում, երևի 2004-06-երին, բրիտանացի դերասանի մոնոներկայացմամբ: Կես ժամ ա քչփորում եմ, փորձում եմ թվային հիշողությունից ինչ-որ բան պեղել էս ներկայացման մասին, որը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը, բայց անօգուտ: 

Շատ ափսոս: Արտակարգ ներկայացում էր. վայրկյանների ընթացքում ականատես էիր լինում տաղանդավոր այլակերպման՝ Սնոուբոլից Նապոլեոն, Մոլլիից Քլոֆեր, Սքուիլըրից Բոքսըր.... Չթարգմանեմ էլի անունները: Ու անհուսությունից մոլորված դուրս գալիս դահլիճից: 

«Գոյի» բեմադրությունը բազմադերասան էր:

Image may contain: text

Ընդհանուր տրամադրությունը հենց սկզբից օրուելական չէր: Դա ինչպե՞ս ես զգում: 

Wednesday, July 20, 2016

«Չտեսնված ներկայացում»

Երևանում էնքան լավ չի, արդեն չորս օր, որ շոգն անգամ չի  խանգարում վատությանը: Իրիկունը գնացինք Մալյանի թատրոն. «Չտեսնված ներկայացում»: Ներկայացման մասին չեմ գրելու, պետք ա տեսնել: Ներկայացման վերջում Հենրիկ Մալյանն ասում ա. «Եթե կարողացել եմ մի հանդիսատեսի հուզել, եթե կարողացել եմ մեն մի հանդիսատեսի ազնվացնել, ես արվեստագետ եմ...» Ներկայացման ավարտից հետո հաստատ գոնե մի տասնյակ ազնիվ մարդ դուս եկավ դահլիճից...

Լսում եմ Մալյանին, նայում եմ Մալյանի ժառանգությանն ու ապշում. երևի ոչ մի դարում էսքան տաղանդավոր մարդ չի եղել... Երևի ոչ մի դարում էսքան ուժեղ անհատներ չեն ապրել: Ու թվում է ուժեղ անհատները պիտի կարողանային ավելի լուսավոր սոցիում ստեղծել... Իսկ լույսն էս մոլորակի վրա պակասում ա: Մթնում ա շատ արագ, ու ուժեղ անհատը ոչինչ չի կարողանում անել...

Saturday, February 19, 2011

Համազգային թատրոն

Արդեն երրորդ ներկայացումն եմ նայում Համազգայինում: Շատ լավ գործ են անում, թատերախումբը դուրս շատ-շատ է գալիս: Մի տեսակ էնքան նվիրված են ու էնպիսի հավեսով են բեմում խաղում, որ ներում եմ մնացած ամեն ինչ, օրինակ, ջարդված աթոռս. չնայած դրան, լաաայն ժպիտով ու ներքուստ մաքրված դուրս եկա  նաև այս ներկայացումից: