Wednesday, December 26, 2012

Ծնունդ

- Պապան հարևանից իմացել էր, որ տղային ուղարկել ա Ստեփանավան՝ տեխնիկում: Անասնաբույժ էր դառնալու: Ասեց, «Լավ բան ա», ու ինձ էլ ուղարկեց: 

- Դու ուզո՞ւմ էիր, պապ:

- Չէ: Ես ուզում էի համալսարան գնալ: Հնագիտություն էի ուզում ուսումնասիրել, չնայած լավ չգիտեի էլ էդ ինչ ա: Բայց որոշել էի, որ մինչև տասներորդ դասարան սովորելու եմ ու գնամ համալսարան: Երևան չէ, համալսարան:

Thursday, December 20, 2012

Ճաշակի մասին

... կամ դրա բացակայության մասին 

Մի հատ հանրահայտ դիսքլեյմերը խփեմ, նոր անցնեմ առաջ. «Ճաշակին ընկեր չկա»: Ճիշտ ա, բայց ինձ ընկեր պետք չի, ճաշակ ա պետք:-))))))) Չնայած հանրային ճաշակ դաստիարակելու համար անընկեր յոլա չես գնա....

Ես խնդիր ունեմ ինձ լավ զգալու հայաստանյան հանրության մեջ. ես սիրում եմ «շոյված աչքով» ընկալել իմ հանրությունը: Բայց այն չի շոյվում ու էնպես չի, էլի, որ ես ֆրիգիդ եմ;-) 

Wednesday, December 12, 2012

Տրանսպորտային մտորումներ

Շաբաթ օրը երթուղայինում ինչ-որ մեկը պատահաբար, անզգուշաբար ձեռքը դրեց դիմացի աթոռի թիկնակին ու փոոոոքր-ինչ դիպավ դիմացինի մազերին: Մինչ առաջինը ներողություն   կխնդրեր իր անզգուշության համար, դիմացի կինն աչքերն ոլորեց, քիթումռութ արեց ու... լուռ ու կատաղի արհամարհանքով գլուխը թեքեց դեպի պատուհանը: 

Երեկ ուշ երեկոյան կանգառում երկար ու ձիգ սպասումների ընթացքում մի քանի անգամ անծանոթ հայացքներ բռնացրեցի: Առաջին ու չգիտակցված արձագանքս կիտած հոնքերն էին: Հետո սկսեցի մտածել (այո, երբեմն պատահում է:-)).  ինչո՞ւ եմ միանգամից թաքնվում ու չարանում: Կարելի է, օրինակ, հպանցիկ ժպտալ: Ոչ ոք ոչինչ չի արել քեզ՝ լավ կամ վատ: Ուղղակի նայում է: Ինչո՞ւ թշնամանքն ավելի «բնական» է, քան ... հայերենում  անգամ էդ բառը չունենք՝ friendliness, միգուցե՝ բարյացկամությո՞ւն: Լավ բառ ա, իմ դուրն եկավ: Նույնը չի, բայց շատ լավ բառ ա՝ բարի կամեցող:

Մեզ մոտ անծանոթն ու քիչ ծանոթը կա՛մ միանգամից թշնամի է, կա՛մ բարեկամ, ընկեր:-)))   Միչնդեռ կա հետաքրքիր ու համարժեք մի ուրիշ տարբերակ՝ կարելի է ուղղակի բարին կամենալ ու սպասել: Երկրորդ արձագանքից հետո միայն որոշել դիմացինն ընկեր է, թե թշնամի:

Հա, հասկանում եմ, չարչրկված գոյատևման խնդիր, բան, հայկական վախվորած ու «Մի՛շտ պատրաստ (վատին)» գենետիկա... իսկ անծանոթը հավանական վտանգ է հենց անծանոթ լինելու հանգամանքով, բայց մի բան հարցնեմ, էլի. մարդուն ուղեղն ինչո՞ւ է տրված (բայց ինչ շատ եմ հարցնում նույն բանը:-))): Հանձինս լիքը ուրիշ գործառույթների՝ նաև որպեսզի «երբեմս-երբեմս» կառավարի ինքն իրեն՝ իրեն ցանկալի ուղղությամբ, չէ՞: Բայց երբ ցանկալին սովորականից ավելի ջանք է պահանջում, սովորականը դառնում է «սաղ աշխարհն էլ էդպես ա անում» համընթաց ու համասփյուռ ցանկություն...

Մի կողմից անկեղծ ենք, քանի որ բնական արձագանք ունենք շրջապատին, մյուս կողմից՝ քաղաքակիրթ չենք:-)))

Thursday, December 6, 2012

Բախի մասին

Համալսարանում ճանաչեցի իմ կյանքում ամենամեծ ու խորը ու երկար ու անդառնալի հետք թողած մարդուն՝ անգլերենի դասախոսիս: Անցա երկրպագությունից մինչև հուսահատություն կեղտոտ ճանապարհով, սևուսպիտակ բարու ու չարի, հետևաբար՝ սիրո ու չսիրո սանդուղքով վազվզեցի վերև ու ներքև, ու իմ ընկալումների հորձանուտում խարսխեցի մի տեղ, որտեղ ինքը փորձում էր ինձ ուղղորդել մի քանի տարի շարունակ: Հիմա էլ չգիտեմ ինչ է նշանակում տրանսենդենտալ, բայց գիտեմ ինչ համուհոտ ունի, ինչ մարմնավորում ունի այն իմ կավե մարմնում՝ էսպիսի

Երաժշտությունից ես դառնում եմ շարժում: Մի քանի հավերժական րոպեների պերպետում մոբիլե: 

Աշուն ա: Իմ կյանքում: 

Friday, November 30, 2012

Յախկ

Ջահելների մի տեսակ կա, տանել չեմ կարողանում. ինքնահավան, երկու տառ իմացող, 100-ի չափ փուչիկային մեծություն ընդունած: Յախկ: Էս առավոտվանից, երեկոյի հետ կապ չունի: 

Ու ընդհանրապես. ջղային եմ: Շատ: Անտեր դիպլոմն ինչի համար ա, եթե ասում ես Լոնդոնի համալսարանի էս ինչ բանն ես ավարտել, ավարտել է՝ թղթով, պեչատով, ասել տատիս կարմիր գույնով, ոչ թե ուղղակի մի շաբաթ դասի ես գնացել: Թե բա անգլերենի քննության թուղթ բեր, առանց դրա չի լինի: Ոնց ա զահլես գնում... Ասա քեզ համար հանգիստ ապրի էլի, միևնույնն ա էս երկրում ոչ մեկը չի հավատում դոնկիխոտությանը. հաստատ սա մի կեղտոտ շահ ունի, էս ա դատավճիռը, երբ փորձում ես մի բան անել, բայց փոխարենը ոչ մի բան չուզել: Ասենք, շահը լավը չի կարող լինել էլի, օրինակ՝ որ դու ընկեր-ծանոթ ունես անտեր անգլիաներում, որ ասում են արի Հայաստանի մասին հետազոտություն անենք, դու էլ ասում էս լավ գործ ունես, նորը չես փնտրում, ուղղակի ուզում ես կիսվել նրանով ինչ ունես: Օֆ չգիտեմ, իսկականից շատ ջղային եմ ու ամեն ինչ դրանից ավելի սև ա, քան իրականում: 

Երևի օրն ա էդպիսին, ես էլ հոգնած եմ: Լույս ու գույն եմ ուզում, ժպիտ: 

Wednesday, November 28, 2012

Պատմություն

շատ եմ սիրում: Վաղուց, ամենա-ամենափոքր ժամանակներից:

Երեկ Նանուտն ինձ հեքիաթ էր պատմում, կես ժամ: Հատուլիտը չդիմացավ, 15 րոպեից ասաց «Ե՜՜՜՜րկար ա՜՜՜՜՜» ու ծլվլալով իջավ աթոռից, որ կոմպոտ խմի (հա, մոռացա. երբ մայրը կոմպոտի բաժակը մեկնեց, ժպտաց, թե՝ «Բարև» ու գնաց մյուս սենյակ: Հատուլիտը շատ լակոնիկ ա. երկու վանկից անդին բառերն իր համար ֆունկցիոնալ չեն: Բնականաբար, նման  դասակարգման թրի տակով անցել է նաև «շնորհակալությունը»: Ուստի՝ հյուրասիրում ես՝ «Բարև», իր համար լավ բան արեցիր՝ «Բարև»):

Ես լսում եմ. իր լսած հեքիաթներից տեղում ծնվում է Նանուտի հեքիաթը, որտեղ սկյուռիկ կա, որը մայր այծն ա, ու մենակ-մենակ լացում ա, երբ աղվես-գայլն ուտում ա իր ճուտիկներին, բարի ու չար թագավոր կա, ու բարին իր արագավազ ձիերով ու իր կառքով ու իր թագուհու  ու ոզնիի հետ գնում ա անտառ,... Ու չի հոգնում Նանուտը, պատմությունը  շարունակվում ա, միայն բերանն ա հոգնել ու չորացել:-) 

Ու մտածում եմ, թե մենք ինչքան շատ ենք սիրում պատմություններ, գրեթե ապրելու չափ. ու ապրում ենք սիրուն պատմություններ պատմելու համար: Անգամ պատմություններով կառուցում ենք մեր կյանքը՝ ծնունդ, հարսանիք, կնունք, թաղում... «Չկնքե՞նք երեխեքին: Վարդանին չպսակե՞նք: Լավ լացեցին վրան»:

Հիշողություններ են պետք: Հատկապես վերջերում, երբ ամենօրյա ապրվող կյանքից հաճույքը կամաց-կամաց փախչում ա, որովհետև շատ բան ես տեսել, զարմանալուդ վրա ես արդեն զարմանում, նվվացող ցավն ավելի ուժեղ ա, քան մեղեդու գեղեցկությունը ու տենց:

Բայց, ահել ու ջահել հիմա իրար են խառնվել: Ջահելներին որ նայում եմ, լացս գալիս ա. փոխանակ հավեսով քեֆ անեն, ասում են «Սպասի մի հատ նկարվենք, ֆբ գցենք»: Ու որ փորձես հաշվել, թե ապրելու փոխարեն ինչքան ժամանակ ա անցնում ապրելու մասին ուրիշների ու ամենավատը՝ ինքն իր համար պատմություններ հորինելով, լացելու ա...

Բայց հաշվել պետք չի, էդ  էլ աժամանակատար:-)

Thursday, November 22, 2012

Կինո

Երեկ Մերուժանին եմ հանդիպել...

Wednesday, November 21, 2012

Նոյեմբերյան անձրև

Փափկություն կար օդում: Ծանծաղ ու ծույլ անձրևում: Որ պիտի գար ամբողջ օրը: Ալարկոտ, անհավես: Պիտի գար, որովհետև նոյեմբերը վերջանում էր ու իրեն ասել էին, որ ինքը պիտի գա: Պիտի իջնի քաղաք ու տեղա: Ինքն էլ իջել ու տեղում էր, բայց ժլատորեն: Կիրքն ու առատաձեռնությունը մնացել էին հեռավոր ապրիլում: 

... երբ կարելի էր խենթ քրքջոցով պարուրվել դեռատի ու մերկ պարանոցներին:

Հիմա բոլոր պարանոցները փակ են: Երփներանգ ու տաքուկ շարֆերով: Հիմա փակվելու ու տաքանալու ժամանակներն են: Պաշարելու ու կիսվելու ժամանակներն են: Հիմա ինքը որ հորդա, կվերջանա: Կտեղա-կտեղա, կսառի, կսպառվի, ձյուն կդառնա: 

Ու դրանից ժլատացել է: Հոգնել է: Մեծացել է: Հանդարտվել: 

Monday, November 12, 2012

Պատմությունների ու հակապատմությունների մասին

Ուրբաթ օրը բանակցությունների ու առաջնորդության մասին վերապատրաստման ժամանակ խոսվեց էն մասին, որ առաջնորդն իր հետևորդների հետ հաղորդակցվում է պատմություններով: Ինչպես միշտ էս գունավոր աշխարհում կա մատերիա ու հակամատերիա, պատմություն ու հակապատմություն: 

Բարձրաստիճան ոստիկանին պաշտոնանկ են անում, դատում են, մարդիկ ասում են. «Քավության նոխազ էր»: «Վերևներին լավ չի նայել»: 

Անկուսակցականն առանց կուսակցությունների օժանդակության ընտրվում է ԱԺ, մարդիկ ասում են. «Եթե Դուք հայտնվել եք խորհրդարանում և օլիգարխ չեք, ապա դա եղել է «Ձեր պայմանավորվածությունների շնորհիվ», ոչ թե հենց այնպես»: «Բայց Դուք չէիք կարող հենց էնպես, առանց «մեջքի» ու փողի ընտրվել մի քաղաքում, որտեղ բոլորը գիտեն, թե որոշումները որտեղից են կայացվում»: 

Ո՞ր պատմությանն եք հավատում:  Անգամ դեղնակտուցն էսօր Հայաստանում երկրորդին ա հավատում: Ինչո՞ւ: Որովհետև ամեն երկրորդ դեղնակտուց տեղից վեր ա կենում ու կրակ լցնում բենզինի վրա իր անհավատությամբ: «Հասուն»  կտուցովին դեռ ներելի ա...

Բոլոր պատմություններն ու հակապատմությունները Հայաստանում անհիմն են, որովհետև փաստերի մասին ոչ ոք չի հիշում կամ (լավ, հանուն արդարության), քչերն են հիշում:  

Որովհետև հավատի վրա են հիմնված, իսկ այն իռացիոնալ ա: Որը չի նշանակում, թե գոյություն չունի: Ունի, բայց ցանկացած փաստ բեր, աշխարհի բոլոր փաստերը բեր, մեկ ա, էս հակապատմություններն ավելի ուժեղ են լինելու, որովհետև մենք չենք ուզում ՀԱՎԱՏԱԼ լավին: Վերջ: Նույնիսկ Կահնեմանն (պահ;-)) ա ասում, որ մեր ուղեղային ռեցեպտորները մի քանի անգամ ավելի արագ ու ինտենսիվ են ընկալում վատ լուրերն ու վատ իրավիճակները, քան լավը: Որովհետև վատն ակնկալելով՝ փորձում ենք կանխել, կռվում ենք, որ գոյատևենք: Ու էնքան, որ երբ կռվելու ու գոյատևելու խնդիր չկա, սկսում ենք լավը վատացնել: Որ գոյատևենք:-) Սովորույթի ուժ, ոնց որ ասում են: 

Նույնիսկ եթե պատմություններն անհիմն են, ես նախընտրում են հավատալ պատմությանը:  Որ փոխվենք: Ոչ կուրորեն: Բայց քանի դեռ հակապատմությունը նույնքան անհիմն է, ես նախընտրում եմ պատմությունը...

P.S. Սուտ էլի:-) Կամ էլ ոչ սուտ:-)))

Monday, November 5, 2012

Voltaire: Candide: or, Optimism

Իրականում ավելի շատ ու ավելի շուտ ուզում էի գրել «Տոնո-Բանգեյի» մասին, որով Ուելսը դարձավ իմ ամենա-ամենասիրելի հեղինակներից մեկը (դեռ «Ամուսնություն»-ից հետո նման սպառնալիք կար, բայց «Տոնո-Բանգեյը» Ուելսի համար միանշանակ «կապիտուլյացիա» էր:-)))): Բայց ինչևէ, երևի թե երբեք էլ չեմ գրի:  

«Կանդիդը» պատահական ընտրություն էր, փորձնական. Վոլտեր-Վոլտեր, հլա տեսնենք ինչ միրգ ա, սկզբունքով: Երևի մանկապատանեկան բազմաթիվ վեպերում հպանցիկ մոտեցել եմ «Կանդիդին», բայց երբեք կանգառ չեմ արել: Նույնիսկ շատ էլ համոզված էի, որ Կանդիդն աղջկա անուն ա: Հետո հիշեցի, որ նույն էդ գրքերում ինչ-որ Էլոիզ կար, Ռուսսո... Խառնել եմ, պարզ ա: Ու մի երկու գլուխ չէի կարողանում գլխում ես Կանդիդին «տղայացնել»: 

Առաջին իսկ տողերից հիշեցի չոսերյան պատմություններն ու Դեկամերոնը: Բայց ավելի պարզունակ էր: Ընթացքում էդ պարզունակությունն աստիճանաբար սրում էր հեգնանքն ու թեժացնում գրոհը կեղծիքի վրա: Վերջը «վերջն» էր՝ Կանդիդն էստեղից ընկնում ա էնտեղ, մի օր լավ, մի օր վատ ու անընդհատ փորձում ա հասկանալ՝ ինչու (ու պատասխանել պանգլոսյան ոճով՝ «Որովհետև ինչ լինում ա, վերջը լավ ա»), ու ընթացքում հա սիրում ա մի բարոնուհու:  Նրան միանալը կյանքի նպատակ էր: Միանում են Կ.Պոլիսում, բարոնուհին՝ արդեն տգեղ ու պահանջկոտ մի արարած, Կանդիդն էլ իր երկու սիրելի փիլիսոփաներով շրջապատված: Ամբողջ օրը զրուցում են. որ՞ն է կյանքի իմաստը: Մինչև մի օր էլ հյուրընկալվում են հարևանի մոտ, որի սիրուն զավակներն իրենց ստեղծած հացն ու գինին են կիսում Կանդիդի ու իր ընկերների հետ: Սրանք մտածում են, թե հարուստ ա, որ էդպիսի հյուրասիրություն ա կարողանում թույլ տալ իրեն.


Thursday, October 25, 2012

Л.Н.Толстой. Крейцерова соната

«Сумасбродство» բառ կա չէ՞:  Եռացող ուղեղի արգասիք է էս վիպակը: Ասես մի մեծ վեհափառ գետ իր համար հանդարտ, հզոր, իմաստուն հոսելիս լինի ու մեկ էլ ժայթքում ա ինչ-որ վտակներով՝ հազարումի ուղղությամբ... Փորձում ես հետևել հոսքին, բայց չես  (չեմ:-) վերջերս տոլստոյականությամբ տարված ընկերս հաստատ կասի՝ «Սխալ ես»:-))) հասկանում, թե ինչու են ի հայտ գալիս նման եզրահանգումներ:

Ու հասկանում եմ մի անգամ ևս, որ տրամաբանությունը որքան էլ փառաբանվի որպես ռացիոնալության գայթակղիչ «չաքուչ», միևնույն է, այն նույնքան թերի թակարդ է, որքան զգացմունքայնությունը, որովհետև նույն ուղեղնն է կառավարում տրամաբանության սահմաններն ու ուղղությունները: Օրինակ՝ եթե քեզ համար ստեղծել ես մի աշխարհայացք, օրինակ՝ нравственное учение, քո տրամաբանությունը երկաթյա է էդ սահմաններում, բայց եթե օրինակ դու էվոլյուցիոնիստ ես, ինչպես հավանական է համարում Պոզդնիշևը, քո բարոյական տեսության երկաթյա տրամաբանությունը դարվինյան սահմաններում ուղղակի զավեշտալի է:  

Չգիտեմ, չգիտեմ... 

Thursday, October 18, 2012

Ոնց ինձ գտնել:-)))

Մեռա:-))))))))

Search Keywords
Entry
Pageviews
շարադրություն աշնան մասին
14
աշնան մասին շարադրություն
8
աշնան մասին շարադրություններ
5
աշնանային երեկո
5
սագերի մասին հետաքրքիր պատմություններ
4
ալբերտ քամյու
2
աշուն շարադրություն
2
մի որ
2
շարադրություններ աշնան վերաբերյալ
2
սագ
2

Wednesday, October 17, 2012

Դեռահասություն

Վերջերս ինչ-ինչ հանգամանքների բերումով, ինչ-ինչ պայմաններում ու պարագաներում հասկացա, որ հոմո սապիենս տեսակի 90% /անհույս լավատես:-)/ դեռահաս ա, բառիս բուն իմաստով՝ դեռ հասած չի, խակ ա: Իսկ խակը կամ պետք ա թքես-թափես, կամ պահես-պահպանես, մինչև հասնի, լիքը, տռուզ, համով, հյութեղ միրգ դառնա /լավ, «Անահիտ» տեսակն էլ կլինի:-)/

Դեռահաս ենք՝ անկապ վեր-վեր թռչելով, հայելու առաջ տասը ժամ մեզանով հիանալու մոլուցքով, որ պատռվում ա մենակ մանկության անկեղծ, կարճատև պոռթկումներով, երբ ազնվությունից շունչ կտրելու չափ սիրունանում ենք: Կամ էլ էդպես խակ-խակ լողալով կյանքի մակերեսին՝ մեկ էլ վերջինս մի ապատակ ա վրա բերում իր ծանր ափով ու դառնում ենք տՀԱՍ մեծավոր՝ դժբախտ, դժգոհ, տգեղ, որտեղից պոռթկումը հրաբխային ա՝ մահացու, հուժկու, անդիմադրելի տառապանքի հոտով: 

Պահող-պահպանող չի մնացել: Չունենք, չկա: 

Ճամփին աչքս ընկավ կաաաա՜րմիր սիրուն ծառին... ու հիշեցի, որ ծառն այդ հիասքանչ էր գարնանը, ամռանը, նույնիսկ ձմռանը՝ մերկ ու պառաված: Իմ հողոտ սիրուն ծառը... Նայում ա ինձ ու ասում ա, ո՞ւր ա հողդ: Կորցրել եմ, պոկվել եմ ու էն կլոր փշերի նման, ինքս իմ մեջ կլորացած ու տապ կացած տրվել եմ քամուն: Դրսից փշերս մաշվել են, բայց վերքի տեղերը կոպտացել են, որ արնաքամ չլինեմ: 

Պահող-պահպանող չի մնացել:

Չի մնացել, բայց ոնց որ Մարքսն վեհապանծ մի վախտով ասել ա, թե իբր կապիտալիզմն իր մեջ իր մահվան սերմերն ա կրում /պահ, սաղ ապրող-շնչող բաներն էլ կրում են էլի:-) /, էնպես էլ մենք մեր մեջ պահպանողի սերմն ենք կրում /մինչև դրա մահացու դառնալն էլի:-)/: Պահենք-պահպանենք: Սիրենք ռոբոտներին, իսկ ինքներս մեզ՝ ավելի շատ:-) Որ հասնենք:-)

Monday, October 15, 2012

...

Ոնց եմ հոգնել... իսկ դեռ երկուշաբթի առավոտ ա...

Հոգնում են էսպես.

Փուլ 1. դժգոհություն=արված աշխատանք
Փուլ 2. դժգոհություն < արված աշխտանք
Փուլ 3. դժգոհություն=0
Փուլ 4. դու=ՄԻԱՅՆ արված աշխատանք, որը դառնում ա հնարավորինս օպտիմալ, իսկ եթե չգիտեք դա ինչ է, կարդացեք Ա Ազիմով:-)

Thursday, September 13, 2012

Արագության ու թեստերի մասին

Ես բնազդային հակակրանք ու վախ ունեմ թեստերից: Ու որպես կանոն, միշտ էլ բոլոր քննությունները շատ ավելի վատ եմ հանձնել, քան հետագայում նույն գիտելիքը կիրառել եմ գործնականում: Միշտ (չէ, սուտ եմ ասում, երբ դեղնավուն էի, էն ժամանակ:-)) հիացել եմ մարդկանցով,  ովքեր կարողանոմ էին տեղին մեջբերում անել, հիշել վեպից մանրամասներ, համեմատությունները համեմել մեծերի գործերից ու կյանքից օրինակներով: Երբեք չեմ կարողացել: Էն ինչ լսել եմ, էն ինչ կարդացել եմ, մսաղացով անցել-աղացվել ա ու դարձել  ուրիշ սուբստանցիա: 

Երբ ինձ խնդրում են ինչ-որ բան թարգմանել արագ, ինչ-որ վարժություն լրացնել արագ, ես որպես կանոն անպայման սխալվում եմ: Իսկ թե ինչ ա կատարվում գլխումս, ուղղակի  մուլտի կադր ա՝ բոլոր ժամանակներից, բոլոր գրքերից, կինոներից, վայրերից ու մարդկանցից կտոր-կտոր պատկերներ, ձայներ ու հոտեր հեռվից գալիս-լցվում են կարճ հիշողությանս դարպասների առջև, իսկ դրանք կա՛մ ընդհանրապես ճանապարհ չեն տալիս սրանց դեպի շուրթեր, կա՛մ միանգամից բացվում են ու ...էդ կտորները գլխապատառ արագությամբ թափվում են ներս, ու ես արտաբերում եմ առաջին պատահածը՝ առանց երկար-բարակ մտածելու:

Ու էդպես խայտառակվում ի տես համայն աշխարհի:-))))))))

Monday, September 3, 2012

Isaac Asimov: I, Robot

Ոնց էր երեխուն նոր խաղալիք լինեն նվիրած:-) Այ էդպես կարդում եմ ռոբոտների մասին պատմվածքները: Շատ են դուրս գալիս. ոչ մի խուճուճ-մուճուճ բան չկա: Ամեն մի պատմվածքի հիմքում ինչ-որ մարդկայնացված կոնֆլիկտ ա, որն իհարկե տեղի  ա ունենում շաաատ ռացիոնալ, բայց մարդկային արժեքներով ստեղծված ռոբոտների մոտ: Շատ հավանեցի «Ստախոսը»,  քանի որ վերջին երկու ամսում ինքս մտածում եմ, թե ինչքան կարելի է զիջել, որ դու մնաս դու:-)

Friday, August 31, 2012

Օգոստոսի 31, Երևան

Քաղաքն արթնանում է երկար ու դանդաղ. կապույտն ու կանաչը դեռ նսեմացնում եմ խայտաբղետ մարդկանց, շենքերի ու մեքենաների խառնիճաղանճ գունամբոխը: Հատուկենտ մեքենաներ, հատուկենտ անցորդներ:

Բանկի դիմաց զրուցում են երեք տղամարդ: Փողկապներով, փորերով ու հարուստ ինքնագոհության այլ ատրիբուտներով: 

Դիմացի մայթին կանգնում է մեքենան ու իջնում է կինը՝ երիտասարդ, վառվռուն, սլացիկ սրունքներից մինչև պիրկ կրծքերը կանացի ու կենդանի: Տղամարդիկ էլ չեն զրուցում ու ժպտալով հետևում են կնոջ ինքնավստահ քայլերին՝ բնազդաբար կիսաբաց բերաններով: Բերանները փակվում են հեգնական ու ամենայն հավանականությամբ գռեհիկ (աչքերը հուշում են) մի երկու կարծիք փոխանակելու ջանքերն իրականացնելու համար: 

Բնազդը լավ բան ա, հրաշք բան ա: Քաղաքակրթությունը բնազդի մեջ գեղագիտություն ա դրել, հաճույքի մեջ՝ նրբություն: Անտաշ ենք, հո զոռով չի: 

Tuesday, August 28, 2012

Տղամարդկանց մասին

Ես իրենց շատ եմ սիրում:-) Որպես տեսակ: Որպես անհատներ՝ քչերին, որպես  «առանձնյակ»՝ առավել ևս քիչ: Ու էնպես ա ստացվել, որ ես ապրում եմ կողք-կողքի իմ ամենաքիչ սիրելի առանձնյակի՝  հայ տղամարդու հետ, ով ինձ նույնիսկ բնազդորեն չի հուզում. նայում եմ ինքնահավան, փնթի՝ տարիներով հոգատար ձեռք չտեսած գրապահարանի նման (էս «փնթին» շորի ու խնամքի մասին չի էնքան, ինչքան սեփական մարմնի մասին հոգ տանելու... առաջին երկուսն իհարկե ամենաընդունված տարբերակն են նյութականացնելու էդ հոգատարությունը, բայց ես ավելի շատ խոսում են էն մասին, որ դու մարմինդ համամասնորեն ես պահում, ոնց որ քեզ տրված էր ի սկզբանե) մարմնին ու հեչ չեմ հուզվում:-) Ասենք ինչպես հուզվում էի Բիլբաոյում կամ Սոպելանայում, երբ նայում էի ու  վերջ, արդեն հուզված եմ, նույնիսկ՝ «անհույս տոչորված» գունային գամմայի խախտումների պատճառով:-))))))))))))

Բայց դա հեչ, դա ինձ մի քիչ ավելի քիչ կանացի ա դարձնում միգուցե, բայց էդքանը միայն՝ միիի քիչ: Առանձնյակն ինձ դուր չի գալիս, որովհետև ինքն իր տեղը չի գտնում: Մաման-պապան, ընկերներն ու գործընկերները, հարևաններն ու բարեկամները գտնում եմ, բայց ինքը՝ չէ:


Saturday, July 28, 2012

Պատշգամբում

Ծովը մոռանում եմ: Ծովի ձայնը կարող եմ մի քանի տարի պահել, բայց հետո մոռանում եմ: Հետո քաղաքը կուլ է տալիս: Ու դրա համար էլ քամին արևից հետո իմ երկրորդ տարերքն է: Ու սիրում եմ ձայնավոր քաղաքը՝
բակի ճռճռան ճոճանակն ու հարևան տատի հզորագույն հաղորդակցման միջոցն՝ իր զրնգուն ծղրտոցը, 
արևահարված երկաթե հոսքի անհամբեր վզզոցը փողոցում ու մայթերին շոգից դադրած անցորդների լուռ հուսահատությունը, 
խոտոր երաժշտասերների ծվեն-ծվեն եղած երգի հանգչելը քամու ու մոծակների անհամատեղելի, բայց իրական խմբերգում ու 
մի խումբ երիտասարդների փնտրտուքից ծնված խոսակցության մեղեդին...

Wednesday, July 18, 2012

Ութնյակներ արևին


Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
Ու վերեւից խնդաց զվարթ ու ոսկեձայն.-
Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,
Հազա՜ր խաշխաշ, ու գարնան օր, ու ծիածան:
Քաղցր ծփաց հեշտանք ու տապ, թույն ու գրգիռ,
Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին.-
Աշխարհը - ալ, նարնջագույն, վառքը - կարմիր,
Ողջը - հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին...



Հոսում է տաք, ինչպես հեշտանք, կամ ձույլ ոսկի,
Հոսում է ծանր, ու հորդահոս, ու արնավառ.
Լցվում է թեժ խնդությունով կուրծքը հասկի.
Օրերը - տոթ, ձիերը - վառ, վազքը - խելառ:
Լո՜ւրթ երկինքներ՝ իջած հասուն երկրի վրա,
Բարձր ճիչեր, ու հրդեհներ, ու ծիածան.-
Վառվում է շոգ կաթսաներում կյանքը քուրա.-
-Ախ, վա՛յ նրանց, որ չապրեցին ու չտեսան... 
Ե. Չարենց
1921, մայիս, Երեւան 

P.S. Գողացել եմ, որովհետև արևի մասին ա:

Tuesday, July 17, 2012

Էլի հենց էնպես

Հիվանդանոցի պատուհանից դուրս լույսեր էին՝ խլվրտան, զվարթ, անտարբեր: Դրսում ցուրտ էր: Սենյակում տաք էր:  Սենյակում երկու սիրտ էր պայթում՝ մեկը մենակ մնալու ցանկությունից, մյուսը մենակ չթողնելու ցանկությունից: 12 ժամից ինքնաթիռը պիտի վերադառնար Ամրստերդամ: Մեկը գունատվել էր ցավից, մյուսը՝ հուսահատությունից: Մեկն արդեն փակվել էր իր աշխարհում, մյուսն անօգուտ ծեծում էր էդ աշխարհի դուռը: 

Սենյակում հերթական ողբերգությունն էր ապրվում, որն անէանում էր աշխարհի լույսերում: 

Անձրևող քաղաքում ձյուն էր դրել: Մեկը ցավում էր հիվանդասենյակում, մյուսը՝ հետևում ավտոբուսի պատուհանին մահացող ձյան փաթիլներին: 

Monday, July 16, 2012

Աշխարհաստեղծ

Կա էդպիսի մի բան, որ կոչվում ա «առաջին պահ»... Երբ հնչում է առաջին նոտան... Եթե մեկը փորումս էնպես խփեց, որ սիրտս տեղում թփրտում ա, որովայնումս նեղվելով մի մեեեծ անակոնդա ա անցնում, մրջյունները ոհմակով վրա են տալիս-հասնում մինչև ուսերս ու մոռանում եմ շնչել, ուրեմն ես տրվում եմ՝ անմնացորդ: Ինձ դիպչելը հավասար ա գլխով պատ ջարդելուն: 

Ես աշխարհն եմ գտնում ու գրկում էս առաջին պահերին...

Friday, July 13, 2012

ԱԱԱԱԱԱԱԱ

Բայց ես ինչո՞ւ էդպես էլ հեղափոխական չդարձա` էդքան ագրեսիա ունենալով ներսում...

Ching Chime

Thursday, July 12, 2012

«Վիիի, էս դվորն էկար, ազիզ ջան»

Աշխարհում կան բաներ, որոնք էս կամ էն ժամանակ ինձ համար անքննելի են եղել, էնքան բնական, որ չեմ մտածել դրանց մասին, ինչպես չեմ մտածում էն ամբողջ նյարդա-մկանային աշխատանքի մասին, որն անհրաժեշտ է, օրինակ` դաստակս շարժելու համար: 

Tuesday, July 10, 2012

Bab'Aziz

Մի ոտքով՝ Արևելքում, մյուսով՝ Արևմուտքում. երկուսով էլ պինդ կանգնած: Բայց երկար էդպես չեմ կարող, էրկու կես կլինեմ, կամ մի ամբողջով կընկնեմ անդունդը:-)

Մեկից մեջս եփ ա գալիս, մյուսից՝ հանդարտվում...

Detachment

Ասելու բան չկա, նայել ա պետք... ընտրել: 

Monday, July 9, 2012

Գիշեր

Գիշերում է: Քաղաքը փորձում է հետ բերել հեռացող արևն ու պճնվում է միլիոնավոր փայլփլուն կեղծ արեգակներով: Քաղաքը պատրաստվում է լռության, ու թերևս ամենակուլ լռության ահից քաղաքի ձայներն ահագնացել ու անգթաբար խարազանում են՝ աջ ու ձախ, վեր ու վար: Շտապ օգնության մեքենայի տանիքին ոռնում է շչակը: Ռեստորանային տաշիտուշին ազդարարում է մեկի ծննդյան կամ երկուսի միության լուրից հուզված խմբի ուրախությունը: Ծառերն անպաշտպան հանձնվել են տապին ու մեկընդմերթ փորձում են փրկություն գտնել սաղարթը սողոսկած քամու թարմության մեջ: Բայց, ավաղ, արևը հեռացել էր իր վերադարձի կուռ երաշխիքներ թողած՝ տոթակեզ մի գիշեր, ծիրանագույն մի մայրամուտ  ու անամպ մի երկինք: 

Monday, June 25, 2012

Эрих Фромм: Иметь или быть

ЗНАЧЕНИЕ РАЗЛИЧИЯ МЕЖДУ ОБЛАДАНИЕМ И БЫТИЕМ
Альтернатива "обладание или бытие" противоречит здравому смыслу. Обладание представляется нормальной функцией нашей жизни: чтобы жить, мы должны обладать вещами. Более того, мы должны обладать вещами, чтобы получать от них удовольствие. Да и как может возникнуть такая альтернатива в обществе, высшей целью которого является иметь -- и иметь как можно больше -- и в котором один человек может сказать о другом: "Он стоит миллион долларов"? При таком положении вещей, напротив, кажется, что сущность бытия заключается именно в обладании, что человек -- ничто, если он ничего не имеет.

Tuesday, June 19, 2012

Նա

Վաաաաայ, երեկ տուն էի գնում, մեկ էլ...: Դե հա, երբմեն էդ էլ եմ անում, մանավանդ որ 30 համարի ավտոբուսում տեղ ա լինում:-) Էն էլ ինչ մեծ հաճույքով եմ անում:-) 

Բայց կարևորն էդ չէ, կարևորն էն պահն ա, երբ Օպերայի կանգառում ավտոբուսի դուռը բացվում  ա ու ներս ա մտնում նա...

Ձեզ երևի մի տաս անգամ (խոսքն իհարկե, գոնե մի 30 տարի ապրած պիտի լինեք, որ էս թվին մոտենաք/ հաջողվել ա գեղեցկությունից ծնոտներդ կախ գցել ու գոնե մի վայրկյան շունչներդ պահած, ակնապիշ ըմբռնել, ըմբոշխնել էս աշխարհքիս համար անհավանական գեղեցկությունը: Եթե շաաաատ բախտավոր աստղի տակ հաջողացրած լինեք ծնվել, էդ տաս անգամներից մեկը գոնե պետք է որ մարդ արարած եղած լինի: 

Չէ՞...

Ես ոնց որ թե ոչ միայն բախտավոր աստղի, այլև աստղաբույլի տակ եմ ծնվել, որովհետև երեկ ես տեսա էն, ինչ գրեթե անհնար ա լինում. կատարյալ տգեղություն: Էնպիսի մի կատարելություն էր, որ ոչ թե մի վայրկյան, այլ երևի մի 30  /չէ հա, տաիշաաբելյարություն չեմ անում. զուտ պատահականություն էր/, շունչս պահած, ակնապիշ փորձում էի ըմբռնել, ըմբոշխնել աշխարհքիս համար անհավանական այդ գոն՝ գեղեցկության իսպառ բացակայությունը: 

Օրինակ՝ տատիկին կերած գայլին դուք երբևէ հստակ, նյութական պատկերացրե՞լ եք: Չէէէէէ, էդ մենակ Բոսխին կհաջողվեր երևի:-) Դե քանի որ ես Բոսխ չեմ, աստված ինձ խնայեց ու դեմս դրեց մեեեեեծ ականջներով, մեեեեեեեծ քթով, մեեեեեեեծ բերանով,  մեեեեծ ատամներով, մեեեեեեծ  տատիկ-գայլին, ով էնքան ներդաշնակ էր, որ շունչս կտրվեց...

Monday, June 11, 2012

Երջանիկ տգիտություն /սիրուն բառ ա/

Մի քիչ առաջ Բյուրիի նեղսրտած արձագանքը տեսա. 
Տեսեք Հայաստանում լեզվաբանական նորմալ հետազոտությունների բացակայության հետևանքով ինչ կարգի հոդվածներ են ստեղծվում: Որ ժամանակ ունենամ, կետ առ կետ կանդրադառնամ էս հոդվածին:
Իհարկե, խնդիրը  միայն լեզվաբանության ոլորտում հետազոտությունների բացակայությունը չի, ու իհարկե, հոդվածում հազարումի բան կա անդրադառնալու: Միլիոն: Ու հետաքրքրությամբ կսպասեմ, որ Բյուրին ժամանակ ունենա:-)

Thursday, June 7, 2012

Հպանցիկ

Էսօր ուզում եմ մի սիրուն զույգի մասին գրել, որ երեկ պատահաբար տեսա փողոցում: Ձեռք-ձեռքի, ուրախ զրուցելով անցան կողքովս: Ուղիղ, սահուն, պարզ, երիտասարդ, անբռնազբոս: Ուզում եմ գրել, որովհետև զահլես գնացել ա մեր պառաված ջահելներից: Ասես երեխայից միանգամից դյադյա ու տյոտյա են դառնում: Ու էնքան մեծ թվով, որ թռվռի, հավեսով, համարձակ, փորձարար, լուսավոր դեմքեր տեսնելիս միանգամից գրելս ա գալիս, փոխանակ ես էլ հավեսով ժպտամ ու անցնեմ կողքներովը: 

Դե դյադյա-տյոտյան էլ բնականաբար ծանր, մսալի հարաբերություններ են ի ցույց դնում աշխարհին՝ դյադյան սովորաբար ծաաաաանր-ծանր հենված էդ ծանրությունից ու սեփականություն լինելու զգացումից հպարտ տյոտյայի ուսին: Կամ էլ մի առաքինի «թևանցուկ»:-) Ոչ մի թեթևություն, ոչ մի պարզություն, թե՛ շարժումներում, թե՛ հարաբերություններում: Ամեն ինչ չափված-ձևված, բայց շատ փինաչի վարպետի կողմից: 

Պարզ ա, որ հակազդեցությունն էլ մի տեսակ ծայրահեղական ա, ոչ թե հանգիստ...

Tuesday, June 5, 2012

Լիմոնով թեյ անձրևոտ քաղաքում


Փակ աչքեր: Լայն, շատ լայն ժպիտ: Լռությունն ու ժպիտն իրարից բաժանում է լիմոնով քաղցր թեյի մի կումը: Լռությունն ու ժպիտը տղամարդուն տվել են աշխարհին, որտեղ ինքը պատահաբար է մուտք գործել: Որտեղ ինքն այս պահին չկա: Որտեղ դրախտն ու աշխարհը մի պահ իրարով են եկել ու դարձել լիմոնով քաղցր թեյ:

Friday, June 1, 2012

Էլի բլոգերի մասին

Օրվա ընթացքում մի քանի անգամ, ավելի ճիշտ երբ գործի տեղն սկսում ա քունս ուժեղ տանել, որովհետև հավեսս թև ա առնում ու անհետ կորչում չոլերում, կամ ուղղակի փոփոխություն ա պետք, որ կարողանամ  նորմալ շարունակել գործս, իմ սիրած բլոգերն եմ քչփորում: Արդեն մի քանի տարի:

Thursday, May 24, 2012

Ես ու մենք

Երեկ ինչ-որ ռադիոհաղորդում էր, որի ընթացքում փորձում էին պարզել քաղաքացիների կարծիքը վերջերս քննարկվող տեսանյութի շուրջ: Որ տղաների միջև ծեծկռտուքը վաղուց «տղամարդ թրծելու» այլանդակ միջոց ա դարձել թե՛ դպրոցում, թե՛ բուհում, էդ հեչ, էդ կրթության ու դաստիարակության «շտապ օգնության» հիմնախնդիրներից չի, իսկ աղջիկների ծեծկռտուքը՝ ա: Թեև, արդարության համար պիտի նշել, որ որպես կանոն երևույթի ծայրահեղ դրսևորումներն են, որ ի վերջո հանգեցնում են մեծամասնական վարքուբարքի ռևիզիոնիզմի...

Հարցման ընթացքում մի բան ականջս ծակեց. երիտասարդների մեծամասնությունը դեպքի իրենց մեկնաբանություններում պատասխանատվությունը դնում էին անմիջականորեն դրանում ներգրավված կողմերի վրա. «Ծնողն ու դպրոցն էդքան էլ կապ չունեն: Դե երևի իրենք ինչ կարող էին, արելի էին: Ինչքան էլ ծնողները կամ դպրոցը ուշադիր լինեն, էդ իրենց արածն ա: Մեղավորն իրենք են, ոչ թե ծնողը կամ դպրոցը»: 

Ինձ համար հետաքրքիր էր էս անհատականացումը, անհատի՝ որպես իր անձի կերտման  համար պատասխանատու մտքին նախապատվություն տալը երիտասարդ սերնդի մոտ: Էս ինձ համար արևմտականացման ամենահետաքրքիր դրսևորումն ա մինչև հիմա... Նոր սերունդը ինչ-որ հետաքրքիր ծիլ ա տվել՝ «Ես ինքս», ես-ը ոնց որ գլուխ ա բարձրացնում սոցիումով  պայմանավորված ինքնության կերտման հայկական իրականությունում, հը՞՞՞՞՞: 

Tuesday, May 22, 2012

Մաքրելու արվեստի մասին

Ես հոգով, տեսակով հավաքարար եմ: Կամ էլ մի քիչ ավելի սիրուն ասված՝ մաքրող: Սեփական ստեղծագործություն գրեթե չունեմ: Չգիտեմ ինչու: Մի տեսակ բավարարվում եմ նրանով ինչ կա՝ մտավոր, հոգևոր, թե նյութական: Ստեղծելու համար անբավարարվածություն ա պետք, շատ, ուժգին, գրեթե մոլագար: Պետք ա եղածից դժգոհ լինել: Ես եթե դժգոհում եմ, սկսում եմ մաքրել՝ ներսից էլ, դրսից էլ: Նոր բան ստեղծել չեմ կարողանում: Երևի նրանից ա, որ լռության ու հանդարտության պահանջն անմիջապես չեզոքացնում ա անբավարարվածության ուժգնությունը: Կամ էլ տեխնիկական լեզվով ասած՝ թերարժեքության կոմպլեքսով եմ տառապում:-))))) 
Ու որպես հավաքարար, քիթս չեմ խոթում ինձանից մեծ բաների մեջ: Ինձ հետաքրքրում ա ատոմը, համաստեղությունը, գիտակցությունը, նյարդը, յուղաներկը, սոցիալական շարժումը ու էդպես շարունակ, բայց ես չեմ կարողանում խոսել դրանց մասին. ես լսում եմ, եթե խելքս հասավ, հասկացա, հավաքարարի նման տեղավորում եմ ինչը որտեղ կարող եմ, իսկ մնացածը «չուլանն» եմ գցում՝ «մեկ էլ տեսար մի օր պետք եկավ» սկզբունքով: 

Բայց ես վարպետ հավաքարար եմ:-) Պապայից ժառանգած «սիրունության գենն» ինձ ստիպում ա մաքրության ամեն մի շարժում հնարավորինս կատարյալ դարձնել: Հետևանքը՝ նորը չի ծնվում: 

Thursday, May 17, 2012

Հանրակրթական դիտարկում

Ես մի քանի շաբաթ ա ինձ համար բզբզում եմ, թուղթ-մուղթ եմ գրում ու հենց նոր հետաքրքիր մի տվյալ գտա: TIMSS-ի մասին լսած կլինեք. 4-րդ և 8-րդ դասարաններում մաթեմատիկական գիտելիքների միջազգային չափիչ գործիք ա:-) Հայաստանում կիրառվել ա 2003 և 2007 թվականներին: 2011-ի տվյալները դեռ չկան (գոնե պաշտոնական կայքում): 

Հիմա ինչն էր հետաքրքիր. 

Էդ ՏԻՄԶ-ի արդյունքներն ըստ մակարդակների են՝ գերազանց (Advanced-625), լավ (High-550), միջին (Intermediate-475) և ցածր (Low-400): Հայաստանի համապատասխան տոկոսներն են.
4-րդ դասարան՝ 2007թ. - 8, 28, 60, 87 և 2003թ. - 2, 13, 43, 75 : 
8-րդ դասարան՝ 2007թ. - 6, 27, 63, 88 և 2003թ. - 2, 21, 54, 82 :

Հետաքրքիրն էն ա, որ 2003թ. համեմատ հանրակրթական որակը չի ընկել ու նույնիսկ հակառակը, հատկապես գերազանց սովորողների դեպքում... Իսկ առօրյա փորձն ու բնազդը հակասում են էս վիճակագրությանը: Իհարկե մեթոդոլոգիայի ու նման հարցեր կան, բայց ըստ էս «կշեռքի» մենք միջին «մտավոր վիճակում» ենք... Կահնեմանն ասում էր, որ մենք հակված ենք ընտրելու ինտուիտիվ գրավիչ տվյալները:-) 

Բայց ուրիշ հետաքրքիր բաներ էլ կան. 
ա. 2003-ին գերազանց աշակերտների տոկոսը չի պակասում, լավերինը նույնիսկ ավելանում ա, ինչը չի կարելի ասել 2007-ի մասին: Փաստորեն, միջին դպրոցում որակի խնդիրն ավելի լուրջ ա. լավերի տոկոսը նույնիսկ ընկնում ա: 
բ. Գերազանց սովորողները հանրակրթության կարիքը շատ էլ չունեն...Մեզ են երկրորդ թիվն ա պետք՝ «լավը»: Մեր հանրակրթության խնդիրն էդ ա: 63 ու 88-ով «գիտելիքահեն» պետություն չես դառնա: 

Դե լավ հոգնեցի թվերից, գնամ մի քիչ լավ բաներ լսեմ:-)

Monday, May 14, 2012

Նախագեն ու ես

Մի քանի օր առաջ ինձ հարցրեցին, թե ինչ եմ ուզում երկրի նախագահից: Մի քիչ հանկարծակիի եկա, որովհետև էդ պահին հասկացա, որ ես ավելի լավ գիտեմ, թե ինչ չեմ ուզում, (էն էլ ավելի շուտ անհասցե «պետությունից»), քան ինչ եմ ուզում: Մի քիչ մտածեցի, ու առաջին հինգ րոպեում կազմած իմ ցանկն էսպիսին է. 

  • հանրային այգի բոլոր միջին չափի թաղամասերում
  • հանրային տրանսպորտ, որտեղ կարող եմ չկռանալ ու չկպչել մարդկանց ու կիմանամ, որ ուղիղ 7-ին ավտոբուսը լինելու է կանգառում
  • պետական կառույցների հետ շփման պարզ, թափանցիկ, առանց ֆինտուֆլյուշկեքի կարգ
  • հանրային գրադարան
  • գյուղացու «վերապատրաստում» ու երկարաժամկետ, ցածր տոկոսադրույքներով /էս բառը չգիտեմ ինչքանով ա ճիշտ, բայց դե/ վարկավորում
  • որակյալ հանրակրթություն ու մասնագիտական կրթություն  /որակյալ=«մարդս մարդ լինի» ու 10 տարի սովորելուց հետո կարողանա կա՛մ բուհ գնալ, կա՛մ աշխատել/ 
  • ագրեսիվ կանխարգելի՞չ /preventive/ առողջապահական /սպորտի հետ սերտորեն առնչվող/ ծառայություններ
  • զինվորին հարգող, ֆիզիկապես ուժեղ ու խելացի բանակ
  • նվազագույն աշխատավարձի էնպիսի չափ, որ կարողանամ սեզոնային նորմալ ռացիոնով սնվել ու սեզոնային միջին գնի հագուստ առնել
  • գոնե պետական ու ՏԻՄ կառույցներում կաշառակերության չափերի նվազեցում՝  ուղեկցված հանրային հնչեղության դատավարություններով
  • մուրացիկների համար ապաստան
  • գիտության ֆինանսավորում: 
Ազատ, անկախ Հայաստան, օրենքի գերակայություն, կաշառակերության վերացում, աղքատության հաղթահարում ու տենց բաներ չեմ ուզում...

Sunday, May 13, 2012

Դիմաց

Ճտճտացող ծառուղին իմ կյանքի աննշանակ, սակայն տարօրինակ կերպով երբեք չխամրող կտավներից է, որոնք պիտի նկարեմ, պարբերաբար: Ծառուղին իրականում բարդիների մի շարք է ընդամենը, որոնք աջից են, երբ գնում ես երաժշտական դպրոց, ու ձախից, երբ վերադառնում ես տուն: Բարդիները բարձր են: Երբեմն կարելի է լսել, թե քամին ինչպես է թաքնվում տերևների մեջ: Բայց ավելի հաճախ իմ կտավում տերևները գետնին են ու ճճճճըըըըըըտտտտտ ձայնով խլացնում են քամուն: ճճճճըըըըըըտտտտտ ճճճճըըըըըըտտտտտ ճճճճըըըըըըտտտտտ... Տունը հեռանում է ինձանից: Մնում ենք ես, տերևներն ու նոտաները: Չէ, երաժշտություն չկա, միայն ճճճճըըըըըըտտտտտ ու նոտաներով սև պայուսակը, որ չէի սիրում ու ամեն պատեհ առիթ օգտագործում էի դրանից ազատվելու համար: 

Tuesday, May 8, 2012

Հայերենի մասին

Հենց նոր հետաքրքիր մի հոդված էի կարդում, հայերենում հաճախակի կիրառվող սխալների մասին, որոնք նույնիսկ չեն գիտակցվում որպես այդպիսին՝ http://www.lezu.am/?p=698: Ընդհանուր տոնն իհարկե դուրս չեկավ, բայց որոշ բաներ շատ օգտակար են: Չհասկացա երկու բան. 

ա/ ինչո՞ւ է սխալ «այս պահին» արտահայտությունը: Քանի որ այս դեպքում ճիշտ տարբերակների օրինակներ չկային, որոնք միգուցե կօգնեին գիտակցել սխալը, ավելի շատ չհասկացա;-) /Տկն. Փալանդուզյանն ինձ ցից կհաներ նման հայերենի համար;-))))))))/

բ/ Մեջբերում հոդվածից. 

«Կարծիքը կիսել
Մեր ազգին ոչ կարծիք կիսելն է հատուկ, ոչ տպավորությունը, ոչ էլ նույնիսկ զգացմունքը: Մենք դրանք փոխանցում ենք, հաղորդում, իսկ կիսում ենք այն առարկան, որը պետք է երկու հավասար մասի բաժանել, օրինակ հացը, քարը, թուղթը… Փոխաբերական իմաստով էլ ասենք պատմությունը կարող ենք կիսել: Մնացած «կիսումները» օտարամոլություն են կամ թարգմանական արվեստի չիմացություն:՞
«Մեր ազգին ոչ կարծիք կիսելն է հատուկ, ոչ տպավորությունը, ոչ էլ նույնիսկ զգացմունքը:»  Այոոոոո: Իսկապես մեզ հատուկ չի դա;-))))))) Մենք մեզ իրավունք ենք վերապահում դրանք փոխանցել, հաղորդել, տեղեկացնել, ու վերջ, ինչ կիսել, ինչ բան /մեջբերման մեջ երևում է, չէ՞, թե ինչ ենք կիսում:-) /: Համակարծիք լինելն է էնքան հազվադեպ երևույթ է, որ էս բառակապակցությունն էլ չենք կիրառում: Կամ էլ հանուն ճշմարտության՝ գրեթե երբեք չենք կիրառում: Հիմա ի՞նչ անենք, էդպես չկիսելով էլ մնա՞նք, թե փորձենք մտածելակերպ փոփոխել՝ թեկուզ մայրենիի անաղարտության հաշվին /վերջերս ինչ-որ գովազդի կարգախոսին ուշադրություն դարձրեցի. «Հայի ոգին անփոփոխ է դարեդար», կամ էլ նման մի բան: Մի էնպիսի վեհությամբ էր դա ասվում, ասես մի լավ բան ա, էլի: Աշխարհն էսքան զարգացել ա, իսկ մեր ոգին դեռ քարեդարյան ա մնացել/: Սովորել նաև մտքեր կիսել, ինչպես հացը...
Ընդհանրապես, կուռքեր սարքելը վատ բան ա, նույնիսկ եթե կուռքդ աստված ա:-))) Վերջերս մի հետաքրքիր բլոգերի էի կարդում, որի մտքերն ինձ իսկապես հետաքրքրում են, նույնիսկ եթե երբեմն չեմ «կիսում իր կարծիքը» ;-))))))) Հետաքրքիր մի գրառումից հետո խեղճին ցեխը կոխեցին ու չհանեցին իր գրագիտության աստիճանի պատճառով, ու էդ պուրիտանները մի րոպե անգամ իրենց նեղություն չտվեցին մի պահ վար իջնել իրենց անաղարտ պատվանդաններից ու մտածել, թե ինչ էր ասում էդ տղան: Բարի չենք: 

Monday, May 7, 2012

Kurt Vonnegut: God Bless You, Mr. Rosewater


Եթե ճիշտ եմ հիշում, Կուրտ Վոնեգուտի մասին առաջին անգամ լսել եմ 2006թ. ամռանը, Ազգային պատկերասրահում: Իր «Կապտամորուսի» մասին կրքոտ նկարագրության արդյունքում:-)  

Հետո շատ սիրեցի Վոնեգուտին: Անգամ երբ անունը պատահաբար միտս է գալիս, ժպտում եմ: Իր ժպիտն ինձ վարակել է: Օրինակ՝ Կունդերային էլ եմ սիրում, բայց ծանր, անժպիտ, երբեմն նույնիսկ վախենալով, երբեմն էլ զահլես գնալով իր ծուռտիկ-մուռտիկ փիլիսոփայությունից, խավարի մեղվաբունը քչփորելու մոլուցքից: Երբ Վոնեգուտն է գրում, ապրված, ոչ թե մտածված կյանքի հոտն եմ առնում, ինչպես գարնանային այն անկրկնելի բուրմունքը ծաղկած ծառերի մոտով անցնելիս, երբ ոտքերիդ տակ նախորդ աշունքվա արդեն փտող տերևներն են: Վոնեգուտի խորքերից լույս է ճառագում, գոնե ինձ համար, ու այն հյուսված է պարզությունից, բարությունից ու ինքն իր վրա ծիծաղել կարողանալու անհավատալի, զռռալու աստիճան հոգեպարար թեթևությունից: 

Կարդում եմ «GOD BLESS YOU, MR. ROSEWATER,or Pearls Before Swine» վիպակը.

... "And what methods did Caesar Augustus use to put this disorderly house in order? He did what we are so often told we must never, ever do, what we are told will never, ever work: he wrote morals into law, and he enforced those unenforceable laws with a police force that was cruel and unsmiling. He made it illegal for a Roman to behave like a pig. Do you hear me? It became illegal! And Romans caught acting like pigs were strung up by their thumbs, thrown down wells, fed to lions, and given other experiences that might impress them with the desirability of being more decent and reliable than they were. Did it work? You bet your boots it did! Pigs miraculously disappeared! And what do we call the period that followed this now-unthinkable oppression? Nothing more nor less, friends and neighbors, than "The Golden Age of Rome."

Ինչո՞ւ է մեզ բարոյականությունն այդքան դժվար տրվում, ինչո՞ւ Համմերի համար պատրաստ ենք ամեն ինչի, իսկ տիեզերք թռչելու համար ճկույթներս էլ չենք շարժի: Ո՞ր պահից մենք, սովորական, բնության մասնիկ մարդիկս սկսեցինք նյութը, ու հատկապես մարդակերտ նյութն, աստվածացնել: Ախր սովի հարցը չի, Համմերն ի՞նչ կապ ունի կուշտ փորի հետ: Բայց նույնիսկ եթե էսօր ինչ-որ մեկին հաջողվի Օգոստիանոսի նման օրենքներ պարտադրել, վաղն ինքը կերպարանափոխվելու է օրուելյան Նապոլեոնի: 

Friday, May 4, 2012

Ընտրել, բայց ի՞նչ

Հայաստանում ժողովրդավարությունը գրեթե ոչնչով չի տարբերվում ցեղավարությունից: Չէ, առայժմ ոչ մի գնահատական չեմ տալիս; Ինչպես միշտ նկարագրում եմ. 

Ցեղն ի՞նչ ա: Ինչքանով տեսել եմ՝ ամուր ընտանիքներ, փոխկապակցված արյունակցական կամ թշնամական հարաբերություններով, հոգևոր առաջնորդ ու իմաստուն նահապետ, որին մի մասը սատարում է, որովհետև արյունակցական կապ կա, մի մասն էլ փորձում է գահից գցել, որովհետև ինչ-ինչ պատճառներով թշնամացել են:

Wednesday, April 18, 2012

ICPD Beyond 2014

Տեսնես ինչո՞ւ են էսքան փող ծախսում նման միջոցառումներ կազմակերպելու համար: Դե չէ, պարզ ա ինչու, ու մի օր չեն ծախսի, բայց դե, հարց ա, տալիս եմ էլի:-) Ինչպես իրենք չեն կարողանում իրենց «վատ» սովորույթը փոխել, էնպես էլ ես :-) Ինտերնետի անհավանական հնարավորությունների զարգացման հետ միասին, նման միջոցառումներն ավելի ու ավելի անիմաստ են դառնում: Բայց մարդիկ, նույնիսկ «էքսպերտները» սիրում են ճանապարհորդել, սիրում են պարծենալ թե՛ իրենց իմացածով, թե՛ տպավորել իրենց չիմացածի ինքնավստահ մատուցմամբ:-) 
Երեկ հինգաստղանի հյուրանոցում կուշտ ու մաքուր նստած նայում էինք ռումինական գետտոյի մասին մի տեսանյութ: Եթե յուրաքանչյուրիս վրա ծախսված գումարը հավաքվեր մի տեղ, այդ երեխաներից գոնե երկուսին կկարողանային հանել էդ գետտոյից: Իրենք երբեք դուրս չեն գա: Իրենց պիտի ստիպել դուրս գալ՝ կոպիտ, առանց կամք հարցնելու: Պիտի ուղարկել անգամ նոր երկիր, որովհետև էն ինչ տեսանք քավարանի վերջին պարույրն էր, որտեղից դժոխք մեկ-երկու օրվա ճանապարհ է, իսկ հետո՝ դրախտ, այսինքն մահ: 
Դա մի օրինակ էր: Մի քիչ ծայրահեղ ու էդ իսկ պատճառով ոչ մի դոնորի ուշադրությունը չգրավող: Էդտեղ շատ փող ա պետք, շատ ժամանակ, իսկ քանակ չկա, որակ չգիտես կապահովվի, թե ոչ: Ո՞ւմ է պետք ներդնել էդտեղ: Իսկ բարոյականության մասին մենք վաղուց շատ առաձգական պատկերացումներ ենք ստեղծել, որոնք միանգամայն արդարացնում են մեր վարքը: Դժվար է, գրեթե անհնար, այսպես ապրել. http://www.pulitzer.org/works/2012-Feature-Photography#

Thursday, April 12, 2012

Regression to a mean

Վիճակագիրներին կթողնեմ էս հասկացության հստակ սահմանումն, իսկ ես կասեմ էնպես, ինչպես հասկացել եմ. ամեն ինչ էս աշխարհում ձգտում ա միջինության, լավ, միջակության:-) Ծայրերին ապրելը՝ ծայրահեղ լավ ու վատ, չի կարող երկար տևել, որովհետև դա բախտի բան ա: Իսկ երբևէ մտածե՞լ եք, բախտն ինչ ա: Ըստ էության, էն ամենը, ինչի մասին դու ոչ մի տեղեկություն չունես ու չես կարող կառավարել, անգամ, եթե ունես: Հիմա, դրանք որ հավաքվում են մի տեղ, իսկ դրանք հաստատ հավաքվում են մի տեղ, որովհետև աշխարհս փոխկապակցված ա, դրանք դառնում են «բախտ»: Ինչ-որ բան հաճախ անելուց, նման գործոնների թիվը, որոնց հավաքական անունն է «բախտ», նվազում է, ու կամաց-կամաց ինքդ էլ չիմանալով թե «ինչու ու ինչպես», սկսում ես կառավարել դրանց որոշակի քանակ ու... վերևից իջնում ես դեպի միջին, ներքևից բարձրանում... դեպի  միջին:-) 

Ամուսնությունը սիրո միջին վիճակագրականն ա:-) Մահը՝ կյանքի :-) 

Կահնեմանն ասում էր ժամանակին Միհլի գիրքն «իր տունը քանդեց», հիմա էլ ինքն ա իմը տեղահան անում:-) :-) :-) :-) 


Thursday, March 29, 2012

Հացուկարագ

Մեր հանգստյան օրերն սկսվում էին տաաաաք լոգանքից, որի ընթացքում մաման մեզ էնպես էր լողացնում, որ նույնիսկ ես, որ սովորաբար գունատ էի, չնայած թխությանս, շառագունում էի վարդագույնի ամենավառ երանգներով:-) Հետո գունավոր թաշկինակներով կապում էր գլուխներս, որ չմրսեինք, ու մա՛րշ, անկողին: Չէ, չկարծեք, թե շատ դեմ էի: Չէ՞ որ  պիտի սկսվեր իմ սիրելի «АБВГДе́йка»-ն: Ու բացի դա, կար մեր ամենա-ամենա-ամենասիրելի նախաճաշը. պապան փոքրիկ ափսեում իրար էր խառնում կաթնաշոռ, թթվասեր, մածուն, ավելացնում շաքար, բրդում չոր հացի կտորներ ու միանում մեր ու ծաղրածուների խրախճանքին:-) 

Thursday, March 22, 2012

Խառը

Ես սիրում են ներդաշնակությունը, ատում՝ միանմանությունը: Դժբախտ եմ զգում, երբ ինձ զրկում են մտածելու հնարավորությունից և իմ փոխարեն որոշումներ կայացնում: 

Ե՞րբ եմ լիակատար երջանիկ. գրքի դիմաց կամ գիրքն իմ դիմաց:-) Մնացած դեպքերում՝ ծիծաղելի է, հաճելի է, հուզիչ է, ուրախ է: Երջանիկ եմ ազատության աներևակայելի առատությունից, որն ինձ պարգևում է գիրքը: Երջանիկ եմ շարժման մեջ՝ լողալիս, վազելիս: Երջանիկ եմ, երբ ուժեղ մարդը կարողանում է բարեգութ լինել: Ու դա անում է գիտակցաբար, իր ընտրությամբ: 

Մի քանի օր առաջ վերհիշեցի Կիլիկիա.քոմը: Մեծ-մեծ բաների մասին էի գրում, էս կամ էն երևույթի մասին:-) Հիմա հայացքս բառացիորեն սևեռվել ա ներս ու չի շեղվում: Հիմա ինձ հուզում ու հետաքրքրում է մանրամասը, մեծ կտավներից խուսափում եմ: Դրանք ինձ հասու չեն, որովհետև ես փորձում եմ հասկանալ ներկերի համադրության տրամաբանությունն ու կատարման արհեստը, իսկ իմ մտավոր ու հուզական կարողությունները նման առաջադրանքի համար անբավարար են: Ես ապրում եմ մշտական կասկածի մեջ: Սակայն  չեմ էլ ձգտում համոզվածության, որովհետև այն արագ վեր է ածվում դոգմայի, որի ծանրությունից շնչահեղձ եմ լինում:  Կասկածն ինձ ստիպում է մտածել: Ես լավ չեմ հիշում, թե Քամյուն ինչպես էր սահմանում ընդվզումը, բայց իմ ընդվզումն այդ կասկածի դեմ պայքարն է, իմ իրարամերժ մտքերի հոսքն է, որոնք երբեմն հաջողությամբ թոթափում եմ, երբեմն՝ ոչ, ու արդյունքում մռթնած քայլում փողոցում:-)


Tuesday, March 13, 2012

Հենց էնպես

Միլիոն տարի: Այ էդքան չեմ գրել: Ու որ ասեմ լիքը հետաքրքիր բան ա պատահել էս ընթացքում, չէ: Փորձեմ միլիոն տարին ամփոփել հենց առաջին միտս եկածով.
- Նարինե Գրիգորյան. հրաշալի դերասանուհի ա... ընդհանրապես հրաշք ա, երբ մարդու մեջ էդքան սեր կա: Այսինքն ես չգիտեմ ինչքան սեր կա Նարինեի մեջ, բայց գիտեմ, որ ինքն իր արվեստի մեջ սեր ա, կատարյալ ա: Բայց էնպես մանկական պարզությամբ չէ. էդ սիրո մեջ բոլոր երանգները գոյություն ունեն, ատելախառն, դառնադարչնագույն ու ծիածանագույն: Թու, ինչ փնթոշ ա ստացվում: Դրա համար էլ չեմ գրում, էլի:

Friday, February 24, 2012

Մաշտոցի պուրակ

Էսօր գարուն ա՝ ճնճղուկների խելառ ծլվլոցով, արևով, քաղաքի շնչառությամբ ու իմ մարմնի կոտրտվելու ցանկությամբ:-)
Էսօր մարդիկ դեռ շարունակում եմ պայքարել էդ փոքրիկ պուրակի համար ու...

Saturday, February 11, 2012

Մժեղի չափ...

Пикник на обочине... հանճարեղ փոխաբերություն ա: Ես էլ հա մտածում էի, բայց լավ, ի՞նչն ա էս գրքի մեխը, ինչո՞ւ են իմ «վստահելի աղբյուրները» պնդում, թե լավ գիրք ա: Այո, մենք տիեզերքում ճամփեզրն ենք, որտեղ կարելի է մի պահ կանգ առնել, հաց ուտել, հանգստանալ, ու շարժվել առաջ: 

Նունանի ու Վալենտինի երկխոսությունը պիտի դառնա մարդու ուսումնասիրության կարևորագույն աղբյուրներից մեկը: Բոլոր համալսարաններում պիտի դա ուսանել՝ հանգամանորեն, երկար, ուշադիր: Որ հասկանանք, թե մենք ինչքան պուճուր ենք, ու ոնց ենք կարողանում էդ պուճուրությամբ գիտությունը, (չէ, դուք մի հատ պատկերացրեք), ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ֆռռացնել մեր շուրջ: Տաղանդ ա պետք: Մեզ նշանակալիություն ա պետք, ու  էդ իսկ պատճառով մենք ընտրում ենք խոսել տիեզերական առաքելության մասին, կյանքի վեհ իմաստի մասին և այլն: Մեզ ապրելու համար իմաստ ա պետք, ու անիմաստությունը կամ «փոքրիմաստությունը» դուր չի գալիս: Հետաքրքիր ա, որ անիմաստության հետ մենք համակերպվելու սքանչելի փորձեր ենք արել, օրինակ՝ Քամյուն: Բայց փոքրիմաստության հետ ոչ մի կերպ չենք հարմարվում: էն էլ մենք, մարդիկս, ում համար դրախտը «ոսկե միջինն ա»:-)