Tuesday, June 21, 2016

Կնոջ ազատության ամենամեծ թշնամին:-)

Կես ժամից քառասուն րոպե: Ամեն օրվա իմ առավոտյան ժամանակից էսքանն անցնում ա դեղին մարշրուտկայում: Երբեմն, երբ չեմ կարդում, երաժշտություն չեմ լսում, շուրջս եմ նայում: Ու տեսնում եմ կանանց՝ ինքնագոհ, ավելի հաճախ դժգոհ, շատ ավելի հաճախ տխուր, ճնշված: Ու մի էնպիսի հայացքով զրահապատված, որը դրսին ասելիք չունի, որովհետև էնքան ինքնամփոփ ա, որ դրսին ներս թողնելու համար պետք ա ուժեղ թափ տաս, բայց թափ էլ տաս, կարող ա մոռանա, թե ինքն ով ա... Սովորաբար բարձրակրունկ կոշիկներով ու մոդայիկ համարվող հագուստով: Ու երբեմն հստակ երևում ա, որ եթե իրենք էդ հանդերձից ազատվեին, ապա իսկապես կկարողանային հաճույք ստանալ իրենք իրենցից, կյանքից, լինելուց...

Հազվադեպ, իսկապես հազվադեպ, էնքան հազվադեպ, որ հիմա անգամ չեմ հիշում դա վերջին անգամ երբ ա եղել, հայտնվում են ազատ, ինքնավստահ, բայց ոչ ինքնագոհ, ժպտադեմ կանայք: Ու իրենք գեղեցիկ են: Իրենցից մի տեսակ ուժեղ կանացիության հոտ ա գալիս: Անկախ նրանից, սև են, թե սպիտակ, ուղիղ, թե գանգուր մազերով, նիհար, թե գեր, կարճ, թե բարձրահասակ: Անգամ մոռանում ես, թե ինչ կա հագներին... Իսկ եթե կինը չի նկատում, թե մյուս կինն ինչ ա հագել, դա վերջն ա։-))))

Friday, June 17, 2016

Պրոֆեսիոնալիզմ

Լողի մասին հաճախ եմ գրեմ: Եթե գրում եմ:-) 

- Ի՜նչ լավ եք լողում: 
- Չէ, լիքը սխալ եմ անում: Ուղղակի սիրում եմ լողալ: Ջուրն եմ սիրում: 
- Բայց չէ՜, պրոֆեսիոնալի նման լողում եք: 

Վերջին երկու տարվա ընթացքում սա դասական երկխոսություն ա լողավազանում, եթե հաջողացնում են ինձ կանգնած բռնացնել ու խոսելու հավես ունեն: 

Բայց միայն երեկ առաջին անգամ ուշադրություն դարձրեցի էս երկխոսությանը: Պրոֆեսիոնա՞լ: Ձե՞ռ եք առնում... Ու հանկարծ ծակեց. հենց էդ ա.... մեր բացարձակ անհարգանքը պրոֆեսիոնալիզմի հանդեպ... Ու նաև չգիտակցված տգիտությունը մեր իսկ անհարգալիցության մասին: Փաստորեն, եթե ինչ-որ մեկն ինչ-որ բան ավելի լավ ա անում, քան դու, ուրեմն նա պրոֆեսիոնալ ա... Ու էս փնթիությունը, էս անհարգանքն աշխատանքի հանդեպ ամեն տեղ ա... 

Հարցն անգամ պրոֆեսիոնալիզմը չի, այլ շտապողականությունն ամեն «ավելի լավը» համարել վերջնագիծ: Որովհետև «պրոֆեսիոնալ» իմ սահմանմամբ նշանակում ա վերջնագիծ, նշանակում ա հնարավորի սահմանին հասնել: Ու մարդիկ տարիներ, հույզեր, մտքեր, ԱՇԽԱՏԱՆՔ են ներդնում մինչև կա՛մ կհասնեն էդ եզրին կա՛մ՝ ոչ: Եզակիներն են հասնում: Էդքան հե՞շտ ա եզակիի հանդիպել։-) Բայց հեշտության պատրանքը ստիպում ա մի քիչ «ավելի լավը» համար պրոֆեսիոնալ: Չնկատել թերությունները, գոհանալ թերի, բայց եթե ինքդ չես կարողանում անել, ուրեմն, հիմնականում միայն էդ պատճառով լավ արդյունքով...