Thursday, June 27, 2013

10. Ուրիշի պատմած պատմություն, որն ուժեղ տպավորվել է

Ամեն հետսովետական հայկական ընտանիք բացի մի հին, խունացած, սևուսպիտակ ընտանեկան ալբոմն ունի իր պատմությունների ալբոմը, որ ամեն ցեղական հավաքին մեջտեղ ա բերվում ու ի տարբերություն խունացած լուսանկարների՝ սրանց մանրամասներն ամեն տարի ավելի ու ավելի գունագեղ են դառնում: 

Monday, June 17, 2013

12. Պատմություն ձեր սիրելի վայրի մասին

Ձեզ էս անգամ կպատմեմ մի էնպիսի վայրի մասին, որտեղ Հյուսիսային բևեռի սառույցն ու անդերկրյա մագման, պրերիայի կանաչն ու անապատի ոսկին, աղքատի թշվառությունն ու  հարուստի անտակ ագահությունը, ասպետի սուրն ու դավաճանի լեզուն հաջորդում են միամյանց րոպեների ընթացքում: Էստեղ դու ապրում ես մարդկության վերածնունդն ու աշխարհի վերջը, սիրո ծաղկունքն ու ատելության մտրակի հարվածները: Էստեղ դու դու ես ու քեզանից առաջ ու հետո ապրած ու ապրելիք մարդիկ: 

Friday, June 14, 2013

26. Պատմություն ձեր ունեցած ամենազարմանալի զգացողության մասին

Քայլում ենք... անցնում ենք կամուրջը... ես զգում եմ, որ մարմինս մի տեսակ ուրիշ ա՝ փափուկ, գալարվող, ինձանից դուրս, անկառավարելի, ինչպես ներքևում ինքնաբավ հոսող գետը: Կնոջ մարմին ա, ինձ՝ անծանոթ: Ես ես եմ, ու ես չեմ... Ես հյուսված եմ ցավից, զարմանքից, հաճույքից ու նորից: 

Ես ցավում եմ, որովհետև ոչ մի նոր անցավ չի ծնվում:

Ես զարմանում եմ, որովհետև երբեք ոչինչ այդքան օտար չեմ սիրել: 
Ես զարմանում եմ, որովհետև երբեք ոչինչ այդքան օտար ինձ չի մոտեցել: 
Ես զարմանում եմ, որովհետև երբեք ոչինչ այդքան օտար իմ գեղեցկության արտացոլումը չի եղել: 

Ես հաճույքից փափկել եմ, որովհետև ես միշտ մարմնովս կոշտ դիմադրել եմ աշխարհին: Իսկ հիմա բացվել եմ, տրվել եմ էդ նույն աշխարհին ու պարզել եմ, որ աշխարհը սիրուն ա, որ աշխարհը նույնքան փափուկ ա, որքան կոշտ: 


Thursday, June 13, 2013

5. Պատմություն ձեր ամենամեծ նվաճման մասին

Carpe diem: Սա իմ ամենամեծ նվաճումն ա երբևէ: Ավելին ես երբեք ի վիճակի չեմ լինի անելու: Ապրելու պահը շատ դժվար ա: Ականները ճանապարհին շատ են՝ քեզ իր հետ անդունդ տանող հոռետեսությունից մինչև անպատկառ ցինիզմ, ծիածանագույն սենտիմենտալությունից մինչև սերիալային, չարչիական տառապանք... Դու ցատկում ես մեկից մյուսը, երբեմն՝ վնասվում: Ինձ հաջողվել է առայժմ չպայթել դրանցից որևէ մեկի վրա:  Երբեմն գայթակղությունը շատ մեծ է, հատկապես երբ իմ շուրջը մեծամասամբ մարդիկ գնահատում են կյանքը հատվածներով, իսկ որոշ էական հատվածներում ես տապալվել եմ: Բայց ես դեռ նավարկում եմ:-)


Tuesday, June 11, 2013

Ժողով-մողով

Անցյալ շաբաթ մասնակցում էի գիտաժողովի: Թեման՝ սոցիալական կապիտալը: Թեմայի մասին բան չեմ ասի, բայց ընդհանուր ակադեմիական մշակույթի մասին կասեմ: Կազմակերպիչը ՀԿ էր, ու որ ճիշտն ասեմ, չգիտեմ համալսարանական գիտաժողովներն ինչպիսին են: Շատ կուզենայի իմանալ ու հուսալ, որ տարբեր են: 

Monday, June 10, 2013

14. Մի երգի պատմություն

Սրանք պատմություններ են իմ մասին: Ու սա էլ ա պատմություն իմ մասին՝ մի երգով;-) 

Երևի 20 էի:

9. Պատմություն մի կարևոր բան սովորելու մասին, որի համար չեք փոշմանում

Որ պահին փակեցիր կափարիչդ, որովհետև մտածեցիր, որ էն ինչ ունես, քեզ հերիք ա, ուրեմն դու սկսում ես մեռնել, չէ ավելի վատ, քայքայվել: Սովորելն ութերորդ հրաշալիքն ա, որ մարդն ստեղծել ա, բայց ինքը դեռ էնքան էլ գլխի չի, թե դա ինչ հրաշք ա: Ու երևի թե լավ ա, որովհետև ինչպես մնացած յոթը կա՛մ կոչնչացնի, կա՛մ կլքի, կա՛մ էլ տնտեսական ապրանք կսարքի, որն արդեն ոնց որ թե սկսել ա թափով անել: 

Չեմ փոշմանե՞լ: Էն էլ ոնց եմ փոշմանել: Մի տաս տարի անընդմեջ: Շատ էի փոշմանում, անտանելի: Մանավանդ, որ դա իմ վրա նստեց ոչ ավել, ոչ պակաս, քան թեթև ատլետիկայից հրաժարվելը:-)


Tuesday, June 4, 2013

4. Պատմություն ձեր արձակուրդից կամ Three Women on a train

in loving memory of our Scottish times:-)))))))))))))))))))))))))))))

- Բա հիմա ի՞նչ ենք անելու, - շվարած, հարցական աչքերով կանգնել ենք կառամատույցին:

Մեզ հրում են աջից ու ձախից, ձախից ու աջից (էնքան շատ մարդ կա, որ համարյա վերևից ու ներքևից էլ, ոնց որ անձրևը՝ քամու ժամանակ): 

Մերին արագ կողմնորոշվեց. 

- Վազեցինք ընկերության գրասենյակ: