Friday, April 25, 2014

16. Պատմություն չհասկանալու կամ սխալ հասկանալու մասին

Տուն եմ գնում դասից: Հավես, ցրտոտ երեկո ա: Որոշում եմ թափառել, նոր գնալ տուն: Թոթենհեմ քորթ ռոդի գժանոցից գլուխս պտտվում ա, բայց հավես ա: Խառըխշտիլք փողոցը կամաց-կամաց գալարվում, փարվում ա մարմնիդ, ու դու չկաս, դու դառնում ես փողոցի մի մաս: Էդ փողոցային վիճակից սթափեցնում ա հեռախոսազանգը: «Հա, Մերի ջան, էս ա գալիս եմ», - ուզում եմ վրա բերել արագ-արագ, նորից փողոցին տրվելու թմրամոլային ցանկությունս հազիվ զսպելով, բայց լսում եմ անծանոթ մի ձայն.

Hi, Christina
Hi???
This is Amin.
Oh, hi there! How ARE you?

Wednesday, April 9, 2014

1 վատ բան վերջին տրենդի մասին

Մենակ ե՞ս եմ սենց ներվայնանում, թե՞ էլի իմ նմանները կան: Էս դեպքում մի տեսակ ուզում եմ, որ լինեն:-) 

Գրեթե երկու ամիս ա, ՖԲ-ում հայտնվել են հոդվածներ, որոնք «թվայնացնում», սեղմագրում են սոցիալական, հոգեբանական ու հասարարակական երևույթները: Օրինակ՝ վերջին թարմ նյութը՝ 7 Habits of Highly Emotionally Intelligent People: 

Էսօր պեղում եմ, որ հասկանամ ինչն ինչոց ա ու հասնում եմ Fast Company-ին (դե հայերի մատը որ խառն ա լինում, չես հասկանում, ինչ ա ստացվում:-)))))): Ոնց որ թե շատ էլ լավ բան ա: Լրիվ ապագայամետ: Հլա մի հատ նայեք՝ 
The site features professionals who answer business and leadership questions in 30 seconds.

Ես չեմ դիմանում էս արագությանը:-( Ինքնուրույն որոշումներ կայացնելու փնտրտուքների բացակայությանը:-( Սեղմելուց իմ օդը չի հերքում, դրա համար էլ ես ապագայի մարդ չեմ: Է հա, ինչ անենք: Կարևորը մեծամասնությունն ա: 

Friday, April 4, 2014

Շարադրություն գարնան մասին

Մի օր պետք ա, չէ՞, չհիասթափեցնել շարադություն փնտրող երիտասարդներին:-)  Այ, որ էսպես գրեն garnan masin sharadrutyun, գուգլն իրենց փոխարեն հայրենասիրություն անի ու հայատառ շարադրություններ բերի: 

Գարնան մասին շարադրությունը, ժողովուրդ ջան, աղբ ա, ինչպես կասեր Յոսարյանը: Որովհետև ոգի չունի: Սրա մասին հետո կգրեմ, հիմա ուղղակի էսպես հիշեք:

Ժողովուրդ ջան, որ սա գտնեք, ուրախանաք, կարդաք ու տխրեք, որ արտագրելու բան չգտաք, դպրոց գնալու ճանապարհին մի հատ լսեք, թե գյուղը կամ քաղաքը ձեզ ինչ են ասում: Ի՞նչ գույներով ու բուրմունքով են խոսում ձեզ հետ: Ինչ նոտայով են փսփսում կամ գոռգոռում: Ի՞նչ են պատմում: Քանի՞ չլսված պատմություն են սվսվացնում քամին, վազանցող մեքենան, մուրացիկ տատն ու բողբոջած ծառը: 

Քանի՞ չպատմված պատմություն կա գարնանային օդում: Ձեր մոր մասին: Ձեր հոր, տատի ու պապի մասին: Անկապ ու կապված հարևանների ու դասարանցիների մասին: Երբևէ հարցրե՞լ եք ձեր մորը, թե տասներկու տարեկանում իր գարունն ինչպիսին էր: Իսկ տասնվեցո՞ւմ: Մի օր էլ որ դասից տուն գաք ու մամայի սարքած համով ճաշն ուտեք, հիշեք, հարցրեք: Ու իր պատմությունից կառնեք գարնանային արևի դողդողացող, անհամարձակ ջերմությունն ու վայրի անձրևի սթափեցնող թարմությունը, գարունօրվա գժությունն ու նորի՝ հանգիստ չտվող մարմանջը: Դասից տուն ճամփին կանգնեք ու նայեք ծառին, կանաչ խոտի վախվորած գլխիկին, անհամեստ ճնճղուկներին ու անհագուրդ հողին:

Ու էլ գուգլ չեք անի՝ «գարնան մասին շարադրություն»: Կնստեք, գրիչը սիրուն ձեռներդ կառնեք ու կգրեք ձեր շարադրությունը ձեր գարնան մասին, որ տասնյակ, հազարավոր գարունների համուհոտն ունի: Ու ձեր շարադրությունն արդեն աղբ չի լինի, քանի որ փոխ կառնի ձեր ոգին: Լավ, մի մասը:-)