Wednesday, September 3, 2014

Շատ շաշ-մաշ ու ջղային

Ես հասկանում եմ, որ «ինչ անել»  հարցը հավերժական հարց ա: Էդ շարքից ա: Ու մենք մտել ենք էդ մի արկղը, թեկուզ և մեծ, ու դուրս չենք գալիս՝ ինչ անենք, հա ինչ անենք: Իսկ եթե մի պահ հանգիստ նստենք էդ արկղի մեջ, մկան նման կատաղած էս կողմ-էն կողմ չընկենք ու մտածենք, ի՞նչ կլինի որ: Մտածենք, թե ինչու ենք ուզում ինչ-որ բան անել... Որովհետև ինչերն ըստ էության կծնվեն էդ ինչուից:

Tuesday, August 26, 2014

Վանաձորյան ուրվականներ

Ուրեմն, հին Կիրովականի, նոր Վանաձորի, բայց շատ հնոտ ու հավես ԿիրովականաՎանաձորյան 90-ականներին կառուցված հերթական մի անկապ բարձրահարկի ութերորդ հարկի չորս բնակարաններից մեկում ապրում ա մի ուրվական: Դամավոյ: Հանգիստ կարելի ա օտարամոլ բառ օգտագործել, քանզի-վասնզի պատմությունն այս սկսվում ա օտարամոլության տիրապետության ծաղկուն Ոսկեդարում՝ զարմանալի 80-ականների սկզբին, երբ սովետական խրոխտ գաստրոնոմա-հանդերձանքային ստվերն աճում էր իրական շուկան մի քանի անգամ գերազանցող տեմպերով:


Monday, August 11, 2014

Thursday, July 3, 2014

Արև ու Ամոջ

Տաք կեսօր ա: Քայլում եմ Աբովյանով: Դեպի հրապարակ: Կեսօրին երեխեքը շատ են: Կինո Մոսկվայի շախմատի քարերին չորս-հինգ տարեկան պուճուրներ են փաթաթվել: Ուրախ ա: Լավ ա: Տաք ա: Ներքևից դանդաաաաաղ, հանգստանալով, թև-թևի տատիկ ու պապիկ են բարձրանում:

Կոկորդս բռնում ա...

- Ռիմա մոքո՞ր: Բարլուս:
- Հա ջան: Անժո՞...
- Հա, Ռիմա մոքոր, Քիսոն ա:
- Հա, ազիզ ջան: Ես լա՞վ եմ:
- Հա, հա, Ռիմա մոքոր, լավ եմ: Հիմա էլ դուրս եմ եկել քայլելու, լավ եղանակ ա: Բա դուք ո՞նց եք, գրիպդ անցա՞վ:
- Ջանդամը: Լավ եմ, լավ եմ... դուք լավ ըլնեք, ազիզ ջան:
- Գագո պապի՞կը ոնց ա, Ռիմա մոքոր: Բախչեքո՞ւմ:
- Հա, էն ա... բան... էն ա.... վերև...էէէէ, չեմ կարում ասեմ.... էն ա... լավ, հաջող, լավ ըլնեք, ազիզ ջան:

Ռիմա մոքորիս պապիցս ժառանգած աչքերը դեռ ժպտում են: Դեռ մորաքույրս ծիծաղում ա մանկական քրքջոցով՝ երկար լսելով իր շատախոս ցեղին ու մի բառ անգամ չասելով էդ անվերջ վերհիշող կանանց ու տղամարդկանց: Դեռ ամաչկոտ ու արագ փորձում ա թաքցնել քրքիջը, ասես ինչ-որ մեկն իրեն կյանքում արգելել ա ուրախանալ:

Բայց դժվարանում ա խոսել, հինգ տարի առաջ արյան՝ չափից դուրս շատ ու հանկարծակի գլխուղեղը գրավելու հետևանքով...

Ռիմա մոքորս մանկությանս արևներից ա: Հիմա «արևամուտ» ա՝ սիրուն, տաք: Վաղը նորից ծագելու ա արևը, բայց ամեն նոր օրվա արևը հա՛մ շատ հին ա, հա՛մ շատ նոր, ոնց որ նորածինը... Լավ ա, բայց հնի ջերմության կարոտը մեկ-մեկ բռնում ա կոկորդս...

Wednesday, July 2, 2014

Անփոխանցելիություն, Մարս ու Վեներա

Անգլիաներում սովորելու ժամանակ հետաքրքիր հասկացություններից մեկն էսպես կոչված tacit knowledge-ն էր, որ սկզբում էնքան էլ գլխի չէի ընկնում, թե որն ա, իսկ հետո, երկար, խուճուճ-մուճուճ հոդվածներից մի կերպ պեղեցի շատ հեշտ մի սահմանում. էն ինչ սովորում ես ինքնուրույն, բոլոր հստակ ձևակերպված կանոնները մի հատ միջովդ լաաավ անցկացնելով ու քոնը դարձնելով, սխալվելով ու որոշակի ժամանակահատվածում էդ սխալների վրա սովորելով ուրույն ճշմարտություններ ու հմտություններ: Ու ամենակարևորը՝ քոնը դարձնելուց հետո հենց փորձեցիր հետ տալ, այսինքն նորից հանրամատչելի դարձնել էդ գիտելիքը, չի ստացվի:-) 

Բայց մեր ժամանակներում էս «թաքուն գիտելիք» կոչվածը հանրամատչելի դարձնելու փորձերն ուղղակի մարդուն հունից կարող են հանել: Նորմալ մարդուն:-) Էս ամբողջ Mars-Venus, ինչպես ճիշտ որոշում կայացնել տասը քայլով, ինչպես, ինչպես ու ինչպես գրքերը էդպիսի անհաջող փորձ են՝ հանրայնացնելու հանրայնացման չենթակա գիտելիք ու հմտություն: Սկզբից չէի հասկանում, հիմա՝ գիտեմ:-) Երբ կիսագրագետ, անգամ գրագետ մարդը, փորձում է իր մի վայրկյանի փայլատակումը՝ նշանակալից կամ ոչ, մի քանի ժամանոց, երկարաժամկետ, անգամ անժամկետ գիտելիքի ու հմտության վերածել, ծիծաղելի ու փուչ  բան ա ստացվում, որովհետև դա ձեռք ա բերվում յուրովի, դրա ձեռք բերման ճանապարհները հաճախ անիմանալի են, ժամանակահատվածն էլ անորոշ. մի հինգ տարի կարող ա տառապես մի պուճուր բանի վրա, բայց հինգ վայրկյանում դա ստացվի... ու վերջ: Միստիկ բաներ չեմ ասում, միստիկա չկա, ուղղակի էնքան ինտուիտիվ ա, էնքան գործոնները շատ են էդ ուրույն ճանապարհին, որ հենց դրանք փորձում ես սահմանել, ամենաէականը, «թաքունը» փախչում-թաքնվում ա ու մակերեսին մնում ա ծանծաղ, ոչինչ չասող բլա-բլա: Չէ, որ նույն գետը մտնելն անհնարին ա:-)

Լավագույն դեպքում, կարելի է փորձել մի կամ երկու «աշկերտ» պահել, ավելին՝ պետք չի, էլի:-( 

Թաքունության հիմնարար սկզբունքը՝ մարմնի ու մտքի ներքին, զուտ անհատական համահնչունությունն ա, ու էդ իսկ պատճառով դա ուրիշին խոսքով փոխանցելու ջանքերը զուր են: 

Saturday, May 31, 2014

21. Պատմություն որևէ իրի մասին

Ես նկարել չգիտեմ։ Նկարելու իմ վարպետության բարձրունքը գունազարդման գրքերում նկարված պատկերները ներկելն ա, էնպես, որ գծերից չանցնեմ:-))))))

Ուսանողական տարիների իմ սերը Մորիսոնն էր: Ջիմ Մորիսոնը: Ու  հաստատ չեմ հիշում, (բայց ենթադրում եմ, գրեթե հաստատ) թե ով, ինձ էդ տարիներին մի օրացույց նվիրեց՝ Մորիսոնի իմ ամենասիրած դիմանկարներից մեկով. 

Jim-Morrison1.jpg

Մոտավորապես էսպես:

Ու էդ փոքրիկ օրացույցը մշտական տեղ գտավ իմ հաջորդ տարիների բոլոր օրագրերում, որոնք էն ժամանակ գրվում էին գրեթե ամեն օր: Մինչև 2000 թվականի օգոստոս, Հայաստան վերադառնալուն նախորդող գիշերը:

Օգոստոս էր: Հեղձուցիչ: Խոնավ: Բալթիմորում օվկիանոսը մտնում էր ամեն մի ծակուռ: Ուշ էր: Կեսգիշերն անց, երբ վերադարձանք Վաշինգտոնից: Էս մի քանի օրը Վարդգես Պետրոսյանի մի հոդվածն էի կարդում «Մենք սիրելիից բաժանվելիս լաց չենք լինում», մոտավորապես էսպիսի վերնագրով: Իբր էդպես քուլ ա, ժամանակակից: 60-ականներին: Դե, ես միշտ էլ լաց եմ լինում. հո հիմար չեմ, կամ էլ սուպեր իմաստուն, որ լաց չլինեմ:-) Ու էդպես լացելով բարձրացա սենյակ: Քունս, պարզ ա, չի տանում: 25-ում ո՞ւմ քունն ա տանում որ:-) Բացեցի օրագիրս, իբր, էս ա, աշխարհի ամենահանճարեղ մտքերը պետք ա տեղավորում էդ կապույտ տետրում, բայց աչքս ընկավ Մորիսոնի նկարին ու... սկսեցի նկարել: Գրիչով: Ոչ մի միտք չկար գլխումս: Ոչ մի զգացում՝ ներսում: Ձեռքս մի տեսակ ինքն իրեն շարժվում էր թերթի վրա: 

Ես նկարել չգիտեմ: Արտատպել գիտեմ, բայց նկարում էի, ոչ թե արտատպում: Մի շնչով, բայց երևի մի կամ երկու ժամում: 

Մինչև հիմա էն, ինչ ստացվեց էդ գիշեր, նման ա օրացույցի Մորիսոնին:-) 

Իսկ առավոտյան թռանք Հայաստան: Ես երբեք էլ ոչ մի բան չնկարեցի:-) Օրացույցն ավելի ու ավելի հազվադեպ էի բացում: 

Մինչև հիմա կա: Բայց արդեն մի քանի տարի ա չեմ տեսել:-)


Tuesday, May 20, 2014

Մենակի ու կիսելու մասին

Երեկվանից լրիվ սրա մեջ եմ: Ամեն մի բջիջով զգում եմ, վայելում եմ էս ամեն ինչը: Ու ձեռքերս քոր են գալիս. հա ուզում եմ մի քանի, չէ, մի քանի չէ, լիքը մարդկանց ուղարկել լինքը: Ինձ հազիվ եմ զսպում, որ ՖԲ-ում չդնեմ, որտեղ մի երեք հարյուր մարդ գոնե կարող ա լսի: Ու որպեսզի չդնեմ, էստեղ գրում եմ:-) Ու մտածում եմ, ինչու եմ ուզում էդքան էական, անհատական, միանգամայն իմական բան աշխարհին ի ցույց դնել: Մանավանդ, որ շատ լավ գիտակցում եմ ռիսկը... Հետո հիշեցի առաջին պահերից մեկը. Ուոթերսը գրկում ա Վեդերին, Վեդերն սկսում ա երգել, հետևում կանգնած կիթառիստը ժպտում ա.... Այ երևի ես էլ եմ դրա համար ուզում կիսել: Էդ մենակ, անծանոթ մարդկանց միջով անցնող էլեկտրականությունը, որ ամեն մի հպումով Վեդերին դարձնում ա Ուոթերս, Ուոթերսին՝ Վեդեր, միաժամանակ ամեն մեկին թողնելով ինքն իր մեջ, սպանում ա....

Monday, May 19, 2014

Aldous Huxley: Brave New World

Գրեթե մի ամիս ա վերջացրել եմ գիրքը, բայց ինձ հազիվ եմ զսպում, որ ամեն մի լուրջ ու անլուրջ խոսակցության ժամանակ հղում չանեմ էս գրքին: Ինձ հետ եմ պահում, որ զրուցակիցներիս զահլեն չտանեմ իմ մեսիական տարվածությամբ: Խելոք չեմ ուզում երևալ, ուղղակի ուզում եմ միասին զարմանալ մարդու երևակայության ու խորաթափանցության վրա: Էս կյանքում լիքը հետաքրքիր բան կա, բայց մարդը շարունակում ա ինձ հուզել նույնքան, որքան աշխարաճանաչության սկզբներում: 

Նոստրադամուս չգիտեմ, բայց Հաքսլին Նոստարադամուսից էլ անդին ա:

Friday, April 25, 2014

16. Պատմություն չհասկանալու կամ սխալ հասկանալու մասին

Տուն եմ գնում դասից: Հավես, ցրտոտ երեկո ա: Որոշում եմ թափառել, նոր գնալ տուն: Թոթենհեմ քորթ ռոդի գժանոցից գլուխս պտտվում ա, բայց հավես ա: Խառըխշտիլք փողոցը կամաց-կամաց գալարվում, փարվում ա մարմնիդ, ու դու չկաս, դու դառնում ես փողոցի մի մաս: Էդ փողոցային վիճակից սթափեցնում ա հեռախոսազանգը: «Հա, Մերի ջան, էս ա գալիս եմ», - ուզում եմ վրա բերել արագ-արագ, նորից փողոցին տրվելու թմրամոլային ցանկությունս հազիվ զսպելով, բայց լսում եմ անծանոթ մի ձայն.

Hi, Christina
Hi???
This is Amin.
Oh, hi there! How ARE you?

Wednesday, April 9, 2014

1 վատ բան վերջին տրենդի մասին

Մենակ ե՞ս եմ սենց ներվայնանում, թե՞ էլի իմ նմանները կան: Էս դեպքում մի տեսակ ուզում եմ, որ լինեն:-) 

Գրեթե երկու ամիս ա, ՖԲ-ում հայտնվել են հոդվածներ, որոնք «թվայնացնում», սեղմագրում են սոցիալական, հոգեբանական ու հասարարակական երևույթները: Օրինակ՝ վերջին թարմ նյութը՝ 7 Habits of Highly Emotionally Intelligent People: 

Էսօր պեղում եմ, որ հասկանամ ինչն ինչոց ա ու հասնում եմ Fast Company-ին (դե հայերի մատը որ խառն ա լինում, չես հասկանում, ինչ ա ստացվում:-)))))): Ոնց որ թե շատ էլ լավ բան ա: Լրիվ ապագայամետ: Հլա մի հատ նայեք՝ 
The site features professionals who answer business and leadership questions in 30 seconds.

Ես չեմ դիմանում էս արագությանը:-( Ինքնուրույն որոշումներ կայացնելու փնտրտուքների բացակայությանը:-( Սեղմելուց իմ օդը չի հերքում, դրա համար էլ ես ապագայի մարդ չեմ: Է հա, ինչ անենք: Կարևորը մեծամասնությունն ա: 

Friday, April 4, 2014

Շարադրություն գարնան մասին

Մի օր պետք ա, չէ՞, չհիասթափեցնել շարադություն փնտրող երիտասարդներին:-)  Այ, որ էսպես գրեն garnan masin sharadrutyun, գուգլն իրենց փոխարեն հայրենասիրություն անի ու հայատառ շարադրություններ բերի: 

Գարնան մասին շարադրությունը, ժողովուրդ ջան, աղբ ա, ինչպես կասեր Յոսարյանը: Որովհետև ոգի չունի: Սրա մասին հետո կգրեմ, հիմա ուղղակի էսպես հիշեք:

Ժողովուրդ ջան, որ սա գտնեք, ուրախանաք, կարդաք ու տխրեք, որ արտագրելու բան չգտաք, դպրոց գնալու ճանապարհին մի հատ լսեք, թե գյուղը կամ քաղաքը ձեզ ինչ են ասում: Ի՞նչ գույներով ու բուրմունքով են խոսում ձեզ հետ: Ինչ նոտայով են փսփսում կամ գոռգոռում: Ի՞նչ են պատմում: Քանի՞ չլսված պատմություն են սվսվացնում քամին, վազանցող մեքենան, մուրացիկ տատն ու բողբոջած ծառը: 

Քանի՞ չպատմված պատմություն կա գարնանային օդում: Ձեր մոր մասին: Ձեր հոր, տատի ու պապի մասին: Անկապ ու կապված հարևանների ու դասարանցիների մասին: Երբևէ հարցրե՞լ եք ձեր մորը, թե տասներկու տարեկանում իր գարունն ինչպիսին էր: Իսկ տասնվեցո՞ւմ: Մի օր էլ որ դասից տուն գաք ու մամայի սարքած համով ճաշն ուտեք, հիշեք, հարցրեք: Ու իր պատմությունից կառնեք գարնանային արևի դողդողացող, անհամարձակ ջերմությունն ու վայրի անձրևի սթափեցնող թարմությունը, գարունօրվա գժությունն ու նորի՝ հանգիստ չտվող մարմանջը: Դասից տուն ճամփին կանգնեք ու նայեք ծառին, կանաչ խոտի վախվորած գլխիկին, անհամեստ ճնճղուկներին ու անհագուրդ հողին:

Ու էլ գուգլ չեք անի՝ «գարնան մասին շարադրություն»: Կնստեք, գրիչը սիրուն ձեռներդ կառնեք ու կգրեք ձեր շարադրությունը ձեր գարնան մասին, որ տասնյակ, հազարավոր գարունների համուհոտն ունի: Ու ձեր շարադրությունն արդեն աղբ չի լինի, քանի որ փոխ կառնի ձեր ոգին: Լավ, մի մասը:-)

Thursday, March 20, 2014

"Cancioncilla del primer beso" FGL

En la mañana verde,
quería ser corazón.
Corazón.
Y en la tarde madura
quería ser ruiseñor.
Ruiseñor.
(Alma,
ponte color de naranja.
Alma,
ponte color de amor)
En la mañana viva,
yo quería ser yo.
Corazón.
Y en la tarde caída
quería ser mi voz.
Ruiseñor.

¡Alma,
ponte color naranja!
¡Alma,
ponte color de amor!

Ֆուտուրիստական սցենար

Երեկ Վահանը սենց մի հոդված ուղարկեց նոր սերնդի մասին, որը սիրում ա իր սեքսուալ կյանքն անգամ «կիսել» օնլայն: Դե որ կարդում ես, ուզած-չուզած սկսում ես մտածել: Մտածում եմ, ի՞նչն ա մեր դարում մնացել անհատական, ներքին,  «ես ու ես»: Կիսում ենք մեր խոհերը, հույզերը, մտքերը: Ավանդական երեկոները տեղափոխվել են 24-ժամյա հարթակներ՝ բլոգեր ու սոցցանցեր, չեթեր ու ի-մեյլներ: Եթե առաջ կարդում էիր, մտածում, քայլում, դիտում, հետո ընկերներով հավաքվում ու խոսում էդ ամենի մասին, ու մենակ էդ խոսակցության ժամանակ կարող էիր հավաքված մտքերն ու հույզերը հանրայնացնել, հիմա անդադար հոսք ա նման խոսակցությունների: Ու թաքուն անկյուն չի մնացել: «Ես ու ես»-ի անկյուն ու ժամանակ չի մնացել, չկա: Թե՞ չափազանցնում եմ: Առաջ սիրում էի բլոգ գրել, որովհետև մտածում էի, իմ մտքերն էին, ոչ տաղանդավոր, ոչ յուրօրինակ, բայց ամեն մեկի ձևավորումը մի կյանք էր: Հիմա ես ինքսզինքս մտածելու համար պետք ա բլոգ չկարդամ, ՖԲ չմտնեմ (դե ես շատ տարրական յուզըր եմ): Էս հլա էստեղ, բա մարմի՞նը:

Ամոթը մարմինը երկար ա հետ պահել կիսելուց: Բայց էլ չի ստացվում:-) Իմ սերունդը մեծացրել ա մարմինը մնացած բաներից գրեթե լրիվ առանձնացրած:-) Նորն էդպիսին չի: Նորի մոտ քանի որ մտքերը, հույզերն ու զգացմունքները նյութականցվել են ու նյութականացվում են սրընթաց տեմպերով (բա ո՞նց չի նյութականացվում, հլա մի հատ ստատուսները նայեք, տառերն էլ են նյութ, նյո՞ւթ չեն, նկարը նյո՞ւթ չի, բազմիմաստ բազմակետերը նյո՞ւթ չեն), մարմին-ոգի գիծը կարծես թե անհետացել ա: Ու երևի դրա համար էլ կիսում են: Ամեն ինչ:

Նյութը ժամանակին պայմանավորում էր մեր համայնքները: Օրինակ՝ կռվել իմացողը դառնում էր որսորդ, հիմա էլ՝ վարձու զինվոր: Բան ստեղծողն՝ արհեստավոր: Բառ ստեղծողները քիչ էին ու երբ ստեղծում էին, էնքան բան-նյութ կար դրա տակ, որ ինքնըստինքյան ստեղծագործությունը դրանից վեր էր ու դրանով էլ նյութ չէր: Հիմա շատացել ենք ու էնքան բառ ենք ստեղծել, որ հիմա պետք ա սկսենք համայնքների վերաձևավորումն ու նորերի ստեղծումը: Եթե առաջ ու հիմա վենգերյան community of practice-ն ի մի էր բերում բան ստեղծողներին, վաղն էդ պռեքթիսը լինելու ա նյութ դարձած արժեքի դավանանքը: Էլ պոլիամորիստ, էլ նատուրալիստ, էլ ագրոկուլտուրիստ: -իստային համայնքներ են ձևավորվելու, որ պիտի սովորեն իրար հետ ապրել, թե չէ մարդկությունը կվերանա:-)

Thursday, March 13, 2014

Ode to spring:-)

Էսօր ցրտիկ ու գարնանային օր ա: Աշխատանքային տրամադրություն՝ զրո: Գժական՝ միլիոն: Բայց գրասենյակի փափուկ աթոռին, էկրանի դիմաց ի՞նչ գժություն:-)))))))))) Լսում եմ Mumford and Sons. Not even among my top ten, still "my blood runs weak", ինչպես երգում են էս ջահելները:-)

Նայում եմ էս գժերին, ու էս ամբոխային, ունիվերսալ սիրային տրամադրությունը լրիվ սյուռ ա թվում... Կարդում եմ Վերբերի «Մրջյունները» (երբեք չէի պատկերացնի, թե ես էսքան տարված կկարդամ մրջնային հասարակության ու անհատի կյանքի «աննշանակալի» պատմությունները:-) ), նայում եմ էս մարդկանց ու մտածում, երևի մենակ մարդ-կենդանին ա, որ կյանքին զուգահեռ ստեղծել ա մի լրիվ ուրիշ երևույթ՝ արվեստ: Մյուս տեսակներն ի՞նչ են անում՝ ծնվում, սնվում, բազմանում, մեռնում: Մենք արանքում հասցնում ենք էս ամենից բացի մի ուրիշ բան էլ անել... Վեր կանգնել էն ամենից, ինչ կյանքի էություն ա: Երևի դրանից ա, որ մենք աստված ենք զգում մեզ, մենք ստեղծում ենք, ու ստեղծագործությունը գոյություն ունի մեր էքզիստենցիալ՝ գոյական անհրաժեշտությունից դուրս: Միաժամանակ՝ ներս...

Weep for yourself, my man
You'll never be what is in your heart
Weep little lion man
You're not as brave as you were in the start
Rate yourself and rake yourself
Take all the courage you have left
Wasted on fixing all the problems
That you made in your own head

And what is in your heart????

Monday, March 10, 2014

ԲՀԱՐԱՏ-ի զարմանալի թշվառությունն ու հմայքը (Օր 9. Դելի)

Ի սկզբանե պարզ էր, որ Դելին դժվար է լինելու, ու տարբեր պատճառներով: Նախ, արդեն գրեթե ճանապարհորդության վերջն էր, ու արդեն պիտի որ ահագին հոգնած ու հագեցած լինեինք: Բացի այդ, երբ առաջին անգամ՝ 2007-ին հայտնվեցի Հնդկաստանում, հենց Դելին էր, որ ամեն ինչ տակնուվրա արեց. կայարանում բնակվող ընտանիքներն ու մուրացկանները, նրանց շրջապատող անտարբերությունն ու դա ճեղքելու անտեսանելի ու անշոշափելի ջանքերն էնպիսի ցավ էին պատճառել, որ երկար ժամանակ անգամ Չանդիգարի հրաշալի ընդունելությունը չէր կարողանում մեղմել այն:

ԲՀԱՐԱՏ-ի զարմանալի թշվառությունն ու հմայքը (Օր 7 և 8. Ջայզալմեր)

Ջայզալմեր հասանք կեսօրին: «Շահի պալատում» շահավարի դիմավորեցին ու ուղարկեցին տանիք՝ ճաշելու: Մինչև մենք վայ-վույ կանեինք տանիքից բացվող հրաշալի տեսարանից լրիվ արթնացած, մոտեցավ մատուցողն, ու շարունակվեց մեր հաճելի ծանոթությունը (կհամարձակվեի նույնիսկ անվանել դա արդեն փոխադարձ սիրահետում), հնդկական խոհանոցի հետ:


Սաֆարի առանց արյունարբու ելքի:-)

Մեր հաջորդ «անակնկալը» անապատն էր: Ինչպես ասեց մեր վարորդը՝ գնում ենք Պակիստան, քանի որ Ջայզալմերը Պակիստանից բաժանում է ընդամենը մի հարյուր կիլոմետրանոց անապատ:

Ճանապարհի սկիզբն ինձ հիշեցրեց Վայոց Ձորն օգոստոսին: Ամայի, դեղին տարածք՝ ցանցառ կանաչ թփերով: Ու էդպես ձգվում ա, ինչքան աչքդ կտրի: Մեզ խոստացան ճանապարհին տանել մի բնակելի ու մի անբնակ գյուղ: Բնակելին ոնց որ երեխեքի տիկնիկերի տնակներից հավաքած մի փոքրիկ զավեշտալի բնակավայր լիներ: Ի տարբերություն ճանապարհին հատուկենտ ցրված մի երեք այլ գյուղի՝ այս գյուղը մի քիչ չափից դուրս խնամված տեսք ուներ: Գունավոր պատեր, օրինակ, ոչ մի այլ տեղ  չտեսանք:


ԲՀԱՐԱՏ-ի զարմանալի թշվառությունն ու հմայքը (Օր 5 և 6. Ջայպուր)

Ջայպուր՝ լեռներով շրջապատված հովտում շքեղորեն փռված այս քաղաք, մենք հասանք ամենալավ գնացքով, ու առաջին տպավորությունը, միգուցե հենց գնացքի ազդեցությամբ:-), մաքրությունն էր: Առաջին իսկ հայացքից քաղաքի հոտ եկավ, ինչպես Չանդիգարից: Հաջորդ երեկոյան հյուրանոցի շրջակայքում զբոսնելիս համոզվեցինք, որ էդ տպավորությունները ճիշտ էին:

Ջայպուրում առավոտն սկսեցինք քաղաքի տեսարժան վայրերով՝ Ջայպուրի մահարաջի պալատը, հանդիպակաց Ջանտար Մանտարն ու անկրկնելի «Քամիների պալատը»՝ Հավա Մահալը:

Շատ եմ գրել, ու հիմա էս ամենահարուստ, գեղեցիկ, հզոր քաղաքի մասին գրել չի ստացվում, որովհետև այն իր մեջ ամփոփում է գրեթե ամեն ինչ, ինչ ինձ դուր եկավ Հնդկաստանում:

Կարճ ասեմ՝ Մահարաջայի պալատում ամենատպավորիչը փոքրիկ բակերից մեկն էր, որը շրջապատված էր չորս դարպասներով: Սրանցից յուրաքանչյուրը ներկայացնում էր տարվա մի եղանակ.

Thursday, February 27, 2014

ԲՀԱՐԱՏ-ի զարմանալի թշվառությունն ու հմայքը (Օր 4. Ագրա)

Գրել արդյո՞ք Թաջ Մահալի մասին: Չէ...

Մի քանի ամիս առաջ կարդացի Յուկիո Միշիմայի «Ոսկե տաճարը»: Փոքրիկ հերոսի գիտակից կյանքում իմաստ ունի միայն մի բան՝ հոր նկարագրած Ոսկե տաճարը` Կիոտոյի հայտնի Կինկակուջին: Ծովափնյա փոքրիկ գյուղակից մի օր հոր հետ նա հասնում է Կիոտո՝ ամբողջ ճանապարհին սրտի տրոփյունով սպասելով Տաճարի իրական հայտնությանը: Երբ փոքր տղայի առջև բացվում է տաճարը, փուլ է գալիս նրա ողջ աշխարհը, որովհետև փոքրիկ, հիվանդագին երևակայության արարած տաճարի վեհության ու իմաստնության առջև նսեմանում է ուրիշի երևակայության նյութեղեն արգասիքը: 

Ես նմանատիպ զգացուղություն ապրել էի 1996-ին, երբ մի քանի ամիս ապրելով Հյուգոյի աշխարհում, մի անձրևոտ օր հայտնվեցի Փարիզի Աստվածամոր տաճարի առջև: Ընդհանրապես՝ Կեսարինը միշտ պետք է Կեսարին տալ. երազանքը միշտ պիտի երևակայության ծովերում լողա էնքան, մինչև մի բան ծնվի, բայց ծնվածը նյութական չպիտի լինի, որը մեր դարում մեր նմանների համար գրեթե անհնարին ա:-) 

Բայց... կատարյալը նյութից անդին ա: Ինչպես Թաջ Մահալը:

Wednesday, February 26, 2014

ԲՀԱՐԱՏ-ի զարմանալի թշվառությունն ու հմայքը (Օր 2 և 3. Վարանասի)

Լաքնաուն ու մնացած հնդկական քաղաքները մենք լքում էինք գնացքով, որն ամփոփում էր կաստա-դասակարգային ողջ գունագեղ ներկապնակը արտաքուստ անգամ տարբերվող երկաթե մի քանի տեսակի վագոններում` Sleeper, AC Two Tier, AC Three Tier ու տենց:  Ինչպես Ջայսալմերի երկու երիտասարդ ավստրիալուհիները հուսահատ նշեցին՝ մեր բախտն ուրիշ տեսակ էր բերել, որ AC Two Tier-ում հարմար տեղավորվելու ենք, իսկ իրենք, չհասցնելով էս կարգի համար տոմսեր ձեռք բերել (մեկը հարցներ, թե ոնց էին հասցնելու, եթե իրենք դա փորձել են անել ճանապարհոդությունից երեք օր, իսկ մենք երկու ամիս առաջ:-) ), ստիպված էին լինելու որոշակի դժկամությամբ, բայց պայծառ ապագայի ջահելական միտումներով լի տեղավորվել տոլմայական Sleeper-ում: 

Wednesday, February 19, 2014

ԲՀԱՐԱՏ-ի զարմանալի թշվառությունն ու հմայքը (Օր 1,2 և 10. Լաքնաու)

Լաքնաու՞՞՞՞՞՞՞: Նույնիսկ հնդիկների թավ հոնքերն են զարմանքից վերձիգ շարժում անում, երբ իմանում են, որ Լաքնաու ենք գնում. «Ախր էնտեղ ի՞նչ կա»: 

Դե եսիմ, փնտրողը կգտնի:-) 

Լաքնաուում պատմականորեն ու մասամբ էլ գեղագիտորեն հետաքրքիր առնվազն երկու կոթող կա՝ մեկը 18-րդ դարում կառուցված շիա իմամի դամբարանը՝ Բարա Իմամբարան՝

Copyright: suman palit

Մյուսը՝ բրիտանացիների բնակավայրը, որտեղ 1857թ. հնդիկներն ուզեցին ասել, որ իրենցից կարգին հոգնել են: 

ԲՀԱՐԱՏ-ի զարմանալի թշվառությունն ու հմայքը (1)

Եվ այսպես՝ 

ՅԱՆՏՐԱ ՄԱՆՏՐԱ ՏԱՆՏՐԱԱԱԱԱ........

Հինդուիզմի տասօրյա դասընթացի մեկ էջանոց մանտրա

Եվ ստեղծեց Բրահման երկիրն այս, իր տիկնոջ՝ Սարասվատի հետ, ով աստվածուհին էր կրթության: Փետրվարի չորսին Սարասվատիի օրն է, երբ հատուկ փառաբանում են աստվածուհուն՝ խնդրելով խելք ու կրթություն: Դու ասա տվող լինի:-) Ինչպես վկայուն են միլիոններն, աղոթքը մնում է կախված մթնոլորտում:-)

Ու տեսավ Բրահման, որ սիրուն է, ու եկավ Վիշնուն, որ պահպանի էդ սիրունը: Ու եկավ Շիվան, մեծն աստվածն կործանման ու արարման, որպեսզի պտտվի անիվն կյանքի: Ու պտտվում է էսպես իր համար: Ու աշխարհում ամեն ինչի համար ստեղծվում են աստվածներ ու աստվածուհիներ:

Գանեշան, փիղ-աստվածն, ով օրհնում է ամեն սկիզբ, ամեն նոր՝ նոր ծնունդից մինչև նոր խելախոս:

Հանուման, կապիկ-աստվածն, ով օգնում է մարդուն լուծել իր բոլոր խնդիրները: 

Դուրգան կամ Կալին (բոոոոոոո, գլխատված մարդկանց գանգերի մարջանով զարդարված բազմաթև աստվածուհուն կինոներից հաստատ կհիշեք:-)), ահասարսուռ աստվածուհին, ով պարգևում է իշխանություն ու իրեն վստահողին օրհնում առողջությամբ ու հզորությամբ:

Ժամանակին, երբ կատուն ճոն էր... չէ, չէ դրանից էլ շատուշատ առաջ, երբ Վիշնուն աշխարհ էր եկել տեր Ռամայի տեսքով, Ռամայի հոր կանանցից մեկն, ով բոլորովին չէր ցանկանում, որ առաջնեկ Ռաման հաջորդի հորը գահի վրա, համոզում է ամուսնուն, որ Ռամային ուղարկի անտառ՝ «հոգևոր սնունդ ստանալու համար»: Դե, խեղճ Ռաման էլ ինչ աներ. առնում է գեղեցկուհի կնոջը, կրտսեր եղբորը ու տուն-տեղ դնում անտառում, որտեղ մինչև էդ իշխում էին կապիկները: Քանի որ Սարասվատիին իր աղոթքներն ընկերական փոստով վաղուց էին տեղ հասել, միանգամից ընկերանում է վերջիններս հետ:

Մի օր էլ Ռաման հերթական անգամ կնոջ մոտ է գնում ու տեսնում, որ կինն անհետացել է: Դես է ընկնում, դեն է ընկնում, չի գտնում կնոջը: Խնդրում է իր ընկերոջը՝ կապիկին, որ օգնի իրեն: Կապիկն անցնում է երկրի կեսն ու Ռամայի կնոջը տեսնում Շրի Լանկայում, զազրելի մի դևի մոտ բանտարկված: Հետ է գալիս Հանումանը, այո, այո, մեր կապիկը, ու պատմում Ռամային, որ իր գեղեցկուհի կինն ահարկու դևի գերին է:

Ռաման որոշում է փրկել կնոջը (հլա փորձեր չորոշել. Հնդկաստանում մի էսպիսի լավ խոսք կա. քանի որ աստված (էնքան էլ կարևոր չի որ մեկը, բայց խոսքի համար Շիվան, չի կարող բոլորին միանգամից օրհնել, մարդուն պարգևել է մորը, որ իր օրհնանքը տեղ հասցնի: Ու ինչպես չի կարող ամենահաս լինել օրհնելու համար, այնպես էլ չի կարող ճիշտ տեղում ու ժամանակին հայտնվել պատժելու համար: Ու ստեղծել է դրա համար Շիվան մարդու կնոջը... բա:-))))))))))

Նրան է միանում կրտսեր եղբայրը՝ Լակշմանը: Հանումանն իմանալով Ռամայի միտքը՝ հավաքում է կապիկների մի ամբողջ բանակ, որով Ռաման գրոհում ու հաղթում է Շրի Լանկայի դևին՝ վերադարձնելով կնոջը: Ասում են, Հնդկաստանից Շրի Լանկա անցնելու համար կապիկները մի օրում կամուրջ են ձգում Ռամայի համար...

Վերադառնալով Հնդկաստան՝ Ռաման վերահաստատվում է պալատում (պատմությունն անտեսում է խորթ մոր ճակատագիրը, բայց գուշակել կարելի է:-)) ու ոսկով ու այլ գանձերով պարգևատրում Հանումանին: Վերջինս չի էլ նայում դրանց վրա ու շպրտում է մի կողմ: Բոլորը տարակուսանքով նայում են կապիկին ու հորդորում վերցնել էդ անթիվ-անհամար հարստությունը: Կապիկն էդ ժամանակ լուռ կանգնում է պալատի մեջտեղում ու բացում կուրծքը: Էնտեղ նստած են լինում Ռաման ու իր կինը.
- Ես բոլոր աստվածներին իմ մեջ ունեմ, ինչի՞ս է պետք ձեր սին հարստությունը, - ասում է Հանումանը:

Ռաման հասկանում է, որ Հանումանը ճանաչել է իրեն՝ Վիշնուին, և ինքն էլ իմանալով, որ Հանումանը Շիվան է, վերջինիս է նվիրում մի ողջ տաճար...

Այսպես, առաջին անգամ Վիշնուն ու Շիվան երկիր եկան՝ պայքարելու Շրի Լանկայի դևի դեմ, որին մենակ հաղթելն անհնարին էր:     

Սվաստիկան կենցաղում ամենատարածված խորհդրանիշն է, որը պահպանում է չար ուժերից: Ինչպես ասաց Վարանասիի մեր բրահմին գիդը. «Երբեք չգիտես, թե էս տարածքում քանի ուրվական կա (չէ՞ որ մարդիկ երբեմն էնքան վատ կարմա են ունենում իրենց կյանքում, որ հաջորդում վերածնվում են որպես ուրվական, չգիտեի՞ք յա): Որպեսզի ամեն դեպքում հանգիստ լինես, որ քեզ չար ուժերը չեն վնասի, սվաստիկա ես նկարում: Այն մաքրում է շրջակա տարածքն ու  օդը»: Էնպես որ, Հնդկաստանում ամեն երկրորդ տանը ոչ թե նացիստ է բնակվում, այլ չար աչքից հեռու մնալու ցանկությամբ լիքը հնդիկներ:-)

Tuesday, February 18, 2014

ԲՀԱՐԱՏ-ից առաջ և հետո (Օր 0 և 11. Դուբայ)

Աշխարհի առաջին հրաշալիքը գիտե՞ք որն ա: Չգիտեք:-)

Այ, որ աշխարհը ոտի տակ ես տալիս ու գալիս ես կանգնում քո մանկության տան պատուհանի մոտ, դուրս ես նայում ու տեսնում քառասուն տարվա նույնություն․․․

***

Ուրեմն ինչ ասեմ, որտեղից սկսեմ... Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր ..վեր կացանք մի օր երկուս ու մեկ հոգով, ռավոդվա կեսին, առանք մոդեռն մարդու թուր թվանքն ու նստեցինք «Ֆլայ Դուբայ» սամայլոտ:

Ինչպես ասեց մի օր մի խելոք հնդիկ՝ վեհասքանչ Ջայսալմեր քաղաքից. «Եթե ուզում եք պատմություն մը լսել, գնացեք կինո, իսկ եթե ուզում եք իրական պատմությունն իմանալ զբանս աշխարհո, եկեք ինձ մոտ»: 

Ո՛վ սիրելի ընթերցող, եթե ուզում ես թերթել դարավոր պատմության էջերը սքանչելի երկրի մը, որ կոչվի «Բհարատ» ընդամենը երեք ժամում, բացիր Ուիքի: Իսկ եթե ուզում ես մոլորվել օփիումով շղարշված կիսաճիշտ պատմությունների իմ լաբիրինթոսում, բարով ես եկել: Չփախչես, հաաաաա:-)
  
Ոնց ու ինչպես որոշեցինք գնալ Հինդուստան, կամ ավելի ճիշտ, Բհարատ, իսկ ավելի հայեցի՝ Հնդկաստան, Աստված գիտի, բայց, քանի որ որոշված էր, «Ֆլայ Դուբայի» այս ինքնաթիռը մեզ տարավ հասցրեց նախ ու՞ր: Իհարկե, Դուբայ:-)