Wednesday, December 10, 2008

Մի քիչ խառը-մառը բաներից

Սկսենք Սուրբ Նիկոլասից, որին շատ են սիրում... Հոլանդիայում:-) Ինչո՞ւ: Որովհետև նա մի օր Թուրքիայից մեեեծ պարկով եկավ Հոլանդիա և իր հետ բերեց տարբեր ու շաաատ նվերներ, որոնք դեկտեմբերի 5-ին հոլանդացիները դնում են բուխարու մոտ՝ իրենց սիրելիների համար: Դեկտեմբերի 5-ը ամբողջ երկրում շատ ավելի կարևոր և «նշելի» տոն է, քան Ծննդյան տոնը: Գոնե ըստ Հերմի:-): Իսկ թե ինչո՞ւ է Նիկոլասը գալիս Թուրքիայից, նա շտապեց բացատրել ավանդույթի մեջ մտցված փոքրիկ ճշգրտումով. այս սուրբը ապրել է ներկա Թուրքիայի տարածքում, թեև երբ 15-րդ դարում այս ավանդույթը սկիզբ առավ, հոլանդացիները կարծում էին, թե նա բնակվում է Իսպանիայում, և մի քանի դար շարունակ նա այս մերկ արևածագի երկիրն էր ժամանում հենց Իսպանիայից:

***
Եթովպիայում հանրակրթության ջատագովները ազնվականներն էին: Քսաներորդ դարասկզբում: Ըստ մարքսիզմի, հենց էլիտան է փորձում «մասսաներին» անգրագետ պահել, բայց այս երկրում նրանք որոշեցին, որ վաղուց ժամանակն է, որպեսզի «անգրագետները» կրթվեն, որովհետև... արդեն գրագետ գյուղացին կարող է իր վրա վերցնել ընթերցանության ծանրագույն գործը. «Եթե ծառաս գրել-կարդալ իմանա, դա ինձ կազատի ևս մի ավելորդ գլխացավանքից»: Մի սերունդ էլ չանցած նույն այս «անգրագետները» հեղափոխություն են սկսում՝ ընդդեմ իրենց տերերի...

***
Բրազիլիայում մասնավոր համալսարանները միանգամայն զուրկ են էլիտարությունից: Դրանք սկսեցին բացվել համեմատաբար վերջերս՝ զբաղեցնելու կրթական «շուկայի» բաց մնացած մասը, սոցիալապես անապահով, սակայն ուսման ծարավ խավերի համար մատչելի կրթություն ապահովելու նպատակով: Մոտավորապես 15000 դրամով կարող ես որևէ կուրս վերցնել, օրինակ, սեղանի դիզայն, և աշխատանքի վայրում պաշտոնի բարձրացում ապահովես: Ըստ Բեռնարի, որի ծնողները նման համալսարանի սեփականատերեր են:

***
Փիլիպիններում ուսանողական շարժման փիլիսոփայական անկյունաքարերից մեկը «Անասնաֆերման» էր: Ուսանողները այն հիմքն են, որն այսօր թույլ է տալիս Արևմուտքին խոսել այս երկրում առկա կուռ քաղաքացիական հասարակության մասին: ...Էֆրենի հետ մեր հետաքրքրությունների շրջանակը ընդլայնվում է. Ռիլկե, Ներուդա: Ապշել կարելի է, թե ինչն է կապում հային ու ֆիլիպինցուն...

***
Իսկ Սայգոնում կարող ես սալսա սովորել ֆրանսիացի պարուսույցից:-)

Thursday, December 4, 2008

Տուրիզմի մասին

Ինձ հաճախ հարցնում են. «Հը, ի՞նչ նոր բան կա»: Եվ ամենահաճախակի հնչող պատասխանը. «Ոչ մի»: Զարմանալի է, թե ինչպես մեկ ամսում կարելի է նոր մշակույթն ու միջավայրը վերածել առօրյայի: Ես անում եմ նույնն, ինչ կանեի Երևանում, եթե ուսանող լինեի...

Մեր դարաշրջանի ամենահետաքրքիր նորություններից մեկը զբոսաշրջությունն է: Հայերենում երբեմն շատ լավ բառակազմություններ կան:-) Շրջել, զբոսնել: Նկատել և հաճույք ստանալ: Սրանք են զբոսնել-շրջելու զգացմունքային պատմուճանները: Գործը տեսնելուն և ընկալմանը գրեթե երբեք չի հասնում: Դրա համար ժամանակ է պետք, իսկ զբոսաշրջիկի ամենասահմանափակ ռեսուրսներից մեկը հենց ժամանակն է: Բայց կյանքը քեզ հազվադեպ է հնարավորություն տալիս վայելել միաբևեռության պարզությունը ու անճարությունից մենք ստեղծեցինք չարի ու բարու մասին հեքիաթներ: Բայց չշեղվենք: Հենց չեղած ժամանակն է ստիպում զբոսնող-շրջողին խուսափել զգացողությունների առօրեականացումից. ամեն կերպ ձգտում ես զգալ ու վայելել նորը, որովհետև վաղը մեկնում ես... Իսկ մենք Էյնշտեյնից այդպես էլ դասեր չքաղեցինք: Մենք գնահատում ենք միջինը՝ շաբաթը:-) Ոչ փոքրը, ոչ էլ մեծը. ոչ վայրկյանը, ոչ էլ կյանքը: Սակայն ներքին ինչ-որ անհասկանալի մղումով մենք դարձանք զբոսաշրջիկ, որ գնահատենք վայրկյանն ու դրանցից կազմենք մեր կյանքը...

Wednesday, December 3, 2008

Ֆուկոն, Դուրքհայմն ու ես

Մինչ Միշել Ֆուկոն իր միջնադարյան կարմիր, փայլուն տաբատով (բայց ինչո՞ւ... էհ, Ֆրանսիան ինձ անընդհատ հետ է տանում դեպի շքեղություն) փորձում է համոզել Դուրքհայմին, թե բողոքականությունը թերևս կարող է ինքնասպանության պատճառ հանդիսանալ, սակայն ... ես արթնանում եմ: Պատկերացնո՞ւմ եք, իմ երազներն էլ են արդեն ակադեմիական: Գժվել կարելի է:-)

Երբեմն հաճույք եմ ստանում այս պճնված գիտնականությունից: Ամեն հաջորդ հոդվածի հետ ավելի եմ համոզվում, որ այն պահից երբ սոցոլոգիան ապավինեց բնագիտության մեթոդաբանությանը, այն աստիճանաբար և հաստատուն կերպով շարունակում է խզել իր կապը փիլիսոփայության հետ: Միանգամայն վիճարկելի հայտարարություն է, մանավանդ եթե հաշվի առնենք այս գիտության բացարձակ հրապուրանքը տարաբնույթ տեսություններով՝ ռացիոնալիզմ, կախվածության տեսություն, համաշխարհային համակարգերի տեսություն, ստրուկտուրալիզմ ու չգիտեմ ինչ...

Սակայն: Հասարակությունն ուսումնասիրող առաջին մտածողների մոտ մանրամասների նկատմամբ հարգանք կար: Ուղղակի հիանում ես նրանց մտքի թռիչքով, ամբողջի բացահայտման հերոսական ջանքերով, որ արտահայտվում էր ամեն մի մանրամասի շուրջ մտքի անատոմիական աշխատանքով: Մինչդեռ ժամանակակից ուսումնասիրողները կարծես վարակվկած լինեն ներկա շտապողականությամբ. «արտադրել» հնարավորինս արագ և չափելի ուսումնասիրություններ: Իհարկե, բոլորը իրենց պարտքն են համարում խոսել այդ ուսումնասիրությունների սահմանափակումների և թերությունների մասին, սակայն սրանով իսկ գործը փակված է համարվում: Ըստ էության, հենց այս թերություններն են հող նախապատրաստում հաջորդ ուսումնասիրությունների համար: Երբեմն կարդում եմ այս հոդվածներն ու մի տեսակ կարոտով, իհարկե, միանգամայն երևակայական (որովհետև եթե ես նույնիսկ գոյություն ունեի 19-րդ դարում, երևի միայն ծառի տեսքով:-)) հիշում, թե օրինակ ինչպես է Շթայները աշխատում Գյոթեի մտքերի հետ:

Ժամանակակից անգլիական ակադեմիան սիրում է տեսությունը, սակայն այն գրեթե ամբողջովին նմանվում է արդյունաբերությանը. բոլորը պիտի զբաղվեն իրենց գործով: Առայժմ չեմ հանդիպել օրինակների, որոնք կհիշեցնեին Նիցշեի և Վագների փոխազդեցությունը: Ակնհայտորեն ասվածը heuristic երանգներ ունի, և հենց նման դասակարգումը թույլ է տալիս բացահայտել իմ ակադեմիական վարկավածությունը: Ուղղակի նորի բացահայտման ուրախության աստիճանի նվազան հետ սկսում եմ կարոտել պարզությունը. մերկացնելով ակադեմիական հաղորդակցությունը իր գիտական զգեստներից, հանգում ես նույն եզրակացությանը, ինչ հանրահայտ հեքիաթում՝ թագավորն էլ է սովորական մարդ: Սոցոլոգիական ուսումնասիրությունների մեծամասնությունը բնագիտական մեթոդաբանությամբ ապացուցում են ավանդական իմաստությունը:

Հաջորդ անգամ հաստատ պետք է գրականությունը ընտրել:-)