Wednesday, October 31, 2007

Զբոսանք

Քայլում ես արահետով: Սովորաբար այստեղ ասում են, ՙՇուրջը լուռ էր՚: Լուռ չի: Ոտքերիդ տակ շագանակն ու ոսկին փշրվում են ու ներկում լռությունը խշշոցով, որ անտառից դուրս չես գտնի: Վերևից ինչ-որ թռչուն ինչ-որ բան է ասում, իսկ դու փորձում ես հիշել երրորդ դասարանի բնագիտության դասերը, որովհետև վեցերորդում կենսաբանության ուսուցչուհիդ պատմում էր ընկերության ու հավատարմության վսեմ մարդկային արժեքներ լինելու մասին: Սարյա՞կ: Կարևոր չի: Կարևորը քո ու անտառի հանդիպումն է: Կարևորը ծառերի ու քո մարմնի ջերմությունն է: Արևն է` տխուր ժպիտով ճյուղերից ներսդ հորդացող: Ու բացատն, ուր արևն իր վերջին մարտն է պարտվում բոսորագույն մայրամուտին, որ չես կարող տեսնել, չէ, բայց կարող ես հիշողությանդ կարթը նետել դեպի ծովն անվերջ կամ հարթությունն անսահման:

Քայլում ես արահետով ու մտքերիդ մեջ թաղված պոկում կորած-մոլորած աշնանային ծաղիկը: Որովհետև այդ պահին գեղեցիկ էր, որովհետև հաճելի է մարմինդ ու եսդ հաղորդակից դարձնել նման գեղեցկության: Որովհետև անտառ կար մեջը...

Բայց արահետն ավարտվում է ու սկսվում է քաղաքը: Քաղաքում ծաղիկն ինչ-որ հիմար տեսք ունի: Կարող ես տեղավորել ծաղկամանի մեջ, մոռանալ, մինչև ստիպված չլինես ջուրը փոխել կամ ուղղակի թափել այն: Կարող ես թողնել արահետին: Էական չի...

Քայլում ես արահետով ու մտքերիդ թելն ընդհատում կորած-մոլորած աշնանային ծաղկի մոտ: Բնազդաբար մեկնում ես ձեռքդ պոկելու համար: Հետո հիշում ես քաղաքը, նստում ես հողին, մեջքդ հենում ծառին ու նայում ծաղկին: Ու անցնում, որովհետև անտառ կա մեջդ...

Tuesday, October 30, 2007

Jogging with the wind

Կարճատեսների մեծագույն առավելությունը գիտե՞ք որն է. ակնոցը հանելը:-) Ամենահարմար ֆիլտրը` երբևէ ստեղծված մարդու կողմից:

Հանում ես ակնոցդ ու շարունակում վազել` առանց անհանգստանալու երթուղայինների վարորդների վզերի մասին: Միևնույնն է` վզի տերը դու չես:-) Լավ է, ցերեկներն աշխատում եմ, թե չէ ակամա վթարների պատճառ էի դառնալու:-)

Իսկ վաղ առավոտվա վայրագ քամու հետ կռիվ տալն ինչ ասես չարժի: Նույնիսկ եթե հաղթողը դու չես:-)

Սիրում եմ քաղաքը: Երբեք չգիտես իր անտարբեր գիրկն ում համար է տաքացնում: Իսկ առավոտյան անկեղծ է, ինչպես չշպարված կինը: Առավոտյան ինչպես կնոջ, այնպես էլ քաղաքի միակ զարդն իր բնատուր կամ մարդատուր գեղեցկությունն է...

Monday, October 29, 2007

Թիվ 3 երաժշտական դպրոցն ու իմ կանացիության դասերը

Եվ ինչո՞ւ են մեր կանայք որոշակի տարիքից հետո դառնում անսեռ, անդեմ, լուռ կամ վայրագ արարածներ...

Երաժշտական դպրոցում մի ուսուցչուհի ունեի: Դասավանդում էր երաժշտության պատմություն: Ընդհանրապես երաժշտական դպրոցում կանայք տարբերվում էին մյուս կանանցից, որոնց հանդիպում էի մեր շենքում, դպրոցում (դե, դպրոցում նրանք բոլորն ուսուցիչ էին, կին չէին:-)), փողոցում: Միգուցե հենց երաժշտությո՞ւնն էր, որ թույլ էր տալիս կանացիությանը ճառագել այդ կանանց մեջ: Երաժշտականում կանայք ռուսերեն էին խոսում, որն իմ ականջին շատ ավելի նրբագեղ էր հնչում, քան հայերենը (мягкий знак-ն էր պատճառը:-)), զգեստները միանշանակորեն տարբերվում էին փողոցի կանանց հանդերձից` վառ գույներ, ձևերի և զարդերի բազմազանություն, փոքրիկ մանրամասներ, որոնց միջոցով ուղղակի փթթում էր կանացիությունը, օծանելիքի բուրմունք, որը տարբերվում էր սենյակից սենյակ: Ակնհայտորեն կանացի մարմնի արտահայտչամիջոց, ոչ թե փախուստ մերկությունից...

Իմ ուսուցչուհին նույնիսկ այս կանանց մեջ էր յուրահատուկ: Ուղիղ, սև մազեր ուներ, սովորաբար մեջտեղից կիսաբաժանով և կիպ հավաքված: Փոքրամարմին էր և միշտ բարձրակրունկ կոշիկներ էր կրում, մարմինն ընդգրկող կիսաշրջազգեստներ, որոնք ինչ-որ անփույթ հանդգնությամբ բացում էին աջ կամ ձախ ազդրը: Սովորաբար նախընտրում էր կարմիրը կամ սևը: Դեմքը միշտ բաց էր, հազվադեպ էր ժպտում, ծիծաղելիս ընդհանրապես չեմ հիշում:

Ես նստում էի վերջին նստարանին, քանի որ բարձրահասակ էի և չէի ուզում մյուսներին խանգարել ու լուռ գրում էի այն ամենն, ինչ նա թելադրում էր: Հետո միացնում էր նվագարկիչն, ու պետք է որոշեինք, թե ինչ ստեղծագործություն ենք լսում: Մինչ մենք լսում էինք, նրա հայացքը թափառում էր ողջ սենյակում, դրանից դուրս... Այդ ժամանակ ես լուռ ուսումնասիրում էի այդ կնոջը ու մի օր որոշեցի, որ «մեծանամ, իր նման եմ դառնալու»:-)

Այդ կինն իր էությամբ ինձ համար բացահայտեց կանացիությունը: Նրա մեջ ամեն ինչ համահունչ էր. սև, կարճ կիսաշրջազգեստն ու մեծ շղթան, որ քայլելիս ավելի էր ընդգծում նրա կրծքերը, բարձր կրունկներն ու իր փոքր մարմնին անհարիր մեծ պայուսակը... Ամեն ինչ...

Կարող եմ նկարել այդ կնոջը, իսկ անունը չեմ հիշում...

Saturday, October 27, 2007

Ե՞ՐԲ

Երեկ գիտակցաբար չգնացի հանրահավաքին:

Ես մի ակնկալիք ունեմ առաջնորդից. խոստովանել, որ առաջնորդությունը սարսափելի ծանր պատասխանատվություն է, որն ինքն ստանձնում է, որովհետև պատրաստ է պատասխան տալու հաջողությունների և ձախողումների համար: Ես չեմ ուզում լսել այն մասին, թե ինչ սխալներ են արվել մինչև իր առաջնորդությունը, ինչ կարող է անել ինքը սխալները շտկելու համար: Չէ:

Ուզում եմ տեսնել առաջնորդ, ով կարող է իրեն թույլ տալ խոստովանել, որ «տեր լինել» նշանակում է «ծառայել», ով իր առօրյա կյանքի ամեն մի ժամով ապացուցելու է իր յուրաքանչյուր խոսքը: Չեմ տեսնում, չկան:

Շատերն ասում են, կան ընթացակարգեր, որոնք չի կարելի խախտել: Ո
՞վ ասաց: Եթե կարող եմ մի օր փողոց դուրս գալ, օպերայի պապիկների հետ զրուցել ու իմանալ «ինչն ինչոց ա», ո՞վ է ասել, որ մի խումբ մկան եմ հետևիցս քարշ տալու: Անվտանգությո՞ւն: Անվտանգությունը սերն ու հարգանքն է:

Կարդում եմ Տեր-Պետրոսյանի ելույթը: «Ռեժիմի անբարո գործունեության արդյունքում առաջին պլան են մղվել մարդ-արարածի ամենաստորին բնազդները: Դրանով ահռելի հարված է հասցվել ազնվության, արդարության, պարկեշտության, ինքնազոհության վերաբերյալ մեր ժողովրդի մոտ ավանդաբար ձևավորված պատկերացումներին»: Է, հա: Անորակների հավաքածու ենք: Փաստ: Ո
՞վ մեզ այդպիսին դարձրեց...

"We must remove the hatred for the British from our hearts. At least, in my heart there is no such hatred. As a matter of fact, I am a greater friend of the British now than I ever was. The reason for this is that at this moment they are in distress. My friendship demands that I must make them aware of their mistakes. As I am not in the position in which they find themselves, I am able to point their mistakes out to them."

1942-ին Գանդին այսպես է դիմում Համահնդկական կոնգրեսին:

Ընկերոջն ատելությամբ չեն մատնանշում իր սխալները: Տեր-Պետրոսյանն ինքն է խոստովանում, որ Քոչարյանն ու Սարգսյանն իր ընկերներ են եղել: Հատկապես, երբ սխալների ակունքը բուն այդ ընկերության ընթացքում է ձևավորվել: Մոլախոտին իր էության մեջ պետք չի մեղադրել, եթե ինքդ ես հոգատարությամբ տնկել դրա սերմերը: Աճած մոլախոտը կարելի է արմատախիլ անել, բայց նա ով չի գիտակցում, որ իր ձեռքում վարդի սերմեր չեն, այլ մոլախոտի, իրավունք չունի վարուցանքով զբաղվել: Վերջ:

Խոստանում է անդրադառնալ մեղադրանքներին հաջորդ ելույթների ընթացքում: Չէ: Նախ քավարան են մտնում, մաքրվում, հետո վայելում դրախտը:

«Նախ և առաջ պետք է մաքրել սեփական ախոռները»: Իսկապես, իսկ ինչո
՞ւ եք ուրիշինից սկսում:

Հեղձուցիչ է օդն էս երկրում...

Ե
՞րբ ենք ծնելու ոգով արիներ...

Wednesday, October 24, 2007

Տրիստան և Իզոլդա

6-րդ դասարան: Մեր մի սենյականոց բնակարանի պատշգամբը, որտեղ աշխարհի ամենահարմար թախտն էր, թախտի տակ` աշխարհի ամենաանհասկանալի ու ամենասիրուն գունավոր գրաֆիկան` մորաքրոջս տղայի չգիտեմ ինչ շենքի նախագիծը ու թախտին կպած գրադարակը: Նոր հրատարակությունները` վերևի դարակներում, հները` ներքևում:

Ամենաներքևում փոքր ու մաշված գրքերն էին: Շատ էի սիրում դրանց մեջ քուջուջ անել: Գտա հնամաշ, էջերը պոկված մի կապտադեղնավուն գիրք` «Տրիստան և Իզոլդա» ու արնախումի նման վրա տվեցի: Էջերը կլանում էի անհագությամբ, որը բնորոշում էր իմ ագահությունը պաղպաղակ ուտելիս միայն (խեղճ Էդգար:-) մինչև ինքը սիրուն-սիրուն, պապայի սովորեցրած ծաղիկներով ըմբոշխնում էր իր պաղպաղակը, ես ֆուրիայի նման, լուռ, չռված աչքերով կանգնում էի կողքին ու եթե հանկարծ հյուրասիրության առաջարկ չէի ստանում, սկսում էի. «Էդգա՜՜՜՜ր, մի քիչ կտաս քո մառոժնուց...»):

Օրերից մի օր հայրս տեսավ թախտին տնկված, գիրքը ձեռքիս:
- Ի՞նչ ես կարդում:
- Տրիստան և Իզոլդա:

Մոտեցավ, գիրքը վերցրեց, դրեց տեղն ու ասաց.
- Էլ չկարդաս սա: Դեռ քո տարիքը չի:

Ահա, բա ոնց: Իմ երջանկության ու տառապանքի ժամերը չափվում էին պապայի աշխատանաքային ու հանգստի ժամերով:-)

Կարդացի, լացեցի, այդպես էլ չիմացա ինչու իմ տարիքը չի ու գիրքը դրեցի նույն տեղը...

Երևի ճիշտ էր պապան...

Monday, October 22, 2007

Ամենաություն

21-րդ դարում ամեն ինչ կարելի է բացատրել: Ամեն ինչ կարելի է արդարացնել: 19-ում սկսեցին ամեն ինչ պիտակել` սոցիալիզմ, էրոտիզմ, ֆրեյդիզմ, ֆունկցիոնալիզմ, ու չգիտեմ էլ ինչ -իզմեր, իսկ հիմա թերևս հոգնել են այս սահմաններից, ու ամեն ինչը բացատրում են ամեն ինչով:

Երեկ ОРТ-ն հայտնում էր լեհ կին քաղաքական գործիչների նոր PR գործիքի մասին. մերկ լուսանկարվել են ինչ-որ պաստառում: Մեկ այլ կին էլ խոսում էր, որ այդտեղ էրոտիզմի հատիկ անգամ չկա, և նման արարքը կարելի է միանգամայն տեղավորել կաթոլիզմի շրջանակներում: Չիմացա ինչպես, քանի որ նրա մեկնաբանությունը կիսատ մնաց, իսկ իմ դավանաբանական գիտելիքներն էլ զրոյից միիիի՜ քիչ են շատ:-)

Ոչ մեկն ա մի բան, ոչ` մյուսը...

Saturday, October 20, 2007

credo quia absurdum est

...Մեր գյուղի հարևանն ա մահացել: Երկրորդ հարկից ընկել ա ներքև ու մահացել: Տո չէ հա, էդ ընկնող պտուղը չէր: Հրել են: Պասպորտով 96 տարեկան էր, ընենց էլ Աստված գիտի ինչքան. ասում են 100-ը հաստատ անց էր: Հարևանների զահլեն գնացել ա, բոթել են, մեռնի, պրծնեն: Ասում են, էս մարդու մերն էլ ա ըտենց մեռել, մի 110 էլ սա ա էղել ու մեռնելուս չի եղել, հեչ: Էս էլ չի դիմացել ու նույն աստիճաններից հրել ա մորը: Դե, այ կնիկ, էդքան ապրել կըլնի՞:

Բա'. ուրիշներին մի անի էն, ինչ չես ուզում քեզ անեն:

... այսպես ամփոփվեց շաբաթօրյա այս պատմությունը:

Friday, October 19, 2007

Willa Cather vs. Sherwood Anderson

They straightened their stooping shoulders and lifted their heads, and a flash of momentary animation kindled their dull eyes at that cold, vibrant scream, the world-wide call for men.

The plains reached out into emptiness, peaceful and wide as the soft sky itself, wrapped in a tangible, white silence.

There was a kind of power about her face - a kind of brutal handsomeness, even, but it was scarred and furrowed by violence, and so colored and coarsened by fiercer passions that grief seemed never have laid a gentle finger there.

... orgy of grief...


*******************
Willa Cather "The Sculptor's Funeral"

Կան գրողներ, ովքեր խոսքի վարպետներ են. տիրապետում են բառի էությանը, անթերի կերպով: Նկարագրությունները հստակ են, դիպուկ` մինչև բառի ուղնուծուծը: Պատկերի նման հստակությունը գլխապտույտ է առաջացնում: Հիանում ես այդ ակնթարթային գեղեցկությամբ: Ինչպես լուսանկարով: Լավ լուսանկարի նման այն գերում է ակնթարթը: Ընդամենը: Զգայականից այն կողմ չեն անցնում ոչ լուսանկարը, ոչ նման պատմվածքը: Ստիպում են հիանալ վարպետությամբ, բայց չեն ստիպում արտասվել, ուրախ հռհռալ, մեռնելու չափ տխրել ու թռչելու չափ երջանիկ զգալ (շիզոֆրենիայի, կամ ինչպես «իսկական հայերը» կասեին, մտագարության հստակ նշաններ:-)))))))))

Willa Cather-ը բառի վարպետ է, Sherwood Anderson-ը` մտքի:

Thursday, October 18, 2007

Ինչքան եմ սիրում նման օրերը, երբ դեմքդ սառը քամին է համբուրում, իսկ մեջքդ տաք արևն է գրկում...

Monday, October 15, 2007

Ինչպե՞ս սովորել չլռել

Քարե սիմֆոնիայի մեղեդին այսօր ցավն է...

Գրեթե մի շաբաթ է, էլեկտրոնային տեղեկատվական դաշտում Հայոց Ցեղասպանության մասին բանաձևին զուգահեռ գործողության կոչեր են քննարկվում Գառնու ժայռակերտ գեղեցկությանն սպառնացող վտանգը կանխելու վերաբերյալ:

Այսօր Կառավարության տան դիմաց բողոք-ցույց էր: Երբ գնացի, հավաքվել էին մոտավորապես 20-30 հոգի և յուրաքանչյուր հինգին բաժին ընկնող մի լրագրող: Հիմնականում երիտասարդներ և ծանոթ դեմքեր, որոնց տեսնել էի Լևոն Գուլյանի մահվանը հաջորդող երթի ընթացքում:

Ինչո՞ւ ենք լռում: Անտարբեր ենք ու վե՞րջ: Սա՞ է պատասխանը: Մի՞գուցե բողոքողներս չենք կարողանում խոսել նրանց հետ, ովքեր չեն ուզում լռել, բայց չգիտեն ինչպես դա չանել:

Վերջին Սկսելա-ի կազմակերպած ռոք համերգին ներկա էր նաև ամերիկահայ ընկերուհիս: Սառան փորձում էր հասկանալ, թե Սկսելան ինչ է: Էհ, ես էլ շատ բան չգիտեմ, բայց ասեցի, ինչ գիտեի: Սառայի ամենավերջին հարցը. «Ի՞նչ ես կարծում, իրենք ճի՞շտ են գործում»: Դե արի ու պատասխանի:-)

Չգիտեմ, բայց մի բան գիտեմ, որ այդ երիտասարդները` կիրթ, կրակոտ, ոչ անտարբեր, ստեղծագործ չեն խոսում միջին, ռաբիզ, փողասեր, կրքոտորեն «թասիբ պահող», ավանդույթի տակ ճմրթված հայ երիտասարդի հետ: Աղբ չթափե՞նք: Շատ լավ: Իմ հետևողական չթափելուց հետո, ես պիտի կարողանամ պահել դիմացինիս ձեռքը, որը պատուհանից մայրուղու վրա է նետում դատարկ շիշը: Պետք է նրան օգնեմ, որ հասկանա ու չանի: Ինչպե՞ս, ի՞նչ է պետք է դրա համար, ինչքա՞ն ժամանակ ու ճանապարհ է պետք կտրել... Միգուցե անպատասխան հարցեր են...

Ինչպե՞ս իմ ուսանողներին համոզեմ, որ եթե իսկապես ցավում են Գառնու հրաշքի համար, պետք է բարձրաձայնել այդ ցավը, ոչ թե պարզել, պարտադի՞ր է մասնակցել բողոք-ցույցին, թե՞ ոչ: Իսկ միգուցե պետք էլ չի դա անել... Միգուցե երբեմն պետք է ուղղակի պարտադրել լավը... Բայց ախր դրանով իսկ արդեն խեղդում ես այդ լավը...

Wednesday, October 10, 2007

Գրելու մասին

Գրելը շատ հետաքրքիր վարժություն է:-) Երբեմն ձեռքերդ առաջ են ընկնում մտքերիցդ: Գրում ես-գրում, մեկ էլ հանկարծ` «Հլա մի րոպե, բայց ինչ էի գրում:-)»: Կան բառեր, բառակապակցություններ, պատկերներ, որ հևիհև ներս են խցկվում գրվածքիդ մեջ: Չգիտես որտեղից, ինչպես, ինչու, բայց գրիչդ ուրվագծում է հենց այդ բառը կամ պատկերը: Երբեմն գրչիդ ու լեզվիդ արագությունն ու ճշգրտությունն այնպես են համընկնում, որ սիրտդ ճմլվում է նման կատարելությունից: Երբեմն հենց այն բառերն ու պատկերները, որոնցից խուսափում ես, ինչպես խոլերայից, անսպասելիորեն այնպես են գերում քեզ, որ հասկանում ես լեզուն կրողի ակտիվ բառապաշարի մեծաթիվ բառերի անիմաստությունը: «Ոսկե աշուն»: Տանել չեմ կարողանում այս պատկերակաղապարը: Սակայն կան օրեր, երբ դեղինի բազմերանգությունն այլ կերպ, ավելի դիպուկ, երևի ոչինչ չի կարող արտահայտել: Նման օրերին հիշում եմ Բորխեսի ֆրանսիացի գրողին, որը գրում էր Դոն Քիշոտը: Նրա վեպը բառ առ բառ համընկնում էր Սերվանտեսի վեպին, բայց դրանք միանգամայն տարբեր վեպեր էին...

Եվ...լինում են օրեր, երբ ներսում երկրաշարժ է, քարը քարին չի մնացել, իսկ թանաքդ չորացել է: Բառերը կեղծավոր են դառնում, մտքերդ` տձև... Իսկ մեջդ ցավում է, երգում է, պատռվում է, բայց անպտուղ...

Monday, October 8, 2007

Rock for Freedom

Երեկ Մհերն իր ելույթից առաջ ասաց. «Հայաստանում ազատության հետ տարօրինակ բաներ են կատարվում»: Ամեն տեղ է կատարվում: Ազատության մասին խոսակցություններին հընթացս նվազում է ազատություն ապրելը:

Վերջերս ուսանողներիս հետ միասին կարդում էինք Շերվուդ Անդերսոնի «Սերմեր» պատմվածքը: Ահա մի հատված.

The lives of people are like young trees in a forest. They are being choked by climbing vines. The vines are old thoughts and beliefs planted by dead men...I want to be a leaf blown by the wind over hills. I want to die and be born again, and I am only a tree covered with vines and slowly dying. I am, you see, weary and want to be made clean."

Ընդհանրապես հրաշալի պատվածք էր: Անդերսոնը պատմվածքի ամենամեծ վարպետներից է, որին երբևէ հանդիպել եմ: Կարդալիս մտածում էի, թե որքան դժվար է փոքրիկ մի դրվագում ամփոփել մարդկային դեմքերն ու կյանքերը... Մի քանի պատմվածք կարդալով` մի օրինաչափություն նկատեցի: Հերոսներին հաճախ անանուն է թողնում: Երևի պատահական չի: Անունն ամբողջական, բազմակտավ նկարագիր է պահանջում. վեպ: Պատմվածքը մարդու կյանքից մի այնպիսի պատառ է, որ պատմում է նրա անհատականության մասին, առանց մանրամասնելու ողջ անատոմիա-հոգեբանական ամբողջությունը: Անասելի բարդ խնդիր է:

Իսկ ինչպե՞ս ազատվել քեզ խեղդող մտքերից ու հավատալիքներից, մնալ ինքդ քեզ հավատարիմ և ...ազատ... Ինչպե՞ս քշվել քամուց որպես «ես»: Ես չգիտեմ այս հարցի պատասխանը:

Բայց շեղվում եմ թեմայից: Երեկվա համերգը: Չգիտեմ ինչու, առաջին անգամ միայն երեկ մտածեցի, որ մեր ռոք համայնքն էլ նույնական է փոփին: Չեմ զգում վերելք, ինքն իրեն այդ երաժշտության մեջ բացահայտելու մոլուցք, թեկուզև սխալական: Այսինքն, իզուր եմ ընդհանրացնում: Օրինակ` Սակվոյաժը վատ խումբ չի, հավեսով, ուրախ, փորձարարական ջահելներ են: Օքսենհեմը բավականին մեղեդային է, սովորաբար հնչում է որպես խումբ, ոչ որպես անհատների խմբավորում: Մնացածը... Բամբիռի մասին չեմ խոսում, քանի որ երեկ չկային: Թեև որպես ռոք խումբ ամենաշատն եմ սիրում. ամենավարակիչն են, ամենաանկեղծը: Սիրում եմ նաև Օքսենհեմին, բայց գիտե՞ք ում են նմանվում: Իրենց արվեստի մեջ հասունացած վարպետների, որոնց պոռթկումն ինչ-ինչ պատճառներով կասեցվել է: Միգուցե ա՞յլ բեմեր են հարկավոր նրանց նոր հրաբխի համար...Առանց հրաբխի արվեստ չկա. առանց ժայթքումների, սխալների, ճանապարհներից արյունոտված ոտքերի արվեստ չկա: Լավագույն դեպքում լավ կատարում:

Մի խոսքով, երեկ լավ էր միայն տանից դուրս գալու փաստը:-) Կամ էլ մոռացել եմ, ինչպես են ուրախանում:-)

Իսկ Օննիկի հոդվածից, չգիտեմ ինչու, զայրացա: Նույնիսկ եթե ամեն ինչ ճիշտ էր, այդքան թույնը գունազրկել էր նույն այդ ճշմարտությունը: Արհեստավարժ լրագրողից ավելին էի սպասում. կուզենայի հարցազրույց տեսնել նույն Բելլայի կամ Սուրենի հետ: Չեմ կարծում կհրաժարվեին...

Ամեն ինչ խառնեցի իրար: Երևի շատ բան ունեմ ասելու ու վախենում եմ չհասցնել:-)

Friday, October 5, 2007

Ասք առ վարսերն հայուհյաց (տեսնես ասո՞ւմ են էդպես:-))

2007թ, Հայաստան, մասնավորապես Երևան:

Երկուշաբթի - Բոլորը բուրում են մաքուր մարմնի ու թարմ օծանելիքի բուրմունքով: Վարսերն ազատ և, որպես կանոն, ուղիղ թափվում են ուսերին:

Ուրբաթ - Ըըըըըմ, կարելի էր դիմացիններին խնայել գոնե օծանելիքի «բուրմունքից»:-): Մազերը հնարավորինս կիպ հավաքված են պոչիկի մեջ, որ երևութական պաշտպանություն է առաջարկում մազերի կեղտից:

Եվ ինչո՞ւ է գեղեցկությունն այս քաղաքում այդքան բացահայտորեն և անգիտակցաբար զատվում մաքրությունից ու բնությունից: Երիտասարդ կանանց կեսից ավելին ներկում է մազերը: Ես էլ համարվում է «կոմպլեքսավոր», որովհետև սև մազերս դեղին հատվածների բաժանելը համարում եմ անընդունելի:-)

Thursday, October 4, 2007

Շարադրություն աշնան մասին:-)

Աշունը լռում է: Նույնիսկ քաղաքի բազմերանգ աղմուկի միջից: Աշնան արևը հիշեցնում է ջերմության մեղմության մասին: Գարնան արևի կիրքն իմաստնացած շոյում է ուսերդ, դեմքդ...Դեղինն ու կարմիրը տեր են դառնում աչքերիդ ու սրտիդ: Պատմում են գույնի մասին: Պատմում են մոր տաք ձեռքերի ու հոր իմաստուն լռության, եղբոր հետ համատեղ աշխարհի բացահայտման խորհրդի ու քրոջ անհատակ կապույտ աչքերի մասին: Ու լռում է առջևում սպասվող կյանքի մասին: Ու ստիպում ապրել առջևում սպասվող կյանքն ու գնահատել գույնը: