Wednesday, November 23, 2016

Ծլնգիկ

Էս մի քանի օրն աչքովս նոր տերմին ընկավ: Սոցիոլոգիայի նորագույն գոհարներից՝ 
Precarity is a precarious existence, lacking in predictability, job security, material or psychological welfare.

Բայց ինչի՞ հիշեցի: Որովհետև հենց նոր զանգ ստացա: Անծանոթ համար էր։ Լարվեցի: Ու հետո հասկացա, թե ինչքան են էս նոր հեռախոսները մեր հաղորդակցությունը կառավարում: Առաջ էս պռիքերիթին հենց հաղորդակցության մեջ էր, իսկ աշխատանքը կանխատեսելի էր, ֆիզիկական ու հոգեկան բարեկեցությունը ևս: 

Տեսնես դրանի՞ց ա, որ հաղորդակցությունն ավելի ... քաղաքակիրթ էր ու անկեղծ: Չգիտեմ, ճիշտ բառ ընտրեցի, թե չէ, բայց տարիներ առաջ «լարով հեռախոսի» աղմուկից հետո հնչող ձայնը թեև անակնկալ էր, այն կարող էր լինել սպասված, հաճելի, տհաճ, այս զգացողությունների բոլոր հնարավոր ու անհնարին վարիացիաներով: Ու դու մի քանի վայրկյանում պետք է կարողանայիր կառավարել զգացմունքներդ ու արձագանքել: Հիմա լիքը ժամանակ ունես կառավարելու դրանք, որովհետև կարող ես ուղղակի չպատասխանել զանգին... Զանգողի անունը տեսնելով՝ սկզբնական կուսական զգացմունքը պարպվում ա անվան վրա ու պատասխանում ես՝ արդեն անկեղծության պատառիկներով ա երանգավորված: Ժամանակը կառավարելով՝ կառավարում ես անկեղծությունը, անակնկալը: 

Monday, November 21, 2016

Սիրելու մասին

Ուրբաթ իրիկուն գնացինք Կիրովականի մասին կինո նայելու: Վավերագրական իհարկե: Սիրողական իհարկե: Ու շատ ուրախ եմ, որ սիրողական, որովհետև պրոֆեսիոնալներն էնքան են տարվում տեխնիկական հնարավորությունների անսահման հնարավորություններով, որ հաճախ արտակարգ, բայց անշունչ բաներ են սկսում թողարկել. հա՛, սիրուն, հա՛, օգտակար, բայց անպատմություն, ինչպես գործարանի արտադրանքը: 

«Ներգրավելով Վանաձորը» հեչ տենց չէր: Սևադայի առաջին խոսքերից զգացի, որ սիրում ա: Հիմա բոլորը սահմանում են էս անսահմանելին, բայց դա հասկանալու մի ձև կա միայն՝ շաաատ հայել, որ էդ շատության մեջից թացն ու չորն իրար կապող պորտալարն ինքնըստինքյան  գցեն ու բաժանվեն, ու տեսնի մարդը, որ սիրելը լույս ա: 

Սիրելով բզբզացել էին: Կիրովականին անծանոթ մարդիկ սիրելով մտել են իմ սիրելի քաղաքն ու հայել: Ժանգոտած երկաթն ու բետոնը, թափված քարերն ու սովետական մոտիվացիոն պաստառները: Սիրելով խոսել են ահել ու ջահելի հետ ու փորձել հասկանալ, թե ոնց ա երկաթ-բետոնից ծնվել ռոք երաժշտություն, ու ոնց ա, որ չնայած շնչող երկաթ-բետոնից շունչը արդեն մի քսան տարի ա, ինչ փախել ա, երաժշտությունը դեռ շարունակվում ա ծնվել: Ու քանի որ սիրելով են էդ հայելին բռնել իմ սիրելի քաղաքի դիմաց, ես վերասիրահարվեցի: Սիրածին դժվար ա սիրահարվել, իսկ Սևադայենք կարողացան ինձ սիրահարեցնել իմ քաղաքին: Հա, կարող ա աշխարհի ամենասիրուն հայելին չէր, կարող ա նորաթուխ վարպետի ձեռքի շինածն էր, բայց էնքան սիրով էր սարքած, որ դեռ ուզում եմ նայել ու էլի կնայեմ, հենց դրացին էստեղ՝ http://urbanlabam.blogspot.am/2016/10/2-tangible-meeting-intangible-part-2.html

Ու նաև զարմացա: Զարմացա, թե մի բուռ քաղաքում մեծացող երկու երեխեն ինչքան տարբեր են ընկալել իրենց թիզուկես քաղաքը: Մհերը հիշում էր դեղին ծուխը, շնչահեղձ անող, արդյունաբերական մոնստրիկին կանաչ գեղեցկուհու կրծքին փռված, իսկ հիշում եմ մարդկանց հոսքերը դեպի գործարաններ, որտեղ իրենք աշխատում էին, ինչպես իրենցից առաջ գյուղացին է աշխատել հողի հետ: Եթե գործարանը  Մհերի արվեստագետ ընտանիքի համար ինտելեկտուալ-էմոցիոնալ-հոգևոր վարժանքի առարկա էր, իմ շրջապատի համար կյանք էր՝ ես հիշում եմ, մեր հարևան բանվորներն ինչ կրքով էին խոսում ցենտրաֆուգի ու չգիտեմ ինչի մասին, «զավոդի» գծի ու մի վինտիկի փոփոխությունից պլանի գերակատարման մասին... Իրենք սիրում էին արդյունաբերական մոնստրիկին ու դրանից նա արքայազն էր...