Thursday, December 13, 2007

Ա

Մարդիկ քո աշխարհ են մտնում պատկերով, որ դաջվում է հիշողությանդ մեջ, ու դու փոխանցում ես այն մի տարուց մյուսը, առավել հաճախ աննշան փոփոխություններով...

Նկարում բարձրահասակ, շիկահեր, կապուտաչյա աղջնակ է, ուսերը կորացրած, կարծես անընդհատ պաշտպանվում է ինչ-որ բանից, ինչ-որ մեկից, գեղեցիկ մազերի մի փունջ անփութորեն հավաքած մեծ, փայլուն, անկապագույն մի մազակալի մեջ ու աչքերում ու շուրթերին այնպիսի մի բաց, վստահող ու կենսախինդ ժպիտ, որ բևեռային հակադրության մեջ է պաշտպանական դիրք գրաված ուսերի հետ...

Տարիները կփոխեն շիկահեր վարսերը, կանհետանա անհեթեթ մազակալը, պայծառ աղջնակը կվերածվի հզոր մի կնոջ, իսկ ժպիտը միշտ կմնա նույնը: Այդ ժպիտը կսահի կեսգիշերային Երևանում տարածվող "Ձյունը գալիս է դանդաղ, ձյունը իր երգն է երգում" կիսաբղավոցի վրայով, որը երիտասարդ խենթության գոլորշով տաքացնում էր 93-ի ձմեռային սառցե օդը, կսահի Կասկադի աստիճաններից գլորվող վեհապանծ "And you, Brutus!"-ի կիսահեգնական ոգևորվածության վրայով, կբախվի իր ու տղամարդու մարմինը ճանաչելու առաջին փորձերին, կմարի տառապանքի, դավաճանության, միայնության ու հուսահատության ընդերքում... ու կհառնի ապրելու ու սիրելու իրեն սերտաճած պահանջից: Կվառվի ծիածանի գույներով, երբ ի հայտ կգա նոր մարդը...

Ու կշարունակի ժպտալ կինը:-)

Tuesday, December 11, 2007

"The Return of Led Zeppelin"

Կիրակի խոհանոցային վազվզոցիս ուղեկցում էր Euronews-ը: Հանկարծ ականջիս հասան հին, ծանոթ երգի բառերը: Թափով դանակը հանեցի գազարի միջից ու վազեցի հյուրասենյակ: Led Zeppelin, երիտասարդ, գիժ Փլանթ, երիտասարդ, համեստ Փեյջ ու Black Dog-ի անհավատալի էներգիան: Հետո էկրանին հայտնվում են սպիտակահեր Փեյջն ու ալեխառն, խելառ գանգուրներով (որոնց միշտ նախանձել եմ:-)) Փլանթը: Ասում են, նորից են միասին երգելու: Հավատս չի գալիս: Երկու ծերուկները ի՞նչ են ասելու իրենց ծերացող լսարանին... "Քաշմիրից" հետո ի՞նչ կարելի է ասել:

Ահա թե ինչ` մենք սիրում ենք ապրել: Ավելի՞ն ինչ կարող է ասել ծերացողին ծերացածը:-)

Հզոր են!!!!!!!!

Monday, December 10, 2007

Սնդուկ

Երբեմն վազում ես օրից օր, շնչակտուր, առանց հետ նայելու, առաջ ես սուրում գլխապատառ ու նպատակասլաց: Երբեմն թիկն ես տալիս օրվանն ու որսում նախորդների պատառիկները: Դա էլ է օր, սնդուկ-օր, երբ բացում ես հինավուրց սնդուկն ու մեկիկ-մեկիկ հանում կյանքիդ կտորները, տալիս արևին: Հուշերդ շարվում են իրար կողքի, մի մասը` խունացած ու դեղնած, ուժասպառ ու անցավ, մի մասն էլ արևաշաղախ կյանքի ժանյակն են շարունակում հյուսել` նուրբ հպումներից, ինքնամոռաց երջանկությունից, անհատակ տխրությունից ու հուսահատ անզորությունից, տաք խոսքերից ու սառը լռությունից, կապտուկներից, որ հայտնվեցին սավառնելիս ու սողալիս, ծառի իմաստուն սոսափյունից ու ալիքների հոգեթով պարից, ձմռան բյուրեղյա պարզությունից ու ամառվա կրքոտ տապից:

Սնդուկին ենք պահ տվել մեր երազները, որ փշրեցինք, երազները, որ ապրեցինք. երազները, որ կծնվեն:

Friday, December 7, 2007

Մի դաս էլ

Քանի որ անգլերեն լեզվի հետ շփման հնարավորությունները սովորաբար սահմանափակվում են լսարաններում դասախոսների հետ շփմամբ (կամ էլ ընդամենը նրանց անգլերենի ունկնդրմամբ:-)), դեռ տարվա սկզբից որոշել էի, որ այս անգամ կարդալու ենք: Երկու շաբաթը մեկ անգամ ուսանողուհիներս 3-4 հոգանոց խմբերով ներկայացնում են այն պատմվածքը, որ կարդացել այդ օրերի ընթացքում: Որպես կանոն բավականին ազատություն եմ տալիս թեմաների ընտրության հարցում, բայց այս անգամ, որոշեցի դա չանել, քանի որ այդ դեպքում հեղինակները, որոնք հայ ուսանողուհիներն ընտրում են, սահմանափակվում են այս անուններով` Հեմինգուեյ, Թվեյն, Ուայլդ, Ֆիցջերալդ, Դրայզեր, Մոեմ (ինձ համար հայտնություն էր, երբ առաջին անգամ բնիկ անգլիացու հետ հանդիպելիս հայտնաբարեցի, որ իր երկրում Մոեմին համարում են միջին կարգի գրող, ոչ այնքան տաղանդավոր ու հայտնի): Ցանկությունս մեկն էր. ծանոթացնել այլ հետաքրքիր գրողների հետ, որոնք միգուցե չեն դառնա սիրված, ինչպես Հեմինգուեյը, բայց կարող են ներկայացնել ամերիկյան կամ բրիտանական կենսակերպը մի տեսանկյունից, որը տարբերվում է սոցիալիստական գաղափարախոսության շրջանակներում տեղավորվող ստեղծագործողների գործերում առկա մոտեցումներից:

Ավելին, ինչ-որ մի պահ որոշեցի ներկայացնել նաև ժամանակակից ստեղծագործողների, որովհետև երբ ուսանողուհիներս փորձում են անգլերեն խոսել իրար հետ, միմյանց դիմում են այսպես.
- Hello, dear!
- Good morning, my friend:-)))))

Slang-ը համարում են ոչ թե որոշակի սոցիումի առօրյա խոսակցական լեզու, այլ հայհոյանքների ու նվաստացուցիչ արտահայտությունների հավաքածու, որն օգտագործելը տաբու է:

Եվ այսպես, տարբեր դասական գրողներից հետո տալիս եմ 2006թ. լավագույն համարված ամերիկյան կարճ պատմվածքների ժողովածուն ու խնդրում ընտրել որևէ պատմվածք: Ընտրության չափանիշները շատերի մոտ վերնագիրն ու էջերի քանակն էր: Խմբերից մեկն ընտրում է "Today I'm Yours" պատմվածքը: Նույնիսկ վիճում են, թե ում է այն բաժին ընկնելու: Դե, աղջիկներ են, երիտասարդ, գեղեցիկ, ռոմանտիկ:-) Մի պահ երկմտում եմ. ասե՞լ, թե՞ չասել: Որոշում եմ չասել, որովհետև խումբը, որն ի վերջո ընտրեց այդ պատմվածքը, բավականին հետաքրքիր անդամներ ունի. Տաթևիկը` համոզված, որ հարցերի բանալին հոգեբանությունն է, Աննան` գեղեցիկ, խոր, կանաչ աչքեր ունի և նույնքան խոր դատողություններ, Արմինեն` երբեք մեջ չի ընկնի, առանց հրավերի ոչինչ չի ասի, սակայն միշտ ամեն ինչի մասին ունի իր կարծիքը և կարողանում է բավականին հստակ արտահայտվել: Ինձ հետաքրքիր էր իմանալ նրանց վերաբերմունքը...

Հանդիպում ենք երկու շաբաթ անց: Մտնում եմ լսարան, հարցնում եմ, թե որ խումբն է ցանկանում սկսել: Աննան ու Արմինեն սկսում են խունջիկ-մունջիկ ծիծաղել, իսկ Տաթևիկը վրդովված ձայնով վրա է բերում. "Մենք չենք ցանկանում այս պատմվածքի մասին խոսել":
"Լավ" պատասխանում եմ. "Անցանք առաջ":

Երբ մնացած խմբերն ավարտում են իրենց պատմվածքների մասին ամփոփումը, հարցնում են Աննայենց խմբին. "Իսկ եթե Դենին տղամարդ լիներ, ձեզ դուր կգա՞ր պատմվածքը": Ստանում եմ միանշամանակ պատասխան. "Այո":

Երևի արդեն կռահեցիք. պատմվածքը երկու կնոջ սիրո մասին է: Նյու Յորք, բոհեմ, թերթի խմբագիր և գրող, և, բնականաբար, տարբերվելու, ինքն իրեն գտնելու փորձեր...

Աղջիկներս պատմվածքից իրենց տպավորությունների մասին հետևյալն ասացին. "Զզվելի էր, այդպես չի կարելի, բայց ինչպե՞ս է դա հնարավոր": Փորձում եմ քննարկումը տանել գրական դաշտ: "Իսկ պատմվածքի կերպարները, լեզուն, ի՞նչ կասեք դրանց մասին": "Գեղեցիկ դրվագներ կան, նուրբ, հուզիչ", վրա է բերում Աննան: "Այ, հենց ռեստորանում տարեց զույգին հանդիպելը: Դենիի ու հեղինակի զգացմունքներն այդ պահին ցույց են տալիս, որ նրանք, այնուամենայնիվ, կցանկանային տղամարդկանց հետ նորմալ ընտանիքներ կազմել", Տաթևիկը նորից վերադառնում է համասեռամոլությանը:

Լավ, տարբերակ չունեմ: Ու պատմում եմ հրաշալի մի երիտասարդի մասին, որն իմ հանդիպած առաջին գեյ տղամարդն էր (զզվում են հայերեն բառից:-)), սարսափելի հետաքրքիր զրուցակից ու հաճելի մարդ: Պատմում եմ, թե ինչպես առաջին անգամ սկսեցի մտածել այդ մասին, ու ինչպես ինձ մոտ որոշակի վերաբերմունք ձևավորվեց: Հարցնում եմ, "Իսկ դուք երբևէ մտածել եք, թե ինչպես կվարվեիք, եթե մի օր հայտնվեիք Նյու Յորքում (դեռ չեմ համաձակվում խոսել Երևանի մասին:-)) և պարզվեր, որ այնտեղ ձեր լավ ընկերներից մեկը համասեռամոլ է: Չէ՞ որ երազում եք Նյու Յորք գնալու մասին, իսկ այս պատմվածքը չափազանց իրատեսական սցենար է ուրվագծում": Առաջին արձագանքը տխուր է. "Ուղղակի չեմ շփվի նման մարդկանց հետ": "Բայց երբ փակում ես աչքերդ, նման մարդիկ չեն անհետանում: Նրանք կան ու դա փաստ է", համառում եմ ես: "Բայց կան փաստեր, որոնց մասին ես չեմ ուզում իմանալ, քանի որ դրանք կարող են ինձ փոխել, ազդել ինձ վրա", ասում է Տաթևիկը: "Ես չեմ սիրում խորանալ և ուսումնասիրել բաներ, որոնք, մեղմ ասած, վատն են: Որովհետև դրանք կարող են այնքան ազդել ինձ վրա, որ ես փոխվեմ: Այ, Դուք, չէի՞ք վախենում խորանալ Ձեր հարաբերություններում Ձեր նշած տղամարդու հետ: Հնարավոր է, չէ՞, որ փոխվեիք":

...Իմացածն ու հայտնին տաքուկ ապաստան են, բայց առանց թարմի օդի ամեն ինչ սկսում է նեխել...

Wednesday, December 5, 2007

Գովք առ ռեստորան:-)

Երբեք չեմ հասկացել մարդկանց, ովքեր գնում են սրճարան կամ ռեստորան ու նախընտրում նստել առանձին սենյակներում: Այդ դեպքում ինչո՞ւ հաճախել հասարակական վայրեր...

Բայց չէի հասկանում նաև, թե ինչու եմ սիրում այդ աղմկոտ վայրերը: Իսկ երեկ, երբ վայելում էինք անուշաբույր թեյն ու անասելի համեղ թխվածքը, կարծես թե հասկացա, թե ինչն է ինձ պարբերաբար ձգում դեպի այդ վայրերը: Ես սիրում եմ սովորականից շատ բարությունը, որ խտանում է այդ սենյակներում: Այստեղ հավաքվում են ընկերներ, որ վաղուց չեն հանդիպել, զույգեր, որ սկսում կամ շարունակում են հայտնաբերել իրար, ընտանիքներ, որ հոգսերը թողնում են տանը, իսկ ծիծաղն ու ժպիտը բերում այստեղ: Այստեղ բոլորը փորձում են գեղեցիկ ու բարեկիրթ լինել: Չգիտեմ, ուտելիքն ու կուշտ փորն են մեզ այդպիսին դարձնում, թե այլ մի բան, բայց որ բարիանում ենք այնտեղ, որտեղ կան ուտելիք ու էլի մարդիկ, դա փաստ է...

Friday, November 30, 2007

Ստամբուլ, նոյեմբերի 29, 2007

Թոփկափի պալատում, սուլթանի գանձարանում մի կապարճ կա` ամբողջովին ոսկեզոծ ու զարդարված բազմագույն թանկարժեք քարերով: 21-րդ դարում կանգնում ես այս ցուցանմուշի դիմաց ու փորձում կռահել, թե 16-րդում դա ինչ կարող էր լինել: Առաջին պահին ուղղակի տձև, բայց լուսավոր առարկա է` շողշողուն, վառ ու գույների այդ մոլեգին խաղից ասես կենդանի շունչ առած: Գիշերային Ստամբուլն էլ այդպիսին էր` Բոսֆորի մթությանը պարտության մատնած լույսերի ցաքուցրիվ ու բազմագույն կղզյակների այդ քաղաքը:

Ստամբուլում ամեն մի քար իր պատմությունն ունի, որը երկրագնդի մինչ օրս հակամարտող երկու քաղաքակրթություններից յուրաքանչյուրը` Արևելքն ու Արևմուտքը, մեկնաբանում են յուրովի: Ստամբուլում մեկնաբանման յուրահատկությունները ի մի են գալիս հախճապակե փոքրիկ գավաթներում մատուցվող տաք թեյի շուրջ, երբ արևմտացին քաղաքավարի լռությամբ փորձում է համաձայնության եզրեր գտնել, արևելքցին էլ տրանսցենդետալ անէության է հասցնում հյուրընկալության վերաբերյալ իր երկարաշունչ պերճախոսությամբ: Արևմուտքից Արևելք տանող մի կամուրջ կա Ստամբուլում` Սոֆիայի տաճարից դեպի Կապույտ մզկիթ: Ինձ համար տխուր անցում էր: Մարդկային սնափառության տխուր տոնավաճառ: Կապույտ մզկիթում Արևելքը տոնում էր իր հաղթանակը կապույտ սալիկների անհավատալի զարդանկարներով, իսկ Սբ. Սոֆիայում սրբապատկերներին փոխարինում էին ինչ-որ անհասկանալի կապտաշագանակագույն փետրաձև զարդանախշեր, որոնք ակնհայտորեն թաքցնում էին աստվածաշնչային հրեշտակների: Միայն նախկին խորանի կամ ներկայում Մեքքայի ուղղությունը մատնանշող փորվածքի վերևում էր պահպանվել Մարիամի ու փոքրիկ Հիսուսի սրբապատկերը:

Ամբողջ այդ տարածքն իր եգիպտական ու հունական օբելիսկներով, սուլթանի պալատով ու այգիներով վկայում էր հզորության ամրագրման օսմանյան հաստատակամության մասին:

Այս քաղաքը հևիհև բազմանում է` մի շենքն աճում է մյուսի վրա, նեղ, սալահատակ փողոցների երկու կողմերից լեգոյի խորանարդիկների նման դեպի վեր են ձգվում բազմագույն կառույցներ: Այդ խառնիճաղանջ բազմազանության մեջ ներդաշնակությունը հանդարտ սփռվում է քաղաքի վրա միայն լայնատարած մզկիթների տեսքով, որոնք, որպես կանոն, բազմած են բլրի գագաթին:

Եթե երբևէ չես եղել մուսուլմանական բնակավայրում, չգիտես նաև արևածագի ժամը: Ստամբուլում արևը ծագում էր 5:30: Բնականաբար, քարակերտ այդ անտառում դու արևը չես տեսնում, սակայն գիտես, որ այն, այնուհանդերձ, ծագում է, որովհետև այդ պահին լուռ քաղաքի վրա տարածվում է բարձրախոսի ալիքներից թափ առած նամազի երգեցիկ կոչը, որը կրկնվում է օրվա մեջ չորս անգամ:

Ստամբուլը բուրում է ձկներով ու հարդարվում եվրոպական հանդերձով: Տակսիմն ու Համիդիեն ինձ ամեն րոպե ապշեցնում էին դասական եվրոպական արտաքինով իրենց անցորդներով: Ահա կապուտաչյա, շիկահեր, բարձրահասակ, սլացիկ մի կին, եվրոպական նորաձևության վերջին ձեռքբերումները իր հանդերձում արտացոլած ազնվական արտաքինով տղամարդու ուղեկցությամբ: Հաջորդ զույգը Բոբ Մառլիի մոլի երկրպագուներ են` երկար գանգուրներով ու ծիածանագույն շապիկներով: Երրորդը երիտասարդ, գեղեցիկ կանայք են, որոնք առաջինից տարբերվում են միայն կապույտ գլխաշորներով: Առաջին երկու դեպքում գրեթե համոզված եմ, որ հիմա կլսեմ անգլերեն կամ ֆրանսերեն խոսակցություն, սակայն անցնում եմ` մարող թուրքերենի հնչյունների ներքո:

Ստամբուլը մեզ դիմավորեց նեղլիկ փողոցի հյուրանոցում ու “Որտեղից եք”, “Հայաստանից” կարճ հարցուպատասխանով, ուրախ, կապույտ աչքերի ժպիտով, “Ես սիրում եմ հայերին” բացականչությամբ ու մեր փոքր-ինչ տարակուսած հայացքով: Իսկ տարակուսանքս փարատվեց, երբ կապուտաչյա երիտասարդը բացեց սենյակիս դուռն ու հեռանալիս ասաց, “Ես քուրդ եմ, բայց ոչ ոքի չասեք այստեղ այդ մասին, լա՞վ”:

Ստամբուլը շարունակեց մեզ հիշեցնել հայերի մասին, առանց որևէ ջանքի: Մեզ հյուրընկալող կազմակերպության գեղեցկադեմ տնօրենուհին մոտեցավ մեզ ու ասաց, որ շատ ուրախ է մեզ տեսնել, քանի որ իր ամուսինն էլ հայ է: Իսլամի դավանորդ Վուսլաթն ու քրիստոնյա Գրիգորն իրենց ամուսնությունն ամրագրել էին “Գենդրոնագան” հայկական եկեղեցում, իսկ մեր կարճատև ընդմիջման ժամանակ Վուսլաթը պատմում էր թուրքերի ազատամտության մասին, հանդուրժողականության մասին, Ստամբուլի ամենագեղեցիկ կառույցների ճարտարապետների հայ լինելու մասին:

Երիտասարդ Ալին, որն իմ հանդիպած ամենահամեստ, կիրթ ու ջերմ անձնավորություններից մեկն էր, անկեղծ հուզմունքով եզրափակեց իր խոսքը հայ-թուրքական հարաբերությունների մասին. “Ախր այսպես չի կարելի, մենք այնքան նման ենք իրար, մենք այնքան մոտ ենք իրար: Պետք է մոռանալ ամեն ինչ ու սկսել նոր, մաքուր էջից”... Մաքուր էջը հիշողություն չունի: Մենք վառ հիշողություն ունենք: Սակայն, սահմանների բացում նշանակում է բացել սահմանները, որից դուրս է հորդելու մեր մեջ խտացած ատելությունը: Այս դեպքում ես սպանելու եմ իմ թշնամուն` ինձ վրա ձեռք բարձրացրած մարդասպանին, ոչ թե իմ թշնամուն` թուրքին: Ստամբուլում ես հասկանում եմ Գրիգորին, երբ նա ասում է, “Ես սփյուռքահայ չեմ, ես հայրենիք ունեմ, և դա Թուրքիան է: Այստեղ են ծնվել ու ապրել իմ ապուպապերը” :

Ահա Ստամբուլի ևս մի ճեպանկար....

Tuesday, November 20, 2007

Էլի Թեղուտի մասին

Իմ ունեցածից ի՞նչ եմ պատրաստ զոհաբերել բարեկեցության համար.
1. առողջություն
2. առողջ սերունդ
3. գեղեցկության ընկալում
4. հարգանքի զգացում բնության հանդեպ, որ մինչև հիմքն այսօր հասանելի է միայն գյուղացուն ու շատ թե քիչ տաղանդավոր քաղաքացուն:

Ի՞նչ եմ ձեռք բերում.
1. աշխատանք ու դրանով լավ տուն, կուշտ փոր, ընդ որում, կշտացող երշիկային ու աղանդային բազմազանությամբ,
2. արբանյակային ալեհավաք, որով կարող եմ 90 հեռուստաալիք բռնել, բայց երևի մենակ հյուրերին ցույց տալու համար: Ես ԱԼՄ ու Հ1 կնայեմ, հեռուստաալիքային լեզուներից ամենաքիչ գլխացավանք պատճառողները դրանք են:
3. տուն քաղաքում: Գյուղում մնամ, էրեխեքս ինձ նման հանքափոր դառնա՞ն: Ո՞ւմ համար եմ էշի պես աշխատում: Էն ա, կգնամ քաղաք, կրթության կտամ, կարգին մարդ կդառնան:
4. քաղքենիական ՙամենինչություն՚, քանի որ հանքափորի փողով բարեկեցության սահմանները հասնում են քաղքենիությանն ու կանգ առնում:

Զարմանալի չէ, որ Թեղուտում հանքաարդյունաբերությունն այսօր է սկսվելու...

Մանավանդ, երբ կան չափազանց գրագետ գործադիր տնօրեններ, որոնց բախտ չի վիճակվել հանել թանկարժեք կոստյումը, փռվել հողին ամբողջ մարմնով ու զգալ, թե էդ հողը ոնց ա շնչում: Իր համար... Չէ, իր համար շնչում են հինգաստղանի հյուրանոցները, որտեղ իր թղթադրամներից ոգևորված նանոտեխնոլոգիաներն ավելի մաքուր թթվածին կարտադրեն, քան կաղնին ու տանձենին:

Ով գեթ մեկ անգամ զգացել է հողի շունչը, չի սպանի այն: Ոչ մեկի և ոչ մի բանի համար: Վերջակետ:

Monday, November 19, 2007

one urban morning

for once i regretted i don't own a big butt:-) it would have been so handy this morning... the only weapon against those two horrible creatures butting their way into the packed marshrutka and squeezing me into an infinite wish of possessing an ascending capacity so uncomfortably stuffed into my poor flash.

i hate vulgarity, and even more so, when exercised by women.

Tuesday, November 13, 2007

Լուսահովիտ, Տավուշ

Գյուղն ամեն անգամ ասում է, որ սա էն տեղն է, որտեղից գլխապատառ փախչում եմ ու գլխիկոր վերադառնում…

Լուսահովիտ: Չհավատաք, հովտի նշույլ անգամ չկա այս գյուղում: Լեռան գոգին, տեղ-տեղ էլ` վրա, լույսի մեջ ծվարած դեղնահողագույն գյուղն ասես երկինք է համբառնում: Հարևանի տուն սուրճ խմելու գնալիս, մի աստիճանով մոտենում ես երկնագույն անսահմանությանը: Իսկ այդ բարձրաբերձ ճանապարհին քեզ ուղեկցում են արքայանարնջի անհավանական ծառերը (կամ մարդավարի ասած` королек-ի), երեխաների աճող թափառախումբը, կորացած տատիկների արցունքներից ծով դարձած կապույտ ու երիտասարդ աչքերն ու կքված պապիկների փայտե նստարանին կողք-կողքի շարված լռությունը…

Սիրում եմ գյուղը, սիրում եմ տխուր ու հուսառատ աչքերը` հառված քաղաքացուն, տխուր ու սևեռուն աչքերը` հառված երկնքին, որի քմահաճույքը մի վայրկյանում ավերում կամ մի քանի ամսում բազմապատմում է գյուղացու քրտինքը, միակ կոստյումից բուրող գոմի հոտն ու վառարանում ճտճտացող փայտի կչկչոցը, կանանց գունավոր խալաթներն ու տղամարդկանց կարկատած տաբատները, երեխաների ցեխակոլոլ կալոշներն ու երիտասարդ աղջիկների թեք հայացքը:

Լուսահովտում մթությունը տեղի է տալիս…

Wednesday, November 7, 2007

Նոյեմբերի 7

Օրը տաք էր` մի տեսակ թավշե տաքությամբ: Վաղ առավոտյան աշխարհը դոփում էր տեղում. ոչ մի շարժում: Գորշ ասֆալտ, գորշ երկինք: Երևի այդ էր պատճառը, որ յուրաքանչյուր բջիջով զգում էի շարժումներս:

Նոյեմբերյան այս օրը հղի է ձյան ակնկալիքով (Սպիտակում արդեն ձյուն է գալիս): Ջերմ անձրևն էլ կարծես բնության ներողությունն է գալիք սառնամանիքների համար:-)

Այս տարի չգիտեմ ինչու, բայց սիրով եմ սպասում ձմռանը, սիրում եմ աշունը, անձրևը, կարոտում եմ արևը, բայց չեմ վազում աշնան ու ձմռան վրայով իրեն հասնելու համար:-)

Monday, November 5, 2007

Գագո дядя

Մեր Գագո дядя-ն գոյատևման արդյունք է. ինքը համառորեն գոյատևել է, չի ապրել: Հայրն Առաջին համաշխարհայինից այդպես էլ չի վերադարձել: Մայրը նվաղել ու մահացել է` ամուսնու եղբորը թողնելով իր երեք երեխաներին:

Ինչ-որ ուսումնարան ավարտելուց հետո Գագո дядя-ն որոշում է, որ ինքը կյանքն ըմբոշխնելու է: Վերջ: Եթե պետք է, պիտի լացի` ՙՈրբ եմ՚, եթե պետք է, պիտի ստորացնի` ՙԵս նաչալնիկ մարդ, կարա՞ չանի ասածս՚, եթե պետք է, պիտի բարի լինի` ՙՀա, խիղճս չտվեց, կանգնեցի, ասի. ՙՆստի, բայց որ քնել ես էէէէէ՜՚՚: Ու բարձրանում է սոցիալական սանդուղքով մինչև փոքրիկ հիմնարկի ղեկավար: Ստեղծում է, ինչ ընդունված է ստեղծել` տուն, ամառանոց, ընտանիք, մեքենա` սեփական ու ՙպետական՚, երեխաներ, սիրուհի, ՙկամանդիրովկա՚: Ու աշխատում է` անտրտունջ, զրուցելով իր ու աշխարհի հետ, հայհոյելով կնոջն ու զոքանչին, իր հյուրընկալ տանը քաղցրալեզու դիմավորելով իր բազմաթիվ հյուրերին...

Աշխարհում ամեն ինչ հետաքրքրում է Գագո дядя-ին. մսի գինը Ամերիկայում, դրամը Կորեայում, Բուշի ախմախ պատերազմը, ռուսի զենքը, անտեր Տեր-Պետրոսյանի մայրը, շուստրի ղարաբաղցու ախորժակը, էդ փետով մարդու աշխատավարձը, որ սաղ օրը գժի պես գլուխը թափ ա տալիս, ձեռներն էլ ուր ասես չի գցում (Պարզաբանում եմ. դիրիժորի)...

***
Մի օր Գագո дядя-ն գալիս է Երևան, իջնում Բարեկամության անցումը: Սիրում է խանութ գնալ, զրուցել վաճառողների հետ: Քայլում է, մոտենում տարբեր կրպակների, հարցնում գինը, անհասկանալի առարկաների իմաստը: Մեկ էլ հասնում է այնտեղ, որտեղից սկսել էր.

- Իա՜, տղա ջան, ես քեզ գիտեմ, բայց հեչ տեղը չեմ բերում: Խո լոռե՞ցի չես: Հերդ-մերդ որդիա՞նցի են:
- Հա, ես էլ քեզ գիտեմ: Նոր էստեղով անցար:
- Ո՞նց թե, այ տղա: Էս կլորիկ ա՞ էս անդերը:
- Պապի, կլորիկը ո՞րն ա.....
***
Գագո дядя-ն տանել չի կարողանում շեկ մարդկանց, նիհար կանանց ու մարմնագույն վերնաշապիկները: Սիրում է խորոված, ո՜ւխ, ոնց է սիրում: Խոսել, անվերջ հարցեր տալ, գառ մորթել, կենացների ժամանակ արցունքներով հոնգուր-հոնգուր լացել: Սիրում է ապրել ու չի վախենում մեռնել. ՙՈրբ եմ, որբ էլ գնալու եմ՚...

Thursday, November 1, 2007

Քայլե՞նք, թե՞ մեքենայով գնանք:-)

Սիրում եմ նման դեպքերը:-)
___________________________________________________________________________
Մեր թեման փոփոխությունն էր: Սկսեցինք քաղաքական փոփոխություններից, ավարտեցինք տարիքայինով`

W. B. Yeats

When you are old and grey and full of sleep,
And nodding by the fire, take down this book,
And slowly read, and dream of the soft look
Your eyes had once, and of their shadows deep;

How many loved your moments of glad grace,
And loved your beauty with love false or true,
But one man loved the pilgrim Soul in you,
And loved the sorrows of your changing face;

And bending down beside the glowing bars,
Murmur, a little sadly, how Love fled
And paced upon the mountains overhead
And hid his face amid a crowd of stars.

Մտածեցի, որ հետաքրքիր համեմատություն կլիներ "When I'm 64"-ի (The Beatles) հետ: Քանի որ ամեն դեպքում սա լեզվի դաս է, փոքրիկ վարժություն սարքեցի. ուսանողները պետք է լրացնեին պատահական ընտրված բացթողումները (cloze), հետո լսեին երգն ու համեմատեին իրենց տարբերակները բնօրինակի հետ:

Անավարտ տարբերակից մի հատված.

I could be handy, mending a fuse
When your lights ____________.
You can knit a sweater by the fireside
Sunday mornings go ____________,

17 աղջիկ գրել էին. Sunday mornings go for a walk:-)

Բնօրինա՞կը: Ահա.

I could be handy, mending a fuse
When your lights have gone.
You can knit a sweater by the fireside
Sunday mornings go for a ride,

*********
Ինչպե՞ս են անցնում զույգերի հանդիպումները Հայաստանում: Իհարկե զբոսնելով:-) Արևմուտքո՞ւմ: Մեքենայի մեջ:-) Զգո՞ւմ եք ինչպես են աշխատում կարծրատիպերը/սովորույթը/կանոնները/փորձը: Մշակույթը:

Wednesday, October 31, 2007

Զբոսանք

Քայլում ես արահետով: Սովորաբար այստեղ ասում են, ՙՇուրջը լուռ էր՚: Լուռ չի: Ոտքերիդ տակ շագանակն ու ոսկին փշրվում են ու ներկում լռությունը խշշոցով, որ անտառից դուրս չես գտնի: Վերևից ինչ-որ թռչուն ինչ-որ բան է ասում, իսկ դու փորձում ես հիշել երրորդ դասարանի բնագիտության դասերը, որովհետև վեցերորդում կենսաբանության ուսուցչուհիդ պատմում էր ընկերության ու հավատարմության վսեմ մարդկային արժեքներ լինելու մասին: Սարյա՞կ: Կարևոր չի: Կարևորը քո ու անտառի հանդիպումն է: Կարևորը ծառերի ու քո մարմնի ջերմությունն է: Արևն է` տխուր ժպիտով ճյուղերից ներսդ հորդացող: Ու բացատն, ուր արևն իր վերջին մարտն է պարտվում բոսորագույն մայրամուտին, որ չես կարող տեսնել, չէ, բայց կարող ես հիշողությանդ կարթը նետել դեպի ծովն անվերջ կամ հարթությունն անսահման:

Քայլում ես արահետով ու մտքերիդ մեջ թաղված պոկում կորած-մոլորած աշնանային ծաղիկը: Որովհետև այդ պահին գեղեցիկ էր, որովհետև հաճելի է մարմինդ ու եսդ հաղորդակից դարձնել նման գեղեցկության: Որովհետև անտառ կար մեջը...

Բայց արահետն ավարտվում է ու սկսվում է քաղաքը: Քաղաքում ծաղիկն ինչ-որ հիմար տեսք ունի: Կարող ես տեղավորել ծաղկամանի մեջ, մոռանալ, մինչև ստիպված չլինես ջուրը փոխել կամ ուղղակի թափել այն: Կարող ես թողնել արահետին: Էական չի...

Քայլում ես արահետով ու մտքերիդ թելն ընդհատում կորած-մոլորած աշնանային ծաղկի մոտ: Բնազդաբար մեկնում ես ձեռքդ պոկելու համար: Հետո հիշում ես քաղաքը, նստում ես հողին, մեջքդ հենում ծառին ու նայում ծաղկին: Ու անցնում, որովհետև անտառ կա մեջդ...

Tuesday, October 30, 2007

Jogging with the wind

Կարճատեսների մեծագույն առավելությունը գիտե՞ք որն է. ակնոցը հանելը:-) Ամենահարմար ֆիլտրը` երբևէ ստեղծված մարդու կողմից:

Հանում ես ակնոցդ ու շարունակում վազել` առանց անհանգստանալու երթուղայինների վարորդների վզերի մասին: Միևնույնն է` վզի տերը դու չես:-) Լավ է, ցերեկներն աշխատում եմ, թե չէ ակամա վթարների պատճառ էի դառնալու:-)

Իսկ վաղ առավոտվա վայրագ քամու հետ կռիվ տալն ինչ ասես չարժի: Նույնիսկ եթե հաղթողը դու չես:-)

Սիրում եմ քաղաքը: Երբեք չգիտես իր անտարբեր գիրկն ում համար է տաքացնում: Իսկ առավոտյան անկեղծ է, ինչպես չշպարված կինը: Առավոտյան ինչպես կնոջ, այնպես էլ քաղաքի միակ զարդն իր բնատուր կամ մարդատուր գեղեցկությունն է...

Monday, October 29, 2007

Թիվ 3 երաժշտական դպրոցն ու իմ կանացիության դասերը

Եվ ինչո՞ւ են մեր կանայք որոշակի տարիքից հետո դառնում անսեռ, անդեմ, լուռ կամ վայրագ արարածներ...

Երաժշտական դպրոցում մի ուսուցչուհի ունեի: Դասավանդում էր երաժշտության պատմություն: Ընդհանրապես երաժշտական դպրոցում կանայք տարբերվում էին մյուս կանանցից, որոնց հանդիպում էի մեր շենքում, դպրոցում (դե, դպրոցում նրանք բոլորն ուսուցիչ էին, կին չէին:-)), փողոցում: Միգուցե հենց երաժշտությո՞ւնն էր, որ թույլ էր տալիս կանացիությանը ճառագել այդ կանանց մեջ: Երաժշտականում կանայք ռուսերեն էին խոսում, որն իմ ականջին շատ ավելի նրբագեղ էր հնչում, քան հայերենը (мягкий знак-ն էր պատճառը:-)), զգեստները միանշանակորեն տարբերվում էին փողոցի կանանց հանդերձից` վառ գույներ, ձևերի և զարդերի բազմազանություն, փոքրիկ մանրամասներ, որոնց միջոցով ուղղակի փթթում էր կանացիությունը, օծանելիքի բուրմունք, որը տարբերվում էր սենյակից սենյակ: Ակնհայտորեն կանացի մարմնի արտահայտչամիջոց, ոչ թե փախուստ մերկությունից...

Իմ ուսուցչուհին նույնիսկ այս կանանց մեջ էր յուրահատուկ: Ուղիղ, սև մազեր ուներ, սովորաբար մեջտեղից կիսաբաժանով և կիպ հավաքված: Փոքրամարմին էր և միշտ բարձրակրունկ կոշիկներ էր կրում, մարմինն ընդգրկող կիսաշրջազգեստներ, որոնք ինչ-որ անփույթ հանդգնությամբ բացում էին աջ կամ ձախ ազդրը: Սովորաբար նախընտրում էր կարմիրը կամ սևը: Դեմքը միշտ բաց էր, հազվադեպ էր ժպտում, ծիծաղելիս ընդհանրապես չեմ հիշում:

Ես նստում էի վերջին նստարանին, քանի որ բարձրահասակ էի և չէի ուզում մյուսներին խանգարել ու լուռ գրում էի այն ամենն, ինչ նա թելադրում էր: Հետո միացնում էր նվագարկիչն, ու պետք է որոշեինք, թե ինչ ստեղծագործություն ենք լսում: Մինչ մենք լսում էինք, նրա հայացքը թափառում էր ողջ սենյակում, դրանից դուրս... Այդ ժամանակ ես լուռ ուսումնասիրում էի այդ կնոջը ու մի օր որոշեցի, որ «մեծանամ, իր նման եմ դառնալու»:-)

Այդ կինն իր էությամբ ինձ համար բացահայտեց կանացիությունը: Նրա մեջ ամեն ինչ համահունչ էր. սև, կարճ կիսաշրջազգեստն ու մեծ շղթան, որ քայլելիս ավելի էր ընդգծում նրա կրծքերը, բարձր կրունկներն ու իր փոքր մարմնին անհարիր մեծ պայուսակը... Ամեն ինչ...

Կարող եմ նկարել այդ կնոջը, իսկ անունը չեմ հիշում...

Saturday, October 27, 2007

Ե՞ՐԲ

Երեկ գիտակցաբար չգնացի հանրահավաքին:

Ես մի ակնկալիք ունեմ առաջնորդից. խոստովանել, որ առաջնորդությունը սարսափելի ծանր պատասխանատվություն է, որն ինքն ստանձնում է, որովհետև պատրաստ է պատասխան տալու հաջողությունների և ձախողումների համար: Ես չեմ ուզում լսել այն մասին, թե ինչ սխալներ են արվել մինչև իր առաջնորդությունը, ինչ կարող է անել ինքը սխալները շտկելու համար: Չէ:

Ուզում եմ տեսնել առաջնորդ, ով կարող է իրեն թույլ տալ խոստովանել, որ «տեր լինել» նշանակում է «ծառայել», ով իր առօրյա կյանքի ամեն մի ժամով ապացուցելու է իր յուրաքանչյուր խոսքը: Չեմ տեսնում, չկան:

Շատերն ասում են, կան ընթացակարգեր, որոնք չի կարելի խախտել: Ո
՞վ ասաց: Եթե կարող եմ մի օր փողոց դուրս գալ, օպերայի պապիկների հետ զրուցել ու իմանալ «ինչն ինչոց ա», ո՞վ է ասել, որ մի խումբ մկան եմ հետևիցս քարշ տալու: Անվտանգությո՞ւն: Անվտանգությունը սերն ու հարգանքն է:

Կարդում եմ Տեր-Պետրոսյանի ելույթը: «Ռեժիմի անբարո գործունեության արդյունքում առաջին պլան են մղվել մարդ-արարածի ամենաստորին բնազդները: Դրանով ահռելի հարված է հասցվել ազնվության, արդարության, պարկեշտության, ինքնազոհության վերաբերյալ մեր ժողովրդի մոտ ավանդաբար ձևավորված պատկերացումներին»: Է, հա: Անորակների հավաքածու ենք: Փաստ: Ո
՞վ մեզ այդպիսին դարձրեց...

"We must remove the hatred for the British from our hearts. At least, in my heart there is no such hatred. As a matter of fact, I am a greater friend of the British now than I ever was. The reason for this is that at this moment they are in distress. My friendship demands that I must make them aware of their mistakes. As I am not in the position in which they find themselves, I am able to point their mistakes out to them."

1942-ին Գանդին այսպես է դիմում Համահնդկական կոնգրեսին:

Ընկերոջն ատելությամբ չեն մատնանշում իր սխալները: Տեր-Պետրոսյանն ինքն է խոստովանում, որ Քոչարյանն ու Սարգսյանն իր ընկերներ են եղել: Հատկապես, երբ սխալների ակունքը բուն այդ ընկերության ընթացքում է ձևավորվել: Մոլախոտին իր էության մեջ պետք չի մեղադրել, եթե ինքդ ես հոգատարությամբ տնկել դրա սերմերը: Աճած մոլախոտը կարելի է արմատախիլ անել, բայց նա ով չի գիտակցում, որ իր ձեռքում վարդի սերմեր չեն, այլ մոլախոտի, իրավունք չունի վարուցանքով զբաղվել: Վերջ:

Խոստանում է անդրադառնալ մեղադրանքներին հաջորդ ելույթների ընթացքում: Չէ: Նախ քավարան են մտնում, մաքրվում, հետո վայելում դրախտը:

«Նախ և առաջ պետք է մաքրել սեփական ախոռները»: Իսկապես, իսկ ինչո
՞ւ եք ուրիշինից սկսում:

Հեղձուցիչ է օդն էս երկրում...

Ե
՞րբ ենք ծնելու ոգով արիներ...

Wednesday, October 24, 2007

Տրիստան և Իզոլդա

6-րդ դասարան: Մեր մի սենյականոց բնակարանի պատշգամբը, որտեղ աշխարհի ամենահարմար թախտն էր, թախտի տակ` աշխարհի ամենաանհասկանալի ու ամենասիրուն գունավոր գրաֆիկան` մորաքրոջս տղայի չգիտեմ ինչ շենքի նախագիծը ու թախտին կպած գրադարակը: Նոր հրատարակությունները` վերևի դարակներում, հները` ներքևում:

Ամենաներքևում փոքր ու մաշված գրքերն էին: Շատ էի սիրում դրանց մեջ քուջուջ անել: Գտա հնամաշ, էջերը պոկված մի կապտադեղնավուն գիրք` «Տրիստան և Իզոլդա» ու արնախումի նման վրա տվեցի: Էջերը կլանում էի անհագությամբ, որը բնորոշում էր իմ ագահությունը պաղպաղակ ուտելիս միայն (խեղճ Էդգար:-) մինչև ինքը սիրուն-սիրուն, պապայի սովորեցրած ծաղիկներով ըմբոշխնում էր իր պաղպաղակը, ես ֆուրիայի նման, լուռ, չռված աչքերով կանգնում էի կողքին ու եթե հանկարծ հյուրասիրության առաջարկ չէի ստանում, սկսում էի. «Էդգա՜՜՜՜ր, մի քիչ կտաս քո մառոժնուց...»):

Օրերից մի օր հայրս տեսավ թախտին տնկված, գիրքը ձեռքիս:
- Ի՞նչ ես կարդում:
- Տրիստան և Իզոլդա:

Մոտեցավ, գիրքը վերցրեց, դրեց տեղն ու ասաց.
- Էլ չկարդաս սա: Դեռ քո տարիքը չի:

Ահա, բա ոնց: Իմ երջանկության ու տառապանքի ժամերը չափվում էին պապայի աշխատանաքային ու հանգստի ժամերով:-)

Կարդացի, լացեցի, այդպես էլ չիմացա ինչու իմ տարիքը չի ու գիրքը դրեցի նույն տեղը...

Երևի ճիշտ էր պապան...

Monday, October 22, 2007

Ամենաություն

21-րդ դարում ամեն ինչ կարելի է բացատրել: Ամեն ինչ կարելի է արդարացնել: 19-ում սկսեցին ամեն ինչ պիտակել` սոցիալիզմ, էրոտիզմ, ֆրեյդիզմ, ֆունկցիոնալիզմ, ու չգիտեմ էլ ինչ -իզմեր, իսկ հիմա թերևս հոգնել են այս սահմաններից, ու ամեն ինչը բացատրում են ամեն ինչով:

Երեկ ОРТ-ն հայտնում էր լեհ կին քաղաքական գործիչների նոր PR գործիքի մասին. մերկ լուսանկարվել են ինչ-որ պաստառում: Մեկ այլ կին էլ խոսում էր, որ այդտեղ էրոտիզմի հատիկ անգամ չկա, և նման արարքը կարելի է միանգամայն տեղավորել կաթոլիզմի շրջանակներում: Չիմացա ինչպես, քանի որ նրա մեկնաբանությունը կիսատ մնաց, իսկ իմ դավանաբանական գիտելիքներն էլ զրոյից միիիի՜ քիչ են շատ:-)

Ոչ մեկն ա մի բան, ոչ` մյուսը...

Saturday, October 20, 2007

credo quia absurdum est

...Մեր գյուղի հարևանն ա մահացել: Երկրորդ հարկից ընկել ա ներքև ու մահացել: Տո չէ հա, էդ ընկնող պտուղը չէր: Հրել են: Պասպորտով 96 տարեկան էր, ընենց էլ Աստված գիտի ինչքան. ասում են 100-ը հաստատ անց էր: Հարևանների զահլեն գնացել ա, բոթել են, մեռնի, պրծնեն: Ասում են, էս մարդու մերն էլ ա ըտենց մեռել, մի 110 էլ սա ա էղել ու մեռնելուս չի եղել, հեչ: Էս էլ չի դիմացել ու նույն աստիճաններից հրել ա մորը: Դե, այ կնիկ, էդքան ապրել կըլնի՞:

Բա'. ուրիշներին մի անի էն, ինչ չես ուզում քեզ անեն:

... այսպես ամփոփվեց շաբաթօրյա այս պատմությունը:

Friday, October 19, 2007

Willa Cather vs. Sherwood Anderson

They straightened their stooping shoulders and lifted their heads, and a flash of momentary animation kindled their dull eyes at that cold, vibrant scream, the world-wide call for men.

The plains reached out into emptiness, peaceful and wide as the soft sky itself, wrapped in a tangible, white silence.

There was a kind of power about her face - a kind of brutal handsomeness, even, but it was scarred and furrowed by violence, and so colored and coarsened by fiercer passions that grief seemed never have laid a gentle finger there.

... orgy of grief...


*******************
Willa Cather "The Sculptor's Funeral"

Կան գրողներ, ովքեր խոսքի վարպետներ են. տիրապետում են բառի էությանը, անթերի կերպով: Նկարագրությունները հստակ են, դիպուկ` մինչև բառի ուղնուծուծը: Պատկերի նման հստակությունը գլխապտույտ է առաջացնում: Հիանում ես այդ ակնթարթային գեղեցկությամբ: Ինչպես լուսանկարով: Լավ լուսանկարի նման այն գերում է ակնթարթը: Ընդամենը: Զգայականից այն կողմ չեն անցնում ոչ լուսանկարը, ոչ նման պատմվածքը: Ստիպում են հիանալ վարպետությամբ, բայց չեն ստիպում արտասվել, ուրախ հռհռալ, մեռնելու չափ տխրել ու թռչելու չափ երջանիկ զգալ (շիզոֆրենիայի, կամ ինչպես «իսկական հայերը» կասեին, մտագարության հստակ նշաններ:-)))))))))

Willa Cather-ը բառի վարպետ է, Sherwood Anderson-ը` մտքի:

Thursday, October 18, 2007

Ինչքան եմ սիրում նման օրերը, երբ դեմքդ սառը քամին է համբուրում, իսկ մեջքդ տաք արևն է գրկում...

Monday, October 15, 2007

Ինչպե՞ս սովորել չլռել

Քարե սիմֆոնիայի մեղեդին այսօր ցավն է...

Գրեթե մի շաբաթ է, էլեկտրոնային տեղեկատվական դաշտում Հայոց Ցեղասպանության մասին բանաձևին զուգահեռ գործողության կոչեր են քննարկվում Գառնու ժայռակերտ գեղեցկությանն սպառնացող վտանգը կանխելու վերաբերյալ:

Այսօր Կառավարության տան դիմաց բողոք-ցույց էր: Երբ գնացի, հավաքվել էին մոտավորապես 20-30 հոգի և յուրաքանչյուր հինգին բաժին ընկնող մի լրագրող: Հիմնականում երիտասարդներ և ծանոթ դեմքեր, որոնց տեսնել էի Լևոն Գուլյանի մահվանը հաջորդող երթի ընթացքում:

Ինչո՞ւ ենք լռում: Անտարբեր ենք ու վե՞րջ: Սա՞ է պատասխանը: Մի՞գուցե բողոքողներս չենք կարողանում խոսել նրանց հետ, ովքեր չեն ուզում լռել, բայց չգիտեն ինչպես դա չանել:

Վերջին Սկսելա-ի կազմակերպած ռոք համերգին ներկա էր նաև ամերիկահայ ընկերուհիս: Սառան փորձում էր հասկանալ, թե Սկսելան ինչ է: Էհ, ես էլ շատ բան չգիտեմ, բայց ասեցի, ինչ գիտեի: Սառայի ամենավերջին հարցը. «Ի՞նչ ես կարծում, իրենք ճի՞շտ են գործում»: Դե արի ու պատասխանի:-)

Չգիտեմ, բայց մի բան գիտեմ, որ այդ երիտասարդները` կիրթ, կրակոտ, ոչ անտարբեր, ստեղծագործ չեն խոսում միջին, ռաբիզ, փողասեր, կրքոտորեն «թասիբ պահող», ավանդույթի տակ ճմրթված հայ երիտասարդի հետ: Աղբ չթափե՞նք: Շատ լավ: Իմ հետևողական չթափելուց հետո, ես պիտի կարողանամ պահել դիմացինիս ձեռքը, որը պատուհանից մայրուղու վրա է նետում դատարկ շիշը: Պետք է նրան օգնեմ, որ հասկանա ու չանի: Ինչպե՞ս, ի՞նչ է պետք է դրա համար, ինչքա՞ն ժամանակ ու ճանապարհ է պետք կտրել... Միգուցե անպատասխան հարցեր են...

Ինչպե՞ս իմ ուսանողներին համոզեմ, որ եթե իսկապես ցավում են Գառնու հրաշքի համար, պետք է բարձրաձայնել այդ ցավը, ոչ թե պարզել, պարտադի՞ր է մասնակցել բողոք-ցույցին, թե՞ ոչ: Իսկ միգուցե պետք էլ չի դա անել... Միգուցե երբեմն պետք է ուղղակի պարտադրել լավը... Բայց ախր դրանով իսկ արդեն խեղդում ես այդ լավը...

Wednesday, October 10, 2007

Գրելու մասին

Գրելը շատ հետաքրքիր վարժություն է:-) Երբեմն ձեռքերդ առաջ են ընկնում մտքերիցդ: Գրում ես-գրում, մեկ էլ հանկարծ` «Հլա մի րոպե, բայց ինչ էի գրում:-)»: Կան բառեր, բառակապակցություններ, պատկերներ, որ հևիհև ներս են խցկվում գրվածքիդ մեջ: Չգիտես որտեղից, ինչպես, ինչու, բայց գրիչդ ուրվագծում է հենց այդ բառը կամ պատկերը: Երբեմն գրչիդ ու լեզվիդ արագությունն ու ճշգրտությունն այնպես են համընկնում, որ սիրտդ ճմլվում է նման կատարելությունից: Երբեմն հենց այն բառերն ու պատկերները, որոնցից խուսափում ես, ինչպես խոլերայից, անսպասելիորեն այնպես են գերում քեզ, որ հասկանում ես լեզուն կրողի ակտիվ բառապաշարի մեծաթիվ բառերի անիմաստությունը: «Ոսկե աշուն»: Տանել չեմ կարողանում այս պատկերակաղապարը: Սակայն կան օրեր, երբ դեղինի բազմերանգությունն այլ կերպ, ավելի դիպուկ, երևի ոչինչ չի կարող արտահայտել: Նման օրերին հիշում եմ Բորխեսի ֆրանսիացի գրողին, որը գրում էր Դոն Քիշոտը: Նրա վեպը բառ առ բառ համընկնում էր Սերվանտեսի վեպին, բայց դրանք միանգամայն տարբեր վեպեր էին...

Եվ...լինում են օրեր, երբ ներսում երկրաշարժ է, քարը քարին չի մնացել, իսկ թանաքդ չորացել է: Բառերը կեղծավոր են դառնում, մտքերդ` տձև... Իսկ մեջդ ցավում է, երգում է, պատռվում է, բայց անպտուղ...

Monday, October 8, 2007

Rock for Freedom

Երեկ Մհերն իր ելույթից առաջ ասաց. «Հայաստանում ազատության հետ տարօրինակ բաներ են կատարվում»: Ամեն տեղ է կատարվում: Ազատության մասին խոսակցություններին հընթացս նվազում է ազատություն ապրելը:

Վերջերս ուսանողներիս հետ միասին կարդում էինք Շերվուդ Անդերսոնի «Սերմեր» պատմվածքը: Ահա մի հատված.

The lives of people are like young trees in a forest. They are being choked by climbing vines. The vines are old thoughts and beliefs planted by dead men...I want to be a leaf blown by the wind over hills. I want to die and be born again, and I am only a tree covered with vines and slowly dying. I am, you see, weary and want to be made clean."

Ընդհանրապես հրաշալի պատվածք էր: Անդերսոնը պատմվածքի ամենամեծ վարպետներից է, որին երբևէ հանդիպել եմ: Կարդալիս մտածում էի, թե որքան դժվար է փոքրիկ մի դրվագում ամփոփել մարդկային դեմքերն ու կյանքերը... Մի քանի պատմվածք կարդալով` մի օրինաչափություն նկատեցի: Հերոսներին հաճախ անանուն է թողնում: Երևի պատահական չի: Անունն ամբողջական, բազմակտավ նկարագիր է պահանջում. վեպ: Պատմվածքը մարդու կյանքից մի այնպիսի պատառ է, որ պատմում է նրա անհատականության մասին, առանց մանրամասնելու ողջ անատոմիա-հոգեբանական ամբողջությունը: Անասելի բարդ խնդիր է:

Իսկ ինչպե՞ս ազատվել քեզ խեղդող մտքերից ու հավատալիքներից, մնալ ինքդ քեզ հավատարիմ և ...ազատ... Ինչպե՞ս քշվել քամուց որպես «ես»: Ես չգիտեմ այս հարցի պատասխանը:

Բայց շեղվում եմ թեմայից: Երեկվա համերգը: Չգիտեմ ինչու, առաջին անգամ միայն երեկ մտածեցի, որ մեր ռոք համայնքն էլ նույնական է փոփին: Չեմ զգում վերելք, ինքն իրեն այդ երաժշտության մեջ բացահայտելու մոլուցք, թեկուզև սխալական: Այսինքն, իզուր եմ ընդհանրացնում: Օրինակ` Սակվոյաժը վատ խումբ չի, հավեսով, ուրախ, փորձարարական ջահելներ են: Օքսենհեմը բավականին մեղեդային է, սովորաբար հնչում է որպես խումբ, ոչ որպես անհատների խմբավորում: Մնացածը... Բամբիռի մասին չեմ խոսում, քանի որ երեկ չկային: Թեև որպես ռոք խումբ ամենաշատն եմ սիրում. ամենավարակիչն են, ամենաանկեղծը: Սիրում եմ նաև Օքսենհեմին, բայց գիտե՞ք ում են նմանվում: Իրենց արվեստի մեջ հասունացած վարպետների, որոնց պոռթկումն ինչ-ինչ պատճառներով կասեցվել է: Միգուցե ա՞յլ բեմեր են հարկավոր նրանց նոր հրաբխի համար...Առանց հրաբխի արվեստ չկա. առանց ժայթքումների, սխալների, ճանապարհներից արյունոտված ոտքերի արվեստ չկա: Լավագույն դեպքում լավ կատարում:

Մի խոսքով, երեկ լավ էր միայն տանից դուրս գալու փաստը:-) Կամ էլ մոռացել եմ, ինչպես են ուրախանում:-)

Իսկ Օննիկի հոդվածից, չգիտեմ ինչու, զայրացա: Նույնիսկ եթե ամեն ինչ ճիշտ էր, այդքան թույնը գունազրկել էր նույն այդ ճշմարտությունը: Արհեստավարժ լրագրողից ավելին էի սպասում. կուզենայի հարցազրույց տեսնել նույն Բելլայի կամ Սուրենի հետ: Չեմ կարծում կհրաժարվեին...

Ամեն ինչ խառնեցի իրար: Երևի շատ բան ունեմ ասելու ու վախենում եմ չհասցնել:-)

Friday, October 5, 2007

Ասք առ վարսերն հայուհյաց (տեսնես ասո՞ւմ են էդպես:-))

2007թ, Հայաստան, մասնավորապես Երևան:

Երկուշաբթի - Բոլորը բուրում են մաքուր մարմնի ու թարմ օծանելիքի բուրմունքով: Վարսերն ազատ և, որպես կանոն, ուղիղ թափվում են ուսերին:

Ուրբաթ - Ըըըըըմ, կարելի էր դիմացիններին խնայել գոնե օծանելիքի «բուրմունքից»:-): Մազերը հնարավորինս կիպ հավաքված են պոչիկի մեջ, որ երևութական պաշտպանություն է առաջարկում մազերի կեղտից:

Եվ ինչո՞ւ է գեղեցկությունն այս քաղաքում այդքան բացահայտորեն և անգիտակցաբար զատվում մաքրությունից ու բնությունից: Երիտասարդ կանանց կեսից ավելին ներկում է մազերը: Ես էլ համարվում է «կոմպլեքսավոր», որովհետև սև մազերս դեղին հատվածների բաժանելը համարում եմ անընդունելի:-)

Thursday, October 4, 2007

Շարադրություն աշնան մասին:-)

Աշունը լռում է: Նույնիսկ քաղաքի բազմերանգ աղմուկի միջից: Աշնան արևը հիշեցնում է ջերմության մեղմության մասին: Գարնան արևի կիրքն իմաստնացած շոյում է ուսերդ, դեմքդ...Դեղինն ու կարմիրը տեր են դառնում աչքերիդ ու սրտիդ: Պատմում են գույնի մասին: Պատմում են մոր տաք ձեռքերի ու հոր իմաստուն լռության, եղբոր հետ համատեղ աշխարհի բացահայտման խորհրդի ու քրոջ անհատակ կապույտ աչքերի մասին: Ու լռում է առջևում սպասվող կյանքի մասին: Ու ստիպում ապրել առջևում սպասվող կյանքն ու գնահատել գույնը:

Friday, September 28, 2007

Երկու սիրուն խնձորների պատմությունը

Իրար կպած սալոր, բալ, խնձոր քանի՞ անգամ եք տեսել: Քիչ անգամներ: Հաստատ: Հազվադեպ: Կարող է գարուն գա-անցնի, ամառ գա-անցնի, աշունն էլ հետը ու էլի չտեսնեք: Որովհետև երկու կեսերը հազվադեպ են իրար գտնում: Որովհետև մենք ինքնաբավ ենք, մենք անհատ ենք, մենք չունենք երկրորդ կեսի կարիք: Դրեք երկու գեղեցիկ սալոր իրար կողքի, երկու խնձոր, երկու բալ: Հաճախ գլորվում են իրարից հեռու: Հաճախ մի սիրուն խնձորի կողքին տաս ուրիշ խնձորներ կարող ես դնել: Տասը սիրունի հետ էլ սիրուն է էդ սիրունը: Տասնմեկն էլ անհատ են:

Պոկում ես իրար կպած խնձորները, խնձոր չեն, կիսատ, հյութաթափ մրգեր են, բայց խնձորներ չեն: Խնձորի նման մի բան են, բայց եթե երկուսով խնձոր էին, հիմա ոչ մի բան են:

Սերը կիսատ խնձորներին իրար բերող անհայտ, անհոտ, անհամ, անգույն, անձև կենսահյութն է...

Սերը երկու սիրուն խնձորների մի բարձին չորանալը չի մրգամանում կամ ծառի ճյուղին...

Wednesday, September 26, 2007

Նարե

Նոր մարդ ա ծնվել:-)

Ամեն առավոտ հազարավոր նոր մարդիկ են ազդարարում լուսաբացն ու իրենց աշխարհ գալը: Տարբերությունը մեկն է. ինչ-որ մեկը, կամ երկուսը, լավագույն դեպքում էլ երկուս և ավելիները անասելի ուրախանում են էդ ծննունդով:

27-ին մեր աղջիկը ծնվեց:-) Տատերիս ու պապերիս, հորս ու մորս, եղբորս ու Լիլիթի աղջիկը էսօր առավոտ ասաց. «Եկել եմ, տե'ր կանգնեք»

Մարդ ա ծնվել, իսկ ես ճամարտակում եմ:-)

Monday, September 24, 2007

Փոքր քաղաքի մասին

Փոքր քաղաքում մարդիկ չեն փոխվում: Անցնում ես փողոցներով ու քեզ դիմավորում են նույն դեմքերը: Չէ, սխալ եմ ասում. մարդիկ փոխվում են, չեն փոխվում մարդկային դեմքերը: Միշտ նույն տատիկը` սմքած, կորացած, սևաշոր: Միշտ նույն աղջնակը` կարմրաթուշ, առողջ, գեղջկական կոպտությունը երիտասարդության բացված վարդի բուրմունքի տակ թաքցրած: Միշտ նույն պատանին` վառվող արյան գեղջական հերոսությունը հարևան տղաների կապտուկներում դաջած: Միշտ նույն համեստ աշխատավորը. միշտ նույն ճանապարհին` առավոտ ու իրիկուն: Միշտ նույն «արվեստագետը», որին ամբոխից առանձնացնում է անհեթեթ միրուքը կամ հազարագույն գլխարկը: Մանուկները, միշտ նույնը` թռվռուն, ուրախ, դեմքերի նախանշաններն արդեն փափուկ դիմագծերում...

Փոքր քաղաքում ժամանակը խոցում է սիրտդ մանկության նետերով...

Փոքր քաղաքից փախչում ես գլխապատառ, վերադառնում կոկորդդ սեղմող կծիկով...

Friday, September 21, 2007

Ազգային ժողովը ժողովրդին

Կատաղած շան նման մենությունը մի անկյունից մյուսն է գցում քեզ, բայց կատաղած շնից պրծում կա. կծեց, տարան շտապ օգնություն ու վերջ: Մենությունից փախուստ չկա: Պիտի կանգնես դիմացն ու նայես աչքերին: Բռնես ձեռքից ու տանես, ուր գնում ես...

Երեկ կամերային նվագախումբը ելույթ էր ունենում Ազգային ժողովի այգում: Վարդագույն պատեր, դեղին լուսին, մեքենաների աղոտ հևք, պաշտոնական կոստյումներից պաշտոնական ժպիտներ ճառագող պատգամավորներ ու Աստոր Պիացոլա, Չայկովսկի, Մանսուրյան:

Մինչ սպասում էի Ձյունիկին, իսկ հանդիսատեսը հավաքվում էր այգում, միջին տարիքի մի տղամարդ մոտեցավ ու թե. «Քուրո, էս ի՞նչ խաբար ա»` ակնկալելով լսել հերթական տնահալածների, ոստիկանաբռաբարվածների ու անթոշակահարների մասին:

- Համերգ է:
- Իա, ո՞վ ա նվագում:
- Կամերային նվագախումբը:
- Հմ... իա...

Տարակուսած փնթփնթոցը հեռանում էր ոլորապտույտ, կորացած քայլվածքի հետ միասին:

********

Ինչո՞ւ է իշխանությունը մյուսին նսեմացնելու գործիք դառնում: Ինչո՞ւ են ուժն ու իշխանությունը գերպատասխանատվության զգացումից վերածվում պորտաբույծ ինքնագոհության: Ինչո՞ւ է իմ մահակն ինձ ուժ տալիս արհամարհելու դիմացինիս, այլ ոչ թե նրա փողի քսակը, որ փակում է բերանս...

Wednesday, September 19, 2007

Երևանյան սեպտեմբեր

Աշնան արևը ստիպում է գնահատել ջերմությունը: Չլիներ քաղաքի աղմուկը, կարելի էր գնահատել նաև երևանյան սեպտեմբերը: Բայց աղմկում է քաղաքն օր ու գիշեր: Փողոցները փակ են, քանդված են, վարորդներն անհանգիստ են, ջղաձիգ, մարդիկ ձմռան ակնկալիքն աչքերում ու սրտերում, ամառն էլ մարմնիններին ապրում են իրենց մի օրը: Փոշի է` կավոտ, մշուշային:

Երեկ «Վերադարձ» փառատոնի սկիզբն էր: Ծրագրում` Բախ և Մարչելո:
Նվագում էր նաև Սվետլանա Նավասարդյանը: Կատարում էր Բախի Concerto for Piano d-moll: Առաջին անգամ էի լսում նրա կենդանի կատարումը:

Երբ հնչյունները մեղեդի են դառնում սահուն ու ներդաշնակ, երբ մարդկային ջիգը այնպես է միահյուսվում գործիքին, որ լսելի են միայն փոթորիկն ու ցավը, մեղմությունն ու լայն սփռված տխրությունը, երբ երաժշտությունն ընկալում է մարմինդ, ուղեղդ ու սիրտդ, դու ամբողջովին, առանց այս անդամահատման, երբ երաժշտությունը մասն է քո ու չի ստիպում մտածել «Օհ, Բախ, հանճարեղ երգահան է: Կոնցերտը թավջութակի համար գրվել է հոգեկան տվայտանքների արդյունքում» հիմարագույն մտքեր, ուրեմն դու լսում ես Վարպետի կատարմամբ Վարպետի ստեղծագործություն: Դու ներկա ես արարման: Հազվադեպ է լինում, բայց երբ գտնում ես այդ պահը, կյանքը թվում է օվկիան:

Tuesday, September 18, 2007