Thursday, December 1, 2011

Անվերնագիր

Ամեն ինչ սկսվեց երեք տարի առաջ: Երբ մեռավ կամ մեռցրի երիտասարդ աղջկան: Տարիքը կապ չունի: Կապ ունի արարելու կամքը: Իմ անցյալը նման է Սիզիփոսի ժայռին՝ անընդհատ գլորվում ու ընկնում ա գլխիս: Գլուխս ոչինչ, գլուխ ա էլի, բայց երիտասարդությունս ափսոս: Մի տեսակ հետ գնալու ճանապարհ չեմ տեսնում, բայց դեռ նոր ճանապարհի դարուփոսերին էլ չեմ հարմարվել: Ես երբեմն համարձակություն եմ ունենում Սիզիփոսի նման վեր բարձրացնել ժայռը (բայց ոչ ԱՆԸՆԴՀԱՏ... եթե էսօր հերոս ընտրելու լինեմ, իրեն եմ ընտրելու...), միանգամայն համոզված լինելով, որ նորից ջարդվելու ա գլխիս: 


Երեք տարի առաջ, հենց էդպես, չստացվեց ստեղծել ու վերջ: Ոչ մի բան: Երբ էսօր անգամ մի կայծոռիկ ճամփից շեղվելով ինձ ծիկ ա ասում, գլխումս ամեն ինչ խառնվում ա իրար: Խուճապ: Այլ կերպ չգիտեմ ինչպես նկարագրել. մտքերն իրար չեն կապվում, բառերը սպրդում են դուրս ու հետ չեն գալիս, ամեն միտք ասելիս միանգամից ծագում ա հակափաստարկ ու համոզվածության հետք անգամ չի մնում: Առաջ փնթոշ, տափակ, տձև բաներ էին ստեղծվում, բայց իմն էին, ես էի, անկեղծ էի, իմ փնտրածուգտածն էր: Հիմա ամեն տեղից ու ամենքից հավաքված  են, անկիրք են: 

Ամեն գնով փորձում եմ ճողոպրել: Խոհանոցին սիրահարվել եմ մի այլ կերպ, իսկ առաջ էնտեղ ինձ լավ չէի զգում: Հիմա, երբ ես ու բառերն իրար հետ աչքով աչք չունենք, ձեռքերս, քիմքս ու ուտելիքը միացել են, որ ինձ հուշեն. ստեղծի՛ր: Էլի փնթոշ-մնթոշ է ստացվում, բայց գոնե շարժում կա, արարում կա: Հա, ամեն ինչ մեռնում ա, մեռնելու ա, բայց ինչի՞ մոռանալ արարման մասին:  Ինչպես ամեն ինչ մեռնում ա, էնպես էլ ամեն ինչ ծնվում ա: Մի օր լացելու եմ, մի օր՝ ժպտալու: Չեմ ուզում մոռանալ, թե ինչ է ժպիտը, իմ ժպիտը: 

No comments: