Thursday, March 29, 2012

Հացուկարագ

Մեր հանգստյան օրերն սկսվում էին տաաաաք լոգանքից, որի ընթացքում մաման մեզ էնպես էր լողացնում, որ նույնիսկ ես, որ սովորաբար գունատ էի, չնայած թխությանս, շառագունում էի վարդագույնի ամենավառ երանգներով:-) Հետո գունավոր թաշկինակներով կապում էր գլուխներս, որ չմրսեինք, ու մա՛րշ, անկողին: Չէ, չկարծեք, թե շատ դեմ էի: Չէ՞ որ  պիտի սկսվեր իմ սիրելի «АБВГДе́йка»-ն: Ու բացի դա, կար մեր ամենա-ամենա-ամենասիրելի նախաճաշը. պապան փոքրիկ ափսեում իրար էր խառնում կաթնաշոռ, թթվասեր, մածուն, ավելացնում շաքար, բրդում չոր հացի կտորներ ու միանում մեր ու ծաղրածուների խրախճանքին:-) 

Thursday, March 22, 2012

Խառը

Ես սիրում են ներդաշնակությունը, ատում՝ միանմանությունը: Դժբախտ եմ զգում, երբ ինձ զրկում են մտածելու հնարավորությունից և իմ փոխարեն որոշումներ կայացնում: 

Ե՞րբ եմ լիակատար երջանիկ. գրքի դիմաց կամ գիրքն իմ դիմաց:-) Մնացած դեպքերում՝ ծիծաղելի է, հաճելի է, հուզիչ է, ուրախ է: Երջանիկ եմ ազատության աներևակայելի առատությունից, որն ինձ պարգևում է գիրքը: Երջանիկ եմ շարժման մեջ՝ լողալիս, վազելիս: Երջանիկ եմ, երբ ուժեղ մարդը կարողանում է բարեգութ լինել: Ու դա անում է գիտակցաբար, իր ընտրությամբ: 

Մի քանի օր առաջ վերհիշեցի Կիլիկիա.քոմը: Մեծ-մեծ բաների մասին էի գրում, էս կամ էն երևույթի մասին:-) Հիմա հայացքս բառացիորեն սևեռվել ա ներս ու չի շեղվում: Հիմա ինձ հուզում ու հետաքրքրում է մանրամասը, մեծ կտավներից խուսափում եմ: Դրանք ինձ հասու չեն, որովհետև ես փորձում եմ հասկանալ ներկերի համադրության տրամաբանությունն ու կատարման արհեստը, իսկ իմ մտավոր ու հուզական կարողությունները նման առաջադրանքի համար անբավարար են: Ես ապրում եմ մշտական կասկածի մեջ: Սակայն  չեմ էլ ձգտում համոզվածության, որովհետև այն արագ վեր է ածվում դոգմայի, որի ծանրությունից շնչահեղձ եմ լինում:  Կասկածն ինձ ստիպում է մտածել: Ես լավ չեմ հիշում, թե Քամյուն ինչպես էր սահմանում ընդվզումը, բայց իմ ընդվզումն այդ կասկածի դեմ պայքարն է, իմ իրարամերժ մտքերի հոսքն է, որոնք երբեմն հաջողությամբ թոթափում եմ, երբեմն՝ ոչ, ու արդյունքում մռթնած քայլում փողոցում:-)


Tuesday, March 13, 2012

Հենց էնպես

Միլիոն տարի: Այ էդքան չեմ գրել: Ու որ ասեմ լիքը հետաքրքիր բան ա պատահել էս ընթացքում, չէ: Փորձեմ միլիոն տարին ամփոփել հենց առաջին միտս եկածով.
- Նարինե Գրիգորյան. հրաշալի դերասանուհի ա... ընդհանրապես հրաշք ա, երբ մարդու մեջ էդքան սեր կա: Այսինքն ես չգիտեմ ինչքան սեր կա Նարինեի մեջ, բայց գիտեմ, որ ինքն իր արվեստի մեջ սեր ա, կատարյալ ա: Բայց էնպես մանկական պարզությամբ չէ. էդ սիրո մեջ բոլոր երանգները գոյություն ունեն, ատելախառն, դառնադարչնագույն ու ծիածանագույն: Թու, ինչ փնթոշ ա ստացվում: Դրա համար էլ չեմ գրում, էլի: