Friday, April 26, 2013

Գրքերի ու կինոյի ու պատմությունների ու սիրո մասին, կամ էլի սահմանների մասին

Եթե բախտներս բերի ու դպրոցում մեզ աշնան փոխարեն առաջարկեն շարադրության գրել սիրո թեմայով, բոլոր աշակերտներն էսօր մի հատ գուգլ կանեն, որ մի լավ  ասացվածք գտնեն նախաբանի համար ու, գտնելով, կամփոփեն. «Մինչ օրս ոչ ոք չի կարողացել սահմանել սերը»: 

Է, հա, չեն կարողացել, բայց լիքը տաղանդավոր ու անտաղանդ փորձեր եղել են: Ահա ևս մի անտաղանդություն՝ 38-ում ես դա սահմանում եմ էսպես՝ «Հենց կարողացար ասել, թե ինչու ես սիրում որևէ մեկին, ուրեմն էլ չես սիրում, «հավանում ես» (չակերտներով, որովհետև ուղղակի խոսքի մեջբերում է:-))»

Բայց ինչ եմ ուզում ասել. որ դարերի միլիոնավոր փորձերն էսօր ամփոփվել են կինոյում՝ կարճ, երբեմն չափազանց գեղեցիկ, բովանդակալից (դե որ ասենք միջինում 70 տարին փորձես տեղավորել 1:30 ժամում, ահագին բովանդակալից կլինի՝ հանի հերթերը, տրանսպորտը, խոհանոցը, գործի տեղը պատճենահանելն ու նման այլ մանրմունր, աննշանակալից իրադարձությունները քո կյանքից, դու էլ կզարմանաս, թե ինչ բովանդակալից կյանք ես ապրել:-)): Հետո «հեռատուտուցն» (© Հատուլիտ) անջատում ես ու փորձում նույն էդ 1:30 ժամն ապրել ասենք մի հինգ տարում: Գրքերի ու պատմությունների հարցը մի քիչ այլ ա, բայց սկզբունքը պարզ ա, չէ՞՝ քեզ մատուցվում ա սերուցք: Պարզ ա, չէ՞, թե ինչու ես վերջում դառնացած բացականչում՝ «Ռոմանտիկա չկա»: 

Չի էլ կարող լինել, եթե ուղեղդ կինո-գրքա-ուրիշային պատմություններով լցոնված տոլմա է: Տեղ չի մնում գնահատելու էն, ինչ խաղողի թփից դուրս ա: Պետք ա թփի մեջ տեղ բացել, բաղադրության փոփոխություն անել: Պետք չի կինոյի տղայի ու աղջկա նման իրար ձեռք բռնել ու խորաթափանց միմյանց աչքերի մեջ նայել՝ ջերմ, զգլխիչ ռոմանտիզմից արբենալու համար: Կարելի է պարզապես քայլել Ներվիոնի ափով, զգալ գետի զով հոսքը, կարմիր տերևների գեղեցկությունը ու կողքիդ տղամարդու առկայությունը: Վերջ, ռոմանս ա: Պետք չի էդ զբոսանքն աղտոտել մոմի լույսի տակ մատուցված հազվագյուտ ութոտնուկի չանչերից պատրաստված ընթրիքի մասին երազելով: Կարելի է անմարդ կանգառում հանգիստ հացուպանիր ուտել՝ սպասելով հաջորդ ավտոբուսին ու հերթական պատառի հետ ժպտալ կողքիդ տղամարդուն՝ ռոմանս է, էն էլ ինչպիսի... 

Գրքերը, կինոն, ուրիշների պատմությունները ոնց որ ձեն բուդիզմի ուսուցիչը՝ ուղղորդում են, բայց ամեն օր փետով մի հատ էլ հասցնում են կատարիդ՝ թե գտիր ՔՈ ճամփան ՔՈ իրականության մեջ: 

Բա, սիրելի ու սիրուն ընկեր ջան:-)  Քչփորի:-)

Tuesday, April 23, 2013

Վտանգավոր խաղի մասին

Էս խաղը չարի ու բարու խաղ ա, բայց ի տարբերութուն հեքիաթների, չկա չար կախարդ, որ սև կավճով քեզ համար գծի չարի ու բարու սահմանն, ու դու ամեն առավոտ արևին «բարև» ասելով՝ մեջքով շուռ գաս դեպի չարն ու քեզ համար ապրես գունավոր աշխարհում: 

Չկա: 

Ու դու ասում ես՝ «Սիրիր»: Հարևանին, թշնամուն: Ասում ես, երկուսով, շատով, բոլորով կարող ենք ավելի շատ բան անել, ավելի շատ բան ստեղծել, որը կիսելն ավելի հեշտ ու հաճելի է, քան չոր հացը, որի փշրունքներն էնքան քիչ են, որ ոնց էլ կիսես, մեկին չի հերիքելու ու վերջ՝ կռիվը պատրաստ ա: 

Բայց դիմացինդ, ասենք, Մարսից ա, որտեղ փշրանքը էն ամենն ա, ինչ իրեն պետք ա (պետքի սահմանն ինքը հստակ գծել ա), ինչ ինքը մտածում ա (իր մեկնաբանություններն են իր արժեքների, պատկերացումների հիման վրա, գրեթե բացարձակ ճշմարտություններ, որովհետև իր ապուպապերից սկսած իրենք էդպես են տեսել աշխարհը), ինչ ինքը ուզում ա (ինքը կամ իր փոխարեն ուրիշները, կարևոր չի, կարևոր ա, որ ինքը դա յուրացրել ա), ինչը իրան ստիպում ա ապրել: Ինքը դարերով կռվել ա, ինքը ուրիշ բան չգիտի անել: Դու էլ ասենք դարերով սիրել ես ու դու էլ ուրիշ բան չգիտես անել: 

Հիմա ի՞նչ անել, երբ դուք երկուսով հայտնվել եք ռինգում. հստակ սահմաններ կան, փախչել չի լինի: Սիրե՞լ, թե՞ կռվել: Թե՞ հարցն էլ եմ սխալ տալիս: Ուրի՞շ ինչ հարց տամ, որ էդ ռինգում էդ երկուսն իրար հետ մի օր ապրեն: 

Էսօր մի էսպիսի հետաքրքիր գործ եմ հայտնաբերել, շաաաատ հետաքրքիր: Ու արդեն մի երկու ժամ ա լսում եմ: Շատ հետաքրքիր...  Luigi Boccherini: La Musica Notturna delle Strade di Madrid - Op. 30 n. 6 (G. 324)




Monday, April 8, 2013

Տարօրինակ փաստեր

Տղամարդկանց մի տեսակ կա, որին հայտնաբերելը 30-ամյակ տևեց: Էս տղամարդիկ սկսում են ատել կնոջը նույն այդ կնոջը ցանկալու պահից և նման ցանկություն առաջացնելու պատճառով: Սովորաբար համեստ, խելացի, բորոր առումներով չափված-ձևված մարդիկ են: Ու երբ իրենց «առաքինությունը վտանգված» է, սկսում են ատել վտանգի աղբյուրը՝ կնոջը: Միևնույն ժամանակ նրանք պաշտում են մի այլ կնոջ՝ իրենց կանանց ու մայրերին: 

Տարօրինակ ա, բայց փաստ ա...