Wednesday, March 19, 2008

Մեր Նանաշոն

Տատն ու պապն իրեն կոչել էին "Արմենուհի": Ոչ ոք երբևէ իրեն այդպես չանվանեց: Արմիկ, Սվետիկ, Սվո... Մինչև մորս "Նանը" դարձավ "Նանաշո": Փոքրամարմին, ուղիղ, սև, կարճ մազերով ու ամեն ինչ ջերմագույն ժպիտի տակ թաքցրած կրակոտ աչքերով այս երիտասարդ աղջիկը բոլորին հիշեցնում էր Միրեյ Մատյոյին` իր նեղ ջինսե տաբատով, գլխի շարժումին հնազանդ կլոր սանրվածքով ու իր կրքոտ կենսախնդությամբ:

Նանաշոն բոլորի սիրելին էր. միշտ հասնում էր, երբ ոչ ոքից այլևս օգնություն չէր կարելի սպասել, տղաները վստահում էին կանանց մասին ամենաթաքուն գաղտնիքները, կանայք` տղամարդկանց հանդեպ իրենց զգացմունքները: Արմիկին միշտ կարելի է խնդրել բացատրել, գծագրել, կուրսային գրել: Ամեն ինչ անում էր ժպիտով, կարծես առանց որևէ ջանքի:

Ամռանը, երբ ավարտեց պոլիտեխնիկը, մենք գնացինք Ադլեր, ինքը` Ալավերդի: Վերադարձին իմացանք, որ Նանաշոն նշանվել է: Մայրս չէր կարողանում տեղը գտնել, հայրս` վիրավորված էր. եթե կյանքում առանցք պետք է լիներ, Նանաշոյի համար դա հայրս էր, իսկ հիմա ինքն առանց այդ առանցքի ճանապարհ է ընկել... դեպի ընտանիք, որ հորս համար սրբություն է:

Երբ մերոնք հանդիպեցին Նանաշոյին, նա ժպտաց ու ասաց ընդամենը սա. "Եթե դուք էստեղ լինեիք, երբեք չէիք համաձայնվի..." Մայրս ասում է, որ Նանաշոն սիրում էր իր կուրսեցի Ստյոպին՝ մեր շրջկոմի նախագահի տղային: Շատ լավ ընկերներ էին: Մի քանի անգամ նա Նանաշոյին ճանապարհում է Ալավերդի ու "երևի իմացավ, որբ էրեխա ա, հերն ալկահոլիկի մեկն ա էղել, ինքն է շրջկոմի նախագահի տղա: Էլ չճանապարհեց..."
Իսկ Հայկասարը համառ էր: Նանաշոն դեռ առաջին կուրսում էր, ես էլ մի, թե երկու տարեկան: Հայրս մտնում է տուն, տեսնում ինչ-որ անծանոթ մարդիկ են նստած: "Եկել ենք ձեր աղջկան ուզելու": Հայրս տարակուսում է, "Իմ աղջիկը մի տարեկան է": Հայկասարի ծնողներն էին: Աղջիկն էլ պապայի մեծն էր` Նանաշոն: Պապային դուր չեն գալիս անծանոթները. "Ես ամուսնացնելու աղջիկ չունեմ":

Նանաշոն նուրբ, խորը կին էր: Հայկասարը` վայրենի տղամարդ: Մի օր Ալավերդում մորաքրոջս տանը հյուրընկալելիս մայրս որոշեց հյուր գնալ Նանաշոյին: Զանգեց, պարզվեց չի կարող ընդունել: Մայրս զարմացավ, բայց մտածեց, դե երևի կեսուր, հարևան, բարեկամ, ոչինչ, հաջորդ օրը կգնա: Մյուս օրը Նանաշոն արդեն չկարողացավ լուրջ պատրվակ գտնել: Մի քանի ժամից մայրս վերադարձավ` խեղդվելով անզուսպ հեկեկոցներից: "Մինչև աչքերը կապտուկների մեջ էր էրեխեն..."

Մայրս Հայկասարին երբեք չներեց: Հայրս ու Հայկասարը երբեք չկարողացան իրար աչքերի մեջ նայել: Նանաշոն շարունակեց ապրել Հայկասարի հետ ու ժպտալ. "Չէ, երեխեքին չեմ կարող առանց հոր թողնել":

Անցան տարիներ: 90-ականներին գնացին Ռուսաստան: Իմացանք, որ Հայկասարը վատառողջ է: Վերջին մի քանի ամիսը շատ վատ էր ու Նանաշոն անխոնջ, ժպտալով, համբերատար խնամում էր: Հուղարկավորության ժամանակ լուռ արտասվում էր ու հետևում, որ ամեն ինչ պատվով ու կարգով լինի...

Նույն փոքրամարմին կինն էր, արդեն կարճ, ալեխառն մազերով ու տխուր, ժպտացող աչքերով: Երկու հասուն տղամարդու մայր...

Thursday, March 13, 2008

Աննա Կարենինա







© Գայանե Տոնիկյան


Լրիվ ուրիշ բաների մասին էի ուզում գրել (օրինակ` նկարի ու գարնանային Երևանի:-)) ու հիմա գրում եմ նրա մասին, ինչի մասին մտածում էի, բայց գրել չէի պատրաստվում: Իմ հիվանդության երկօրյա ընթացքը երևի տասնօրյա թվար, եթե չլինեին "Աննա Կարենինան" և երկու հեռախոսազանգերը...Վեպի վերընթերցանության համար կարելի էր և դիմանալ այս հիվանդությանը:-)

Առաջին ընթերցանութունից հետո մնացել էին ընդհանուր զգացողություններ. ինչ-որ բարձրաշխարհիկ հավաքույթներում տեղի ունեցող խոսակցությունների բզբզոց, Աննայի սիրո ուժգնությունն ու նրա հանդեպ անարդարությունը, Վրոնսկու նկատմամբ ինչ-որ անհասկանալի, բայց որոշակի դառնություն: Հիմա կարդում եմ ու մտածում, թե ես ինչպես կարող էի դա կարդալ 16-ում, երբ աշխարհից բան չէի հասկանում, կամ էլ ռոմանտիկ նիհիլիզմով էի տառապում:-)

Հրաշալի վեպ է: Այդքան կերպարների վառ, անկրկնելի նկարագրությունն ուղղակի ապշեցնում է: Ոչ մի կերպարը մյուսին չի կրկնում` Լևին, Օբլոնսկի, Կարենին, Կիտտի, Դոլլի... Ու ինչն է հետաքրքիր. կերպարները զարգանում են իրենց իսկ կերպարի մեջ: Ոչ ոք այդ գծված կերպարային շրջանակից դուրս չի գալիս: Տեսնես, դա յուրահատուկ է 19-րդ դարի վերջի ռուս հասարակությա՞նը, թե՞ հիմա էլ է այդպես: Թերևս հիմա էլ, ուղղակի այսօր փոփոխության խելահեղ տեմպը թույլ է տալիս չզարմանալ նույնքան խելահեղ, բևեռային փոփոխությունների վրա:

Չափազանց հետաքրքիր է ժամանակային ճանապարհորդություն կատարել ու տեսնել, թե այսօր ինչպիսի բարքերի, հավատամքների ու սկզբունքների արդյունք ենք ստացվել: Օրինակ` երբ Լևինը, որպես ազնվական, հայտնվում է 19-րդ դարավերջի Մոսկվայում, այսպես է նկարագրում իր կյանքն ու զբաղմունքը քաղաքում` խոսակցություններ, միայն: Առավոտից երեկո, ու ժամանակ չկա... Քաղաքում ազնվականը, փաստորեն, պորտաբույծ էր: Նույնիսկ պետական ծառայությունն ընդամենը որոշակի խոսակցություններ վարելու համար ստեղծված միջավայր էր:-)

Կանայք... Դոլլիի անկեղծ զարմանքը, որ կարելի է նաև ընտրել` երեխա չունենալ, իշխանուհի Շչերբացկայայի տարակուսանքը` ինչպես ամուսնացնել դստերը, երբ իր իմացած բոլոր տարբերակներն արդեն չեն գործում, որոշակի քամահրանքն ու անլրջությունը հանդեպ այն, որ կինը կարող է կարդալ, գրել, մտածել. ամեն ինչ հրաշալի է, եթե նպատակը բարձրաշխարհիկ սահուն խոսակցություն ապահովելն է, իսկ եթե հանկարծ մի քիչ լրջանում է գործը` անմիջապես տարհամոզում են. "Нет, нет, она не женщина-автор!"... Կանայք ամուսիններ են, մայրեր, սիրուհիներ: Կարծես թե վերջ: Նույնիսկ ամենալավերը վերցնում են ինչ-որ դեր ու սկսում այդտեղ անձնազոհաբար լավը լինել, կամ էլ երջանիկ բացառություններով` իրենց տղամարդկանց աջակցությամբ լավը դառնալ հասարակայնորեն ընտրված դերում: Գրում եմ ու մտածում, թե հիմա ինչն է տարբեր: Կարծես թե միակ տարբերությունն այն է, որ ինչ-որ կանայք փորձում են հասկանալ, թե կին լինելու սահմանը վերջանո՞ւմ է որևէ դերով, թե՞ անցնում է անդին:-)

Տղամարդիկ. չինովնիկներ (կարդալով վեպը` հասկանում ես, թե որքան ուրույն տեսակ է սա), լավի սկզբունքներն իրականություն դարձնելու փորձի միակ հավանական կրողներ` սակավաթիվ, անշուշտ, սպաներ (կարող են և առնականության հետաքրքիր կրողներ լինել, բայց բարձրաշխարհիկ հասարակության ներքոհիշյալ միջավայրն այնքան էլ չի նպաստում դրան), լավ հայրեր, տառակեր գիտնականներ, որոնք այդպիսին են դառնում այն պահին, երբ չեն կարողանում իրենց տեսությունները նրբագեղորեն կամ էլ տվյալ պահին զվարճալի համարվող անկեղծությամբ ներկայացնել կանանց սալոնում:-)

Բարձրաշխարհի հասարակություն.
1) ձև` հաճախ շատ գեղեցիկ:-)
2) կեղծավորություն
3) հաճույքը` որպես վերջնանպատակ
4) կրոնը` որպես ամենամիջոց
5) ժառանգորդների բացարձակ անհրաժեշտություն, սակայն, որպես կանոն, նվազագույն անհատական մասնակցություն նրանց դաստիարակության գործում
6) իր տեսակի գերազանցության հանդեպ պարզամիտ ու անկեղծ հավատ
7) ցանկացած բարի գործ հիմնականում կատարվում է` ելնելով բարի երևալու ցանկությունից, բարին որպես նույն այդ հասարակության կողմից լավ ընդունելության արժանանալու հավանակությունից, ձանձրույթից...

Խառնիփնթոր մտքեր ստացվեցին, բայց այս պահին փորձում եմ չկորցել անմիջական զգացողությունները վեպից: Սա էլ արդիականության ախտանիշը` 'հիմա':-)


Thursday, March 6, 2008

Միգուցե դրսի արևից մի ճառագայթ անցնի ներս...

Արտակարգ իրադրությունը շարունակվում է: Առավոտյան Ազատության հրապարակում զինվորները շրջանակում են Թումանյանին ու Սպենդարյանին: Երբեմն ստիպված են լինում լռել կանանց զայրույթի պոռթկումին ի պատասխան: Կողքներով անցնելիս կախում ես գլուխդ: Եվ դու, և զինվորը...

Հեռուստատեսություն դադարեցի նայել երկու օր առաջ: Կիսասուտը թունավորում է ուղեղդ: Բլոգեր փորձում եմ չկարդալ, թեև այնքան էլ լավ չի ստացվում դա անել, որովհետև ...նիրվանայից հեռու եմ, գործողություն եմ ուզում, ուզում եմ ծղոտիկ գտնել կախվելու համար: Բոլորը պիտակներ են... Kornelij-ն միակ բացառությունն է:

Հակամարտություն կա մեր հասարակության մեջ: Բևեռացում: Այսօր Հայկը ասում է բևեռացում չկա ժողովրդի միջև, բևեռացում կա ժողովրդի ու ռեժիմի միջև: Այո, եթե դու եղած տվյալներից նախընտրում ես ընտրել նրանք, որոնք փաստում են հօգուտ քո տեսակետի: Իմ շուրջը կան մարդիկ, որոնց նա անվանում է Ջայլամներ, բայց որոնք նույնքան կիրթ են, նույնքան ցավում են իրենց հայրենիքի համար, նույնքան ոչ-ռեժիմական են, որքան Հայկը: Բայց չեն սատարում Լևոնին: Ասում են ԿԱՆԳՆԵՔ, ՄՏԱԾԵՔ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԵՂԵՔ, մի կաղապարեք ձեր գաղափարը... Երբ մահակը գլխիդ չի խփել, կարող ես նման բան ասել, իսկ երբ ցավում է մարմինդ ու հոգիդ, վրեժ ես ուզում, արդարություն ես ուզում: Ումի՞ց: Մեր դժբախտությունը նա է, որ մեր իսկ տեսակից...

Երբ առկա է հակամարտություն, կողմերը սովորաբար կարծես թե երկու օրինաչափ վարքագիծ են ցուցաբերում.
ա/ փորձում են ճշմարտությունը գտնել: Դրա համար պետք է սահմանել վատը: Վատի համար պետք է գտնել պատասխանատու: Վերջնական նպատակը` մեղավորների բացահայտում ու պատժում: Ընթացքը մոռացության է մատնում նախանպատակը` ճշմարտության բացահայտումը:
բ/ փորձում են լուծել հակամարտությունը, որովհետև հակառակ դեպքում կորուստները շատ են: Այս դեպքում փորձում են տալ երկու հարցի պատասխան. լավը ո՞րն է և ի՞նչ անել, որ դրան հասնել:

Մենք ընտրել ենք առաջինը... Լավ, գտանք մեղավորին` իշխանություններն են: Փոխեցինք: Ավելի լավո՞վ: Նույնիսկ սա կարևոր չի: Ի՞նչ է լինելու այդ փոփոխությունից հետո: Նոր իշխանության ամրապնդում: Ինչպե՞ս: Նույնպես, ինչպես հիմա: Դա քանդո՞ւմ է արատավոր շրջանը: Իմ կարճ խելքով` չէ: Ի՞նչը կարող է քանդել: Երկխոսությունը: Չի ստացվում: Իշխանություններն անպատկառորեն ստում են, մեղադրում, բռնանում: Ընդդիմությունը ընտրում է միայն իրեն հարմար փաստերը, երբեմն ուռճացնում, մեղադրում, Արևմուտքին հորդորում օժանդակել իրեն: Մեր մեջ չկա մեկը, որ վստահության այնքան արժանի լիներ, որ երկու կողմերին կարողանար նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ... Ողբալի է... Երևի արդեն արժանի ենք դրան, եթե մեր մեջից կեղտն ի վիճակի չենք մաքրել...

Monday, March 3, 2008

Երևան, մարտի 3, 2008

Ուրբաթ երեկոյան վերադարձա Թբիլիսիից: Մնացի Վանաձորում: Ժամը 7-ին տանը բոլորը դադարեցրեցին իրենց գործերը ու հավաքվեցին հյուրասենյակում: Սկզբում չհասկացա: Հետո լսվեց "Ազատություն" ռադիոկայանի ծանոթ երաժշտությունը: Գավառական այս քաղաքում ինֆորմացիայի միակ աղբյուրը:

Մարտի 1: Արթնացա գործընկերուհուս հեռախոսազանգից. "Թումանյանի մոտ կրակոցներ են լսվել: Գործի գնալո՞ւ ենք": Հետո իմացա ընկերների, ծանոթների վնասվածքների մասին... Ժամը մեկ փորձում ենք Ազատությունից, տարբեր բլոգերից, զանգերից ինչ-որ բան իմանալ: Հ1-ով սերիալ է: Զանգում եմ Գլաձոր, որ քաղաքապետարանի դիմացն է: "Սկզբում ուղղակի ինչ-որ ձայներ լսեցինք: Մարդիկ էին հավաքվում, ոստիկաններ: Դե, իրենք էին տարբեր բաներ շպրտում, սկզբում ոստիկանները ուղղակի կանգնած էին: Իրենց գլխներին տարբեր բաներ էին գցում: Հետո մի քանի հոգի փորձեցին մտնել համալսարան: Հետևից ոստիկանները: Ռեկտորը փորձում էր ուսանողներին մի կողմ տանի: Մի երեք հոգի չհասցրեցին փախչել, ցուցարարների հետ խառնվեցին, իրենց "դումբինկաներով" խփեցին... Հետո մարդիկ սկսեցին բարիկադներ սարքել, ու էդ ընթացքում հետևի դռնից ուսանող, դասախոս արագ դուրս եկան"...

Ժամը երեքին քույրս Երևանից դուրս եկավ դեպի Վանաձոր: "Ֆրանսիական դեսպանատնից մինչև կոնյակի գործարան մարդիկ էին", ասաց:

Հինգից հետո LiveJournal-ի բլոգերներից ու Դիտորդից փորձում էինք սուղ տեղեկություններ իմանալ իրադարձությունների մասին, քանի որ ընկերների հեռախոսները երբեմն անհասանելի էին, երբեմն նրանք չէին պատասխանում:

Կարծեմ 10:30 լսեցինք արտակարգ իրադրության մասին հայտարարությունը: Չէինք հավատում ոչ մի բառի... Կեգիշերից հետո իմացանք, որ զոհերի թիվը շատ է, ինչքան, դեռ չգիտեինք, ու որ Տեր-Պետրոսյանի հայտարարությունից հետո ցուցարարները ցրվել են:

Գիշերային իրադարձությունների մասին միակ աղբյուրը մնացին բլոգերը: Հ1-ի տեղեկատվության նպատակը` արդարացնել իշխանության գործողությունները: Տեղեկատվություն չէր, ցավալի խեղկատակություն, որի պատճառով անելանելի հուսահատության մեջ ես ընկնում: Մի ոստիկանից իմացանք, որ իրենք զինված չեն եղել ու մի քանիսը հազիվ են ողջ մնացել: Չհավատել չեմ կարող, եթե դեռ հավատում եմ, որ աշխարհիս երեսին ազնիվ մարդիկ կան...

Կիրակի, մարտի 2-ին Վանաձորից եկանք Երևան: Մինչև գալը, լսեցինք, որ ոչ մի տրանսպորտ չկա դեպի մայրաքաղաք: Հետո, որ ոչ մի երթուղային քաղաք չի մտնում: Ավելի ուշ, որ թողնում են միայն կանանց: Սովորականի պես երթուղայինն իր տեղում էր, նստեցինք, մեր մեջ` 8 տղամարդ: Քաղաքի սահմանին մի 5 ոստիկան կար կանգնած: Անարգելք անցանք սահմանը: Երևան մտնելիս մի զրահապատ մեքենա կար ու մի քանի զինվորական մեքենաներ: Կանգնեցրեցին երթուղայինը: Քաղաքավարի խնդրեցին իջնել մի մասին, որպեսզի երթուղայինի հատակը երևա: Նայեցին, ասեցին "Բարի ճանապարհ" ու հասանք Երևան:

Առավոտյան զանգեցի համալսարան: Առօրյա աշխատանքային օր է, դասեր կլինեն: Քանի որ ուշանում էի, տաքսի եմ կանչում: Վարորդն իմանալով ուղղությունը` վրա է բերում. "Հաղթանակի կամուրջի մոտ տանկեր ու ԲՏՌ-ներ են կանգնած: Գնա՞մ": "Ահա, գնացեք մինչև էնտեղ, որտեղից արդեն թույլ չեն տա": Անցանք կամուրջը: Ոչ ոք չկար: "Արարատ" կոնյակի գործարանի մոտ խցանում էր: Մետրոպոլի մոտ Գլաձոր տանող ճանապարհի վրա մի քանի զրահապատ մեքենաներ ու զինվորներ կային կանգնած: Կամուրջի վրա վարորդն ասաց, "Քուրո ջան, քո համար եմ էսքանն էլ գնում: Տղա լինեիր, չէի քշի: Համ էլ Գլաձորում մի ամիս դաս չի լինի, ընենց են քանդել սաղ...": Ասում եմ, "Կանգնեք": Իջնում եմ, մի քիչ քայլեցի դեպի հյուրանոց, հասա զինվորներին: Հարցնում եմ, "Կարելի՞ է անցնել": Ասում են, իհարկե, անցեք: Քայլում եմ դատարկ փողոցով: Հասա համալսարան: Նորմալ վիճակում էր: Ուսանողներ չկային: Քայլեցի դեպի Հանրապետության հրապարակ: Մյասնիկյանի արձանի մոտ մի 30-հոգանոց ջոկատ կար, զինվորներ, ոչ ոստիկաններ: Ուղղակի կանգնած էին:

Միֆերը կրքեր են բորբոքում, երբ պետք է խոհեմ լինել...

***********

Ո՞վ է մեղավոր: Բոլորս. իշխանությունը, ընդդիմությունը, ես, որ կողքից նայում էի... ու եթե փորձենք մեղավորների բացահայտման գործով զբաղվել, ավելի շատ արյուն կթափվի... Ին՞չ կարելի է անել: Չգիտեմ: Ես ուզում եմ, որ վարչապետը ներողություն խնդրի ստեղծված իրավիճակի համար, որ ցավակցի բոլոր զոհվածների հարազատներին ու տուժածներին: Որ չստի: Որ խոստանա առաջիկա մի տարում աշխատել ընդդիմության հետ ու փոխհամաձայնության արդյունքում մեկ տարի հետո նոր ընտրություններ լինեն` արդար: Արդարությունը թող վերահսկեն ինչ-որ ժողովրդական խմբեր, մարդիկ, որ միշտ բողոքում են անարդարությունից: Բաց է, կարող ես գալ գրանցվել 5-հոգանոց խմբում ու հսկել:

Ես ուզում եմ, Որ Տեր-Պետրոսյանը ներողություն խնդրի ստեղծված իրավիճակի համար, որ ցավակցի բոլոր զոհվածներին ու տուժածներին: Որ խոստանա առաջիկա մի տարում աշխատել իշխանությունների հետ ու փոխհամաձայնության արդյունքում մեկ տարի հետո նոր ընտրություններ լինեն:

Հնարավոր չի...

Ես ցավում եմ ընկերներիս համար ու ինձ համար, որ չեմ կարող միանալ նրանց, որովհետև ես չեմ կարողանում ինձ համոզել հանուն ընկերության միանալ նրանց արդարությանը... Իմ արդարությունը չեմ գտնում էդտեղ... Ես չեմ հավատում, որ եթե շաբաթ երեկոյան 5-ին որոշ ապաքաղաքական մարդիկ արդեն գիտեին, որ նոր բախում է լինելու և քաղաքապետարանի մոտից փորձում էին իրենց ընկերներին հեռացնել, այդ մասին անտեղյակ էր Տեր-Պետրոսյանը... Ես չեմ հավատում արյունահեղափոխությանը... Ես չեմ հավատում, որ մահակավորի մահակը իր վրա հետ չի գալու... Ու Սերժն ինչպե՞ս է երդվելու որպես այս երկրի նախագահ...