Thursday, November 12, 2015

Խառն էլի

Կյանքում մանրուքներ չկան, կան առաջնային ու երկրորդական բաներ: Մանրուք չի ուշանալը: Քթի ծակ չունենալը մանրուք չի, մահացու մեղք ա... Փնթիությունը երկրորդ նման մեղք ա: Փաստորեն, մենք տենց մեղքերի մեջ թաղված էլ ապրում ենք:-)

Էնպես ա ստացվել, վերջերս մի քիչ շատ եմ շփվում մարդկանց հետ ու դառնում եմ ոչ համբերատար: Որովհետև զզվում եմ, երբ քեզանից առաջ գրատախտակն օգտագործած դասախոսն իրենից հետո վզիդ ա փաթաթում իր եսը, երբ 15 րոպե ամբիոնի դռան մոտ կանգած հիմնականում լավ երեխեքից գոնե մեկը չի ֆայմում, որ ախր չկաաաաաաաա էդ մարդը, չկաաաա, կարելի ա, չէ՞ հարցնել, զանգել, գրել, իսկ ավելի լավ ա, գնալ լսարան, մեկ էլ տեսար էնտեղ ա, ոչ թե 15 րոպե կանգնել ու կանգնել...

Մի տեսակ ջղայնացած եմ, չէ՞: Երևի քամուց ա:-) Բայց ասեմ, որ լավ եմ: Որովհետև չնայած համարյա արդեն չէ-ականության հակված որոշմանը, որ Ձյունի մի զանգով շտկվեց դեպի հա, երեկ լաաաաաաավ էր: Երեկ էնքան հավես դեմք տեսա՝ հին ու նոր, որ աշխարհն էլի սկսեց սիրուն պտտվել-պտտվել-պտտվել:-) Բայց ի՜՜՜՜նչ սիրուն ա հայերենը, ի՜՜՜նչ սիրուն ա, երբ երգվում ա հայերեն՝ ջերմորեն, տաքուկ, տառապալից, հանգիստ, ծերունաջահելավարի, կատակով, լացով, ցավով ու սիրով: Ինչպես ցանկացած լեզու, էլի, բայց «կատուն պետք ա մլավի»:-))))))))

Tuesday, November 10, 2015

Փակագծեր

Ինչ ունեմ ասելու: Չգիտեմ: Եթե երբևէ սնապարծությունս էնքան շատանա, որ տրվեմ ընկերներիցս մի երկուսի հորդորանքին, էս բառից միլիոն հատ ա լինելու ա. գրեթե ամեն նախադասությունից հետո:-) Բայց գիտեմ, որ ոչ մի նոր բան չի ասվելու, անգամ հինն էլ նոր ձևով չի ասվելու (ինչպես ինձանից առաջ տասնյակ տաղանդավոր, հազարավոր շնորհալի ու տասնյակ հազարավոր անշնորհք գրողներ են ասել): Ամեն ինչ ասվել ու շարունակվում է ասվել աշխարհի ու մարդու, կյանքի ու մահվան մասին: Բայց ինչպես միլիոն տարի առաջ (էն ժամանակ մարդ կա՞ր), հիմա էլ մարդը, անծանոթ մարդը շարունակում է հետաքրքրել մյուս անծանոթ մարդուն (մինչդեռ արդեն վաղուց ժամանակն ա հետաքրքրվելու ու ճանաչելու ծանոթ մարդկանց, որովհետև էդպիսիք գնալով շատանում են, ու մենք խառնվում ենք իրար, չենք կարողանում, չգիտենք ինչպես ճանաչել ու սիրել ծանոթներին, որովհետև հազարամյա գեները շարունակում են հրապուրել մեզ դեպի անծանոթը: Իսկ նա, էս անծանոթը, գնալով քչանում ա, ու մենք թակարդն ընկած մկան (Չքաղաքականացնել: Կամ եթե կարող եք էնպես անել, որ մուկն ընկնի թակարդը՝ խնդրեմ: Ես՝ ձեր խոնարհ ծառան։-)) նման դեսուդեն ենք մեզ խփում. իիիիիինչ անենք, ոնց անեեեեենք.............):

Արդեն նկատեցիք. ես սիրում եմ փակագծեր: Ես շատ եմ սիրում փակագծեր, որովհետև փակագիծից ներս կյանքն է: Մարդու, մեկի կյանքը: Դրանցից դուրս ամեն ինչ ունայնություն է: Դե, էնքան էլ չէ, որովհետև դրանցից դուրս կյանքի կմախքն ա: Դրանցից դուրս հենարանն ա: Բայց մարդուն հենարանը երբեք չի բավարարել ու ինքն ի սկզբանե սկսել ա զարդարել հենարանը: Ու ինչպես կասեր մեր Նարուկը, «զարդարունքն» այդ հենց մարդու կյանքն ա: Փակագծի փակերը հենց ուղղեցիր, կլոր այդ գծերը հենց պառկեցրիր, ներսից դուրս ա հորդում մարդու կյանքը: Մարդու, ոչ թե մարդկության: Պուճուր ու մեծ, թշվառ ու հպարտ մարդու կյանքը: Դուրս ա հորդում ու կորչում գնում: Դառնում մարդկության կյանք: 

Փակագծերում պահում ենք ամեն մի մանրունք, որ կարող է դիմացինին մատնել ինքներս մեզ: Մատնե՞լ: Ինչո՞ւ մատնել: Ինչո՞ւ ենք փակվում փակագծերից ներս ու մտածում, որ դուրս գալ նշանակում է մատնել: Չգիտեմ: Բայց էստեղ ես հաճախ բացում եմ իմ փակագծերը: Անգամ մատնության գնով։-)

Monday, November 2, 2015

Կամուրջ

Հայկանուշը տասներկու տարեկան էր, երբ ամուսնացրին Համբարձումի հետ, որ պիտի դառնար իմ ու շատ այլոց պապն ու ում փեշակն ուրիշներին տաքացնելն էր. փեչ էր սարքում: Ու սիրունացնում կենցաղը՝ կլեկում էր, մաքրում-փայլեցնում էն ամենն, ինչ բնականորեն հակված էր մաքուր ու փայլուն լինելու: 

Բաբոս լուռ, հոգատար երեխա էր բերում: Սաթիկ, Բենիկ, Արփիկ, Ռիմա, Յուրիկ, Ռոզա, Անժո, Անո: Ու կար Գենկան, որն էնքան սիրուն էր, որ մի օր հարևանը սիրելով քար նետեց, թե «Արի սիրեմ մի քիչ», քարն էլ կպավ Աքիլեսյան գարշապարին ու Գենկան գնաց էնտեղ, որտեղ իր տեղն էր: Նույնիսկ Կլեկչոնք հարմար չեկան հրեշտակին: 

Կլեկչոնց ցեղը կամուրջ ա էս կյանքում: Մեկ-մեկ՝ ճոճվող, մեկ-մեկ՝ դարավոր, քարե կամուրջ, բայց դեռևս երբեք չվթարված: Էդ կամուրջով սերունդներ են անցնում տառապանքից տառապանք: Կլեկչոնց ցեղը երկաաար կամուրջ ա. երբեմն մի ծայրից մյուսն անցնելիս, հասցնում ես մոռանալ, որ կամուրջը վերջ ա ունենում: Կլեկչոնց կամուրջը կանգառներ ունի: Վե՞րջ: Հույս ունեմ դեռ մի քանի սերունդ էլ չի հասցնի գտնել  Կլեկչոնց կամրջի վերջը: 

Կլեկչոնց ցեղի կանայք մի հրաշալի հատկություն ունեն՝ բաջանաղներին ճիշտ ընտրել: Երևի մենակ Սաթիկի բախտը չբերեց: Արփիկն ուներ ոսկե ձեռքերով Մամիկոնին, Ռիման՝ «բեր էն, չգիտեմ ինչը, էնտեղից, չգիտեմ, որտեղից»-ը միշտ գտնող Գագիկ Լևոնիչին, Ռոզան՝ Կոտե Մախարաձեի հայկական տարբերակ Ալյոշա Կազարյանին, Անժոն՝ պրոֆեսոր Հայկազին, Անոն՝ ֆրանտ ու բարետես Սամվելին: Բնականաբար, գոյություն ունի բաջանաղական խորոված անելու նույնքան միակ ճիշտ ձև: 

Ու եթե բաջանաղների համար խորոված անելու միակ ճիշտ ձևը կարող ա խորովածի կրակի մոտ անթաքույց հակամարտության տեղիք տալ, իրար կյանքի միջով անցկացնելու միակ ճիշտ ձևը Կլեկչոնց մոտ երբեք կասկածի տակ չի դրվել: Անկախ աշխարհը որ ուղղությամբ կպտտվի, եթե Կլեկչոնցից մեկն ասել ա, որ ձախ ա պտտվում, ուրեմն ձախ ա պտտվում: Ուզում ա աստված երկնքից իջնի ու գիտականորեն ապացուցի, որ էդպես չի: Իրենք իրար պինդ բռնած, թևութիկունք գնում են առաջ...

Կլեկչոնք աշխարհի աղնուհացն են. «Դե, սիրուն ցեղ ենք, էլի, հո զոռով չի»: Սա դասական ա, որ հնչում ա ցեղ ներս թողնելու պաշտոնական ամեն մի արարողության ժամանակ՝ իբր թե կամաց ու պատահաբար խնամոնց ականջու նետված: 

Հ.Գ. Իմ տարօրինակորեն հավատարիմ ընթերցողի համար։-)))