Thursday, May 24, 2012

Ես ու մենք

Երեկ ինչ-որ ռադիոհաղորդում էր, որի ընթացքում փորձում էին պարզել քաղաքացիների կարծիքը վերջերս քննարկվող տեսանյութի շուրջ: Որ տղաների միջև ծեծկռտուքը վաղուց «տղամարդ թրծելու» այլանդակ միջոց ա դարձել թե՛ դպրոցում, թե՛ բուհում, էդ հեչ, էդ կրթության ու դաստիարակության «շտապ օգնության» հիմնախնդիրներից չի, իսկ աղջիկների ծեծկռտուքը՝ ա: Թեև, արդարության համար պիտի նշել, որ որպես կանոն երևույթի ծայրահեղ դրսևորումներն են, որ ի վերջո հանգեցնում են մեծամասնական վարքուբարքի ռևիզիոնիզմի...

Հարցման ընթացքում մի բան ականջս ծակեց. երիտասարդների մեծամասնությունը դեպքի իրենց մեկնաբանություններում պատասխանատվությունը դնում էին անմիջականորեն դրանում ներգրավված կողմերի վրա. «Ծնողն ու դպրոցն էդքան էլ կապ չունեն: Դե երևի իրենք ինչ կարող էին, արելի էին: Ինչքան էլ ծնողները կամ դպրոցը ուշադիր լինեն, էդ իրենց արածն ա: Մեղավորն իրենք են, ոչ թե ծնողը կամ դպրոցը»: 

Ինձ համար հետաքրքիր էր էս անհատականացումը, անհատի՝ որպես իր անձի կերտման  համար պատասխանատու մտքին նախապատվություն տալը երիտասարդ սերնդի մոտ: Էս ինձ համար արևմտականացման ամենահետաքրքիր դրսևորումն ա մինչև հիմա... Նոր սերունդը ինչ-որ հետաքրքիր ծիլ ա տվել՝ «Ես ինքս», ես-ը ոնց որ գլուխ ա բարձրացնում սոցիումով  պայմանավորված ինքնության կերտման հայկական իրականությունում, հը՞՞՞՞՞: 

Tuesday, May 22, 2012

Մաքրելու արվեստի մասին

Ես հոգով, տեսակով հավաքարար եմ: Կամ էլ մի քիչ ավելի սիրուն ասված՝ մաքրող: Սեփական ստեղծագործություն գրեթե չունեմ: Չգիտեմ ինչու: Մի տեսակ բավարարվում եմ նրանով ինչ կա՝ մտավոր, հոգևոր, թե նյութական: Ստեղծելու համար անբավարարվածություն ա պետք, շատ, ուժգին, գրեթե մոլագար: Պետք ա եղածից դժգոհ լինել: Ես եթե դժգոհում եմ, սկսում եմ մաքրել՝ ներսից էլ, դրսից էլ: Նոր բան ստեղծել չեմ կարողանում: Երևի նրանից ա, որ լռության ու հանդարտության պահանջն անմիջապես չեզոքացնում ա անբավարարվածության ուժգնությունը: Կամ էլ տեխնիկական լեզվով ասած՝ թերարժեքության կոմպլեքսով եմ տառապում:-))))) 
Ու որպես հավաքարար, քիթս չեմ խոթում ինձանից մեծ բաների մեջ: Ինձ հետաքրքրում ա ատոմը, համաստեղությունը, գիտակցությունը, նյարդը, յուղաներկը, սոցիալական շարժումը ու էդպես շարունակ, բայց ես չեմ կարողանում խոսել դրանց մասին. ես լսում եմ, եթե խելքս հասավ, հասկացա, հավաքարարի նման տեղավորում եմ ինչը որտեղ կարող եմ, իսկ մնացածը «չուլանն» եմ գցում՝ «մեկ էլ տեսար մի օր պետք եկավ» սկզբունքով: 

Բայց ես վարպետ հավաքարար եմ:-) Պապայից ժառանգած «սիրունության գենն» ինձ ստիպում ա մաքրության ամեն մի շարժում հնարավորինս կատարյալ դարձնել: Հետևանքը՝ նորը չի ծնվում: 

Thursday, May 17, 2012

Հանրակրթական դիտարկում

Ես մի քանի շաբաթ ա ինձ համար բզբզում եմ, թուղթ-մուղթ եմ գրում ու հենց նոր հետաքրքիր մի տվյալ գտա: TIMSS-ի մասին լսած կլինեք. 4-րդ և 8-րդ դասարաններում մաթեմատիկական գիտելիքների միջազգային չափիչ գործիք ա:-) Հայաստանում կիրառվել ա 2003 և 2007 թվականներին: 2011-ի տվյալները դեռ չկան (գոնե պաշտոնական կայքում): 

Հիմա ինչն էր հետաքրքիր. 

Էդ ՏԻՄԶ-ի արդյունքներն ըստ մակարդակների են՝ գերազանց (Advanced-625), լավ (High-550), միջին (Intermediate-475) և ցածր (Low-400): Հայաստանի համապատասխան տոկոսներն են.
4-րդ դասարան՝ 2007թ. - 8, 28, 60, 87 և 2003թ. - 2, 13, 43, 75 : 
8-րդ դասարան՝ 2007թ. - 6, 27, 63, 88 և 2003թ. - 2, 21, 54, 82 :

Հետաքրքիրն էն ա, որ 2003թ. համեմատ հանրակրթական որակը չի ընկել ու նույնիսկ հակառակը, հատկապես գերազանց սովորողների դեպքում... Իսկ առօրյա փորձն ու բնազդը հակասում են էս վիճակագրությանը: Իհարկե մեթոդոլոգիայի ու նման հարցեր կան, բայց ըստ էս «կշեռքի» մենք միջին «մտավոր վիճակում» ենք... Կահնեմանն ասում էր, որ մենք հակված ենք ընտրելու ինտուիտիվ գրավիչ տվյալները:-) 

Բայց ուրիշ հետաքրքիր բաներ էլ կան. 
ա. 2003-ին գերազանց աշակերտների տոկոսը չի պակասում, լավերինը նույնիսկ ավելանում ա, ինչը չի կարելի ասել 2007-ի մասին: Փաստորեն, միջին դպրոցում որակի խնդիրն ավելի լուրջ ա. լավերի տոկոսը նույնիսկ ընկնում ա: 
բ. Գերազանց սովորողները հանրակրթության կարիքը շատ էլ չունեն...Մեզ են երկրորդ թիվն ա պետք՝ «լավը»: Մեր հանրակրթության խնդիրն էդ ա: 63 ու 88-ով «գիտելիքահեն» պետություն չես դառնա: 

Դե լավ հոգնեցի թվերից, գնամ մի քիչ լավ բաներ լսեմ:-)

Monday, May 14, 2012

Նախագեն ու ես

Մի քանի օր առաջ ինձ հարցրեցին, թե ինչ եմ ուզում երկրի նախագահից: Մի քիչ հանկարծակիի եկա, որովհետև էդ պահին հասկացա, որ ես ավելի լավ գիտեմ, թե ինչ չեմ ուզում, (էն էլ ավելի շուտ անհասցե «պետությունից»), քան ինչ եմ ուզում: Մի քիչ մտածեցի, ու առաջին հինգ րոպեում կազմած իմ ցանկն էսպիսին է. 

  • հանրային այգի բոլոր միջին չափի թաղամասերում
  • հանրային տրանսպորտ, որտեղ կարող եմ չկռանալ ու չկպչել մարդկանց ու կիմանամ, որ ուղիղ 7-ին ավտոբուսը լինելու է կանգառում
  • պետական կառույցների հետ շփման պարզ, թափանցիկ, առանց ֆինտուֆլյուշկեքի կարգ
  • հանրային գրադարան
  • գյուղացու «վերապատրաստում» ու երկարաժամկետ, ցածր տոկոսադրույքներով /էս բառը չգիտեմ ինչքանով ա ճիշտ, բայց դե/ վարկավորում
  • որակյալ հանրակրթություն ու մասնագիտական կրթություն  /որակյալ=«մարդս մարդ լինի» ու 10 տարի սովորելուց հետո կարողանա կա՛մ բուհ գնալ, կա՛մ աշխատել/ 
  • ագրեսիվ կանխարգելի՞չ /preventive/ առողջապահական /սպորտի հետ սերտորեն առնչվող/ ծառայություններ
  • զինվորին հարգող, ֆիզիկապես ուժեղ ու խելացի բանակ
  • նվազագույն աշխատավարձի էնպիսի չափ, որ կարողանամ սեզոնային նորմալ ռացիոնով սնվել ու սեզոնային միջին գնի հագուստ առնել
  • գոնե պետական ու ՏԻՄ կառույցներում կաշառակերության չափերի նվազեցում՝  ուղեկցված հանրային հնչեղության դատավարություններով
  • մուրացիկների համար ապաստան
  • գիտության ֆինանսավորում: 
Ազատ, անկախ Հայաստան, օրենքի գերակայություն, կաշառակերության վերացում, աղքատության հաղթահարում ու տենց բաներ չեմ ուզում...

Sunday, May 13, 2012

Դիմաց

Ճտճտացող ծառուղին իմ կյանքի աննշանակ, սակայն տարօրինակ կերպով երբեք չխամրող կտավներից է, որոնք պիտի նկարեմ, պարբերաբար: Ծառուղին իրականում բարդիների մի շարք է ընդամենը, որոնք աջից են, երբ գնում ես երաժշտական դպրոց, ու ձախից, երբ վերադառնում ես տուն: Բարդիները բարձր են: Երբեմն կարելի է լսել, թե քամին ինչպես է թաքնվում տերևների մեջ: Բայց ավելի հաճախ իմ կտավում տերևները գետնին են ու ճճճճըըըըըըտտտտտ ձայնով խլացնում են քամուն: ճճճճըըըըըըտտտտտ ճճճճըըըըըըտտտտտ ճճճճըըըըըըտտտտտ... Տունը հեռանում է ինձանից: Մնում ենք ես, տերևներն ու նոտաները: Չէ, երաժշտություն չկա, միայն ճճճճըըըըըըտտտտտ ու նոտաներով սև պայուսակը, որ չէի սիրում ու ամեն պատեհ առիթ օգտագործում էի դրանից ազատվելու համար: 

Tuesday, May 8, 2012

Հայերենի մասին

Հենց նոր հետաքրքիր մի հոդված էի կարդում, հայերենում հաճախակի կիրառվող սխալների մասին, որոնք նույնիսկ չեն գիտակցվում որպես այդպիսին՝ http://www.lezu.am/?p=698: Ընդհանուր տոնն իհարկե դուրս չեկավ, բայց որոշ բաներ շատ օգտակար են: Չհասկացա երկու բան. 

ա/ ինչո՞ւ է սխալ «այս պահին» արտահայտությունը: Քանի որ այս դեպքում ճիշտ տարբերակների օրինակներ չկային, որոնք միգուցե կօգնեին գիտակցել սխալը, ավելի շատ չհասկացա;-) /Տկն. Փալանդուզյանն ինձ ցից կհաներ նման հայերենի համար;-))))))))/

բ/ Մեջբերում հոդվածից. 

«Կարծիքը կիսել
Մեր ազգին ոչ կարծիք կիսելն է հատուկ, ոչ տպավորությունը, ոչ էլ նույնիսկ զգացմունքը: Մենք դրանք փոխանցում ենք, հաղորդում, իսկ կիսում ենք այն առարկան, որը պետք է երկու հավասար մասի բաժանել, օրինակ հացը, քարը, թուղթը… Փոխաբերական իմաստով էլ ասենք պատմությունը կարող ենք կիսել: Մնացած «կիսումները» օտարամոլություն են կամ թարգմանական արվեստի չիմացություն:՞
«Մեր ազգին ոչ կարծիք կիսելն է հատուկ, ոչ տպավորությունը, ոչ էլ նույնիսկ զգացմունքը:»  Այոոոոո: Իսկապես մեզ հատուկ չի դա;-))))))) Մենք մեզ իրավունք ենք վերապահում դրանք փոխանցել, հաղորդել, տեղեկացնել, ու վերջ, ինչ կիսել, ինչ բան /մեջբերման մեջ երևում է, չէ՞, թե ինչ ենք կիսում:-) /: Համակարծիք լինելն է էնքան հազվադեպ երևույթ է, որ էս բառակապակցությունն էլ չենք կիրառում: Կամ էլ հանուն ճշմարտության՝ գրեթե երբեք չենք կիրառում: Հիմա ի՞նչ անենք, էդպես չկիսելով էլ մնա՞նք, թե փորձենք մտածելակերպ փոփոխել՝ թեկուզ մայրենիի անաղարտության հաշվին /վերջերս ինչ-որ գովազդի կարգախոսին ուշադրություն դարձրեցի. «Հայի ոգին անփոփոխ է դարեդար», կամ էլ նման մի բան: Մի էնպիսի վեհությամբ էր դա ասվում, ասես մի լավ բան ա, էլի: Աշխարհն էսքան զարգացել ա, իսկ մեր ոգին դեռ քարեդարյան ա մնացել/: Սովորել նաև մտքեր կիսել, ինչպես հացը...
Ընդհանրապես, կուռքեր սարքելը վատ բան ա, նույնիսկ եթե կուռքդ աստված ա:-))) Վերջերս մի հետաքրքիր բլոգերի էի կարդում, որի մտքերն ինձ իսկապես հետաքրքրում են, նույնիսկ եթե երբեմն չեմ «կիսում իր կարծիքը» ;-))))))) Հետաքրքիր մի գրառումից հետո խեղճին ցեխը կոխեցին ու չհանեցին իր գրագիտության աստիճանի պատճառով, ու էդ պուրիտանները մի րոպե անգամ իրենց նեղություն չտվեցին մի պահ վար իջնել իրենց անաղարտ պատվանդաններից ու մտածել, թե ինչ էր ասում էդ տղան: Բարի չենք: 

Monday, May 7, 2012

Kurt Vonnegut: God Bless You, Mr. Rosewater


Եթե ճիշտ եմ հիշում, Կուրտ Վոնեգուտի մասին առաջին անգամ լսել եմ 2006թ. ամռանը, Ազգային պատկերասրահում: Իր «Կապտամորուսի» մասին կրքոտ նկարագրության արդյունքում:-)  

Հետո շատ սիրեցի Վոնեգուտին: Անգամ երբ անունը պատահաբար միտս է գալիս, ժպտում եմ: Իր ժպիտն ինձ վարակել է: Օրինակ՝ Կունդերային էլ եմ սիրում, բայց ծանր, անժպիտ, երբեմն նույնիսկ վախենալով, երբեմն էլ զահլես գնալով իր ծուռտիկ-մուռտիկ փիլիսոփայությունից, խավարի մեղվաբունը քչփորելու մոլուցքից: Երբ Վոնեգուտն է գրում, ապրված, ոչ թե մտածված կյանքի հոտն եմ առնում, ինչպես գարնանային այն անկրկնելի բուրմունքը ծաղկած ծառերի մոտով անցնելիս, երբ ոտքերիդ տակ նախորդ աշունքվա արդեն փտող տերևներն են: Վոնեգուտի խորքերից լույս է ճառագում, գոնե ինձ համար, ու այն հյուսված է պարզությունից, բարությունից ու ինքն իր վրա ծիծաղել կարողանալու անհավատալի, զռռալու աստիճան հոգեպարար թեթևությունից: 

Կարդում եմ «GOD BLESS YOU, MR. ROSEWATER,or Pearls Before Swine» վիպակը.

... "And what methods did Caesar Augustus use to put this disorderly house in order? He did what we are so often told we must never, ever do, what we are told will never, ever work: he wrote morals into law, and he enforced those unenforceable laws with a police force that was cruel and unsmiling. He made it illegal for a Roman to behave like a pig. Do you hear me? It became illegal! And Romans caught acting like pigs were strung up by their thumbs, thrown down wells, fed to lions, and given other experiences that might impress them with the desirability of being more decent and reliable than they were. Did it work? You bet your boots it did! Pigs miraculously disappeared! And what do we call the period that followed this now-unthinkable oppression? Nothing more nor less, friends and neighbors, than "The Golden Age of Rome."

Ինչո՞ւ է մեզ բարոյականությունն այդքան դժվար տրվում, ինչո՞ւ Համմերի համար պատրաստ ենք ամեն ինչի, իսկ տիեզերք թռչելու համար ճկույթներս էլ չենք շարժի: Ո՞ր պահից մենք, սովորական, բնության մասնիկ մարդիկս սկսեցինք նյութը, ու հատկապես մարդակերտ նյութն, աստվածացնել: Ախր սովի հարցը չի, Համմերն ի՞նչ կապ ունի կուշտ փորի հետ: Բայց նույնիսկ եթե էսօր ինչ-որ մեկին հաջողվի Օգոստիանոսի նման օրենքներ պարտադրել, վաղն ինքը կերպարանափոխվելու է օրուելյան Նապոլեոնի: 

Friday, May 4, 2012

Ընտրել, բայց ի՞նչ

Հայաստանում ժողովրդավարությունը գրեթե ոչնչով չի տարբերվում ցեղավարությունից: Չէ, առայժմ ոչ մի գնահատական չեմ տալիս; Ինչպես միշտ նկարագրում եմ. 

Ցեղն ի՞նչ ա: Ինչքանով տեսել եմ՝ ամուր ընտանիքներ, փոխկապակցված արյունակցական կամ թշնամական հարաբերություններով, հոգևոր առաջնորդ ու իմաստուն նահապետ, որին մի մասը սատարում է, որովհետև արյունակցական կապ կա, մի մասն էլ փորձում է գահից գցել, որովհետև ինչ-ինչ պատճառներով թշնամացել են: