Thursday, March 17, 2011

Մի լուսանկարի պատմություն

Համբարձում պապիս հիշելիս սկզբում հայտնվում են ժպտացող աչքերը,

Լույսի պես թափանցիկ, ամենագո ու անշոշափելի խորություն ունեին պապիս  աչքերը՝ լողում էիր էդ պարզ հանդարտության մեջ ու պարուրվում ջերմության թավշե ալիքներով: Կամ ... էս «կամը» լավ չգիտեմ, երեխա ժամանակ «կամ» չկար, բայց հիմա հասկանում եմ, որ էդ պարզությանը կամ պիտի տրվեիր կամ գլուխդ առած հեռու փախչեիր դրանից, որովհետև հետո, մենակ, չէիր կարողանալու հայելու մեջ ինքդ քեզ ուղիղ նայեիր: 

... հետո կցկտուր դրվագներ մանկությունից, գրեթե միշտ արևոտ... Ամոջում էինք: Ինձ «գենշտաբն» ուղարկել էր հարևան Լենա տոտայենց տուն. կամ բան պիտի տանեի, կամ բերեի: Դա լուրջ հանձնարարություն էր, պարտավորեցնող: Բնականաբար, հանրությանը  համապատասխան տեսքով ներկայանալու անհրաժեշտությունը կրկնապատկվում էր: Բայց առաջադրանքի հրատապությունը թույլ չտվեց փոխել վանդակավոր կաաաարճ շորս, որ տանն ինձ միանգամայն նոմալ շոր էր թվում, իսկ դրսում ամբողջությամբ բացել էր ազդրերս ու ինձ անդադար խարանում էր «Բա ամո՞թ չի սենց կարճ շորով դուրս գնամ» գրեթե գոյություն չունեցող փեշով: Ամո՞թ: Էլ ամոթ մնա՞ց, երբ նույնիսկ կոշիկ թույլ չտվեցին հագնել, այլ Գայուշի հնամաշ չուստերով շտապեցրեցին դեպի բուրումնավետ վարդուղուց անդին իր համար անտարբեր տնկված «մերն» ու «ուրիշը» բաժանող ծանր ու ճռռան դարբասը:

Իսկ վարդուղուց աջ Ամոջի խնձորենին էր... տասնյակ կյանքերի հայուրավոր պատմությունների, վշտերի ու ուրախությունների լուռ ու քաղցրահամ վկան: Խնձորենու տակ նստարան կար: Պապս արդեն վատառողջ էր: Գյուղ քիչ էր գալիս: Էդ արևոտ օրն ով գիտի որերորդ թոռան ծնունդով կամ կնունքով բոլորով էլի Ամոջ էինք եկել, Լևոնն էլ հզոր էդ ծառի նման լուռ ու ժպտադեմ հավերժացնում էր Կլեկչոնց ցեղի մեծ ու փոքրին:      

Սևուսպիտակ նրա նկարներից միչև հիմա դաղձի թեյի ու Կլեկչոնց անհավատալի հավատարմության ու ընտանիքի ջերմության հոտն ա գալիս:

Պապս կուչ եկած նստեց նստարանին ու շարունակեց ժպտալ: Գիրկն առավ իր աչքերը ժառանգած եղբորս, թևի տակ քաշեց կրակոտ Գայուշին ու հպարտ ուղղեց մեջքը: Իսկ ժպիտը լայնացաաաաավ ու ամբողջովին գրավեց պապիս: Արդեն երեքով պիտի հավերժանային արևային գույներով, երբ իմ չուստերի քսքստոցն ընդհատեց Կլեկչոնց համար սրբագույն մի ծիսակատարություն՝ լուսանկարվելը: Պապս ինձ էլ կանչեց: Ու նկարվեցինք՝ ինքն իր ժպիտը ժառանգելով թոռներին, Էդգարը՝ պապի ջերմությունից գուրգուրված, Գայուշը՝ պարմանուհու խուճուճ ժպիտը շուրթերին, ես էլ էսա-էսա բոլորից թռնելու ու իմ առաքելությունը կատարելու շտապողականությամբ:  

6 comments:

menaria said...

Ինչ հրաշալի պատկեր: Դաղձի հոտն ինձ էլ հասավ,սիրտս ճմլեց: Ինչ լավ ա, որ ես ձեզ հանդիպել եմ: Սիրում եմ ձեզ:

christina said...

:-)

ovanitas said...

Ես էլ մտովի մեր գյուղ գնացի, ապրես:
էսքանից հետո նկարն էլ պիտի ախր դնեիր է :Ճ

christina said...

Պետք ա պեղել:-Ճ Հաջողության դեպքում թարմացում խոստանում եմ:-Ճ

Anonymous said...

Christina jan, es el im papin hisheci, u kokords mi qich lcvec:)

christina said...

Ուրախ եմ, որ որ ստացվեց լավ հուշ արթնացնել;-)