Friday, May 31, 2013

3. Պատմություն ձեր մանկությունից

Մանկությունից ներկա ես անցնում եմ խճանկարե միջանցքով, որտեղ քարեր են պակասում, շատ քարեր, մանր-մունր, բայց շատ էական: Էնքան, որ իմ խճանկարը չի ավարտվում: Երբեմն աղոտանում, երբեմն էլ գունեղանում է՝ չսպասելով որևէ հրավերի: 

Պուճուր քար 1
Գյուղում էինք: Պապաս ու Լևոնը տուն էին սարքում: Քարերն ու ավազը, քրտինքը, ճակատին կապված թաշկինակն ու նկուղի առջև հոգնած ու համով ճաշերը հիշում եմ: Ես ինչ էի անում, երբ պապաս ու Լևոնը տուն էին սարքում, չեմ հիշում: Երբեմն էլ ուղղակի գնում էինք պապիս ու տատիս տեսնելու: Ցեղն էր գալիս Եղիշ պապին ու Անահիտ տատին տեսնելու: Մինչև իրենց հասնելն արդեն ահագին իրար պատմած էին լինում, թե ինչ կա չկա, որովհետև ավտոբուսի վերջին կանգառից մինչև մեր կամ պապիս տուն մի կես ժամ էր, երեխեքի հետ՝ 45 րոպե:

Ես շատ սիրում էի հետ գալը: Դիք չկար, իսկ ավտոբուս միշտ կար: Հոգնած իջնում էինք, նստում ու սպասում, թե երբ պիտի շարժվի:


Wednesday, May 29, 2013

2. Պատմություն մի մարդու մասին, որից վախենում եք

Սիրտդ էնքան արագ ա խփում, որ ասում էս ճար լիներ, բաց թողնեի, թռչեր գնար: Ուզում ես մտնել մի ծակուռ ու երկար ժամանակ դուրս չգալ, մինչև  մի ուժեղ, չէ, համարձակ գիրկ չլինի, որ էդպես աչքերդ էլ փակ տրվես ու հետ չնայես: Քրտնում ես, նույնիսկ ամենացուրտ օրը: Սրտխառնոց, գլխապտույտ, դողերոցք: Ծայրահեղ դրսևորմամբ վախն էս ա: Առօրեական վախի հիմնական դրսևորումը կարծես թե տվյալ երևույթին (ընդհանրական արտահայտվենք) չբախվելն է:  Լավագույն դեպքում՝ ընդհանրապես:

Էսպես են, չէ՞, վախենում: 

Մարդու, ով կարող է ինձ էս վիճակին հասցնել, չեմ ճանաչում: Էնպես որ, անհետաքրքիր պատմություն ա ստացվում: Բայց վախենում եմ մի բանից: Երկար մտածեցի, որ մտաբերեմ, թե վախն ինչ համուհոտ ունի, հետո փորձեցի հասկանալ, թե դա երբ եմ զգում: Վախենում եմ անզորությունից: 

Երկար եմ մտածում, թե ում մասին գրեմ ներկա ժամանակով, չեմ գտնում: 

Անցյալով...

Մեր հարևանի՝ լավագույն բարեկամներից մեկի տղայից: Ես երկրորդ դասարանում էի, ինքը երևի յոթերորդ-ութերորդ: Ես չէի սիրում որևէ տեղից դուն վերադառնալ: Որովհետև եթե ինքը տարածքում էր, ես չէի հասցնում վազելով բարձրանալ չորրորդ հարկ: Մինչև դարձա չորրորդ դասարան: Ու էլ անզոր չէի: 

Սա կարճ ու զզվելի պատմություն ա: 

Սովորեցի չվախենալ: Ես քաջ չեմ: Համարձակ չեմ: Հաճախ վախկոտ եմ: Բայց չեմ վախենում: 

Tuesday, May 28, 2013

Երևի սկսեմ

բայց համոզված չեմ, որ հերթականությունը կպահեմ:-)

  1. Պատմություն մի բանի մասին, որ ոչ ոք չէր սպասի՝ դուք կանեք
Բալթիմորում ամռանը մարդիկ նման էին սաաաառը ջրի մեջ դրած ձմերուկի: Բայց մարդիկ քրտնում էին գաղջ խոնավությունից: Ես սիրում էի այդ գաղջությունը: Բայց ոչ հունիսյան այդ օրը, երբ ամեն ինչ անկապ էր՝ խոնավությունը, շոգը, տնային հանձնարարությունները, տրամադրությունս, շորերս, մազերս, ես՝ մի խոսքով: Դեռ կես ժամ կար, մինչև հաջորդ դասս կսկսվեր: 


Wednesday, May 22, 2013

Տխուր լինելու մասին:-)

The funny thing is when you sing the blues, you lose 'im...

Buddy Guy 

ու էլի շատ լավ մարդիկ...

Բայց ես ինչքան եմ սիրում Ջիմի Փեյջին, համարյա էնքան, ինչքան 20-ում Ջիմ Մորիսոնին:-)

Երանի էն մարդկանց, որ խելառ են ու անկեղծ՝ էդ խելառության մեջ:-)

Saturday, May 18, 2013

Բաբոս

Բաբոս էսպիսի մարդ էր.

Լինում ա չի լինում, Ղլաչում Քալի անունով մի կին ա ապրելիս լինում՝ բարձրահասակ, դիք, ասում են՝ սիրուն: Պապիկիս խորթ մայրն էր Քալին: Երբ ութ տարեկանում Նոյեմբերյանի էս  ոչ էնքան փոքր գյուղում մահանում ա պապիկիս մաման, մի նոր կին ա տուն գալիս, ու պապիկիս համար երկու եղբայր ծնում: 41-ին պատերազմ ա սկսվում: Ես եղբայրներից մեծն էդ ժամանակ ծառայելիս ա լինում Թիֆլիսում: Ամուսնացած էր արդեն: Ջահել հարսն ու նորածինն էլ Ղլաչում էին: 

Մի օր էլ պապիկիս եղբորն իմաց են տալիս, թե թող ամեն ինչ, շուտ հասի տուն. էրեխուն բան ա էղել: 

Monday, May 6, 2013

Շահեր ու բանակցության քվանտային մոդել

Վերջին մի քանի ամսվա ընթացքում մի քանի չորս օրանոց վերապատրաստման դասընթաց ներ ենք անցկանցրել մարզերում: Եղել ենք Եղեգնաձորում, Արմավիրում, Գյումրիում, Հրազդանում, Գավառում ու Աշտարակում: Դեռ մի քանի քաղաքներում էլ կլինենք, բայց ինչն ա հետաքրքիր. 

Գործընկերս ներկայացնում ա Ռոջեր Ֆիշերի համակարգած բանակցային մոդելը, որտեղ առանցքային հասկացություններից մեկը շահերի շուրջ բանակցությունն ա: Իսկ դա անելու համար պետք է կարողանաս տարբերել շահերը դիրքերից: Օրինակ՝ վերջերս ծանոթներիցս մեկը պատմում էր էն մասին, թե մեր գյուղերից մեկում ինչպես են գյուղացիք հրաժարվում հանձնել կաթը նորակառույց մթերման կետում: Պատճառը՝ առաջարկվող ցածր գինը: Հիմա գինն ինչ ա, ըստ ձեզ, շահ, թե՞ դիրք: Ֆիշերի հետ համակարծիք լինելու դեպքում՝ դիրք: Բա շահը ո՞րն ա էս դեպքում: Փորձենք կռահել՝ միգուցե իր աշխատանքին իր պատկերացմամբ համապատասխան վարձրատրվելը, եկամուտ ապահովելը, երկարատև բարձր եկամուտ ապահովելը, կոմբայն առնելը ու էլի տարբեր բաներ: Հաստատ միայն հրաժարվող գյուղացին կասեր, եթե իրեն հարցնեին, թե ինչու ա ինքն ուրիշ գին ուզում: 

Ու երբ գործընկերս արտասանում է «շահ» բառը, մի տեսակ անհարմարության զգացում ա  լցվում սենյակում: Գրեթե երբեք վարժություններ անելիս չեմ լսել, որ մարդիկ էդ բառն օգտագործեն: Խուսափում են: Երբ անգամ պնդում ես, որ ասեն, թե իրենց շահը որն է, իրենք ինչ են ուզում, ոնց որ ամաչելիս լինեն: Ուզենալն ամո՞թ է:  Մի տեսակ անհարմար զգալով ասում են՝ «Դիեգոյին վաճառել» «Շատ փող ստանալ»  (սա էլ մի տեսակ ագրեսիվ են ասում, ասես ներքուստ գիտակցելով, որ ինչ-որ վատ բան են անում, բայց մտնում են խաղի մեջ ու ալտեր էգոյով ագրեսիվոտ ասում են, որ նման շահ ունեն): 

Sunday, May 5, 2013

«Մենք»

Նոր տարուն պետք ա էս ֆիլմը նայել` ընտանիքով, ընկերներով, հարևան-բարեկամով՝

ՄԵՆՔ

Արտավազդ Փելեշյան

P.S. Միգուցե 2020-ին նայողներից մեկն էլ կշարունակի, թե մենք ով դարձանք էս մի քանի տարվա մեջ...