Wednesday, June 30, 2010

Վատ սովորույթ

Ամենավատերից մեկը՝ ամեն ինչ վերլուծել:

Օրինակ. սովորաբար հաղորդակցման ամենակարևոր նպատակներից մեկը համարվում է մտքերի փոխանակությունը, որն արդեն երկխոսություն է ենթադրում: Ես միայն վերջերս եմ նկատել, որ մեր հաղորդակցությունների գրեթե  մեծամասնությունն ըստ էության մենախոսություն է... «Ես»-երի մենախոսություն, որը երկխոսության պատրանք է ստեղծում միայն ձևի շնորհիվ. անմիջական ականջի, երկրորդ «ես»-ի ականջի առկայության շնորհիվ:

Saturday, June 26, 2010

Դիմանկար

Հազվադեպ է պատահում, որ մարդու դեմքը միանգամից մխրճվի սրտումդ ու տակնուվրա անի: Էն էլ տոթակեզ ավտոբուսում...

Քառասունհինգ-հիսուն տարեկան տղամարդ էր: Ծաղրանկարիչն անմիջապես կընդգծեր մեծ քիթն ու աչքերն օղակած պարկերը: Բայց չէր համարձակվի նկարել... Որովհետև հանդարտ, կապույտ անհունի մեջ խորտակող աչքերի ողբերգությունն ու լիքը շուրթերի ժպտացող դառնությունը ողբերգակի վրձին էին պահանջում... Այս դիմագծերը խոնարհում են պահանջում: Մարդու առջև, ով ցավել է... ու առանց չարացածության ու անտարբերության դիմավորել մահը հույսի ու անիմաստությունը պայքարի:

Ճանապարհին, 453 համարում, ինքը, կինն ու ավագ որդին թերաճ կրտսեր որդուն պատմում էին Լոնդոնի մասին:

Thursday, June 24, 2010

Auld Reeki

«Մառախլապատ» կամ «գարշահոտ»՝ ասում են, reekie-ն երկիմաստ բառ է, ու մինչև օրս էլ չեն կարողանում նեղել իմաստներից մեկն այնքան, որ մնա միայն մեկը: Թեև իրականությունն արդեն մի քանի դար է, ինչ ազատվել է գարշահոտությունից՝ Էդինբուրգը կամ Auld Reekie-ին թողնելով հիմնականում ամպերից խոժոռված ու գորշ մառախուղով պարուրված, բայց՝ գարշահոտությունից միանգամայն զերբազատված:

21-րդ դարում այս քաղաքը սիրում են: Իր բնակիչները: Ուրիշ քաղաքների բնակիչները: Ինչո՞ւ: Ինչպես ցանկացած սեր, հենց փորձեցիր բացատրել, մեկ էլ տեսար սեր չմնաց:-) Ու սիրո անբացատրելիությունից ծնվում են  պատմություններ ու լեգենդներ.

Sunday, June 20, 2010

Kensington Gardens' Patchwork

Մայրամուտը մոտենում էր: Օդն էլ գնալով սառչում, ստիպում էր մտածել տաք թևերի կամ փափուկ բրդե ծածկոցի մասին: Բոլոր մեծահասակներին, բայց ոչ հուզմունքից շիկնած կարմրաթուշ երկամյա մանչուկին ու մեծ, թաց, սև աչքերով նրա քրոջը, ով ամենայն լրջությամբ կերակրում էր ափի մոտ հավաքված կարապներին: Արհեստական լճակի ափին երեխաները հիանում էին կարապներով կամ կերակրում նրանց, բադերին ու աղավնիներին, սրանք իրարից խլխլում էին հացի կտորներն, իսկ մեծերն ամփոփում էին արևոտ օրվա ցուրտ երեկոն՝ արագ-արագ անցնելով դեպի այգու ելքը տանող ծառուղին կամ նստարաններին նստած սպասելով թռչուններից էլ անհագուրդ հետաքրքրասիրությունից տառապող, ինքնամոռաց երեխաներին:

Բացի երկու մեծ ու մի պստլիկ: Մեծերից մեկը ճաղատ ու երկարամազ, ամբողջովին սպիտակահեր պապիկ էր: Չէ, չեմ սխալվել, հենց այդպես՝ ճաղատ ու երկարամազ: Սպիտակ մազերը թատերական կեղծամ-միրուքի պես ճաղատի կեսից փարթամորեն իջնում էին մինչև պարանոցի եզրը, իսկ լերկ ճաղատին համահունչ արևի վերջին շողերից փայլում էր մեեեեծ ու երկար քիթը:

Anthony Giddens: Modernity and Self-Identity

No doubt soap operas, and other forms of entertainment too, are escapes - substitutes for real satisfactions unattainable in normal social conditions. Yet, perhaps more important is the very narrative form they offer, suggesting models for the construction of narratives of the self. Soap operas mix predictability and contingency  by means of formulae which, because they are well known to the audience, are slightly disturbing but at the same time reassuring. They offer mixtures of contingency, reflexivity and fate. The form is what matters rather than the content. In these stories one gains a sense of reflexive control over life circumstances, a feeling of a coherent narrative which is reassuring balance to difficulties in sustaining the narrative of the self in actual social situations (p. 199).

Tuesday, June 8, 2010

Հայոց լեզվի և գրականության միասնական թեստ 1

Մինչև ինչ-որ բան գրելը մի քանի փաստ (կամ վերջերս կատարված փոփոխությունների համաձայն արդեն «մի քանի փաստեր»), որոնց մեջբերումն այստեղ հուսով եմ կպարզաբանի իմ դիրքորոշման համատեքստը.

- Հայոց լեզու և գրականություն առարկաները միշտ սիրել եմ, բայց սերս դպրոցական պատերից դուրս չի եկել. երկու առարկայից էլ ինչ-որ սովորել եմ, սովորել եմ խորհրդային տարիների միջնակարգ դպրոցում: Հայ գրականությանը լավ ծանոթ չեմ: Կարդացել եմ դպրոցական առարկայական ցանկով նախատեսված գրեթե բոլոր վեպերն ու պատմվածքները, բայց շատ հազվադեպ եմ հուզվել այնքան, որ բացի պարտադիր գրականությունը այլ գործեր կարդամ: Հայկական դպրոցում կրթվելով՝ գրեթե հավասարաչափ ռուսերեն  եմ կարդացել, իսկ համալսարանից սկսած՝ նաև անգլերեն: Միգուցե դա էր պատճառը, որ երբ սկսեցի շփվել այլ դպրոցներից իմ հասակակիցների հետ (սպորտային դահլիճում, հայոց պատմության մասնավոր դասընթացի ժամանակ, օլիմպիադաներին), նոր ծանոթներս միշտ զարմանում էին, երբ չէի տալիս 4-րդ, 11-րդ և 14-րդ դպրոցների անունները. Կիրովականի ռուսական դպրոցներն էին: Ինչևէ, որպես ամփոփում. այն ամենն ինչ հիշում եմ հայոց լեզվից 80-ականների վաղեմություն ունի:

Monday, June 7, 2010

Զբոսանք

Հայրս կոստյումը կրում էր արժանապատվությամբ: Ասես իր ինքնարարման խորհրդանիշը լիներ, գյուղից քաղաք իր պրպրտուն մտքով կամուրջ կապած հետաքրքրասիրության հանդերձը, որ կրում էր բծախնդիր խնամքով... Միշտ կոկիկ էր, փողկապով:

88-ի ձմռանը մի օր եկավ Ալավերդի, որտեղ ձմեռային քառորդն էինք շարունակում: Դուրս եկանք միասին, քայլում էինք Դեբեդի ափով: Չեմ հիշում ինչ էինք խոսում, երևի ինչ-որ կարևոր բան: Կյանքն էդ օրը փոխեց իր հունը: Մեծացա, երբ տեսա հորս հոգնած աչքերը, հաստ, բանվորական «տուլուպն» ու կեղտոտ, ծանր սև կրկնակոշիկները...