Monday, September 26, 2016

Մեծանալու մասին

Տղամարդիկ չգիտեմ ոնց, բայց կանայքս երևի մեկ էլ զգում ենք, որ մեծացել ենք: Մեծանալու ներկա շարունակական կամ այլ կերպ «պրոգերսիվ» կոչվող (ով ոնց նախընտրի) բայաձևի, այսինքն ներկա ընթացքի մասին չենք խոսում: Երևի չենք մտածում, է՞դ պատճառով: Չգիտեմ, բայց անցումը մի տեսակ բաց ենք թողնում ու մեր կյանքի ինչ-որ մի կետում մեկ էլ տեսնում ենք, որ մեծ ենք: 

Միգուցե ինչ-որ ազդանշաններ լինում են, ասենք մեր սիրելի անունների պոչից ոչ սիրելի, անգամ հիչկոկյան սարսափազդու ծյոծաների մեկընդմեջ հայտնվելը:-) Չափսերի «անհասկանալի» երկրաչափական պրոգրեսիաները: Մարմնի սովորույթների անսովոր շեղումները: Լիրիկական զեղումների անհասկանալի հաճախականությունը: Բայց դրանք ազդանշաններ են, որոնցից մի պահ անակնկալի ենք գալիս, բայց երիստասարդական հիմնարար սովորույթների օրինաչափության թափը դեռ էնքան ա հերիքում, որ չենք վռվում. շարունակում ենք 25-ի նման:-) 

Մինչև մի օր պատահաբար նկատում ես, որ «տարեց» տղամարդկանց հայացքն իրականում տարեց տղամարդկանց հայացք չի, այլ քո տարեկցի:-)))) Որ կողքդ նստող երկար մազերով, աշխարհից նեղացած, սիրուն-բանաստեղծ աչքերով տղային մամայի պես ուզում ես էս աշխարհում հարմարավետ տեղավորել ու մակերեսին պահել, ոչ թե սիրուհու պես իր հետ բացահայտել աշխարհն ու դրա խորքերը:-))))

Ու հասկանում ես, որ մեծացել ես:-) 

Friday, September 23, 2016

Ամառային ճանապարհ

Ճամփից փոշի ա հավաքվում, լիքը հիշողություն, նորություն ու հնություն, ինչ-որ բաներ տեղն են ընկնում, ինչ-որ բաներ՝ դուրս ընկնում: Ճամփեն մաքրիչ ա: Ճամփեն էնքան փոշոտ ա, որ մաքրվելուց հետո մի առ ժամանակ շողշողում ես:-) Ճամփեն փնտրողինն ա:

Իմ ամառվա ճամփեն եվրոպական էր՝ Վիեննա-Բրատիսլավա-Գրաց-Մարիբոր-Բուդապեշտ-Բաթումի: Հա, Բաթումին էլ հետը, որովհետև վրացիք տարեցտարի իրենց ձևով դբա «էդ եվրոպաներն» են գնում:

Սիրուն ճամփա էր՝ մի քիչ անցած, մի քիչ էլ չանցած: Երևի նախորդ սեպտեմբերյան գերմանական ճամփեն ավստրիականն էնպես էր հարթել, որ ստորին ծնոտը կախող զարմանքա-հիացմունքային բնազդային հուզմունքը թաքնվել էր սակավաթիվ շորերի էլ ավելի սակավաթիվ ծալքերում, միայն Բուդապեշտում իր ամբողջ անողոք կրքոտությամբ դուրս թափելու համար:

- Վայ, որտե՞ղ ես ըտենց «զագար» արել:
- Վիեննայում: