Thursday, January 31, 2008

ՀՀ նախագահի ընտրության բանաձևեր

1. Սերժին (սովորաբար դիմում են անունով) տանել չեմ կարող=Լևոն Տեր-Պետրոսյան
( - Ուրիշները շանս չունեն...
- Ինչո՞ւ: Օրինակ` եթե ոչ Սերժը, ինչո՞ւ ոչ Վազգենը, այլ Լևոնը:
- Չի անցնի: Այդքան ձայն չի հավաքի:
Գրեթե նույնական երկխոսություն մոտավորապես մի տաս հոգու հետ:)

2. Լևոնին տանել չեմ կարող=Սերժ Սարգսյան (Սրա աչքը կուշտ ա...)

3. Միևնույնն է, Սերժն է անցնելու, ինչո՞ւ իզուր գլխացավանքի տակ ընկնեմ=Սերժ Սարգսյան

4. Էդ երկուսին տանել չեմ կարող, մնացածներին էլ չարժի անգամ քննարկել= (1) Չեմ գնալու քվեարկության (2) Բոլորին դեմ եմ քվեարկելու` իմանալով հանդերձ, որ անվավեր է համարվելու:

5. Էդ Վահանի ինքնագոհ ամբարտավանությունն անտանելի է: Ամբողջ Դաշնակցությունը խայտառակեց=Անկողմնորոշ

6. Միակ պարկեշտ մարդը, որ մնացել է քաղաքականության մեջ: Գիտեմ, չի անցնելու, բայց քվեարկելու եմ իր օգտին=Վազգեն Մանուկյան

Saturday, January 26, 2008

Անիկ հոքոր*

Ձյուն է գալիս: Երեկվա գորշ ծառերը նորից սպիտակ են: Առավոտյան ամեն ինչ մշուշոտ սպիտակ էր, փափուկ: Հիշեցի մեր գյուղը: Երևի հերթական ծնունդ էր կամ շաբաթ-կիրակի, որովհետև պապիս բոլոր տղաներն ու հարսները, աղջիկներն ու փեսաները հավաքված էին մեծ վառարանի շուրջը: Պատմում էին, ծիծաղում, լռում, երբ պատմությունը հասնում էր իրենց կյանքում երբևէ հարազատ, իսկ հիմա հարազատ, բայց տխուր տեղ գրաված մարդկանց:

Հինգ տղա, երեք աղջիկ, բոլորն ամուսնացած: Բնականաբար, երեխեքից պրծում չկար: Հասակակից մի վեց հոգի էինք: Էլի բնականաբար, ներքին խմբավորումներով. ես ու Վալերիկը, Էդգարն ու Անուլիկը (ես ավելի շատ խոսելու բան ունեի ինձանից մեկ տարով մեծ հորաքրոջս թոռնիկի հետ, նրա` Էդգարից մեկ տարով փոքր քույրն էլ` եղբորս հետ, այնպես որ, ամեն ինչ շատ ներդաշնակ էր մեր խմբակցություններում), Վարդանիկն ու մնացածները, որոնք տվյալ ժամանակահատվածում, լինելով ընդամենը 2-3 տարեկան, խլվրտում էին "մեծերի"` 5-7 տարեկանների միջև: Երեխաների հախից հավաքական կարողանում էր գալ միայն մեծ հորաքույրս: Երկու անխափան միջոց կար. իր հեքիաթներն ու վառարանի վրա ճտճտացող կարտոֆիլը` "պլեճը":

Անիկ հորաքույրս հստակ ֆավորիտներ ուներ` իր մեծ թոռնիկն ու սիրելի, հպարտության առարկա եղբոր ("Պոլիտեխնիկում դասախոս է", շինծու անփութությամբ նետում էր դիմացինի վրա, բայց ուսերն ինքնաբերաբար հետ էին գնում, քանի որ հպարտությունը մեջն ուղիղ չէր տեղավորվում:-)) մեծին: Հորաքրոջս արտաքինից հիշողությանս մեջ մնացել են հինայից ժանգոտված մազերը, մի գույն, որն ինձ անհավատալի էր թվում հինգ տարեկանում ու առանձնացնում էր հորաքրոջս մնացած հողածիններից` դասելով նրան արտասովոր երևույթների շարքը, ու պարբերաբար գրքից պոկվող, ակնոցների տակից դեպի իրեն հառված աչքերին նետվող ուշադիր հայացքը. հետևո՞ւմ ենք, թե՞ էս ա-էս ա փախչելու ենք...

Միշտ հիշում եմ մենակ, պուճուրիկ, աշխույժ, ամեն ինչի ու ամենքի մասին "հավաստի" տեղեկություններ հաղորդող ձայնով մի կնոջ, որ զրուցակցին միանգամից հրավիրում էր մտերմիկ, վստահելի ու միայն իրեն ապավինող միջավայր: (Ինձ նույնիսկ խիստ դժբախտ էի զգում, երբ հանկարծ իմանում էի, որ ամուսինն ուղեկցելու է իրեն այն հազվադեպ դեպքերում, երբ տարին կամ մի քանի տարին մի անգամ վերադառնում էր "խոպանից": Էդ "խոպանն" էլ տանել չէի կարողանում, որովհետև ինձ թվում էր, թե մարդիկ էնտեղ են սովորում ճպճպացնելով ու թքոտ համբուրելը): Հորաքույրս նույն հետաքրքրությամբ ու մտերմիկ ձայնով պատմում էր չգիտեմ ում հարևան Վարդուշի ու կապիտան Նեմոյի մասին: Նույն տխրությամբ բամբասում Մարետի մասին ու մեզ հաղորդում վիշապի առաջին հաղթանակի մասին լուրը:

Հորաքույրս հեղինակություն էր ցեղում. ոչ մի խնդիր առանց նրա չէր լուծվում, ընտանիքները քանդվում ու կառուցվում էին նրա հպարտ հայացքի ներքո: Հարսներն ու փեսաներն էին անգամ փնտրում նրա անաչառ միջամտությունը... Նույնիսկ հորեղբորս սիրուհին էր նրա առջև բացում սրտի գաղտնիքներն ու լսելու համար թարմ մածուն ու պանիր հյուրասիրում:-)

Իսկ ինձ համար նա հեքիաթներ էր կարդում ու ստեղծում, որտեղ ես միշտ արքայադուստրն էի, իսկ Վալերիկը` արքայազնը: Եթե Էդգարն ու Անուլիկը որոշում էին լսել հորաքրոջս հեքիաթներն, անպայման հայտնվում էր ազնվական արյան կրողների երկրորդ զույգը` արքայազնի եղբոր ու քրոջ կերպարներով:

Ափսոսում եմ, որ չեմ հասցնել զրուցել հորաքրոջս հետ...
________
* Լոռվա աշխարհում` հորաքույր

Thursday, January 24, 2008

Փշրանք մեր տխուր իրականությունից

Հերթական երեկոյան հեռուստաալիքային ընտրարշավի ժամանակ կանգ առա "Հայ սուպերստարի" օրագրի վրա: Հետաքրքիր էր խմբի վարքագիծը... Իսկ խմբում մի տաս աղջիկ են, երկու տղա:

Խնդիրը` Նախագծի պրոդյուսերը զայրանում է խմբի անդամների վրա, քանի որ վերջիններս մի քանի օր չեն մաքրել սառնարանն ու պահարանը, և ուտելիքի մնացորդները փչացել են:

Արձագանքը` Մի քանիսը գլուխները կախ լռում են, մի քանիսը հիմարի նման ժպտում, ասես, իրենք բոլորովին կապ չունեն կատարվածի հետ, մի քանիսը փորձում են արդարանալ. "Ես մի քանի անգամ հավաքեցի, հետո տեսնելով, որ մենակ եմ դա անում, էլ չեմ անում: Ինչքա՞ն կարելի է: Ես չեմ եկել այստեղ ուրիշների հետևից հավաքելու, այլ երգելու":

Լուծում` Նշանակել հերթապահություն: Ամեն օր խմբից մեկ զույգ պատասխանատու է սենյակի մաքրության համար:

Արձագանքը` Աղջիկներից մեկն սկսում է գրել զույգերի անունները: Հակոբն ու Սևակը միասին են: Հակոբ` մեղմ ձայնով. "Բայց դուք ձեզ ո՞նց կզգաք, եթե ես ու Սևակն սկսենք հավաքել էստեղ, իսկ դուք էլ կողքից նայեք": "Դե, չէ, էդպես չի կարելի: Եկեք գոնե աղջիկ-տղա կազմենք զույգերը, կամ, լավ, մենք կանենք, էլի, կօգնենք, էդպես խո չենք նայի, թե դուք ոնց եք մաքրում սենյակը":

......Մեռնել կարելի ա.......Ձմեռը լրիվ սառցրել ա մոխրագույն նյութը... Եվ սրանք այն երիտասարդ կանայք ու տղամարդիկ են, որոնք, իրենց հանրաճանաչության շնորհիվ դառնում են նոր սերնդի օրինակելի կերպարները:

Բողոքական եմ, չէ՞, դարձել: Լավ, ամեն ինչ այդքան սև չի: Կան սպիտակ էջեր, որոնք զարդարում են ուժեղ, գեղեցիկ, սիրող, մտածող, փնտրող, բարի կանայք (որոնք իվերջո "կծնեն" նման տղամարդկանց:-) ): Ինչպես Օգոստոսը: Նա էլ է իմ կողքին ապրում, ինչպես և այն տասը աղջիկները:


Wednesday, January 23, 2008

Երազանքը կարող է շահութաբեր լինել

Ինչո՞ւ նման նորությունը երբեք թերթերի առաջին էջը չի զբաղեցնում: Ինչո՞ւ նման օրինակները դուրս են մնում դասագրքերից: Ինչո՞ւ ամեն երկրորդ հայաստանցին լսել է Համաշխարհային բանկի ու վարկի մասին, բայց երևի 1000-ից մեկն է լսել Յունուսի մասին: Չէ՞ որ մենք չենք ուզում այն, ինչ ստեղծել ենք: Կամ էլ սկսում ես կասկածել...

...We Create What We Want

We get what we want, or what we don't refuse. We accept the fact that we will always have poor people around us, and that poverty is part of human destiny. This is precisely why we continue to have poor people around us. If we firmly believe that poverty is unacceptable to us, and that it should not belong to a civilized society, we would have built appropriate institutions and policies to create a poverty-free world.

We wanted to go to the moon, so we went there. We achieve what we want to achieve. If we are not achieving something, it is because we have not put our minds to it. We create what we want.

What we want and how we get to it depends on our mindsets. It is extremely difficult to change mindsets once they are formed. We create the world in accordance with our mindset. We need to invent ways to change our perspective continually and reconfigure our mindset quickly as new knowledge emerges. We can reconfigure our world if we can reconfigure our mindset.

The Nobel Lecture given by The Nobel Peace Prize Laureate 2006, Muhammad Yunus
(Oslo, December 10, 2006)

Ելույթն արժի ամբողջությամբ կարդալ:

Հաջորդ երկու դասերի թեման արդեն գիտեմ որն է...

Tuesday, January 22, 2008

Ձմեռային սիրո պատմություն:-)

Ձյունե թագուհին գերել է շարժումը: Իր ձյունե փեշերը հավաքել ու շնկշնկալով անցել է Սևանի վրայով` հետևից թողնելով իր սառցե հմայքից դյութված անշարժ ալիքներ ու անհավատալի գեղեցկության սառցե բյուրեղներ: Սևանը կարծես չի էլ հասցրել շունչ քաշել, տեղում քարացել է: Փորձել է հասնել սառցե կնոջն իր մեղմ ալիքներով ու գիրկն առնել, բայց վերջինիս կայտառ քրքջոցից պոկված սառցե բեկորներն անմիջապես զարդարել են այդ քնքշությունը անշարժ, սառցե զարդանախշերով ու թողել-հեռացել:

Սառցե Սևանին բոլորել են սպիտակ լեռներն ու թանձր մառախուղը: Կարոտում է թագուհուն, նրա ինքնամոռաց սահքն իր վրայով... Բոլորել է իր ազատությունը սառցե ալիքներում ու նոթերը կիտած սպասում է ամռան արևին...

Հետո կլոր լուսինն է ծիկրակում սև ամպերի տակից ու լուսավորում սառցե փխրուն կարոտը...

Friday, January 18, 2008

Իմ խելքից դուրս բաների մասին

Շատ հարցերում պատճառահետևանքային փնտրտուքները հանգեցնում են հավաձվային սկզբնաղբյուրի անպատասխան հարցին: Նույնն այս դեպքում. մա՞րդն է ստեղծել համակարգը, թե՞ համակարգը` մարդուն: Երևի յուրաքանչյուրիս ընտրությունն էլ այս հարցի պատասխանին սահմանում է մեր գործողությունների ուղենիշները:

Ես միշտ կարծում էի, թե մարդն է ստեղծում համակարգը: Եվ ինչպես ստեղծել է, այնպես ել կարող է քանդել: Երևի շատ սև ու սպիտակ է, բայց աշխատող մոտեցում է: Մինչև... "քեզ դնում են ապուշի տեղ", ինչպես կասեր ընկերուհիս:

...Կանգառը աշխատավայրից մի 4 մետր ներքև է: Անմիջապես կողքին է խաչմերուկը: Սկզբում պարտաճանաչ իջնում է կանգառ: Մի անգամ, երկու, երեք... Երթուղայինը կանգնում է 4 մետր վերև, խաչմերուկում, հավաքում բոլոր ուղևորներին ու արագ կանգառի կողքով սլանում ներքև: Հիմա նստում եմ խաչմերուկից: Ես ինչպե՞ս փոխեմ համակարգը...

...Սկսում եմ հավատալ ֆլիմերին, որտեղ ռոբոտներն սկսում են սպանել իրենց ստեղծողներին... Ասում է ընկերներիցս մեկ ուրիշը:

Էլի հավատում եմ, որ համակարգը կարող է անհատը փոխել: Ֆիլմերում ռոբոտներին ո՞վ է հաղթում: Կամ ավելի ուժեղ մեկը, որը գալիս է ավելի ուժեղ մի համակարգից, կամ խփնված ինչ-որ մեկը, որ ՍԿՍՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ: Համակարգը խամաճիկ է, որը դադարում է գործել, երբ թելերից մեկը կտրվում է, այսինքն երբ Иванушка Дурачок-ը խաղի կանոններին ծանոթ չլինելու պատճառով, (օրինակ` ընդունված է վախենալ Кощей Бессмертный-ից, ինքը չի վախենում, որովհետև վախի զգացումը մոտը բթացած է:-)) հաղթում է համակարգին: Համակարգն ինչ-որ պահ դեմ է առնելու մարմինների պատին` Գանդիի, Բհուտոյի...

Մենք դեռ համակարգը սնուցում ենք... Չունենք ավելի ուժեղ համակարգ. ժողովրդավարականը, որը միալար պնդում են, թե ուժեղ համակարգ է, մեր ցեղակլանային համակարգին դեռ ոչ մի կերպ չի հաղթում: Չունենք մարմնավորված գաղափարներ, որ ավա՜ղ թնդանոթի միս են դառնալու, բայց բացառելու են համակարգի շարունակությունը:

Wednesday, January 16, 2008

Madeleine Peyroux (Մեդլին Պեռու)

Նոր "հայտնագործություն": Համոզված էի, որ սևամորթ երգչուհի է, ու անպայման 50-ն անց:-) 33-ամյա սպիտակամորթ ամերկացի: Այո, այո, չնայած անթերի ֆրանսերենին, ամերիկացի է:-)

Սա Քոենի երգն է: Անասելի հոգեթով կատարում է: Լսեցի նաև Քոենի կատարումը, բայց առաջինն ավելի դուր եկավ:

Dance Me To The End Of Love

Dance me to your beauty with a burning violin
Dance me through the panic 'til I'm gathered safely in
Lift me like an olive branch and be my homeward dove
Dance me to the end of love
Dance me to the end of love

Oh let me see your beauty when the witnesses are gone
Let me feel you moving like they do in Babylon
Show me slowly what I only know the limits of
Dance me to the end of love
Dance me to the end of love

Dance me to the wedding now, dance me on and on
Dance me very tenderly and dance me very long
We're both of us beneath our love, we're both of us above
Dance me to the end of love
Dance me to the end of love

Dance me to the children who are asking to be born
Dance me through the curtains that our kisses have outworn
Raise a tent of shelter now, though every thread is torn
Dance me to the end of love

Dance me to your beauty with a burning violin
Dance me through the panic till I'm gathered safely in
Touch me with your naked hand or touch me with your glove
Dance me to the end of love
Dance me to the end of love
Dance me to the end of love

Tuesday, January 15, 2008

2008

Գրեթե մի ամիս: Ոչ մի բառ: Հավատս չի գալիս:-) Իսկ այդ ընթացքում արդեն 2007-ն էլ հասցրեց հավաքել փեշերն ու հեռանալ: Հետաքրքիր արարածներ ենք էլի. ինչո՞ւ ենք որոշել տրոհել մեր առօրյան հնի ու նորի ու ինչո՞ւ ենք այդպես գրկաբաց ողջունում նորն ու անծանոթը...

***

Փորձում եմ չքնել: Գիտեմ, որ Ձմեռ Պապը մերոնք են: Որտեղի՞ց, ինչպե՞ս, չեմ հիշում: Երբեք չեմ հարցրել մերոնց: Բայց գիտեմ, որ նվերները բարձիս տակ հայտնվում են մամայի ձեռքով: Հա, հա, հենց բարձի տակ: Միայն դպրոցում բարձին փոխարինեց Տոնածառը: Երևի արդեն այդքան խորը չէինք քնում:-)

Փորձում եմ չքնել: Չի ստացվում, աչքերս միանգամայն ցուցադրաբար հայտարարում են իրենց անկախությունն իմ գիտակցությունից: 1-ին դեռ հազիվ արթնացած` ձեռքս տանում եմ բարձի տակ ու... կա', նվեր ունեմ: Բոլորովին կարևոր չի ինչ, կարևորը նվեր ունեմ Ձմեռ Պապիկից: Զգում եմ, որ ինձ սիրում են: Այդ "անդեմ" նվերը, չգիտես ինչու, ինձ պատմում է ծնողներիս սիրո մասին, որն ամեն օր էի զգում, բայց որն անբացատրելիորեն բյուրեղանում էր Նոր Տարվա նվերում...

Հիշո՞ւմ եք Նոր Տարվա հանդեսները: Մանկապարտեզում, հետո դպրոցի կողմից պարտադրված: Հանդեսներն արդեն չեմ հիշում: Հիշում եմ միայն շինծու ձմեռ պապիկներին, իմ ծայրահեղ դժգոհությունն առ այն, որ երբեմն մոռանում էին Ձյունանուշին, ու հանդեսն ինձ համար դառնում էր տաղտուկի բույն: Ու մինչև հիմա սիրում եմ նվերների տոպրակները, որ Ձմեռ Պապը բաժանում էր հանդեսի վերջում: Ինչու, չգիտեմ: Որովհետև սիրել փտած մանդարինն ու ճիճվոտ շոկոլադե բատոնը կարծես թե մոխրագույն նյութի պակասի վառ վկայությունն է: Բայց ինչ արած. սիրում էի:-) Ու սիրում եմ Նոր Տարին, առանց մտածելու, պատճառաբանելու: Սիրում եմ առօրյան ջախջախող ընտանեկան եռուզեռը, մտերմիկ զրույցները խոհանոցում, գեղեցիկին այդ օրն առաջնային դեր տալու ջանքերը...

Քնել եմ ուզում, անկապ նախավարժանք 2008-ն սկսելու համար:-)