Thursday, July 3, 2014

Արև ու Ամոջ

Տաք կեսօր ա: Քայլում եմ Աբովյանով: Դեպի հրապարակ: Կեսօրին երեխեքը շատ են: Կինո Մոսկվայի շախմատի քարերին չորս-հինգ տարեկան պուճուրներ են փաթաթվել: Ուրախ ա: Լավ ա: Տաք ա: Ներքևից դանդաաաաաղ, հանգստանալով, թև-թևի տատիկ ու պապիկ են բարձրանում:

Կոկորդս բռնում ա...

- Ռիմա մոքո՞ր: Բարլուս:
- Հա ջան: Անժո՞...
- Հա, Ռիմա մոքոր, Քիսոն ա:
- Հա, ազիզ ջան: Ես լա՞վ եմ:
- Հա, հա, Ռիմա մոքոր, լավ եմ: Հիմա էլ դուրս եմ եկել քայլելու, լավ եղանակ ա: Բա դուք ո՞նց եք, գրիպդ անցա՞վ:
- Ջանդամը: Լավ եմ, լավ եմ... դուք լավ ըլնեք, ազիզ ջան:
- Գագո պապի՞կը ոնց ա, Ռիմա մոքոր: Բախչեքո՞ւմ:
- Հա, էն ա... բան... էն ա.... վերև...էէէէ, չեմ կարում ասեմ.... էն ա... լավ, հաջող, լավ ըլնեք, ազիզ ջան:

Ռիմա մոքորիս պապիցս ժառանգած աչքերը դեռ ժպտում են: Դեռ մորաքույրս ծիծաղում ա մանկական քրքջոցով՝ երկար լսելով իր շատախոս ցեղին ու մի բառ անգամ չասելով էդ անվերջ վերհիշող կանանց ու տղամարդկանց: Դեռ ամաչկոտ ու արագ փորձում ա թաքցնել քրքիջը, ասես ինչ-որ մեկն իրեն կյանքում արգելել ա ուրախանալ:

Բայց դժվարանում ա խոսել, հինգ տարի առաջ արյան՝ չափից դուրս շատ ու հանկարծակի գլխուղեղը գրավելու հետևանքով...

Ռիմա մոքորս մանկությանս արևներից ա: Հիմա «արևամուտ» ա՝ սիրուն, տաք: Վաղը նորից ծագելու ա արևը, բայց ամեն նոր օրվա արևը հա՛մ շատ հին ա, հա՛մ շատ նոր, ոնց որ նորածինը... Լավ ա, բայց հնի ջերմության կարոտը մեկ-մեկ բռնում ա կոկորդս...

Wednesday, July 2, 2014

Անփոխանցելիություն, Մարս ու Վեներա

Անգլիաներում սովորելու ժամանակ հետաքրքիր հասկացություններից մեկն էսպես կոչված tacit knowledge-ն էր, որ սկզբում էնքան էլ գլխի չէի ընկնում, թե որն ա, իսկ հետո, երկար, խուճուճ-մուճուճ հոդվածներից մի կերպ պեղեցի շատ հեշտ մի սահմանում. էն ինչ սովորում ես ինքնուրույն, բոլոր հստակ ձևակերպված կանոնները մի հատ միջովդ լաաավ անցկացնելով ու քոնը դարձնելով, սխալվելով ու որոշակի ժամանակահատվածում էդ սխալների վրա սովորելով ուրույն ճշմարտություններ ու հմտություններ: Ու ամենակարևորը՝ քոնը դարձնելուց հետո հենց փորձեցիր հետ տալ, այսինքն նորից հանրամատչելի դարձնել էդ գիտելիքը, չի ստացվի:-) 

Բայց մեր ժամանակներում էս «թաքուն գիտելիք» կոչվածը հանրամատչելի դարձնելու փորձերն ուղղակի մարդուն հունից կարող են հանել: Նորմալ մարդուն:-) Էս ամբողջ Mars-Venus, ինչպես ճիշտ որոշում կայացնել տասը քայլով, ինչպես, ինչպես ու ինչպես գրքերը էդպիսի անհաջող փորձ են՝ հանրայնացնելու հանրայնացման չենթակա գիտելիք ու հմտություն: Սկզբից չէի հասկանում, հիմա՝ գիտեմ:-) Երբ կիսագրագետ, անգամ գրագետ մարդը, փորձում է իր մի վայրկյանի փայլատակումը՝ նշանակալից կամ ոչ, մի քանի ժամանոց, երկարաժամկետ, անգամ անժամկետ գիտելիքի ու հմտության վերածել, ծիծաղելի ու փուչ  բան ա ստացվում, որովհետև դա ձեռք ա բերվում յուրովի, դրա ձեռք բերման ճանապարհները հաճախ անիմանալի են, ժամանակահատվածն էլ անորոշ. մի հինգ տարի կարող ա տառապես մի պուճուր բանի վրա, բայց հինգ վայրկյանում դա ստացվի... ու վերջ: Միստիկ բաներ չեմ ասում, միստիկա չկա, ուղղակի էնքան ինտուիտիվ ա, էնքան գործոնները շատ են էդ ուրույն ճանապարհին, որ հենց դրանք փորձում ես սահմանել, ամենաէականը, «թաքունը» փախչում-թաքնվում ա ու մակերեսին մնում ա ծանծաղ, ոչինչ չասող բլա-բլա: Չէ, որ նույն գետը մտնելն անհնարին ա:-)

Լավագույն դեպքում, կարելի է փորձել մի կամ երկու «աշկերտ» պահել, ավելին՝ պետք չի, էլի:-( 

Թաքունության հիմնարար սկզբունքը՝ մարմնի ու մտքի ներքին, զուտ անհատական համահնչունությունն ա, ու էդ իսկ պատճառով դա ուրիշին խոսքով փոխանցելու ջանքերը զուր են: