Wednesday, November 28, 2012

Պատմություն

շատ եմ սիրում: Վաղուց, ամենա-ամենափոքր ժամանակներից:

Երեկ Նանուտն ինձ հեքիաթ էր պատմում, կես ժամ: Հատուլիտը չդիմացավ, 15 րոպեից ասաց «Ե՜՜՜՜րկար ա՜՜՜՜՜» ու ծլվլալով իջավ աթոռից, որ կոմպոտ խմի (հա, մոռացա. երբ մայրը կոմպոտի բաժակը մեկնեց, ժպտաց, թե՝ «Բարև» ու գնաց մյուս սենյակ: Հատուլիտը շատ լակոնիկ ա. երկու վանկից անդին բառերն իր համար ֆունկցիոնալ չեն: Բնականաբար, նման  դասակարգման թրի տակով անցել է նաև «շնորհակալությունը»: Ուստի՝ հյուրասիրում ես՝ «Բարև», իր համար լավ բան արեցիր՝ «Բարև»):

Ես լսում եմ. իր լսած հեքիաթներից տեղում ծնվում է Նանուտի հեքիաթը, որտեղ սկյուռիկ կա, որը մայր այծն ա, ու մենակ-մենակ լացում ա, երբ աղվես-գայլն ուտում ա իր ճուտիկներին, բարի ու չար թագավոր կա, ու բարին իր արագավազ ձիերով ու իր կառքով ու իր թագուհու  ու ոզնիի հետ գնում ա անտառ,... Ու չի հոգնում Նանուտը, պատմությունը  շարունակվում ա, միայն բերանն ա հոգնել ու չորացել:-) 

Ու մտածում եմ, թե մենք ինչքան շատ ենք սիրում պատմություններ, գրեթե ապրելու չափ. ու ապրում ենք սիրուն պատմություններ պատմելու համար: Անգամ պատմություններով կառուցում ենք մեր կյանքը՝ ծնունդ, հարսանիք, կնունք, թաղում... «Չկնքե՞նք երեխեքին: Վարդանին չպսակե՞նք: Լավ լացեցին վրան»:

Հիշողություններ են պետք: Հատկապես վերջերում, երբ ամենօրյա ապրվող կյանքից հաճույքը կամաց-կամաց փախչում ա, որովհետև շատ բան ես տեսել, զարմանալուդ վրա ես արդեն զարմանում, նվվացող ցավն ավելի ուժեղ ա, քան մեղեդու գեղեցկությունը ու տենց:

Բայց, ահել ու ջահել հիմա իրար են խառնվել: Ջահելներին որ նայում եմ, լացս գալիս ա. փոխանակ հավեսով քեֆ անեն, ասում են «Սպասի մի հատ նկարվենք, ֆբ գցենք»: Ու որ փորձես հաշվել, թե ապրելու փոխարեն ինչքան ժամանակ ա անցնում ապրելու մասին ուրիշների ու ամենավատը՝ ինքն իր համար պատմություններ հորինելով, լացելու ա...

Բայց հաշվել պետք չի, էդ  էլ աժամանակատար:-)

No comments: