Friday, June 1, 2012

Էլի բլոգերի մասին

Օրվա ընթացքում մի քանի անգամ, ավելի ճիշտ երբ գործի տեղն սկսում ա քունս ուժեղ տանել, որովհետև հավեսս թև ա առնում ու անհետ կորչում չոլերում, կամ ուղղակի փոփոխություն ա պետք, որ կարողանամ  նորմալ շարունակել գործս, իմ սիրած բլոգերն եմ քչփորում: Արդեն մի քանի տարի:


Ու գնալով համոզվում եմ, որ արդյունքում մտածելու ունակությունս կորցնում եմ ու դառնում մի տեսակ դասակարգիչ: Որովհետև իմ ընտրած  բլոգերն այս կամ այն առումով ինձ հոգեհարազատ են մտավոր, հուզական ու հոգևոր հարթություններում, ու դրանց մեջ ես ԱՐԴԵՆ ԻՍԿ արտացոլված եմ տեսնում իմ մտքերը. սովորաբար բավականին լավ, երբեմն շատ լավ, իսկ ավելի հազվադեպ՝ նաև արտակարգ: Նույնիսկ նրանք, որ դեռ գիտակցված ու տրամաբանական դիսկուրսի մարմին չեն առել: 

Պատճա՞ռը. քանակ և հաճախականություն: Երբ չկային բլոգեր, կային գրքեր: Ու դու: Ու մարդիկ, ում հետ էն ժամանակ ես «էքզիստենցյալ» սուտ-մուտ բաների մասին չէի խոսում, ում հետ ուղղակի ապրում էի, օրինակ՝ վաղ առավոտյան Ամոջի տան պատշգամբում տաաաք դաղձով թեյի էի խմում՝ խտացրած կաթով ու կարագով ամբրոսիայի մեջ փափուկ սպիտակ հացս թաթախելով... Երբ գալիս էր մտածելու, հարցերի ժամանակը, գրքով պառկում էի բազմոցին ու մտածում: Երբ մեծացա, սկսեցի լսել նաև մարդկանց: 

Գիրքը դժվար գործ է, մի ամբողջ կյանք: Մի տեսեք, թե գրելը, խմբագրելը, տպագրելն ու ընթերցողի ձեռքն ընկնելն ինչ ժամանակ է պահանջում: Հիմա երկու-երեք քլիքով, երկու-երեք րոպեում մի քանի տասնյակ էջ է հայտնվում ու տեսակետների համաժամանակյա բազմազանությունը քեզ զրկում է սեփական մտքեր ձևավորելու շքեղությունից: Մեկն ինչ-որ բան է ասում, մյուսը՝ պատասխանում ու էնպիսի արագությամբ, որ վերջում ես ասելիք չունեմ: Էսօրվա ստեղծագործ մարդուն բնութագրող անհրաժեշտ որակներից մեկն աստիճանաբար դառնում է արագությունը՝ մտքերը մարսելու, համադրելու, վերլուծելու, սինթեզելու, զտելու արագությունը: 

Երբ առաջին անգամ էս զգացողությունն ունեցա, հիշեցի Էմերսոնին՝ Man is timid and apologetic; he is no longer upright; he dares not say 'I think,' 'I am,' but quotes some saint or sage... (Self-reliance): Հենց կարդացի, վտանգի հոտն առա: Բայց ինչպես երևում է, երկու ոտքով լավ էլ խրվել եմ...

Ու թերևս սա այսբերգի կատարն ա միայն: 

5 comments:

Anonymous said...

Գտա, գտա, ես քեզ նորից գտաաա:Ճ Էնքան արագ ուրախացա:ՃՈւ մնացել եմ արդեն 5 րոպե ա ինչ

Anonymous said...

Մտքերը ձևավորելն ու հրապարակելը միայն ինֆորմացիա նշանակության համար չեն. համարյա ամեն ինչ մի քանի հազար անգամ վաղուց մտածվել, ասվել ու արտահայտվել է՝ նույն կամ տարբեր ձևերով։ Բայց դու էլի քոնն անում ես, որովհետև դա քիմիական պրոցես է՝ կոչված կարգի բերելու ներսդ։

Anonymous said...

Դու չգիտես, թե ինչքան մեծ հաճույքով եմ քո բլոգը կարդում:

Christina said...

Նորից չեն գտնում, գտնում են կրկին, menaria ջան:-)))))))))

urish ջան (կներեք, չէ՞, անմիջականության համար:-)) համաձայն եմ, ինֆորմացիոն չեն: Ինձ էլ հենց դա է մտահոգում. ես առաջ կարգի բերելիս մի լաաավ աշխատում էի, հիմա իմ փոխարեն իմ սիրելի բլոգերներն ասես արդեն աշխատած լինեն: Բլոգը ոնց որ մտավոր կենցաղային տեխնիկա է դարձել, որ իմ մտա-հոգևոր աշխատանքը հեշտացնում է...

byurie ջան, շատ շնորհակալ եմ. չգիտեի, բայց իմացա ու պիտի խոստովանեմ, որ ուրախ եմ:-)

afr said...

Մենակ դու քո մտքերով կարող էիր ստիպել ինձ ընդհանրապես բլոգ կարդալ: