Thursday, July 12, 2012

«Վիիի, էս դվորն էկար, ազիզ ջան»

Աշխարհում կան բաներ, որոնք էս կամ էն ժամանակ ինձ համար անքննելի են եղել, էնքան բնական, որ չեմ մտածել դրանց մասին, ինչպես չեմ մտածում էն ամբողջ նյարդա-մկանային աշխատանքի մասին, որն անհրաժեշտ է, օրինակ` դաստակս շարժելու համար: 


Նման «բան» է խոսքը... էս դեպքում բանավոր, որովհետև գրավոր խոսքի հանդեպ վերաբերմունքս այլ է: Մինչև դպրոցն ավարտելն ապրել եմ Կիրովականում ու ավելի կարճ ժամանակներով՝ Ալավերդում: Ամառային շաբաթները Թիֆլիսում նույնպես հաճախակի երևույթ էին: Բնականաբար, Լոռվա բարբառներն ու թիֆլիսահայերենը, որից մինչև հիմա ինձ մոտ (արդեն անգիտակցաբար, իսկ փոքր ժամանակ ուղղակի սիրահարված էի մորաքրոջս չափազանց արտահայտիչ «վուուուույ մեեեե»-ին ու տեղի-անտեղի կապկում էի) մնացել է անկեղծ զարմաքի «լոռիացված» «վայ մեն», իմ լեզուն էին: Դպրոցում ամեն ինչ փոխվում էր. դասերին՝ գրական, ընկերների հետ՝ խառը, դե շատ էլ չէի խոսում, բայց հաստատ գրական չէր: 

Երբեք չէի մտածում, թե ինչպես ու ինչու եմ խոսում էնպես, ինչպես խոսում եմ, թեև հստակ զգում էի  որոշակի տարբերություններ, հատկապես Ադլերում, ուր հանգստանում էինք համշենահայի տանը իջևանցի ընտանիքի հետ կողք-կողքի: Մինչև 10-րդ դասարան, իհարկե, երբ հետագայում իմ լավ ընկերներ դարձած երկու եղբայրներին առաջին անգամ հանդիպելիս, լսեցի, թե ինչպես են իրենց ծնողներին դիմում «հայ(ր)իկ ու մայրիկ»: Դրանից հետո «խալադիլնիկը» գիտակցաբար դարձավ սառնարան, բայց «չանգալը» մինչև հիմա 30/70 հարաբերակցությամբ եմ օգտագործում «պատառաքաղի» հետ: 

Խոսքս շատ է տարբերվում մի համատեքստից մյուսը. ինչ-որ թեմայի շուրջ զրուցելիս, էն պահից, երբ խոսելու հավեսս բռնում ա, անցնում եմ երկար նախադասությունների ու գրական բառերի: «Է» հազվադեպ եմ օգտագործում, անգամ էս դեպքում: «Է»-ն՝ միայն հանդիսավոր ամբիոններից:-) Սովորական, կենցաղային խոսքում մի քանի տարի առաջ փորձել եմ «տելեվիզրն» ու «խալին» փոխել հայերեն համարժեքներով, բայց  կիրառման հարաբերակցության մասին արդեն ասացի: Երբ հուզվում եմ, միանգամից լոռեցու առոգանությունս դուրս ա պրծնում:-) Բայց, ցավոք, ես մեր բարբառի լավ կրող չեմ: Երբ ինձ ասում են, օրինակ՝ ձեր բարբառով էս ո՞նց կլինի, կարկամում եմ, որովհետև իմ լեզուն իր ձևավորման ընթացքում երկու գործոնից շատ ա ազդվել՝ քիչ խոսել ու շատ կարդալ:-) 

Էսքան երկար նախաբանից հետո անցնեմ բուն ասելիքիս:-))))))) «Միջին ու մասնագիտական» խավի մոտ պարբերաբար մի անիմաստ բանավեճ ա  հառնում փյունիքի պես. խոսակցականն աղավաղում է հայոց լեզուն, «ա»-ն ու «խալադիլնիկը» մեր լեզվի հերն անիծում են, թե՞ ոչ: Ինչո՞ւ ա անիմաստ: Որովհետև խոսակցականը բարբառն ա, բարբառի «մաքրությունը» դրա մահն ա: Էս՝ մեկ: Երկրորդ՝ կա քաղաքային խոսակցական, որը բարբառի ու ժարգոնի/խավին հատուկ լեզվի խառնուրդ ա, ու էս խոսակցականը մաքրելն անկառավարելի ա, ուղղակի ռեսուրսների, ներառյալ էներգիայի, վատնում: 

Խոսակցականի մակարդակների վրա պետք է աշխատել: Կենցաղում խոսակցականն ըստ էության էնքան պրիմիտիվ ա, որ այն ոչ մի հարստություն ի վիճակի չէ արտացոլել: Կենցաղը առարկայական, նյութական երևույթ է, ու չանգալ-պատառաքաղն, ըստ իս, ոչ մի բան էլ չի  կարող ասել հայոց լեզվի հարստության մասին: Թերևս միայն ավելի բարեհունչ դարձնի մեր լեզուն: Քիչ չի, բայց էական չի: Օրինակ՝ «քյոմակն» էստեղից որ հանես ու դարձնես «օգնություն», դրանից մեր լեզուն կհարստանա՞: Լո՞ւրջ:

Իսկ այ մնացած մակարդակներում եկեք աշխատենք: Էնպես, որ հասկացություններ ունենանք հայերեն, որակներ ունենանք հայերեն ու դրանց դասակարգում ունենանք հայերեն: Երբ ես լավ ֆիլմ եմ նայում, կարող եմ արձագանքել. «Շատ լավ ֆիլմ էր»: Երբեմն սա բավարար է, երբ ասենք մի քսան հոգով խոսում են էդ ֆիլմից;-) Իսկ երբ մտերմիկ շրջապատում, որտեղ իրար լսելն ավելի հավանական է ու որտեղ բառը գնահատվում է,  պիտի պատրաստ լինել մոտավորապես նման մի բանի. «Հիասքանչ կտավներ կային, անթերի գեղեցկություն, նույնիսկ թշվառության մեջ: Երիտասարդ կնոջ երգն էնքան հոգեթով էր... մի վայրկյան երաժշտության մեջ մի ամբողջ անապատ ու կյանք էր տեղավորվել»: Սենց մի բան էլի, բայց նվազ վերամբարձ ոճով:-)

Ինձ «ա»-ն չի հուզում, հուզում ա մեր ձևի անբարեկրթությունը, օրինակ՝ դիմելաձևերը՝ «արա, ախչի, ապե» ու չգիտեմ ինչ... Ի՞նչ ենք կպել էդ կենցաղից, կենցաղը բարդացնել պետք չի, դա ոնց որ կոնսյումերիզմին հագուրդ տաս: 

Ու անցումների վրա պետք է աշխատել, որ մի համատեսքստից մյուսն անցնելու համար լեզվական ռեսուրսը հերիքի: Ու ձերբազատվել ա պետք բարբառների էդ քաղքենի հալածանքից Ու պետք չի բոլորին մի կտավի սանր սարքել. Մեղրու գյուղացին պիտի իր բարբառով խոսի, թող քաղաքացին էլ իրեն մի քիչ զոռ տա ու հասկանա, ոչ թե ինքնաարդարանալու համար գրական հայերենն ու հայոց գրի սրբությունը դեմ տա: Էդ սրբությունը պահելն իր գործն է, ուրիշի ուսերին դնելն անարդար է:

4 comments:

Anonymous said...

Շատ լավ ես գրել: Վաղուց բլոգումդ չէի էղել:

"Ինձ «ա»-ն չի հուզում, հուզում ա մեր ձևի անբարեկրթությունը, օրինակ՝ դիմելաձևերը՝ «արա, ախչի, ապե» ու չգիտեմ ինչ... Ի՞նչ ենք կպել էդ կենցաղից, կենցաղը բարդացնել պետք չի, դա ոնց որ կոնսյումերիզմին հագուրդ տաս:"
Հա, իրոք... Անընդհատ մտածում եմ՝ ամեն լեզու սովորելիս ինձ սովորեցնում են ինչպես քաղաքավարի լինել, ինչպես դիմել և չդիմել, իսկ հայերենի դեպքում էդ ամեն ինչը չգիտեմ:

afr said...

Բյուր, օտար լեզու սովորելիս սովորում ենք նենց ոնց էդ լեզուն կա, քանի որ շատ քիչ լեզուներ են հայերենի պես հազար տակ փոփոխվում ժառգոնի ու խոսակցականափողոցայինին անցնելուց...

Christina said...

Բյուրի ջան, քաղաքավարի դիմելաձևերի առումով եթե խոսքը գնում է ֆորմալ կրթության մասին, ապա համաձայն եմ: Օր.՝ երբ դասավանդում եմ, իմ ամենասիրած վարժություններից մեկը երեխեքի հետ քաղաքավարության սարդղակի քննարկումն ա՝ կոնկրետ օրինակներով, մոտավորապես «Հլա մի դեսը տու» ու «Կփոխանցե՞ս, խնդրում եմ»:-)))

Ես չեմ հիշում, որ հայոց լեզվի որևէ ուսուցիչ/դասախոս երբևէ մեզ սովորացներ սոցիալական լեզվաբանության որևէ բաղադրիչ: Ես միայն ավելի ուշ, արդեն Ամերիկյան համալսարանում իմացա, որ կա sociolinguistics կոչված ճյուղ, որ լեզուն ունի գործառույթներ՝ language functions ու տենց:-) Արդյունում ես քո ասած կոդինգ շատ եմ արել էդ մակարդակում, փոխառել եմ ոչ թե բառեր, այլ հատկապես քերականական կառույցներ:-))))))))

Իսկ ոչ ֆորմալ սովորելու միջավայրերում արդեն ուրիշ էր:-)

afr ջան, մի քիչ համաձայն չեմ:-) Օր.՝ cockney-ն, որ անգլերենի լեզվի մի մասն ա, էնպես ա փոխվում, էլ դու սուս:-) Մենք ստանդարտ (ես հիմնականում անգլերենի մասին եմ ասում, բայց տարբեր մարդկանց հետ շփվելիս, հասկացել եմ, որ սա ընդհանրական վիճակ ա ռուսերենի ու ֆրանսերենի դեպքում ևս) ենք սովորում, որի արդյունքում բավականին գրական, հետևաբար ոչ բնական ենք խոսում: Օր.՝ 2000թ. ամերիկացի ընկերներիցս երկուսը մի խոսակցության ժամանակ ասացին՝ «Որ դու անգլերեն ես խոսում, ես ոնց որ գիրք կարդալիս լինեմ»:-))))))))))) Էս, իհարկե, շատ կարճ անդրադարձ ա, իսկ Բյուրին եթե հավես ունենա, կարող ա շատ ավելի հիմնավորված փաստարկներ բերի:-)

Anonymous said...

Հա, ֆորմալության սանդղակը հետաքրքիր բան ա: Լեզուներ կան, որոնցում նույնիսկ բայերի խոնարհումն ա փոխվում ըստ ֆորմալության աստիճանի (օրինակ ուրդուում կարծեմ հինգ աստիճան կա): Բայց որ լեզվում էլ չի փոխվում, ֆորմալություն արտահայտելու տարբեր ձևեր կան: Ու գիտե՞ս ինչն ա հետաքրքիր: Հայերենում մինչև հիմա հստակ չգիտեմ՝ երբ պիտի դու լինի, երբ՝ դուք, մինչդեռ էդ հարցը գերմաներենի ու ֆրանսերենի համար պարզից էլ պարզ ա:

afr, Քրիստինան արդեն ասեց: Հլը դու պիտի տեսնես անգամ ստանդարտ ձևերի տարբերությունները (աչքովս եմ տեսել, թե ոնց ավստրալացին ու անգլիացին իրար չեն հասկացել), էլ չեմ ասում խոսակցական-բարբառների մասին: Մենք՝ որպես օտար լեզու սովորողներ, մինչև անգիր չանենք, չենք հասկանա էդ նրբությունները՝ բոլորի հետ խոսելով նույն լեզվով, մինչդեռ լեզվակիրը զգում ա էդ բոլոր տարբերությունները, «բնազդաբար» գիտի՝ ինչ կոնտեքստում ինչ արտահայտություն չի կարելի օգտագործել: