Wednesday, October 10, 2007

Գրելու մասին

Գրելը շատ հետաքրքիր վարժություն է:-) Երբեմն ձեռքերդ առաջ են ընկնում մտքերիցդ: Գրում ես-գրում, մեկ էլ հանկարծ` «Հլա մի րոպե, բայց ինչ էի գրում:-)»: Կան բառեր, բառակապակցություններ, պատկերներ, որ հևիհև ներս են խցկվում գրվածքիդ մեջ: Չգիտես որտեղից, ինչպես, ինչու, բայց գրիչդ ուրվագծում է հենց այդ բառը կամ պատկերը: Երբեմն գրչիդ ու լեզվիդ արագությունն ու ճշգրտությունն այնպես են համընկնում, որ սիրտդ ճմլվում է նման կատարելությունից: Երբեմն հենց այն բառերն ու պատկերները, որոնցից խուսափում ես, ինչպես խոլերայից, անսպասելիորեն այնպես են գերում քեզ, որ հասկանում ես լեզուն կրողի ակտիվ բառապաշարի մեծաթիվ բառերի անիմաստությունը: «Ոսկե աշուն»: Տանել չեմ կարողանում այս պատկերակաղապարը: Սակայն կան օրեր, երբ դեղինի բազմերանգությունն այլ կերպ, ավելի դիպուկ, երևի ոչինչ չի կարող արտահայտել: Նման օրերին հիշում եմ Բորխեսի ֆրանսիացի գրողին, որը գրում էր Դոն Քիշոտը: Նրա վեպը բառ առ բառ համընկնում էր Սերվանտեսի վեպին, բայց դրանք միանգամայն տարբեր վեպեր էին...

Եվ...լինում են օրեր, երբ ներսում երկրաշարժ է, քարը քարին չի մնացել, իսկ թանաքդ չորացել է: Բառերը կեղծավոր են դառնում, մտքերդ` տձև... Իսկ մեջդ ցավում է, երգում է, պատռվում է, բայց անպտուղ...

No comments: