Tuesday, November 20, 2007

Էլի Թեղուտի մասին

Իմ ունեցածից ի՞նչ եմ պատրաստ զոհաբերել բարեկեցության համար.
1. առողջություն
2. առողջ սերունդ
3. գեղեցկության ընկալում
4. հարգանքի զգացում բնության հանդեպ, որ մինչև հիմքն այսօր հասանելի է միայն գյուղացուն ու շատ թե քիչ տաղանդավոր քաղաքացուն:

Ի՞նչ եմ ձեռք բերում.
1. աշխատանք ու դրանով լավ տուն, կուշտ փոր, ընդ որում, կշտացող երշիկային ու աղանդային բազմազանությամբ,
2. արբանյակային ալեհավաք, որով կարող եմ 90 հեռուստաալիք բռնել, բայց երևի մենակ հյուրերին ցույց տալու համար: Ես ԱԼՄ ու Հ1 կնայեմ, հեռուստաալիքային լեզուներից ամենաքիչ գլխացավանք պատճառողները դրանք են:
3. տուն քաղաքում: Գյուղում մնամ, էրեխեքս ինձ նման հանքափոր դառնա՞ն: Ո՞ւմ համար եմ էշի պես աշխատում: Էն ա, կգնամ քաղաք, կրթության կտամ, կարգին մարդ կդառնան:
4. քաղքենիական ՙամենինչություն՚, քանի որ հանքափորի փողով բարեկեցության սահմանները հասնում են քաղքենիությանն ու կանգ առնում:

Զարմանալի չէ, որ Թեղուտում հանքաարդյունաբերությունն այսօր է սկսվելու...

Մանավանդ, երբ կան չափազանց գրագետ գործադիր տնօրեններ, որոնց բախտ չի վիճակվել հանել թանկարժեք կոստյումը, փռվել հողին ամբողջ մարմնով ու զգալ, թե էդ հողը ոնց ա շնչում: Իր համար... Չէ, իր համար շնչում են հինգաստղանի հյուրանոցները, որտեղ իր թղթադրամներից ոգևորված նանոտեխնոլոգիաներն ավելի մաքուր թթվածին կարտադրեն, քան կաղնին ու տանձենին:

Ով գեթ մեկ անգամ զգացել է հողի շունչը, չի սպանի այն: Ոչ մեկի և ոչ մի բանի համար: Վերջակետ:

2 comments:

Anonymous said...

Ն ով գեթ մեկ անգամ շնչել է անտառի օդը, հնարավոր չէ, որ գնար թեղուտի գործարքին: Իհարկե', եթե հոգին չի ծախել սատանային: Փողի /իմա կաշառքի/ հոտը գերադասել մաքուր բնությունից նշանակում է վերջ մարդու ցանկացած կերպարին: Չկա մարը, էլ ուր մնաց նրան անբորայական կոչենք: Ցավալին այն է, որ ծախվել է հայ ժողովրդի բնությունը, ինչպես նաև հողի տակի բարիքը, որն Հայաստանից ոչ մի տեղ չէր փախնելու: Իսկ ինչ ենք մենք ստացել, ոչինչ: Գոնե ձևական կարողանային ինչ-որ օգուտ Հայաստանի համար ցույց տային: Դեռ չենք գիտակցում, բայց այս անառկությունը իր մասշտաբով գերազանցում է Արմենտելի ու կոնյակի վաճառքին: Այն ժամանակ գոնե գույք ծախեցին, իսկ հիմա օդը, բնությունը, մարդկանց, խիղճը, ժողովուրդը ...

christina said...

Հայաստանի համար օգուտ ցույց է տրվում, էն էլ ինչպիսի. տարեկան 100 միլիոն դոլարով բյուջեն հարստանալու է: Եվ միգուցե հենց էդպես էլ լինի: Ոչ մի գիտելիք, փաստ չունեմ, առարկելու նշված թվին:

Հոգին էլ մի կողմ թողնենք: Ամեն մարդ իր հոգու տերն է, ում ցանկանում է վաճառում է: ԲԱՅՑ... Հասկանո՞ւմ է, որ վնասում է իրեն: Վտանգում է կյանքը: Քանի-քանի քաղաքակրթություն է վերացել` չկարողանալով համապատասխանաբար պատասխանել շրջակա միջավայրի փոփոխություններին...

Ցավը նա է, որ այն մարդիկ, ովքեր սկսել են Թեղուտի գործը, խելացի են: Գիտեն, ինչպես հարուստ լինել ու վայելել կյանքը: Ու իրենք այնտեղ չեն ապրելու, իրենց երեխաները չեն ապրելու: Եթե ապրեին, ուղղակի չէին անի նման բան, քանի որ կյանքը վայելելու համար պետք է առողջ լինել, թեկուզ մի քիչ սոված փորով: