Monday, November 5, 2007

Գագո дядя

Մեր Գագո дядя-ն գոյատևման արդյունք է. ինքը համառորեն գոյատևել է, չի ապրել: Հայրն Առաջին համաշխարհայինից այդպես էլ չի վերադարձել: Մայրը նվաղել ու մահացել է` ամուսնու եղբորը թողնելով իր երեք երեխաներին:

Ինչ-որ ուսումնարան ավարտելուց հետո Գագո дядя-ն որոշում է, որ ինքը կյանքն ըմբոշխնելու է: Վերջ: Եթե պետք է, պիտի լացի` ՙՈրբ եմ՚, եթե պետք է, պիտի ստորացնի` ՙԵս նաչալնիկ մարդ, կարա՞ չանի ասածս՚, եթե պետք է, պիտի բարի լինի` ՙՀա, խիղճս չտվեց, կանգնեցի, ասի. ՙՆստի, բայց որ քնել ես էէէէէ՜՚՚: Ու բարձրանում է սոցիալական սանդուղքով մինչև փոքրիկ հիմնարկի ղեկավար: Ստեղծում է, ինչ ընդունված է ստեղծել` տուն, ամառանոց, ընտանիք, մեքենա` սեփական ու ՙպետական՚, երեխաներ, սիրուհի, ՙկամանդիրովկա՚: Ու աշխատում է` անտրտունջ, զրուցելով իր ու աշխարհի հետ, հայհոյելով կնոջն ու զոքանչին, իր հյուրընկալ տանը քաղցրալեզու դիմավորելով իր բազմաթիվ հյուրերին...

Աշխարհում ամեն ինչ հետաքրքրում է Գագո дядя-ին. մսի գինը Ամերիկայում, դրամը Կորեայում, Բուշի ախմախ պատերազմը, ռուսի զենքը, անտեր Տեր-Պետրոսյանի մայրը, շուստրի ղարաբաղցու ախորժակը, էդ փետով մարդու աշխատավարձը, որ սաղ օրը գժի պես գլուխը թափ ա տալիս, ձեռներն էլ ուր ասես չի գցում (Պարզաբանում եմ. դիրիժորի)...

***
Մի օր Գագո дядя-ն գալիս է Երևան, իջնում Բարեկամության անցումը: Սիրում է խանութ գնալ, զրուցել վաճառողների հետ: Քայլում է, մոտենում տարբեր կրպակների, հարցնում գինը, անհասկանալի առարկաների իմաստը: Մեկ էլ հասնում է այնտեղ, որտեղից սկսել էր.

- Իա՜, տղա ջան, ես քեզ գիտեմ, բայց հեչ տեղը չեմ բերում: Խո լոռե՞ցի չես: Հերդ-մերդ որդիա՞նցի են:
- Հա, ես էլ քեզ գիտեմ: Նոր էստեղով անցար:
- Ո՞նց թե, այ տղա: Էս կլորիկ ա՞ էս անդերը:
- Պապի, կլորիկը ո՞րն ա.....
***
Գագո дядя-ն տանել չի կարողանում շեկ մարդկանց, նիհար կանանց ու մարմնագույն վերնաշապիկները: Սիրում է խորոված, ո՜ւխ, ոնց է սիրում: Խոսել, անվերջ հարցեր տալ, գառ մորթել, կենացների ժամանակ արցունքներով հոնգուր-հոնգուր լացել: Սիրում է ապրել ու չի վախենում մեռնել. ՙՈրբ եմ, որբ էլ գնալու եմ՚...

3 comments:

Anonymous said...

Սիրել ապրել ու չվախենալ մեռնել...

Առաջին հայացքից ինքնահակասող մարգարեություն, որի մեջ իրականում այնքա՜ն շատ մարդկային կա՝ մեծամարդկային:

Դեռ բառերը նորմալ չարտասանող չարաճճի մանչուկս տուն մտնելուց սկսել է պարտադիր ձեռքով բարևել ինձ: Անպատմելի զգացում, որ խոսքի հանճարեղ մանրանկարիչը լոկ կարող է ըստ արժանվույն ձաղկել «Սիրել կյանքը» խորագրի ներքո: Դժվար կարողանամ:

Իսկ ինչպե՞ս են խաղաղ պայմաններում զգում մահվան հանդեպ վախի գոյությունը կամ չգոյությունը: Ինքնս ինձ խաբած չլինելու համար պիտի խոսոտովանեմ, որ չգիտեմ:

christina said...

Համբերատար սպասելու եմ ՆՈԹԱՏԵՏՐԻ նոր էջերին:-)

Կարոտ said...

Կյանքը ամեն օր է պետք ապրել...