Thursday, February 27, 2014

ԲՀԱՐԱՏ-ի զարմանալի թշվառությունն ու հմայքը (Օր 4. Ագրա)

Գրել արդյո՞ք Թաջ Մահալի մասին: Չէ...

Մի քանի ամիս առաջ կարդացի Յուկիո Միշիմայի «Ոսկե տաճարը»: Փոքրիկ հերոսի գիտակից կյանքում իմաստ ունի միայն մի բան՝ հոր նկարագրած Ոսկե տաճարը` Կիոտոյի հայտնի Կինկակուջին: Ծովափնյա փոքրիկ գյուղակից մի օր հոր հետ նա հասնում է Կիոտո՝ ամբողջ ճանապարհին սրտի տրոփյունով սպասելով Տաճարի իրական հայտնությանը: Երբ փոքր տղայի առջև բացվում է տաճարը, փուլ է գալիս նրա ողջ աշխարհը, որովհետև փոքրիկ, հիվանդագին երևակայության արարած տաճարի վեհության ու իմաստնության առջև նսեմանում է ուրիշի երևակայության նյութեղեն արգասիքը: 

Ես նմանատիպ զգացուղություն ապրել էի 1996-ին, երբ մի քանի ամիս ապրելով Հյուգոյի աշխարհում, մի անձրևոտ օր հայտնվեցի Փարիզի Աստվածամոր տաճարի առջև: Ընդհանրապես՝ Կեսարինը միշտ պետք է Կեսարին տալ. երազանքը միշտ պիտի երևակայության ծովերում լողա էնքան, մինչև մի բան ծնվի, բայց ծնվածը նյութական չպիտի լինի, որը մեր դարում մեր նմանների համար գրեթե անհնարին ա:-) 

Բայց... կատարյալը նյութից անդին ա: Ինչպես Թաջ Մահալը:


ճիշտ ա, Թաջ Մահալից հետո դժվար ա ուրիշ բանի մասին խոսել, գոնե որոշ ժամանակ, բայց հո չե՞մ կարող էստեղ ցույց տալ, որ իսկապես որոշ ժամանակ չեմ խոսել:-) 

Ագրան շատ բարեհամբույր գտնվեց մեր հանդեպ: Էստեղ մեզ հաջողվեց խախտել գրեթե բոլոր այն խորհուրդները, որ ճամփորդական կայքերն առաջարկում են Հնդկաստան այցելող զբոսաշրջիկներին: 

#1 - Երբեք չվստահեք գնացքի կայարաններում զբոսաշրջիկ որսացող տաքսիստներին: Իսկ մենք գրեթե միանգամից վստահեցինք ժպտադեմ Խալիլին:-))))) Ճանապարհին նա իհարկե մեզ պատմեց, որ եթե իրեն մի քիչ շատ վճարենք, ինքը կկարողանա իր հնդկական Տատան փոխարինել ճապոնական Տոյոտայով, ու հաջորդ անգամ ավելի հարուստ զբոսաշրջիկների ման կտա Ագրայով: 

#2 - Երբեք չթողնեք ձեր իրերը տաքսում կամ րիկշոյում: Մենք Ագրայում մի ամբողջ օր ունեինք, իսկ երեկոյան պետք է գնայինք Ջայպուր: Բա ի՞նչ անեինք, որ չթողնեինք:-) Լավ էլ վստահեցինք Խալիլի Տատային մեր երկու պուճուր պայուսակներն ու թեթևաոտ շրջեցինք ողջ քաղաքը: Ավելի ճիշտ, ողջ քաղաքի տուրիստական հատվածը: Ջայպուրում էլ, երբ հիշեցինք էս կարևոր խորհրդի մասին ու ստուգեցինք պայուսակները, պարզվեց, որ դեռ մի բան էլ ավելացել է՝ Ագրային փոշին:-))))

#3 - Թույլ մի տվեք վարորդներին ձեզ տանել խանութներ, որովհետև էդ դեպքում դուք ավելին է վճարելու, քանի որ նրանք պայմանավորվածություններ ունեն տվյալ խանութպանների հետ: Է բա որ թույլ չտայինք, ո՞նց էինք հայտնվելու Սաշայի խանութում: 

- Զդռաստվույծե, զդռաստվույծե: Յա Սաշա: Յա լյուբլյու Ռասիյա, ռուսկի: Նեեեետ, մենյա զավուտ Սանի, նո ռուսկիե սկազալի, կակոյ տամ Սանի, տի Սաշա, - իրար խառնվեց տարեց, հարավ-հնդկական արտաքինով Սաշան, ու փորձեց մեզ 3000 դոլարանոց մի մատանի վաճառել: Բայց պետք է խոստովանել, որ եթե էդ մատանին առար, վերջ, կնոջը պարբերաբար ինչ-որ նվեր անելու պարտականությունից ազատվում ես մինչև կյանքի վերջ, որովհետև եռահարկ սպիտակ ոսկուց մատանու առաջին հարկն ադամանդով էր զարդարված, երկրորդը՝ զմրուխտով, երրորդն էլ՝ սուտակով: Էդ օրը ինչ ոտքի վրա վեր կացար, էդ ոտքին հարմար մատանի ունես:-))))))))

Ընդհանրապես էս խանութպանների կաստան իր code of conduct-ն ունի, որից շեղումը շատ քիչ է. 
1. Արի ներս, դու իմ հյուրն ես, թեյ կխմե՞ս:
2. Վայ, չէ, ինչ ես ասում, ինչ առնել-ծախել, ուղղակի նայիր, հիացիր վարպետների էս սքանչելի գործերով:
3. Իաաա, բա կնոջդ համար նվեր չես առնելո՞՞՞՞՞ւ:
4. Բա դու մի բարեկամ-հարազատ չունե՞ս, որ նվեր տանես Հնդկաստանից: 

Ու սենց:-) Սակարկելն իհարկե պարտադիր է: Էստեղ կա «առաջին հաճախորդ» հստակ հասկացությունը, որն անմիջական կապ ունի կարմայի հետ: Եթե առաջին հաճախորդիդ չկարողացար փոխադարձ բավարարվածության պայմաններում ինչ-որ բան վաճառել, համարիր օրդ ու փողդ կորած:-) 

Առաջին խանութում, որտեղ ակամա հայտնվեցինք, ծանոթացանք «Հնդկաստանի աստղ» կոչվող թանկարժեք քարին, որն արտադրվում է հենց Ագրայում, և հատուկ մշակման արդյունքում փայլում է բազմաթև աստղով: Կախված մշակման որակից՝ աստղի թևերի թիվն ավելանում է.


Էս ես չեմ, TripAdvisor-ից եսիմ ով ա;-)))

Ագրայում հասցրեցինք տեսնել նաև Baby Taj-ն ու Ագրայի ամրոցը: Եթե Ջայպուր ու Ջայսալմեր գնացած չլինեինք, հիմա մի 10 պարբերությամբ ձեր ականջները տանելու էի 16-րդ դարի այս հրաշալի կառույցի մասին պատմություններով: Բայց մյուս երկու ամրոցները երկու շաբաթ հետո գրեթե ամբողջովին հիշողությանս հետնախորշերն են մտցրել Ագրայի ամրոցի մասին հիշողությունները: Էնտեղից սրանց դուրս բերելու համար գոնե մի բաժակ սուրճ ա պետք, բայց հավես չունեմ:-)

Երեկոյան շարժվեցինք դեպի Ջայպուր: Գնացքում չինացի մի կին մեզ շաաաատ համով չինական կոնֆետներ նվիրեց, ու 4-ից երեքը ես կերա:-)

No comments: