Wednesday, February 19, 2014

ԲՀԱՐԱՏ-ի զարմանալի թշվառությունն ու հմայքը (Օր 1,2 և 10. Լաքնաու)

Լաքնաու՞՞՞՞՞՞՞: Նույնիսկ հնդիկների թավ հոնքերն են զարմանքից վերձիգ շարժում անում, երբ իմանում են, որ Լաքնաու ենք գնում. «Ախր էնտեղ ի՞նչ կա»: 

Դե եսիմ, փնտրողը կգտնի:-) 

Լաքնաուում պատմականորեն ու մասամբ էլ գեղագիտորեն հետաքրքիր առնվազն երկու կոթող կա՝ մեկը 18-րդ դարում կառուցված շիա իմամի դամբարանը՝ Բարա Իմամբարան՝

Copyright: suman palit

Մյուսը՝ բրիտանացիների բնակավայրը, որտեղ 1857թ. հնդիկներն ուզեցին ասել, որ իրենցից կարգին հոգնել են: 


Բայց սկսեմ սկզբից:-) Առաջին օրը ինքնաթիռից իջանք, թոռոմած հասանք մեր հյուրանոցը, որտեղ մուտք գործելուց հետո թեթևացած շունչ քաշեցինք. հասկացանք, որ ինչ էլ ոնց, էստեղ մենք մեր գլուխները հարմարավետորեն բարձին դնելու հանգրվան ենք գտել:-) 

Մի երկու ժամ ուշքի գալուց հետո դուրս եկանք, որ գնանք Չոք (թուուուու, էսօր բլոգ գրել էլ չի լինում, ամեն տեղ ամեն ինչի մասին կա: Մնում ա մի տաս հատ լինք դնես հերթով (հակառակ դեպքում կստացվի stream of consciousness, եթե ժամանակագրական սկզբունքը խախտես:-)) ու վերջ՝ պատմությունը պատմվեց-վերջացավ: Օֆ, էս ինչ աշխարհ ա:-( ):

Պետք ա ասեմ, որ Լաքնաուն միակ քաղաքն էր, որտեղ մենք ամերիկացի էինք հայկական գյուղում. մեզ բոլորն ակնդետ նայում են, հայացքով ուղեկցում մինչև անհետանանք, մոտենում են, թե մի հատ նկարվենք ու տուկ-տուկիստները վրա են տալիս, ոնց որ ճանճը՝ մեղրին: Մի օր  շատ էինք կերել (ես ասում եմ մի օր, դուք հասկացեք բոլոր 10 օրը:-)), դուրս եկանք ուղղակի զբոսնելու: Մի մարդ մոտ երկու կիլոմետր իր հեծանվարիկշոն անտեղի քշեց, որ մեզ ուրդուերեն համոզի, որ մեզ պետք ա իրա հետ մի տեղ գնալ...

Հիմա էդպես խառնված կանգնել ենք մի հինգ հոգու մեջ, չգիտենք ինչ անել, հետո որոշեցինք լուռ ու անհաղորդ քայլել մինչև հասկանանք ինչն ինչոց ա: Հյուրանոցից մի քիչ հեռու, մի խաչմերուկում տեսանք մի տուկ-տուկիստ հանգիստ կանգնել ու մեր կողմն էլ չի նայում: Մոտեցանք իրեն ու խնդրեցինք տանի Չոկ: Էս տղան երանությամբ ժպտում ա ու ձեռքով հրավիրում նստել իր հեծանվարիկշոն: Համզոված չենք, որ գիտի Չոկը որտեղ ա, բայց նստում ենք: Ճանապարհին էս մեր տղան ոգևորված պատմում ա աջուձախ սփռված պատմական ու առևտրական նշանակության ու տեղական կարևորության չափանիշներով առանձնացված կառույցների մասին: Պատմում ա, ուրախանում, մենք էլ՝ հետը, առանց մի բառ հասկանալու: 

Ժպտում եմ, բայց մեջս ամեն ինչ եռում ա... Իմ կեսի չափ, վտիտ, փոքրամարմին երիտասարդ ա: Երկուսով նստել ենք, ինքն էլ երջանիկ, ամեն մի մկանը մինչև վերջ պրկած բարձրացնում ա մեզ փոքր-ինչ դիք փողոցով: Անգամ երբ մի տեղ իջանք ու սկսեցինք քայլել, որովհետև դիքը մի քիչ շատացավ, կարծես թե վատ զգաց. երևի կարծեց, թե չենք վստահում իր տուկ-տուկիստական հմտություններին...

Մի կերպ հասանք տեղ՝ խղճի խայթերից բավականին տանջված ու տեսանք մեր գիդին, ով զուգարանանման մի տեղով մեզ բարձրացրեց ինչ-որ շինության տանիք ու կապիկների զվարճալի ընկերակցությամբ սկսեց պատմել  էդ հետաքրքիր շուկա-բնակավայրի մասին: Չոկը նավաբների, այսինքն Հնդակաստանում Մուղալ կայսրերից մի քիչ ավելի պուճուր իշխանների, ու նրանց սիրելի կանանց՝ կուրտիզանուհիների, հուսամ ուրիշ բան չհասկացաք:-), բնակավայրն էր: Այստեղ կուրտիզանուհիների տներն էին, ուր երեկոյան «հոգնած ու աշխարհից գազազած» գալիս էր նավաբը՝ ըմբոշխնելու աշխարհիս ճշմարտություններից մեկը՝ կնոջ գեղեցկությունը: Ու էստեղ գեղեցկություն արարելու, պահպանելու ու վայելելու համար ստեղծվել էին բոլոր պայմանները:

Օրինակ՝ նավաբն ինչպե՞ս էր այցելում իր սիրելի կնոջը: Նվերով, իհարկե;-) Ու ի՞նչ էր նվիրում: Ծաղիկ, իհարկե:-) Ու դրա համար Չոկի փողոցներից մեկը, նեեեեեղլիկ, շաաաաատ նեղլիկ փողոցներից մեկը վերածվում ա ծաղկի խանութի: Դե, ձեռքի հետ իհարկե աստվածներին էլ էր հասցնում էդ ծաղիկներից, բայց հիմնականում դրանք զարդարում էին կանանց ու նրանց տները:

Իսկ կանայք իրենց, կամ ուրիշների, ո՞վ գիտի, տղամարդկանց դիմավորում էին պարով: Պատկերացրեք. արևային Հնդկաստան, երկար ու ձիգ պարեր: Ու դա միայն սկիզբն ա: Դեռ հետո կա: Ի՞նչ պիտի անի կինը, որ էդքանից հետո թարմ ու բուրումնավետ դիմավորի տղամարդուն: Իհարկե, պիտի անուշահոտությամբ բուրի: Ու էդպես հեքիմները տարբեր ծաղիկներից անուշահոտ յուղեր  ու օծանելիքների ստեղծեցին ՝ վարդի, ժասմինի... Այսօր էլ Չոկով քայլելիս այս օծանելիքների բույրը կախված է օդում:

Եվ ոչ միայն օդում: Այն օգտագործում են նաև որպես համեմունք տարբեր ճաշատեսակների մեջ: Հնդկաստանի խոհանոցն իհարկե առանձին թեմա է իմ նման կծվասերի համար, բայց Լաքնաուի խոհանոցի յուրահատկությունը համադամ միսն է. էնքան նուրբ, որ բերանումդ հալվում է: Ասում են, նավաբն ամեն մի կերակրատեսակի համար ուներ հատուկ խոհարար, ով բաղադրատոմսերը մշակելիս միշտ խորհրդակցում էր հեքիմի հետ: Վերջինս, ըստ եղանակի, համեմունքների փոփոխություն էր մտցնում՝ պաշտպանելու նավաբին ու իր ընտանիքին տարբեր հիվանդություններից:

Բաղադրատոմսերի գաղտնիքը դարերով մնում էր նույն ընտանիքում՝ փոխանցվելով սերնդե սերունդ, ու այսօր էլ, քայլելով Չոկում, կհանդիպեք սպիտակամորուս, սպիտակ մուսուլմանական թասակով մի 60-ամյա պապիկի, ում ապուպապը նավաբի համար քաբաբ էր սարքում... Ինքն էլ էսօր տեղացիների ու մեր նման չտեսների համար է սարքում:

Նեղլիկ ու թրքոտ փողոցների մասին պատմեցի, չէ՞: Իսկ այ շաաատ լայն տների մասին դեռ ոչ: Տներն, ի տարբերություն փողոցների, շատ ընդարձակ են, այնքան, որ տների, հատկապես ամենահարուստ տների դիմաց երկու մեծ թմբուկանման քարեր կան: Կհարցնեք ինչո՞ւ: Չհարցնեք էլ, կասեմ:-) Դրանք այցելուների համար են: Հյուրին ոտքի վրա թողնելն անհարգալից է համարվում Հնդկաստանում: Իսկ քանի որ տները շատ մեծ են ու դռան զանգից հետո տան դռանը հասնելը կարող է մի քանի րոպե տևել, մարդիկ այդ քարերն են տեղադրել հյուրի համար, որ նա իրեն հարգված զգա ու տանտիրոջը նստած սպասի: 

Լաքնաուի մասին ամենահետաքրքրական փաստն էն էր, որ սա եզակի բնակավարյրերից ա եղել, որտեղ հինդու ու մուսուլման համայնքները դարերով կողք-կողքի ապրել են ՀԱՇՏ: Պատճառը՝ չիկանը:-)`


Ափսոս, լավերից արագ փնտրելով չգտա:-( Ինչևէ, էս ասեղնագործությունն է էդ երկու համայնքներն իրար հետ հաշտ ու խաղաղ պահել, քանի որ մուսուլմաններն աշխատում-ստեղծում են էս սիրունությունները, հինդուները՝ վաճառում: Դարերով եկած աշխատանքի բաժանում, որ չկարողացան խաթարել կրոնական զանազան տարբերություններ: Այսօր էլ վաճառականների 98%-ը հինդու է, ու նույնքան տոկոս էլ՝ արտադրող մուսուլման...

Չոքում մի հետաքրիր հիվանդանոցի մասին էլ իմացանք: Այդ մութ ու խոնավ անկյունը «հիվանդանոց» կոչելը դժվար է, բայց մեր գիդը պատմեց, որ մի քանի դար այս հիվանդանոցը գործել է նույն սկզբունքով. չիկանի արտադրող-վաճառականները որոշակի, ոչ շատ մեծ գումար են հատկացնում այստեղ աղքատ հիվանդներին ընդունելու համար, որոնք բժշկին այցի համար խորհրդանշական մեկ թե հինգ րուփի են վճարում, լավ չեմ հիշում արդեն: Այսօր բժիկն աշխատում է այստեղ մինչև երեկոյան հինգը ու օրեկան կարող է ընդունել 150 հիվանդ...

Իսկ բրիտանացիների մասին ի՞նչ ասեմ... Մի բան, որ անմիջապես աչք ծակեց իրենց բնակավայրում, ժամանակակից ցուցանակներն են: Մեկի վրա գրված էր. «Այստեղ հանգչում են քաջարի, փառապանծ բրիտանացի զինվորները, որ հերոսաբար պաշտպանում էին այս վայրը Լաքնաուի պաշտպանության ժամանակ»: Ազատության համար ու լծի դեմ պայքարող, այսօր արդեն միանգամայն անկախ հնդիկներն են գրել...

Բայց բրիտանացիների հետքն իհարկե անջնջելի է՝ սկսած երկաթգծով մինչև Indian Coffee House սրճարանների շղթան, որի մասին էլ Լաքնաուում իմացանք: Սա աշխատողների կողմից կառավարվող կոոպերատիվ է, որը բացվեց կոմունիստ ղեկավարներից մեկը աջակցությամբ նախորդ դարի (աաաա:-)))))) 50-ականներին: Առաջին անգամ էի նման բիզնես մոդելի հանդիպում ու դուրս շատ եկավ, մանավանդ, որ հնդկական ստանդարտներով բավականին մաքուր էր ու շատ համեղ նախաճաշ առաջարկեցին:-)

Լաքնաուն մեզ դիմավորեց ու հրաժեշտ տվեց՝ ջերմ, համեղ, հետաքրքիր:  Բովանդակալից, կարճ ասած:-)

No comments: