Monday, March 10, 2014

ԲՀԱՐԱՏ-ի զարմանալի թշվառությունն ու հմայքը (Օր 9. Դելի)

Ի սկզբանե պարզ էր, որ Դելին դժվար է լինելու, ու տարբեր պատճառներով: Նախ, արդեն գրեթե ճանապարհորդության վերջն էր, ու արդեն պիտի որ ահագին հոգնած ու հագեցած լինեինք: Բացի այդ, երբ առաջին անգամ՝ 2007-ին հայտնվեցի Հնդկաստանում, հենց Դելին էր, որ ամեն ինչ տակնուվրա արեց. կայարանում բնակվող ընտանիքներն ու մուրացկանները, նրանց շրջապատող անտարբերությունն ու դա ճեղքելու անտեսանելի ու անշոշափելի ջանքերն էնպիսի ցավ էին պատճառել, որ երկար ժամանակ անգամ Չանդիգարի հրաշալի ընդունելությունը չէր կարողանում մեղմել այն:

Ջայզալմերից դուրս եկանք վաղ երեկոյան ու առավոտյան արդեն մոտենում էինք Հին Դելի կայարանին, երբ նորից նույն հուսահատությունը սողոսկեց սիրտս: Մարդիկ դարերով ապրել են այս երկրում՝ օգտագործելով ու վերաօգտագործելով ամեն ինչ: Այսօր պլաստիկը վերաօգտագործելը գրեթե անհնարին է, ու այն անասելի կերպով աղտոտում է այս հրաշալի երկիրը... Մինչև Հին Դելի հասնելը սիրտս ճմլվում էր. թվում էր, թե աշխարհի վերջն է... Երեխեքը փոշու ու աղբի մեջ կրիկետ են խաղում, երիտասարդ կինը երկաթգծի վրա ատամներն է մաքրում, մյուսը՝ թքելով անցնում է մի տանիքից մյուսը, տղամարդիկ լքված երկաթգծերին ինքնամոռաց տրվել են թղթախաղին, մի երկու երիտասարդ թերևս իրենց լավագույն շորերը հագած քայլում են դեռևս ազատ երկաթգծով դեպի Դելի, երևի թե շտապելով աշխատանքի, սպիտակ կովը պլաստիկ շիշ է փորձում ծամել, կեղտից գորշագույն մազերով ծերունին երկաթգծերից մեկի վրա հաճույքով ու անտարբեր կարիքներն է հոգում, մայրը երկաթգծից այն կողմ կռացած խարույկի դիմաց ճաշ է պատրաստում մի քիչ այն կողմ թռվռացող չորս փոքրերի համար... Աշխարհի վերջ...

Հասնում ենք Հին Դելի՝ մտադրված ամեն դեպքում տեսնելու Կարմիր ամրոցը: Մի քիչ աջուձախ քայլելուց հետո կարծես թե ընկնում ենք ճիշտ ճանապարհի վրա, բայց անգամ դա չի փրկում մեզ, որովհետև Հին Դելիում զգում ես, թե ինչ ասել է միլիարդ մարդ: Մարդիկ շատ են, շատ-շատ են, շատ-շատ-շատ են ու դա զգում ես ամեն երկրորդ սանտիմետրի վրա, որովհետև փողոցով անցնել չես կարող, մայթով անցնել չես կարող, բայց այ մարդկանց վրայով անցնել կարող ես ու ոչ միայն կարող ես, այլև պարտավոր ես, որովհետև այլ կերպ տեղաշարժվել քաղաքի այս հատվածում ուղղակի անհնարին է:

Քայլում ենք, քայլում, մինչև հասկանում ենք, որ ամրոցը չի երևում: Աջ, ձախ, ոչ մի կարմիր շինություն: Ստիպված նստում ենք հենց այդ պահին հայտնված հեծանվառիկշոն, որի վարորդը ավանդական «Վեռ  յու ֆռոմ» և «Վոթ իզ յոռ նեյմ»-ից հետո սկսում է համոզել, որ մեզ շատ ավելի է պետք համեմունքների բազարը, քան Կարմիր ամրոցը: Մենք համառում ենք, վարորդը լուրջ հայտնում է մեզ, որ կիրակի օրն ամրոցը փակ է, միևնույնն է, ոչինչ չենք տեսնի: Ինչ-որ կասկածելի է թվում ասվածը, բայց աղմուկն ու բազմությունը հրահրում են այստեղից շուտ հեռանալու ցանկությունը: Ամեն դեպքում, հիշելով, որ հաճախ ռիկշոների վարորդները խաբում են հաճախորդներին ու նրանց նախնական ծրագրի փոխարեն առաջարկում սեփականը, որը սովորաբար ավարտվում է մի քանի խանութներով, որտեղից վերջինիս կոմիսիոն է ստանում, մենք համառում ենք, գրեթե սպառնում, որ մեզ ամեն դեպքում տանի ու թողնի Կարմիր ամրոցի մոտ:

Հասնելով ամրոցի մոտ՝ նորից ենք սկսում տատանվել, բայց, բարեբախտաբար, մեզ է մոտենում մի այլ վարորդ ու առաջին իսկ հարցին, թե իսկապե՞ս փակ է ամրոցը, ստանում ենք բացասական պատասխան: Ռիկշոյի վարորդն սկսում է առատորեն ներողություն խնդրել՝ պնդելով, թե խառնել է օրերը: Մի հինգ րոպե էլ ոչ մի կերպ մանրադրամ չի գտնում մանրը վերադարձնելու համար:

Էսպես նեղված ու թթված, էլ չասեմ սոված ու հոգնած, հասնում ենք ամրոցի մոտ ու երկար հերթից հետո մտնում ներս: Ամրոցը կառուցել է նույն Շահ Ջահանը: Ու թերևս այն ժամանակին բավականին պատկառելի ու գեղեցիկ կառույց է եղել: Այստեղ նույն այն շինություններն էին, որ տեսել էինք Ագրայի ամրոցում, Ամբերում ու Ջայզալմերում՝ դիվան-ի-խաս, որտեղ հանրային ընդունելություններն էին կազմակեպվում, համամ՝ թուրքական բաղնիքը, մի քանի ավելի փոքր մահալներ՝ արքայի ու թագուհու համար ու էդպես շարունակ: Բայց ամրոցը շատ տխուր տպավորույթուն թողեց ու հատկապես էն պատճառով, որ մայրաքաղաքի դեմքը հանդիսացող այս կառույցը բաձիթողի վիճակում էր: Մեր տեսած բոլոր ամրոցները բավականին լավ վիճակում էին, իսկ Կարմիր ամրոցը գրեթե փլվում էր, բացառությամբ մուտքը զարդարող շքեղ դարպասների: Ցավալի էր շատ, որ մայրաքաղաքն էդպես է պահպանում իր դեմքը...

Կարմիր ամրոցից հիասթափված ու էլ ավելի սոված սկսեցինք ռեստորան փնտրել, որտեղ կարելի էր նորմալ հանգստանալ ու փախչել ամբոխից ու կեղտից: Երկար-բարակ մտածելուց հետո որոշեցինք, որ «Նոր Դելի» կոչվող մետրոյի կանգառում հաստատ ինչ-որ ժամանակակից տեղեր կլինեն, առնվազն՝ Costa Coffee:

Իջնում ենք Նոր Դելի ու... նույն ցեխն ու կեղտը, նույն մուրացիկները: Ապարդյուն փորձում ենք ոստիկանից հարցնել, թե արդյոք եվրոպական ռեստորաններ կան տարածքում: Լավ չհասկանալով, թե ինչ ենք ուզում, մեզ ուղարկում է մի տեղ, որտեղ հաստատ «եվրոպական զուգարաններով», ինչպես նշված է գնացքներում, ռեստորաններ չեն կարող լինել:

Հետ ենք գալիս մետրո: Որոշում ենք էդպես սոված էլ գնալ Քութուբ Մինար, հին ու հայտնի մզկիթը: Արդեն մետրոյի կանգառում մոտենում ենք մի երիտասարդ աղջկա.
-     - Դելիի՞ց եք:
- Ահա:
(մտքում՝ «Ուռաաաա»)  - Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք, Դելիում ու՞ր կարելի է գնալ, որտեղ կարելի է եվոպական կերակուր ուտել:
- Հոզ խազ: Իջեք կանգառում ու ռիկշոյով գնացեք մինչը Հոզ խազ գյուղ: Էնտեղ ձեր ուզածը կգտնեք: 

Կյանքում էդքան մեծ հաճույքով բիֆշտեքս չէինք կերել:-))))

Իսկ Հոզ խազն իսկապես փրկեց Դելին, մանավանդ երբ թույլ տվեց հիանալ երեք երիտասարդների երաժշտությամբ: Էստեղ նորն ու հինը էնքան համերաշխ ու ներդաշնակ էին, որքան ոչ մի այյ վայրում, որտեղ եղանք այս զարմանալի երկրում: 

No comments: