Wednesday, February 19, 2014

ԲՀԱՐԱՏ-ի զարմանալի թշվառությունն ու հմայքը (1)

Եվ այսպես՝ 

ՅԱՆՏՐԱ ՄԱՆՏՐԱ ՏԱՆՏՐԱԱԱԱԱ........

Հինդուիզմի տասօրյա դասընթացի մեկ էջանոց մանտրա

Եվ ստեղծեց Բրահման երկիրն այս, իր տիկնոջ՝ Սարասվատի հետ, ով աստվածուհին էր կրթության: Փետրվարի չորսին Սարասվատիի օրն է, երբ հատուկ փառաբանում են աստվածուհուն՝ խնդրելով խելք ու կրթություն: Դու ասա տվող լինի:-) Ինչպես վկայուն են միլիոններն, աղոթքը մնում է կախված մթնոլորտում:-)

Ու տեսավ Բրահման, որ սիրուն է, ու եկավ Վիշնուն, որ պահպանի էդ սիրունը: Ու եկավ Շիվան, մեծն աստվածն կործանման ու արարման, որպեսզի պտտվի անիվն կյանքի: Ու պտտվում է էսպես իր համար: Ու աշխարհում ամեն ինչի համար ստեղծվում են աստվածներ ու աստվածուհիներ:

Գանեշան, փիղ-աստվածն, ով օրհնում է ամեն սկիզբ, ամեն նոր՝ նոր ծնունդից մինչև նոր խելախոս:

Հանուման, կապիկ-աստվածն, ով օգնում է մարդուն լուծել իր բոլոր խնդիրները: 

Դուրգան կամ Կալին (բոոոոոոո, գլխատված մարդկանց գանգերի մարջանով զարդարված բազմաթև աստվածուհուն կինոներից հաստատ կհիշեք:-)), ահասարսուռ աստվածուհին, ով պարգևում է իշխանություն ու իրեն վստահողին օրհնում առողջությամբ ու հզորությամբ:

Ժամանակին, երբ կատուն ճոն էր... չէ, չէ դրանից էլ շատուշատ առաջ, երբ Վիշնուն աշխարհ էր եկել տեր Ռամայի տեսքով, Ռամայի հոր կանանցից մեկն, ով բոլորովին չէր ցանկանում, որ առաջնեկ Ռաման հաջորդի հորը գահի վրա, համոզում է ամուսնուն, որ Ռամային ուղարկի անտառ՝ «հոգևոր սնունդ ստանալու համար»: Դե, խեղճ Ռաման էլ ինչ աներ. առնում է գեղեցկուհի կնոջը, կրտսեր եղբորը ու տուն-տեղ դնում անտառում, որտեղ մինչև էդ իշխում էին կապիկները: Քանի որ Սարասվատիին իր աղոթքներն ընկերական փոստով վաղուց էին տեղ հասել, միանգամից ընկերանում է վերջիններս հետ:

Մի օր էլ Ռաման հերթական անգամ կնոջ մոտ է գնում ու տեսնում, որ կինն անհետացել է: Դես է ընկնում, դեն է ընկնում, չի գտնում կնոջը: Խնդրում է իր ընկերոջը՝ կապիկին, որ օգնի իրեն: Կապիկն անցնում է երկրի կեսն ու Ռամայի կնոջը տեսնում Շրի Լանկայում, զազրելի մի դևի մոտ բանտարկված: Հետ է գալիս Հանումանը, այո, այո, մեր կապիկը, ու պատմում Ռամային, որ իր գեղեցկուհի կինն ահարկու դևի գերին է:

Ռաման որոշում է փրկել կնոջը (հլա փորձեր չորոշել. Հնդկաստանում մի էսպիսի լավ խոսք կա. քանի որ աստված (էնքան էլ կարևոր չի որ մեկը, բայց խոսքի համար Շիվան, չի կարող բոլորին միանգամից օրհնել, մարդուն պարգևել է մորը, որ իր օրհնանքը տեղ հասցնի: Ու ինչպես չի կարող ամենահաս լինել օրհնելու համար, այնպես էլ չի կարող ճիշտ տեղում ու ժամանակին հայտնվել պատժելու համար: Ու ստեղծել է դրա համար Շիվան մարդու կնոջը... բա:-))))))))))

Նրան է միանում կրտսեր եղբայրը՝ Լակշմանը: Հանումանն իմանալով Ռամայի միտքը՝ հավաքում է կապիկների մի ամբողջ բանակ, որով Ռաման գրոհում ու հաղթում է Շրի Լանկայի դևին՝ վերադարձնելով կնոջը: Ասում են, Հնդկաստանից Շրի Լանկա անցնելու համար կապիկները մի օրում կամուրջ են ձգում Ռամայի համար...

Վերադառնալով Հնդկաստան՝ Ռաման վերահաստատվում է պալատում (պատմությունն անտեսում է խորթ մոր ճակատագիրը, բայց գուշակել կարելի է:-)) ու ոսկով ու այլ գանձերով պարգևատրում Հանումանին: Վերջինս չի էլ նայում դրանց վրա ու շպրտում է մի կողմ: Բոլորը տարակուսանքով նայում են կապիկին ու հորդորում վերցնել էդ անթիվ-անհամար հարստությունը: Կապիկն էդ ժամանակ լուռ կանգնում է պալատի մեջտեղում ու բացում կուրծքը: Էնտեղ նստած են լինում Ռաման ու իր կինը.
- Ես բոլոր աստվածներին իմ մեջ ունեմ, ինչի՞ս է պետք ձեր սին հարստությունը, - ասում է Հանումանը:

Ռաման հասկանում է, որ Հանումանը ճանաչել է իրեն՝ Վիշնուին, և ինքն էլ իմանալով, որ Հանումանը Շիվան է, վերջինիս է նվիրում մի ողջ տաճար...

Այսպես, առաջին անգամ Վիշնուն ու Շիվան երկիր եկան՝ պայքարելու Շրի Լանկայի դևի դեմ, որին մենակ հաղթելն անհնարին էր:     

Սվաստիկան կենցաղում ամենատարածված խորհդրանիշն է, որը պահպանում է չար ուժերից: Ինչպես ասաց Վարանասիի մեր բրահմին գիդը. «Երբեք չգիտես, թե էս տարածքում քանի ուրվական կա (չէ՞ որ մարդիկ երբեմն էնքան վատ կարմա են ունենում իրենց կյանքում, որ հաջորդում վերածնվում են որպես ուրվական, չգիտեի՞ք յա): Որպեսզի ամեն դեպքում հանգիստ լինես, որ քեզ չար ուժերը չեն վնասի, սվաստիկա ես նկարում: Այն մաքրում է շրջակա տարածքն ու  օդը»: Էնպես որ, Հնդկաստանում ամեն երկրորդ տանը ոչ թե նացիստ է բնակվում, այլ չար աչքից հեռու մնալու ցանկությամբ լիքը հնդիկներ:-)

No comments: