Wednesday, February 26, 2014

ԲՀԱՐԱՏ-ի զարմանալի թշվառությունն ու հմայքը (Օր 2 և 3. Վարանասի)

Լաքնաուն ու մնացած հնդկական քաղաքները մենք լքում էինք գնացքով, որն ամփոփում էր կաստա-դասակարգային ողջ գունագեղ ներկապնակը արտաքուստ անգամ տարբերվող երկաթե մի քանի տեսակի վագոններում` Sleeper, AC Two Tier, AC Three Tier ու տենց:  Ինչպես Ջայսալմերի երկու երիտասարդ ավստրիալուհիները հուսահատ նշեցին՝ մեր բախտն ուրիշ տեսակ էր բերել, որ AC Two Tier-ում հարմար տեղավորվելու ենք, իսկ իրենք, չհասցնելով էս կարգի համար տոմսեր ձեռք բերել (մեկը հարցներ, թե ոնց էին հասցնելու, եթե իրենք դա փորձել են անել ճանապարհոդությունից երեք օր, իսկ մենք երկու ամիս առաջ:-) ), ստիպված էին լինելու որոշակի դժկամությամբ, բայց պայծառ ապագայի ջահելական միտումներով լի տեղավորվել տոլմայական Sleeper-ում: 

Լաքնաուում առաջին անգամ պիտի գնացք նստեինք, ու դա մեզ հաջողվեց 4 ժամ ուշացումից, չվացուցակը կես ժամը մեկ ստուգելուց, գետնին հարմար տեղավորված բազմանդամ ընտանիքներին չտրորելու հաջողված ու նստելու տեղ փնտրելու անհաջող փորձերից հետո միայն: Կայարանի շուրջ ոչինչ չստացվեց անել: Առաջին փորձից հետո նույնիսկ չհամարձակվեցինք շարունակել, որովետև տուկտուկիստական հարձակումներին դիմադրելը դառնում էր նյարդայնացնող նախաձեռնություն: Կառամատույցը լավ չափչփելուց հետո վերջապես նստեցինք մեր առաջին ու բավականին հաջող գնացքն ու ուշ երեկոյան հասանք Բենարես, Բանարաս կամ Վարանասի՝ հինդու Մեքքան կամ Երուսաղեմը:

Խառնիճաղանճ, քարքարոտ փողոցները նախ տուկ-տուկով, ապա ոտքով կտրելով, մի 10 անգամ աջուձախ անելով, ու հինգերորդ անգամից հետո արդեն լրիվ անհույս ու թևաթափ, թե ես երբևէ կհիշեմ դեպի հյուրանոց ճանապարհը, հասանք մեր սիրելի հանգրվաններից երկրորդին: Պարզվեց, ինձ համար համենայն դեպս:-), որ հյուրանոցը գհատի վերևում է: Մեր սենյակը երրորդ հարկում էր: Արագ պայուսակները դրեցինք ներս ու դուրս եկանք պատշգամբ: Մեր առջև, մառախուղի ու մթան մեջ սառը-սառը փաթաթված, լուռ սահում էր Գանգեսը: Վերևից լուսինը, ներքևից դիփդանները փոքր-ինչ պատռում էին այդ խորհրդավոր շղարշն ու մերկացնում Գանգեսի արծաթագույն մարմինը: Հենց պատշգամբում Վարանասին հուշեց, որ ինքն այս աշխարհում այլ աշխարհից է: Իսկ որ դա էսպես է, մենք համոզվեցինք բացօթյա ընթրիքի ժամանակ, երբ Paneer Butter Masala-ի շքեղագույն համից մարմնականից միանգամից անցում կատարեցինք հոգևորին:-)))

Հինդուները Վարանասին սուրբ են համարում, որովհետև էստեղ, Գանգեսի ափին զբոսնելիս Շիվայի կինը կորցնում է ականջօղը: Իսկ երբ Շիվան փորձում է գտնել, իրենն էլ հետն է կորցնում: Այստեղ, երեք գետերի միացման  ու աստվածային ականջօղների կորուսյալ այս հողում էլ կառուցվում է սուրբ քաղաքը, որտեղ մեռնել նշանակում է միանգամից հառնել երկինք. մեծուփոքր, շատուքիչ վերածնունդների անխնա ու արատավոր շրջանից հավերժ ազատում, նիրվանա, կարճ ասած: 

Copyright: Scribbly Katia

Հաջորդ օրը վաղ առավոտյան, նույնիսկ կարելի է պնդել, որ դա չափազանց շատ վաղ առավոտ էր ոմանց համար, քանի որ ընդամենը ժամը վեցն էր,  մեր կիսաանգլիախոս նավակավարը լիքը հետաքրքիր ու ճիշտուսուտ բաներ սկսեց պատմել մեզ այս տարօրինակ քաղաքից: Մինչ ես միաժամանակ պաշտպանվում էի սառը քամուց ու զմայլվում հատուկենտ դիփդաններով զարդարված մառախլապատ ու արշալուսագեղ Գանգեսով, արևի բացվող ճառագայթների հետ միասին մեր առջև սփռվում էր հինդու կյանքի ու մահվան զարմանահրաշ գորգը:

Այստեղ առավոտյան փառաբանում են արևին, երեկոյան՝ Գանգեսին: Վաղ առավոտվանից սկսում են պատրաստվել դիահրկիզման: Բայց, հրկիզել բոլորին չի թույլատրվում, օրինակ՝ մինչև երկու տարեկան երեխաների մարմիններն ուղղակիորեն պահ են տալիս Գանգեսին, որովհետև նրանց կրակով մաքրելու կարիք չկա... Գանգեսի այդ ափի ողջ երկայնքով գհատներ են, որոնց վերևում հյուրանոցներ կամ հյուրատներ են, որոնք ժամանակին այս կամ այն մահարաջի պալատն են եղել: Պալատներից փոքր-ինչ հեռու ավելի պարզ մի շինություն է: Ավելի ճիշտ աշխարհավերջային մի շինություն, որը մինչև օրս հյուրընկալում է երկրի հազարումի անկյունից ժամանած ծերերին ու մուրացիկներին: Քանի որ Վարանասիում մահանալը նշանակում է ուղիղ stairway to Heaven, շատ տարեցներ, զգալով մոտալուտ վախճանը, թողնում են տուն-տեղ, ընտանիք ու գալիս այստեղ մեռնելու: Էդ իսկ պատճառով, Վարանասիի այս հատվածում ամեն քայլափոխի կարող ես հանդիպել մուրացիկ ծերունիների: 

Ու լիքը կովերի: Վարանասիում մեր բախտը շատ բերեց, որովետև ամբողջ օրն անցկացրինք հրաշալի մի մարդու հետ, ով մեզ պատմեց կովերի, կարմայի, Ոսկե տաճարի ու լիքը այլ համով-հոտով բաների մասին: Օրինակ՝ կովերն ինչո՞ւ են սուրբ: Որովհետև իրենք մոր խորհրդանիշն են ու իրենց մեջ բոլոր աստվածներն են բնակվում՝ ամեն մեկն իրեն հատկացված տեղում: Դրա համար էլ, չնայած նրան, որ կաթը կենդանածին է, այն օգտագործվում է հինդու խոհանոցում, որը բացառապես բուսական է: Իսկ այ ձուն՝ ոչ: Ինչու՞: Դե գուշակեք:-)))) Այո, որովհետև ձուն որտեղի՞ց է դուրս գալիս՝ հավի հետույքից, մինչդեռ կաթը սուրբ մոր կրծքից է:-)

Օտարականին թվում է, թե կովերը թափառական կենդանիներ են, ինչպես շներն ու կատուները: Ցլերն՝ այո, թափակառան են, իսկ կովերը՝ ոչ: Կովերը տեր ունեն: Ամեն առավոտ նրանք կովերին դուրս են անում արածելու: Հիմա կհարցնեք, թե ասֆալտի վրա ինչ են արածելու խեղճ անասունները, իսկ ես կասեմ՝ բանանի կլեպ:-) Հնդկաստանում քաղաքների փողոցների կեղտի պատճառներից մեկն այն է, որ մարդիկ ուտելիքի մնացորդները փողոցում են թափում, որպեսզի կովերը սնվեն: Ցլերի հարցն այլ է. տղամարդկանց լիակատար ազատություն է տրվում, վայելիր ինչքան ուզես:-))) Եթե կինը երեկոյան խոնարհաբար պիտի տուն վերադառնա, տղամարդու տունը ողջ երկիրն է:-)

Կենդանիները  Հնդկաստանում նիրվանայական վարք ունեն, բայց մեր ուղեկիցն զգուշացրեց, որ Հանումանի տաճարում ու բակում հարյուրներով խլվլացող կապիկների աչքերի մեջ հանկարծ չնայենք: Հակառակ դեպքում՝ ստիպված ենք լինելու մի կերպ դուրս պրծնել գազազած կապիկների ճանկերից (մեկ էլ տեսար ըսկի չպրծանք էլ, բա որ հանկարծ սըրանք քրիստոնեա սիրելուց չըլի՛նեն:-)))))) ու վազել բժշկի մոտ՝ հակակատաղային մի քանի ներարկում ստանալու համար:-)

Արդեն իմացաք, որ Հանումանի տաճար էլ ենք գնացել, իսկ այ իսկական Ոսկե տաճար՝ ոչ: Լինգամ իհարկե տեսանք, բայց Բըրլայի հովանավորությամբ կառուցված Ոսկե տաճարում, որը գտնվում էր Բարանասի հինդու համալսարանի տարածքում: Քանի որ Վարանասիի իսկական Ոսկե տաճար օտարերկրացիների և ցածր կաստաների մուտքն արգելված է, հնդիկ մեծահարուստ Բըրլան որոշում է մարդասիրական նկրտումներից ելնելով՝ նմանատիպ տաճարներ կառուցել բոլորի համար ու Հնդկատանի տարբեր քաղաքներում կառուցում է Վարանասիի տաճարի մի քանի նմանակներ:

Երկար եմ, չէ՞, պատմում: Հլա դեռ ինչքա­­՜ն եմ պատմելու:-) Օրինակ՝ եթե դեռ չգիտեք, թե ինչ է կարման, էսպիսի մի պատմություն պատմեմ: Մեր տաքսու վարորդը մեր ժամանման նախորդ օրը մեր ուղեկցի հետ զրույցի ժամանակ ասում է, որ գործերն էնքան էլ լավ չեն, որ եթե հնար լինի, իրեն ինչ-որ աշխատանք տա: Մեր ուղեկիցն էլ ասում է՝ մի խոսքով, հլա մի հատ Հանուման, Գանեշա խառնի իրար, տես ինչ կստացվի: Ստացվում է էն, որ գալիս ենք մենք: Մեզանից առաջ էլ մի կորեացի տուրիստ մը մեքենայում իր դրամապանակն է մոռանում: Մեր վարորդն էլ մեքենան մաքրելիս գտնում է ու վերադարձնում տիրոջը, ով ուրախությունից ու վարորդի ազնվությունից հուզված նրան է նվիրում «չաշխատած» 500 րուփի... Բա... իսկ եթե հանկարծ վարորդը գողանար էդ դրամապանակը, միգուցե մեքենան խափանվեր, հազարումի զիբիլ պատահեր: «... եւ այն ժամանակ իւրաքանչիւրին կը հատուցի ըստ իր գործերի»:-) Կարմա:-) Լավ ու վատ:-) Քո ընտրությամբ: Ճակատագրա- ու աստվածապաշտ Հնդկաստանում...

Հա, ասեմ, որ հազարումի աստվածների տաճարների կողքին ունեն նաև Մայր Հնդկաստանի տաճարը, որտեղ Հնդկաստանի մարմարե մակետն է, ու ինչպես այլ տաճարներում, մարդիկ էստեղ էլ են պուջայի համար նվիրատվություն անում: Մինչև տաճար մտնելը մի վախենալու ու սյուր դյադյա երկու վարժեցրած կապիկ ու մի կոբրա թատերախմբով կրկեսային համար ցուցադրեց: Հարսն ու փեսեն շատ խոխմա էին, բայց ամբողջ համարի թագը հարսի արհամարհանքն էր տասանոց թղթադրամի հանդեպ. խելոքը գիտեր, որ փողս փող չի ու մի լավ հոտոտելուց հետո տասանոցը թողեց մեր ոտքերի տակ ու «փնփնթալով» հեռացավ: Իսկ այ փայլփլուն տասանոց կոպեկից չհրաժարվեց. հավերժ կանացի գայթակղություն պլպլանով:-)))))

Տուրիստական բոլոր ընդունված տեսարժան վայրերը դիտելուց բացի ուղղակի հաճելի էր մեր ուղեկցի ներկայությունը: Մի տեսակ քաշվելով՝ նա առաջարկեց իր հետ միասին փողոցային թեյ համտեսել ու անասելի ուրախացավ, երբ ասացինք «այո»: Ասեմ ձեզ. թեյը թեյ չէր, այլ մի հրաշալի ամբրոսիա:-) Ինչ ասես չկար  մեջը՝ 100 տեսակ համեմունք, կաթ, միգուցե  նաև թեյ:-) Ու դա մատուցվում էր միանգամյա կավե բաժակով, որ գյուղացիք քաղաքում վաճառում էին հատը 1 րուփիով:

Խոսեցինք նաև անմահ մաֆիայից, որը Վարանասիում կյանքը կառավարում էր բանտից, որի կողքով անցանք: Էստեղ երկու մեծ մաֆիա կա՝ հինդու ու մահմեդական: Ոստիկանությանը չեն վստահում, որովհետև խեղճ ոստիկաններն իրենք են վախից պատի ծակը մտնում մաֆիայի շվաքից: Պատմեցին, թե ինչպես ոստիկաններից մեկին, ով մի տարի առաջ փորձել էր մաֆիայի դեմ գործը մինչև վերջ հասցնել, սպանել էին օրը ցերեկով, շատերի աչքի առաջ, ու բոլորը գիտեն, թե ով է հանցագործության հեղինակը, բայց ոչ մի վկա չկա: Ընդհանրապես, թերևս երկրում միակ վստահելի ինստիտուտը համարվում է բանակը, որի մասին խոսում են մեծ հարգանքով:

Վարանասիի մեր շրջայցն ամփոփվեց մետաքսի արհեստանոց-խանութով ու անտանելի համեղ մի ռեստորանով: Առաջինում, բացի մեզ հաջողությամբ համոզելը, որ լավագույն նվերը վարանասիական մետաքսե շալերն են, մի լավ ծիծաղեցրեցին: Դեսից-դենից, աշխարհի կարգից ու Հայաստանի աննկատ աշխարհագրական դիրքից խոսելով եկանք հասանք նկատելի Չինաստանին.

«Հնդկասատանում  մենք լավ խոսք ունենք. օձին որ տենաս, հանգիստ կանգնի տեղդ, մի խառնվի: Իսկ այ չինացի որ տենաս, երկու ոտդ առ ու փախի, ինչքան կարող ես հեռու»: Բա, օձը գիտես, որ կխայթի, իսկ չինացին ինչ կանի, իրենց Կոնֆուցիոսն էլ երևի թե չգիտի:-)))

Վարանասիի խորհուրդը գանգեսյան տեսանելի անսահմանության առջև մարդու փոշիության ու տիեզերականության անքակտելի ու անհասանելի երկվությունն էր, որը թողեցինք հետևում՝ սիրո խորհուրդն Ագրայում հասկանալ փորձելու համար: 

No comments: