Friday, April 25, 2014

16. Պատմություն չհասկանալու կամ սխալ հասկանալու մասին

Տուն եմ գնում դասից: Հավես, ցրտոտ երեկո ա: Որոշում եմ թափառել, նոր գնալ տուն: Թոթենհեմ քորթ ռոդի գժանոցից գլուխս պտտվում ա, բայց հավես ա: Խառըխշտիլք փողոցը կամաց-կամաց գալարվում, փարվում ա մարմնիդ, ու դու չկաս, դու դառնում ես փողոցի մի մաս: Էդ փողոցային վիճակից սթափեցնում ա հեռախոսազանգը: «Հա, Մերի ջան, էս ա գալիս եմ», - ուզում եմ վրա բերել արագ-արագ, նորից փողոցին տրվելու թմրամոլային ցանկությունս հազիվ զսպելով, բայց լսում եմ անծանոթ մի ձայն.

Hi, Christina
Hi???
This is Amin.
Oh, hi there! How ARE you?



Մի երկու շաբաթ առաջ Բրիտանական խորհրդի իմ լավ ծանոթներից մեկը, մի հրաշալի կին, ում հետ ծանոթացել էի 2004-ին Լիվերպուլում, հրավիրում ա եսիմ ինչ միջոցառման: Բնականաբար, էս եսիմ-ինչերի ամենահավես մասը ընդմիջումներն են, երբ մարդիկ իրենց հիմնարար կարիքները բավարարելիս շատ ավելի հանդուրժող են թե՛ իրենց, թե՛ դիմացինների էգոների հանդեպ, ու մեծ-մեծ, խելոք բաներ խոսելու փոխարեն սկսում են հավես բաներ պատմել իրար: Ես լսողներից եմ:-) Էդպես լսելու ժամանակ հայացքս հանկարծ հանդիպում ա դիմացս կանգնած տղամարդու հայացքին, ժպտում ենք, ես շարունակում եմ լսել, ինքը ուտել: Երկրորդ ընդմիջաման ժամանակ ծանոթանում ենք: Մի քիչ զղջում եմ, որովհետև ընդմիջումն ուտելու համար է, իսկ ինքը մի ժամ ուտելիք է փնտրում. «Սա՞ ինչով ա, իսկ սա՞, իսկ էս մե՞կը »: Այ մարդ ուտելիք ա էլի...

Հետո ասում ա, որ ինքը «հալալ» ա ուտում... Վայ մեեեեեե... Ու պատմում ա իր ընտանիքի մասին: Սուդանում: Լրիվ ուրիշ աշխարհ: Իմ մտքում չգիտեմ ինչու մինչև հիմա տպավորվել ա մի վրան, վրանում մի կին՝ գեղեցիկ, մեծ, նշաձև, սև աչքերով ու երկու փոքրիկ տղա՝ մեկը մոր ծալապատիկ ոտքերի մոտ, մյուսը` գրկին: Ես անգամ չգիտեմ Սուդանում նման պատկերն ինչքանով ա հավանական: Ես չգիտեմ (ավելի ճիշտ չեմ հիշում) Ամինը որտեղ է ապրում, միգուցե Սուդանի ամենահարուստ առանձնատներից մեկում, բայց մինչև հիմա, երբ հիշում եմ իրեն, անմիջապես ուղեղումս էս պատկերն ա մեխվում:
Ամինը շարունակում ա պատմել Սուդանի ու իր բրիտանական առօրյայի մասին: Ես լսում եմ: Ինչքան շատ եմ լսում, էնքան Ամինի նույնպես նշաձև, նույնպես գեղեցիկ, բայց թախծոտ աչքերում շատանում ա անապատի արևն ու տաք ժպիտը: Լսում եմ, ու հասկանում, որ էս մարդը մենակ ա: Մենակ... էնքան որ իր մենակությունն ու կարոտն անապատի ավազահողմի պես դուրս ա հորդում մեծ ու անտարբեր այս արևմտյան քաղաքի մի փոքրիկ անկյունում ու լցվում, լցվում, լցվում ու չի վերջանում: 

Մինչև ընդմիջման ավարտը: Հետո շարունակվում է միջոցառումն, ու մինչև երեկո էլ չենք հանդիպում: Ես հավաքվում եմ, որ տուն գնամ, կամ թափառելու, չեմ հիշում արդեն: Բոլորին հրաժեշտ եմ տալիս ու վերարկուս հագնելիս մեջքիս զգում համառ մի հայացք: Շուռ եմ գալիս: Ամինն է ժպտում: Ժպտում եմ, հաջողություն մաղթում, բայց մի քանի երկար վայրկյան չեմ կարողանում թոթափվել շնորհակալության նոր հողմից, որ պարուրում ա ինձ՝ Ամինի ձեռքից հոսելով դեպի իմը: Մի կերպ դուրս եմ գալիս շուրջս կուտակված երախտագիտության ավազաբլուրից ու միանգամից հայտնվում Տրաֆալգարի գժանոցում: 

Անցնում են շաբաթներ: Ամինից միայն մի անգամ եմ լուր ստանում: Նոր ծանոթներին չկորցնելու ավանդական Hope all is well մոտիվներով: Մինչև.

- Hi, Christina: Ամինն ա: Լա՞վ ես:
- Լավ եմ, դո՞ւ: Դասերդ ո՞նց են:
- Լավ եմ: Լավ: Հիմա կոնֆերանսի եմ Բրայթընում: 
- Աաաաաա, հրաշք: Ծովի ափին ստացվո՞ւմ ա խելոք մարդկանց լսել:
- Հա, հետաքրքիր ա: Դու ո՞նց ես: Լոնդոնո՞ւմ ես:
- Ահա, դասից տուն եմ գնում: 
- Լավ էր քեզ հետ խոսել էն անգամ:
- Հա՞:
- Որ գամ Լոնդոն, հանդիպե՞նք: Քաղաքը լավ չգիտեմ, ինձ ցույց կտա՞ս:
- Հա, բա ոնց: 
- Լավ: Շատ լավ: 

Էլ չգիտեմ ինչ ասել: 

- Ես կարող եմ վաղը գալ:
- Գո՞րծ ունես Լոնդոնում:
- Չէ: Բայց կգամ, եթե դու ժամանակ ունես: Բրայթընն ավելի մոտ ա, քան Քարդիֆը: 
- Վաղը դաս չունեմ, եթե ուզում ես քաղաքը տեսնել, խնդրեմ: Ազատ եմ: 
- Հա, ուզում եմ: Կգամ: 
- Լավ: Որ հասնես, զանգիր, կպայմանավորվենք որտեղ հանդիպել: 
- Ինձ հետ կլինես, չէ՞: 
- Հա, իհարկե, ոնց ասեցի, ամբողջ օրն ազատ եմ: 

Լռություն: Ես էլի չգիտեմ ինչ ասել:
- Լավ ա: Երեկոյա՞ն էլ:
- Դե համարյա ամբողջ օրը: Լիքը լավ տեղեր կարող եմ տանել քեզ, բայց պետք ա ասես ինչ ես սիրում, որ ժամանակը չվատնենք: 
- Լավ: Բայց ժամանակ ունենք: Ամբողջ օրը: 
- Հա, բայց երեկոյան երեխեքի հետ պայմանավորված եմ: Եթե ուզում ես, կարող ես միանալ: Շատ լավ ժողովուրդ են:
- /լռություն/ Հա՞: Կգամ, բայց հետո էլ ինձ հետ կլինես, չէ՞: 
- Հետո՞: Բայց արդեն ուշ կլինի: Ժամը հազարը: Բան էլ չի լինի տեսնելու, ամբողջը փակ կլինի, իսկ փաբ համ ե՛ս չեմ գնում, համ՝ դո՛ւ:
- Հա, բայց իմ հյուրանոցը քաղաքի կենտրոնում կլինի: Եթե չգաս, իմ գալն իմաստ չունի:  

Էստեղ լեզուս կծում եմ: Իսկ ես մի ժամ ասում էի, որ հա, կլինեմ:-))))))))))))))))

5 comments:

Anonymous said...

Ինչքան պարզ ու սիրուն ես գրում, Քրիստ :)
Ապրես․․․
Ձ․

Christina said...

Դու ապրես:-)

Իմ գրելու վրա շատ ա ազդում, թե ինչ եմ կարդում:-) Կամ նայում:

Մի քանի ամիս առաջ բրիտանական մի սերիալ էի նայում, 20 դարի սկզբներին ինչ-որ լորդ-մորդի ընտանիքի մասին: Թե ինչպես ա հասարակությունը փոխվում: Ու էդ ժամանակ անգլերեն որ ինչ-որ մի բան էի գրում, լրիվ RP էր ստացվում. լավ ա, չէի խոսում:-)))))

Anonymous said...

RPոտ գրելը պատկերացրեցի, բայց խոսելը․․․ :)

Ասա, դու լավ սցենարներ էլ կգրես :)

Christina said...

նետ, հաստատ լավ չեմ գրի:-)

urish said...

բայց հենց սկզբից էլ պարզ էր մտքինը... :))