Thursday, July 3, 2014

Արև ու Ամոջ

Տաք կեսօր ա: Քայլում եմ Աբովյանով: Դեպի հրապարակ: Կեսօրին երեխեքը շատ են: Կինո Մոսկվայի շախմատի քարերին չորս-հինգ տարեկան պուճուրներ են փաթաթվել: Ուրախ ա: Լավ ա: Տաք ա: Ներքևից դանդաաաաաղ, հանգստանալով, թև-թևի տատիկ ու պապիկ են բարձրանում:

Կոկորդս բռնում ա...

- Ռիմա մոքո՞ր: Բարլուս:
- Հա ջան: Անժո՞...
- Հա, Ռիմա մոքոր, Քիսոն ա:
- Հա, ազիզ ջան: Ես լա՞վ եմ:
- Հա, հա, Ռիմա մոքոր, լավ եմ: Հիմա էլ դուրս եմ եկել քայլելու, լավ եղանակ ա: Բա դուք ո՞նց եք, գրիպդ անցա՞վ:
- Ջանդամը: Լավ եմ, լավ եմ... դուք լավ ըլնեք, ազիզ ջան:
- Գագո պապի՞կը ոնց ա, Ռիմա մոքոր: Բախչեքո՞ւմ:
- Հա, էն ա... բան... էն ա.... վերև...էէէէ, չեմ կարում ասեմ.... էն ա... լավ, հաջող, լավ ըլնեք, ազիզ ջան:

Ռիմա մոքորիս պապիցս ժառանգած աչքերը դեռ ժպտում են: Դեռ մորաքույրս ծիծաղում ա մանկական քրքջոցով՝ երկար լսելով իր շատախոս ցեղին ու մի բառ անգամ չասելով էդ անվերջ վերհիշող կանանց ու տղամարդկանց: Դեռ ամաչկոտ ու արագ փորձում ա թաքցնել քրքիջը, ասես ինչ-որ մեկն իրեն կյանքում արգելել ա ուրախանալ:

Բայց դժվարանում ա խոսել, հինգ տարի առաջ արյան՝ չափից դուրս շատ ու հանկարծակի գլխուղեղը գրավելու հետևանքով...

Ռիմա մոքորս մանկությանս արևներից ա: Հիմա «արևամուտ» ա՝ սիրուն, տաք: Վաղը նորից ծագելու ա արևը, բայց ամեն նոր օրվա արևը հա՛մ շատ հին ա, հա՛մ շատ նոր, ոնց որ նորածինը... Լավ ա, բայց հնի ջերմության կարոտը մեկ-մեկ բռնում ա կոկորդս...

No comments: