Monday, March 10, 2014

ԲՀԱՐԱՏ-ի զարմանալի թշվառությունն ու հմայքը (Օր 7 և 8. Ջայզալմեր)

Ջայզալմեր հասանք կեսօրին: «Շահի պալատում» շահավարի դիմավորեցին ու ուղարկեցին տանիք՝ ճաշելու: Մինչև մենք վայ-վույ կանեինք տանիքից բացվող հրաշալի տեսարանից լրիվ արթնացած, մոտեցավ մատուցողն, ու շարունակվեց մեր հաճելի ծանոթությունը (կհամարձակվեի նույնիսկ անվանել դա արդեն փոխադարձ սիրահետում), հնդկական խոհանոցի հետ:


Սաֆարի առանց արյունարբու ելքի:-)

Մեր հաջորդ «անակնկալը» անապատն էր: Ինչպես ասեց մեր վարորդը՝ գնում ենք Պակիստան, քանի որ Ջայզալմերը Պակիստանից բաժանում է ընդամենը մի հարյուր կիլոմետրանոց անապատ:

Ճանապարհի սկիզբն ինձ հիշեցրեց Վայոց Ձորն օգոստոսին: Ամայի, դեղին տարածք՝ ցանցառ կանաչ թփերով: Ու էդպես ձգվում ա, ինչքան աչքդ կտրի: Մեզ խոստացան ճանապարհին տանել մի բնակելի ու մի անբնակ գյուղ: Բնակելին ոնց որ երեխեքի տիկնիկերի տնակներից հավաքած մի փոքրիկ զավեշտալի բնակավայր լիներ: Ի տարբերություն ճանապարհին հատուկենտ ցրված մի երեք այլ գյուղի՝ այս գյուղը մի քիչ չափից դուրս խնամված տեսք ուներ: Գունավոր պատեր, օրինակ, ոչ մի այլ տեղ  չտեսանք:



Շարունակեցինք ճանապարհն արդեն փոքր-ինչ անտրամադիր, որովհետև ահագնացող ամայությունը ճնշում էր: Սակայն, երկրորդ կանգառից հետո ամեն ինչ փոխվեց: Փոքրիկ ամրոցանման կառույցի տանիքից, որն ինչպես պարզվեց ինչ-որ ռաջայի ամառանոց էր եղել, մեր առջև բացվեց անիրական մի պատկեր... ամայի, դեղին ավերակներ, ամայի դեղին անապատում, որտեղ ծիսապար էին բռնել երկու մով սիրամարգ...պտտվում են իրար շուրջ, թռչում-բախվում իրար, իջնում գետին ու շարունակում պտտվել...իսկ շուրջը՝ քամի, դեղին, ավերակ...

Մեր վարորդը փորձեց պատմել գյուղի պատմությունը.
Ամրոցը մահարաջայի ամառանոցն էր: Մի անգամ, մեր պես տանիքում զբոսնելիս, գյուղի տներից մեկում նկատում է գեղեցկագույն մի էակի: Հարցուփորձ է անում, թե ով է, ինչ է, պարզվում է, գյուղի բրահմինի աղջիկն է: Ուղարկում է իր մարդկանց բրահմինի մոտ՝ աղջկան ուզելու, սակայն բրահմինը մերժում է՝ ասելով, թե իր աղջիկը կամուսնանա միայն բրահմինի հետ:

Ուրեմն ասեմ իմանաք. բրահմինն ամենաառաջին կաստան է, որին հետևում են ռազմիկները, որոնցից էլ սերում էր մահարաջան: Մահարաջան պարտավոր է ողջունել բրահմինին, մինչդեռ վերջինիս ողջույնը միանգամայն ըստ սեփական հայեցողության է բաշխվում:-)

Մեր բրահմինը խելոք մարդ էր, հասկանում էր, որ կաստան՝ կաստա, բայց մահարաջան ուժ ունի, զենք ունի: Էդ իսկ պատճառով, գիշերը հավաքում է ամբողջ գյուղն ու սուսուփուս հեռանում... Առավոտյան մահարաջան արթնանում է, բարձրանում տանիք ու այ քեզ զարմանք, գյուղը դատարկ է... Ասում են, իհարկե, որ սա ընդամենը հերթական լեգենդն է: Ասում են, կա անգամ լեգենդի լրիվ հնդկական տարբերակը՝ մի գիշերվա մեջ միանգամից 84 գյուղ է դատարկվում:-) Իրականում, թե գյուղն ինչու է դատարկվել, պարզ չի: Վարկածներից մեկը՝ որ հողն արդեն անբերրի էր դարձել, և նոր հողատարածքներ գտնելու ակնկալիքով գյուղացիք լքում են իրենց գյուղը:

... Դալիական այս վայրից հետո խորացանք անապատում, մինչև հասանք ուղտերինJ Մինչև էս հպարտ, ընտանի ընձուղտներին տեսնելն սկսել էի կարգին նազուտուզ անել, թե ես ուղտ նստողը չեեեեեմ, հետն էլ՝ մենակ: Բայց երբ հասանք իրենց, ասի, ինչ լինում ա, թող լինի ու նստեցի: 

Ուղտն սկսեց իր նման վեհապանծ, ծանրումեծ վերկենալ: Սիրտս ընկավ ոտքերս. քիչ ա վախենում եմ բարձրությունից, հետն էլ հայտնվել եմ ճոճվող բարձրության վրա ու մի ժամ էդպես նստելու եմ: Էնքան ամուր էի պահել թամբի բռնակը, որ արևահարված ձեռքերս մի երկու րոպեից սպիտակեցին:-)))) Տաս րոպեից հետո ինձ կնքեցին «ուղտագնաց» ու սկսեցինք նվաճել անապատը:-) 

Գնում ենք, գնում, մեկ էլ մոծակ էր, կարիճ էր, ճիճու էր, էս ուղտիս որ աննկատ չբզեց, խեղճը մոռացավ վեհապանծություն, շոգ, փոշի ու փոխ առնելով նժույգային արագությունը՝ մի այլանդակ սարսափազդու ձեն արձակեց ու սլացավ առաջ՝ հետևից քարշ տալով վտիտ պատանի ուղտապահին: Փոշին ընկնում ա աչքերս, ճղճղոցից բաց բերանս: Ճղճղում եմ, բայց հիշում եմ վարորդի խորհուրդը՝ «Մեջքդ մի քիչ հետ պահիր, որ չընկնես ու հարմար նստես»: Էդպես մահառանիի տեսքով նստած ուղտի վրայից ես եմ ճղճղում, հետևից՝ փոշեկոլոլ ուղտապանն ու հևիհև Արտաշեսը: Վազում է էդպես խելագառ եռյակը հնդկական անապատով դեպի Պակիստան, մեկ էլ....

Աաաաաաա, խաբեցի՞՞՞՞:-))))))

Բացի վարորդի խորհուրդը, մնացածն իհարկե «ստեղծագործ մտքի արգասիք է», (լավ, «հիվանդն» էլ ձեր կողմից:-)))))))))

Բնականաբար առանց որևէ արկածի մի ժամից հասանք դեղին ծովին՝ ավազաբլուրներին... Պետք ա խոստովանեմ, որ փետրվարին տաք ավազի մեջ ոտաբոբիկ վազվզելուն հազիվ թե ինչ-որ ուրիշ բան հասնի: Մի ժամ մի ավազաբլուրից մյուսն անցնելուց հետո թառեցինք ամենաբարձրի գագաթին ու սպասեցինք մայրամուտին:  Էստեղ խոսքեր չեն կարող լինել, էստեղ յոթ չակրաներն էլ որ միանան, թույլ չեն տա երգել էս հրաշքի մասին. պետք ա միայն նստել ավազաբլրի գագաթին ու լռել հեռացող արևի վեհությունից...


Ջայզալմերի ամրոցը

«Ջայզալմեր» կոչվող այս չքնաղ վարդն արարված մարդու ձեռքով զարդարում է աստվածածին անծաղիկ դեղին անապատն, ուր իշխում են արևը, քամին, ավազի օվկիանն ու լռությունը: Ինչպես խստաշունչ ու անպաճույճ անապատն է հոգնած քարավանի առաջ միանգամից սփռում իր ամենաթանկարժեք զարդն, այնպես էլ քաղաքն է հոգնած օտարականի առջև բացում իր չքնաղագույն գանձը՝ երկու կիլոմետրից ավել ձգվող 12-րդ դարի առաջին կեսին կառուցված դեղին ամրոցը, որ թառել է դեղին բլրի գագաթին. 



© Mathematical tourist

Ասում են, որ Ջայզալմն այստեղ է կառուցել իր ամրոցը, որովհետև ինքը` Կրիշնան է ուղղորդել նրան:

Կասեք, Ամբերից հետո էլ ի՞նչ ամրոց պիտի ստիպեր ճանապարհորդին հիշել շնչելու մասին: Կասեմ Ջայզալմերի ամրոցը, որտեղ մարդն ուղղել է արարչագործության թերացումները: Որքան պարզ է անապատն, այնքան հրաշագեղ ու բարդ են ամրոցի կառույցների զարդանախշերը: Մահարավալի պալատից հետո թվում է, թե մարդու երևակայության սահմաններն այստեղ  էլ պիտի վերջանան, որովհետև ոչ մի զարդանախշ չի կրկնում երկրորդին: Սակայն այս դեղին, կամ ինչպես իրենք են սիրում ասել «սաֆրան» գեղեցկության եզակիությունը սահմաններ չի ճանաչում, ու քարե մանրանկարչության հրեշտակն իր հպումով զարդարում է գրեթե ողջ ամրոցը.



© Rajboori

Բայց արտաքին շքեղությունն անմիջապես նահանջում է, երբ մտնում ես դռներից ներս: Որքան մանրակրկիտ ու բազմազան է արտաքին հարդարանքը, նույնքան պարզ ու անպաճույճ է ներքինը: Լինելով անբաժանելի մասը բնության՝ մարդն իր արարումն այս երկրում սկսում ու ավարտում է բնության օրենքով՝ գեղեցիկ արտաքին ու ֆունկցիոնալ ներքին կառուցվածք:

Ամրոցն աշխարհում թերևս ամենահին ամրոցներից է, որ մինչև այժմ էլ բնակեցված է: Մեկ երրորդն իհարկե զբոսաշրջիկների համար է նախատեսված՝ խանութներ, խանութներ, խանութներ ու մի էդքան էլ հյուրանոցներ ու ռեստորաններ: Հյուրանոցների մուտքի մոտ առաջին բանը որ տեսնում ես, հետևյալ գրությունն է. «Roof top restaurant»: Սկզբից ախ-վախ ես անում թե բա «Յա, էս ինչ հրաշք, եզակի հնարավորություն ա, կբարձրանամ, ամբողջ քաղաքը վերևից կտեսնեմ»: Բայց հետո նկատում ես, որ ախր բոլոր ռեստորաններն ու հյուրանոցներն էստեղ ունեն ռուֆ թոփ վյու, պարզապես որովհետը բոլորը գրեթե երեք-չորս հարկանի քառակուսի ու ուղղանկյուն կառույցներ են, տանիքների փոխարեն՝ բաց պատիոներով:

Իսկ էս դեղին հրաշք աշխարհում էստեղ-էնտեղ են շտապում դեղին, կարմիր, նարնջագույն շքեզ հագուստներով կանայք: Հագուստն էստեղ խիստ տարբերվում է օտարականի աչքին ծանոթ սարիներից (ընդհանրապես, Հնդկաստանում սարիով կարելի է որոշել, թե մարդը որ նահանգից ու քաղաքից է): Այն կազմված է շատ լայն, գունագեղ, երկար փեշից, նույն զարդանախշերով մինչև ազդրերը հասնող բլուզից ու երկար, թափանցիկ շղարշից, որը հագուստի հիմնական գույներից որևէ մեկի գույնով է և ծածկում է կնոջ գլուխն ու գրեթե ողջ հագուստը:

Ամրոցի տասըդարյա կյանքն իհարկե հարուստ է մեծ ու փոքր, ուրախ ու տխուր բազմաթիվ պատմություններով: Ամրոցն իր կյանքում երեք անգամ ՋՈՀԱՐ է տեսել: Ջայսալ մահառավալները հանձնվել չգիտեին... Երբ 12-րդ դարում Դելիի սուլթանը պաշարում է ամրոցը, մահառավալի ընտանիքը դիմադրելով որքան կարող էր, հասկանում է, որ այլևս շարունակել չի լինի: Թշնամին պիտի մտնի ամրոց: Ջոհարի որոշումն արդեն կայացված է: Մահառավալն իր թշնամի սուլթանին հրավիրում է ընթրիքի, որն ավարտվում է շախմատի խաղով:

Այդ ընթացքում հավաքվում են բոլոր կանայք ու երեխաները՝ իրենց տոնական հարդերձանքով: Սկսվում են տոնական ծիսակատարություններ, ներառյալ՝ մահվանից առաջ բոլոր ընդունված ծիսակատարությունները: Ավարտելով այս ամենը, առավոտյան կանայք ու երեխաները  նետվում են խարույկի մեջ... Հավաստիանալով, որ ոչ ոք այլևս չի կարող անարգել իրենց կանանց ու երեխաներին, մահառավալն ու իր մարդիկ դնում են իրենց կարմրադեղին տյուրբանները, բացում ամրոցի դարպասներն ու մահու կռիվ տալիս թշնամու հետ, ում հետ նախորդ որը շախմատ էր խաղում...

Նույնը կրկնվում է գրեթե քսան տարի անց, երբ Ջայսալմի արքայորդիները հարձակվում են Դելիի սուլթանի քարավանի վրա: Երրորդ ջոհուրը համարում են կիսատ, քանի որ կանայք չեն հասցնում կատարել բոլոր պատշաճ ծիսակատարությունները:

Մեկ այլ պատմություն զարդարում է թագուհու սենյակը: Թագուհու բազմոցին դեմդիմաց Մումալի ու Մահռուդի (ասենք թե, էլի, ներող, էդքան հինդու անուն ես հիշողը չեեեեմ:-)) սիրո պատմությունն է: Երկու թշնամի ցեղերի զավակների սիրո պատմությունն է, որոնցից առաջինի արտակարգ գեղեցկության համբավը հասել էր թշնամի արքայազնի՝ Մահռուդի ականջը: Մի անգամ վերջինս որսի է գնում երկու թշնամի թագավորություններն իրարից բաժանող լճակի ափը, որին էր նայում Մումալի պատշգամբը: Մումալը լսում է որսորդության աղմուկ-աղաղակն ու ծառային ուղարկում իմանալու, թե ով է որսորդը: Մահռուդն էլ լսելով Մումալի չքնաղ գեղեցկության մասին, որոշում է առիթից օգտվել ու համոզվել, թե արդյոք համբավն իրականում համապատասխանում է արքայադստեր գեղեցկությանը: Այս պատահական հանդիպումը վեր է ածվում գաղտնի սիրո:

Որսորդությունից հետո Մահռուդն ամեն գիշեր կորչում է: Կորչում է սեփական պալատից, ոչ Մումալից, ում ծոցում նա անց է կացնում սիրատենչ գիշերները: Այնքան սիրատենչ, որ Մահռուդի հայրն սկսում է անհանգստանալ, թե որդին ամուլ է, քանի որ նրա կանանցից ոչ մեկն իրեն թոռ չի նվիրում: Բայց կույր թագավորին տեղեկացնում են, որ որդին ամեն գիշեր անհետանում է ու վերադառնում առավոտյան թաց մազերով: Մի օր էլ, երբ էդպես առավոտյան քնած է լինում, թագավորի հրամանով նրա մազերից ծառաները ջուր են հավաքում, որ տեսնեն, թե ուր է գնում արքայազնը: Հայրը ջուրը քսում է աչքերին ու սկսում տեսնել: Էդպիսով հասկանում է, որ իր ու թշնամու միջև ընկած լիճն է անցնում որդին ամեն գիշեր ու կռահում, որ գեղեցկուհի Մումալն է իր յոթ հարսներին չբեր դարձրել: Էդ գիշեր Մահռուդին փորձում են արգելել լիճն անցնել:

Էս ընթացքում Մումալի քույրն սկսում է քրոջ գլուխը տանել, թե ես գիտեմ, որ դու գիշերները հանդիպում ես ինչ-որ մեկի հետ, թող տեսնեմ ով է: Մումալը երկար համառում է, բայց ի վերջո տեղի է տալիս քրոջ թախանձագին խնդրանքներին: Որպեսզի ոչ ոքի ուշադրությունը չգրավի, քույրը տղա ծառայի շորեր է հագնում ու երկուսով սկսում են սպասել Մահռուդին: Սպասում են, սպասում, չկա քաջ Մահռուդը: Հոգնում են, իրար գրկում ու քնում:

Գալիս է Մահռուդն ու... պարզ է, չէ՞, ինչ է լինում: Առանց դեսուդենի լքում է Մումալին ու էլ երբեք չի վերադառնում իր գեղեցիկ սիրուհու մոտ: Մումալը որպես մուրացկան քրոջ հետ գալիս է Մահռուդի դուռը ու խնդրում, որ վերջինս գոնե խոսի իր հետ: Դաժան արքայազն անգամ տեսակցությունից է հրաժարվում: Հուսահատ Մումալն էդ օրվանից թափառում է անապատում՝ աղերսելով սիրեցյալին վերադառնալ: Երբ Մահռուդն իմանում է իրականությունը և փորձում վերադարձնել սիրեցյալին, արդեն շատ ուշ էր... անապատն  իր փոխարեն արդեն իր գիրկն էր առել տառապանքից հյուծված Մումալին...

Հուզիչ ամրոցից դուրս գանք դեպի ԳԱԴՍԻՍԱՌ լճակը, որ բազմել  է դեղին բլրի լանջին ու դեղին քաղաքի ու դեղին անապատի բնանկարին հաղորդել զովության ակնկալիք: Լճակն այդ ասես հավաքել էր ամրոցից դուրս հորդած բոլոր արցունքներն ու պատրաստ սպասում է նորերի: Արհեստական այս լիճն իրականում կառուցվել է դեռ միջնադարում՝ որպես ջրի ռեզերվուար և դարեր շարունակ քաղաքի բնակչության համար հանդիսացել ջրի միակ աղբյուրը: Երկրպագելու համար կյանքի այդ աղբյուրը՝ քաղաքի հայտնի կուրտիզանուհի Տիլոնը 16-րդ դարում այստեղ կառուցում է հրաշագեղ մի դարպաս, որը քաղաքից լճակ եկողին ստիպում է խոնարհվել գեղեցկության առջև ու փառաբանել կենաց ջուրն ու աստվածներին:


Սալամ Սինխ հավելի

400  տարի առաջ շատ հարուստ մի մարդ՝ Սալամ Սինխը, որ և՛ հարուստ վաճառական էր, և՛ համատեղությամբ մահառավալի նազիր-վեզիրը, որոշեց կառուցել իրեն արժանի առանձնատուն: Բայց քանի որ ազնվագույնն մարդն այս ապրում էր Ջայզալմերում, ոչ թե Հայաստանում, այն կոչվեց «հավելի»՝ քամու (հավ) ու արևի (վելի) տուն: Բա՛, հենց էդպես: Չէ՞ որ ինքը «սինխ» էր, մարդ, ով առույծին /սինխ/ արժանի վարք ուներ, ով իր հարստությունը ոչ թե առանձնացնում էր իր համար ու փակվում առանձնատանը, այլ բարեգործություն էր անում ու տուն հրավիրում քամուն ու արևին, քանի որ անապատում ուրիշ հյուրեր քիչ են լինում:

Դե, հիշում եք, երևի, որ էդ հյուրերից մեկի մասին արդեն ասել եմ՝ լռության: Սա թերևս այնքան էլ ցանկալի հյուր չի հավելիում, որովհետև այն դավադիր է... Հավելիում առաստաղը կառուցում են եռաշերտ, մեջն էլ՝ խոռոչ: Առաջին շերտը փայտ է, հետո՝ դատարկություն, հետո՝ նորից փայտ ու սավաղ: Դատարկությունն այդ լռության դեմ լարված թակարդն է:-) Այն թույլ է տալիս լսել աստիճաններով քայլողների ոտնաձայներն ու որոշել, թե արդյո՞ք դրանք բարեկամին են, թե՞ թշնամունը: Բացի այդ, նման նախագիծը բնական օդափոխիչի դեր է տանում, թույլ է տալիս երկրաշարժի ժամանակ ավելի պաշտպանված զգալ ու էլի մի քանի կարևոր ֆունկցիաներ, որոնք արդեն չեմ հիշում ցավոք:-(

Ընդհանրապես, ճարտարապետական ու շինարարական առում հրաշք լուծումներ են գտել այս անապատում: Քանի որ ջուր ու ցեմենտ գոյություն չուներ, մարդիկ հավելի կառուցել են կին ու տղամարդ քարերով, ինչպես ժամանակակից լեգոն:-) Հետո էլ այդ «ամուսնությունը» զմռսել են երկաթյա ամրակներով ու արճիճով՝ մի բարձին հավերժ ծերանալու ակնկալիքով (դե, ինչպես տեսնում եք, արդեն 400 տարի «ծերանում» են ու դեռ ասես երիտասարդ լինեն՝ հավելիում ապրում են սովորական մարդիկ, որոնք մահանում ու ծնվում են արդեն հինգ դար...):

Հավելիում, ինչպես գրեթե բոլոր պալատներում ու հարուստ առանձնատներում, ուր եղանք, տանտիրոջ ու տանտիրուհիների մասերն առանձին են: Սալամ Սինխը յոթ կին ուներ, որոնք ապրում էին հավելիի արևմտյան մասում, իսկ լոգանք էին ընդունում արևելյանում: Սինխը կանանց հետ հաղորդակցվում էր իր հատվածից: Դեմ դիմաց երկու պատուհաններ կային, որտեղ նստում էին Սինխն ու իր նախընտրած կինն ու զրուցում դեսից-դենից՝ աչքերով ու ձեռքերով: Որպեսզի մյուս կանայք չլսեին խոսակցությունն ու չխանդեին:-)))))))

Քանի որ ջուրն անապատի ամենաթանկարժեք գանձն է, այստեղ մարդիկ սովորել են ինչպես հնարավորինս արդյունավետորեն օգտագործել այն: Այստեղ գրեթե ոչինչ չի թափվում, աղբ, կեղտ հասկացություն գոյություն չունի: Օրինակ՝ քանի որ կանանց չէր թույլարվում դուրս գալ հավելիից, նրանք, ի տարբերություն տղամարդկանց, ովքեր օրվա մեջ ցանկացած ժամանակ կարող էին իջնել լիճն ու լողանալ, լոգանք էին ընդունում հենց հավելիում: Հատուկ տարածք էր նախատեսված կանանց լոգանքի համար՝ տանիքներից մեկը, որտեղ նրանք լողանում էին ամիսը մեկ անգամ, դաշտանից հետո: Լոգանքի ժամանակ առողջարար ցեխ էին օգտագործում ու այդ ամենը՝ ջուրն ու ցեխը, հատուկ խողովակով հոսում, լցվում էր ներքևի տանիք, ուր տեղադրված էին հատուկ տարրաներ: Այստեղ սպասում էին մինչև ցեղը նստի տարրայի տակ, հետո ջուրն օգտագործում էին լվացքի համար, իսկ ցեղը խառնում ավազի հետ ու օգտագործում որպես հատակը հարթեցնող նյութ, կամ գոմաղբի հետ՝ որպես պարարտանյութ: Ոչինչ այստեղ աղբ չի...

Քանի որ անապատում բնական ծաղիկներ չկան, մարդիկ քարե ծաղիկներով են զարդարում իրենց տները: Ինչպես Սալամ Սինխը, ում հավելիի պատշգամբներն ու դրանց տանիքները թաղված էին դեղին, խայտաբղետ քարե ծաղիկների մեջ, որոնք ավելանում ու պակասում էին՝ ըստ տոնական օրացույցի: Այո, այո, քարե զարդարանքների մի մասն, ինչպես տոնածառի խաղալիքներ, հանվում էին ու օգտագործվում միայն տոն օրերին:

Քիչ էր մնում մոռանայի աստիճանների մասին:-) Առաջին, երկրորդ ու վերջին հարկերում դրանք բավականին բարձր են, իսկ երրորդում՝ շատ նեղ: Նման անհամաչափությունը կրկին պաշտպանական նշանակություն ունի՝ թշնամին սովորաբար հարձակվում է գիշերով ու բարձրանալով առաջին ու երկրորդ հարկեր, սովորում է աստիճանների բարձրությանը: Այդ իսկ պատճառով երրորդում արդեն նույն կերպ է փորձում բարձրանալ մթության մեջ: Սխալ հաշվարկելով քայլերը՝ կորցնում է հավասարակշռությունն ու մեջքի վրա շուռ գալիս: Դա քիչ է, մի հատ էլ գլուխը խփում է առաստաղին, որ էստեղ մի քիչ ավելի ցածր է:

Մի խոսքով, էն ինչ օտարականին ստիպում է զարմանքից շունչը պահել, տեղացու կիրառական առօրյան է՝ առանց որևէ պաճուճանքի: Անգամ քարե գեղեցկությունն ունի կիրառական նշանակություն՝ ցույց է տալիս կարգավիճակ, ազդարարում տոն, իսկ ներկայում՝ գայթակղում իմ նման չտես զբոսաշրջիկներին, ովքեր ապահովում են այդ մարդկանց ապրուստը:

Ջայզալմերից հեռացանք երեկոյան, դեպի Դելի: 

No comments: