Thursday, May 13, 2010

Հոտաբույլ:-)

Մեկ-մեկ տանեցիք որ ճաշ են սարքում, քիչ ա մնում գլուխս առնեմ ու փախչեմ, բայց անտեր քաղաքում սառնամանիք ա էս մայիս օրով, էլ չասած, որ երբեմն մեր թաղում ստիպված եմ լինում արագ-արագ քայլելով թաքնվել կպչուն հայացքներից: Ի՞նչպես կարելի ա հաղթահարել ձկան սոուսի հոտը («Ձուկն էնքան նեխում ա, մինչև դառնում ա սոուս», Ջաո:-)): Իհարկե գրելով հոտերի մասին:-)

90-ականների վերջերն էր: Մի օր Ամերիկյան համալսարանի գրադարանում կարդում էի, երևի հոգնեցի, թե ինչ, անցա ամսագրերին: Անունն անգամ չեմ հիշում, ինչ ամսագիր էր, ինչի մասին էր, որովհետև ոչ մի բան էլ չկարդացի: Բացել, դրել եմ առջևս ու վայելում եմ դրանից եկող բուրմունքը: Որպեսզի չսովորեմ այդ բուրմունքին, սկսեցի թերթել, մինչև հասա մի գովազդի, որն այդ բուրմունքի պատճառն էր: Նկարում ոսկեգույն աշուն էր ու տերևներն էնպես էին բուրում , էլ չասելու, իսկ անկյունում գրված էր. Indian Summer/Priscilla Presley... 2000թ.-ին Բալթիմորում իմ առաջին ու անգնահատելի ձեռքերումն էր:-)

Ամռանը գյուղ գնալիս պապան միշտ մեեեեծ ձմերուկ էր առնում: Երեկոյան մթնշաղին գետի խշշոցի ու հարևան-բարեկամների միալար զրույցի ուղեկցությամբ բուրող ձմերուկի թարմությունից մինչև հիմա ներքուստ սարսռում եմ:

Պապան ու Էդգարն անձրևներից հետո գնում էին սունկի: Իսկ երեկոյան... սնկով ճաշի տաք բուրմունքը խոհանոցից սուսուփոս լցվում էր բոլոր սենյակներով մեկ, ու սպասումը, մինչև էդ սունկն եփվի, դառնում էր անտանելի:

«Կովածաղիկի» դեղին փունջը:-)

Երևի մի չորս տարի առաջ գործընկերոջս հետ սկսեցինք քայլել Սայաթ-Նովայով մեր գործընկերուհու համար, ծննդյան առթիվ, նվեր փնտրելու նպատակով: Մտանք «Բուրմունք»: Վաճառողուհին Արմենին հաճույքով փոխանցում էր օծանելիքների օրինակներով սպիտակ թղթիկները, Արմենն էլ կարծելով, թե ես դրանցից բան եմ հասկանում, փոխանցում էր ինձ: Մինչև կարծեմ ամենավերջինը, որից հետո այդ անուշահոտությունն աննահանջ տեղավորվեց ուղեղումս ու էլ բաց չթողեց: Մինչև ամսվա վերջ, երբ նրբագույն Infiniment-ից նույնիսկ իմ գլուխն էր պտտվում:-)

Մեր հին մեկսենյականոցի պատշգամբում գրապահարան ունեինք: Մի քիչ ավելի «բարետես» գրքերը վերևի դարակում էին, իսկ իմ սիրելի քրքրված, փոշով ու էջերի հնությամբ բուրողները՝ ներքևի: Մինչև հիմա հին գրքերի մոտով անցնելիս ոտքս կախ եմ գցում:

Բայց ամենաանուշն իհարկե բուրում են Նանուտն ու Հատուլիտը:-))))

5 comments:

araycho said...

:-)))

Anonymous said...

Աղջնակս, որ շաաատ-շաաատ-շաաատ- պստիկ է, մի հետաքրքիր սովորություն ունի, ավելի ճիշտ, երևի, աշխարհաճանաչման, շրջապատաընկալման իրեն հարմար մի մեթոդ:
Կարճ: Ինչ-որ նոր բան վերցնում է ձեռքը (հատկապես որ ինչ էլ վերցնում է հաստատ իր համար նորություն է), լինի դա խաղալիք, թե հատկապես ուտելիք, առաջին հերթին տանում է դեպի քիթիկը: Բայց, որ ամնակարևորն է, դա պարզապես ռիտուալ չի, կամ շարժումների համակարգվածության պակաս: Դրանից հետո որոշվում է տվյալ առարկայի ճակատագիրը. կամ այն կհայտնվի բերանիկում կամ առհամարված՝ գետնի վրա:

Համաձայն եմ, կյանքն ունի՛ իր՝ խիստ անձնավորված հոտը:

christina said...

Փոքրերը հետաքրքիր են շատ:-)

Anonymous said...

Իսկ ի՞նչ են Նանուտն ու Հատուլիտը..

christina said...

Նանուտ: Նարե
Հատուլիտ: Հայկ

Երկուսուկես տարեկան Նարեն այդպես է անվանում իրեն ու փոքր եղբորը:-)