Monday, May 10, 2010

Պարգևատրում

Կես ժամ առաջ ինձ թվում էր, վերջ, պիտի հավաքվեմ ու ինձ մի կերպ գցեմ անկողին, որովհետև... դե որովհետև ամբողջ օրն ականջակալներն ականջներիս, ձեռքերս սեղանին, փորձում էի արձանագրել առաջին հարցազրույցս: Չհաշված երեկոյան կես ժամը, երբ դուրս եկա վազելու մեր անմարդաբնակ փողոցով՝ չափից դուրս ժրաջանության պատճառով բաց թողնելով ժլատ արևի կեսօրյան տաքությունը:

Մի խոսքով կես ժամ առաջ որոշեցի իջնել խոհանոց ու թեյ խմել՝ միգուցե անկողնու գայթակղությանն ավելի հեշտ դիմանայի այդպես: Պատմությունս անիմաստ երկարում է, բայց ինչպես մի քիչ առաջ ըմբոշխնում էի իմ անակնկալը, հիմա փորձում եմ ուղղակի հետաձգել պահը... Լավ, տանտերս թեյ շատ է սիրում: Աշխարհի բոլոր անկյուններից ինչ տեսակի թեյ ասես չունի ու Ճապոնիա մեկնելուց առաջ մեզ ժպտալով ասաց.

- Բոլոր բաց թեյերը կարող եք վերջացնել:

Ես էլ որպես խելոք կենվոր, տանտիրոջս խոսքը գետնով չեմ տալիս: Ամեն օր կանոնավոր վերջացնում եմ բաց տուփերը:

Բայց այսօր անորոշ հայացքս տուփերի վրա պտտվելիս կանգնեց արծաթագույն մի տուփի վրա ու առանց երկար-բարակ մտածելու որոշեցի ստուգել դա բացերի շարքին է կարգվում, թե ոնց: Պազվեց առաջինին: Ու երբ բացեցի, արծաթագույն տուփի մեջի ոսկեգույն թղթից բաժակիս մեջ ընկավ... մի մեծ կոծոծ: Չորացած դարչնագույն տերևների մի խուրձ, որոնց վրա հիասթափված տաք ջուր լցրեցի՝ «Դե, թեյ ա էլի, փորձենք» հուսահատ մտածմունքով, ու բարձրացա իմ սենյակ: Հարցազրույցից դեռ տաս րոպե ունեի մինչև ավարտելն ու որոշեցի վաղվան չգցել: Գրեցի, հետ ընկա աթոռիս թիկնակին ու հիշեցի թեյիս մասին...

Թեքվեցի դեպի բաժակն ու... բերանս բաց նայում եմ ներս... բաժակի հատակին մի մեեե­ծ հիասքանչ ծաղիկ ա... դարչնագույն սուր տերևները փռվել են բոլոր կողմերով, իսկ ներսի գունավոր ջրի մեջ լողում են վառ վարդագույն ծաղիկներ... թեթև, մուգ ու մի տեսակ թափանցիկ... իսկ թեյը ... բաժակի տակ մուգ ոսկեգույն է, վերևում՝ կանաչ...

Հրաշք...

4 comments:

Մոն said...

Փաստորեն, պիտի գամ:-)))

Էդ թեյը որ դարակում էր, ասեցի՞ր...:-))))

Մոն said...

Էնպես խորացա գալու մտքի վրա, որ հարցական նշանս սխալ տեղ դրեցի, յա՛:-))

Anonymous said...

փոտինգ vs քոմմենթս

իդեալիզմ vs մատերիալիզ

:)

Մոն said...

դե ինչ արած, ընտանիքում հավասարակշռության ա պետք:))))