Tuesday, May 4, 2010

Մ

Փոքրամարմին, սպիտակ, գրեթե թափանցիկ մաշկով այս աղջիկը թվում է, թե հիմա կհալվի նստած տեղը, մեղրի նման կծորի բոլոր կողմերով: Բայց չէ, անասելի համառություն կա ժպիտի ու անբեկուն, ուղիղ մեջքի մեջ: Նույնիսկ ծռել չի լինի, ինչ մնաց հալել: Միշտ զարմանում էի, թե այսքան փխրուն կնոջ մեջ որտեղից այդքան համառ անբեկանելիություն: Արդեն հինգ տարի է, ինչ ապրում է Լոնդոնում: Հեռավոր ռուսական քաղաքից այս համաշխարհային մայրաքաղաք է եկել քսաներկուսում:

«Չէ, ոչ մի հատուկ պատճառ չկար Լոնդոնն ընտրելու համար: Ես նույնիսկ ուզում էի Նահանգներ գնալ, բայց վիզա չտվեցին: Ես էլ ընկերուհուս հետ եկա Լոնդոն: 400 փաունդով: Լեզուն չգիտեի, չէ: Չգիտեի ինչ պիտի անեմ: Ուզում էի աշխատել: Երրորդ շաբաթը վերջանում էր, ոչ աշխատանք ունեի, ոչ փող: Ընկերուհիս տոմսը փոխեց, որ վերադառնա: Ես դեռ երկու օր ունեի: Ես հավատում եմ նշաններին: Ռուսական թերթում կարդացի, որ ինչ-որ շահում է լինելու: Գնացի, չորս մրցանակ կար, ավելի քան հարյուր մասնակից: Որոշեցի. եթե ինչ-որ բան շահեմ, մնում եմ: Շահեցի, երկրորդ մրցանակը՝ 16 փաունդ: Տուն եկա ու ասեցի «Դաշա, ես մնում եմ»: Ու մնացի: Երկու շաբաթ հետո աշխատանք գտա, սկսեցի կուրսերի գնալ: Ամեն ինչ լավ է»:

Հիմա աշխատում է Լոնդոնի ամենաբանուկ փաբերից մեկում (դե էստեղ «անբանուկ» փաբ գոյություն չունի, բայց դա էական չի:-), դիմել է մի քանի համալսարան տնտեսագիտություն սովորելու համար, առանց ինչ-որ մեկին խանգարելու մրջյունի նման վազվզում է, որ կրթաթոշակ գտնի ու ժպտում է. «Ես երբեք չեմ նյարդայնանում, գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ուղղակի հոգնել եմ մի քիչ»: Հոգնածության միակ վկաները աչքերի տակ կապույտ օղակներն են:

Ու հանկարծ.
«Ուզում եմ տարրական դպրոց բացել տանը: Ամեն ինչ մտածել եմ: Հիմա հաստատ չեմ վերադառնալու: Առաջիկա տաս տարում էլ չեմ վերադառնա: Ոչ մի բան չեմ կարոտում տանը: Երբ կարոտում եմ, անմիջապես զանգում եմ մերոնց: Լավ եմ ինձ զգում Լոնդոնում. աշխատում եմ, երբ հոգնում եմ, կարող եմ գնալ ինչ-որ տեղ, որտեղ երբեք չեմ եղել, նման տեղերը երբեք չեն վերջանում Լոնդոնում:

Բայց մի քանի տարի հետո անպայման կբացեմ դպրոցը: 4-6 տարեկան երեխաների համար: Անգլիայում երիտասարդները դպրոցից հետո մի տարի ընդմիջում են վերցնում: Այդ մի տարում էլ կհրավիրեմ իրենց դպրոցում աշխատելու: Շատերն են ուզում Ռուսաստան գալ, բայց գումար չունեն: Ես իրենց մնալու տեղը կապահովեմ, կվճարեմ, ոչ շատ, իհարկե, բայց բավականաչափ, որպեսզի իրենց ծախսերը հոգան: Ու չնայած մասնավոր դպրոց է լինելու, ամեն տարի մի քանի երեխա կվերցնեմ մանկատնից»:

Ու ժպտում է՝ վստահ, համառ, անկոտրում:

Երազանքն այս փխրունությունը հավաքել է ժպտացող, թափանցիկ մարմնում ու թույլ տվել ուղիղ ու անվախ նայել կյանքին:

5 comments:

artashes98 said...

Geghetsik er!
Vsyo-taki est' "разрыв-трава"! :)

Anonymous said...

էսպես կարամ կարդամ օրերով. ու թքած բոլոր գործերի վրա

christina said...

Ապրեք:-)

Anonymous said...

Միայն թե խոստովանիր, որ այս նովելը «Կապրիչչիո» չէր, ի նկատի ունեմ՝ սեփական զգացումների ու մտորումների հանրայնացում՝ երրորդ դեմքից...

christina said...

Խոստովանում եմ;-) Երբեմն ափսոսում եմ, որ չունեմ նման հողեղեն երազանք, որն ինչպես D. H. Լոուրենսն ա ասում (Things՝ հանճարեղ պատմվածք ա)ողկույզի նման կբարձրանար վերև, մենք էլ դա առանցք սարքած, մեր կյանքը կփաթաթեինք դրան ու միասին կաճեինք վերև:-)