Saturday, January 26, 2008

Անիկ հոքոր*

Ձյուն է գալիս: Երեկվա գորշ ծառերը նորից սպիտակ են: Առավոտյան ամեն ինչ մշուշոտ սպիտակ էր, փափուկ: Հիշեցի մեր գյուղը: Երևի հերթական ծնունդ էր կամ շաբաթ-կիրակի, որովհետև պապիս բոլոր տղաներն ու հարսները, աղջիկներն ու փեսաները հավաքված էին մեծ վառարանի շուրջը: Պատմում էին, ծիծաղում, լռում, երբ պատմությունը հասնում էր իրենց կյանքում երբևէ հարազատ, իսկ հիմա հարազատ, բայց տխուր տեղ գրաված մարդկանց:

Հինգ տղա, երեք աղջիկ, բոլորն ամուսնացած: Բնականաբար, երեխեքից պրծում չկար: Հասակակից մի վեց հոգի էինք: Էլի բնականաբար, ներքին խմբավորումներով. ես ու Վալերիկը, Էդգարն ու Անուլիկը (ես ավելի շատ խոսելու բան ունեի ինձանից մեկ տարով մեծ հորաքրոջս թոռնիկի հետ, նրա` Էդգարից մեկ տարով փոքր քույրն էլ` եղբորս հետ, այնպես որ, ամեն ինչ շատ ներդաշնակ էր մեր խմբակցություններում), Վարդանիկն ու մնացածները, որոնք տվյալ ժամանակահատվածում, լինելով ընդամենը 2-3 տարեկան, խլվրտում էին "մեծերի"` 5-7 տարեկանների միջև: Երեխաների հախից հավաքական կարողանում էր գալ միայն մեծ հորաքույրս: Երկու անխափան միջոց կար. իր հեքիաթներն ու վառարանի վրա ճտճտացող կարտոֆիլը` "պլեճը":

Անիկ հորաքույրս հստակ ֆավորիտներ ուներ` իր մեծ թոռնիկն ու սիրելի, հպարտության առարկա եղբոր ("Պոլիտեխնիկում դասախոս է", շինծու անփութությամբ նետում էր դիմացինի վրա, բայց ուսերն ինքնաբերաբար հետ էին գնում, քանի որ հպարտությունը մեջն ուղիղ չէր տեղավորվում:-)) մեծին: Հորաքրոջս արտաքինից հիշողությանս մեջ մնացել են հինայից ժանգոտված մազերը, մի գույն, որն ինձ անհավատալի էր թվում հինգ տարեկանում ու առանձնացնում էր հորաքրոջս մնացած հողածիններից` դասելով նրան արտասովոր երևույթների շարքը, ու պարբերաբար գրքից պոկվող, ակնոցների տակից դեպի իրեն հառված աչքերին նետվող ուշադիր հայացքը. հետևո՞ւմ ենք, թե՞ էս ա-էս ա փախչելու ենք...

Միշտ հիշում եմ մենակ, պուճուրիկ, աշխույժ, ամեն ինչի ու ամենքի մասին "հավաստի" տեղեկություններ հաղորդող ձայնով մի կնոջ, որ զրուցակցին միանգամից հրավիրում էր մտերմիկ, վստահելի ու միայն իրեն ապավինող միջավայր: (Ինձ նույնիսկ խիստ դժբախտ էի զգում, երբ հանկարծ իմանում էի, որ ամուսինն ուղեկցելու է իրեն այն հազվադեպ դեպքերում, երբ տարին կամ մի քանի տարին մի անգամ վերադառնում էր "խոպանից": Էդ "խոպանն" էլ տանել չէի կարողանում, որովհետև ինձ թվում էր, թե մարդիկ էնտեղ են սովորում ճպճպացնելով ու թքոտ համբուրելը): Հորաքույրս նույն հետաքրքրությամբ ու մտերմիկ ձայնով պատմում էր չգիտեմ ում հարևան Վարդուշի ու կապիտան Նեմոյի մասին: Նույն տխրությամբ բամբասում Մարետի մասին ու մեզ հաղորդում վիշապի առաջին հաղթանակի մասին լուրը:

Հորաքույրս հեղինակություն էր ցեղում. ոչ մի խնդիր առանց նրա չէր լուծվում, ընտանիքները քանդվում ու կառուցվում էին նրա հպարտ հայացքի ներքո: Հարսներն ու փեսաներն էին անգամ փնտրում նրա անաչառ միջամտությունը... Նույնիսկ հորեղբորս սիրուհին էր նրա առջև բացում սրտի գաղտնիքներն ու լսելու համար թարմ մածուն ու պանիր հյուրասիրում:-)

Իսկ ինձ համար նա հեքիաթներ էր կարդում ու ստեղծում, որտեղ ես միշտ արքայադուստրն էի, իսկ Վալերիկը` արքայազնը: Եթե Էդգարն ու Անուլիկը որոշում էին լսել հորաքրոջս հեքիաթներն, անպայման հայտնվում էր ազնվական արյան կրողների երկրորդ զույգը` արքայազնի եղբոր ու քրոջ կերպարներով:

Ափսոսում եմ, որ չեմ հասցնել զրուցել հորաքրոջս հետ...
________
* Լոռվա աշխարհում` հորաքույր

1 comment:

artashes said...

Շատ ապրե՜ս: Շատ ճիշտ ու գեղեցիկ ու սրբապաշտ բան է՝ մեր հեռացած ազգականների մասին մտածելը, հարգելը և հիշելը:

(Քեզ երևի հետաքրքիր կլինի այս անծանոթուհու հուշերը. http://moralfreak.livejournal.com/98948.html)