Tuesday, January 15, 2008

2008

Գրեթե մի ամիս: Ոչ մի բառ: Հավատս չի գալիս:-) Իսկ այդ ընթացքում արդեն 2007-ն էլ հասցրեց հավաքել փեշերն ու հեռանալ: Հետաքրքիր արարածներ ենք էլի. ինչո՞ւ ենք որոշել տրոհել մեր առօրյան հնի ու նորի ու ինչո՞ւ ենք այդպես գրկաբաց ողջունում նորն ու անծանոթը...

***

Փորձում եմ չքնել: Գիտեմ, որ Ձմեռ Պապը մերոնք են: Որտեղի՞ց, ինչպե՞ս, չեմ հիշում: Երբեք չեմ հարցրել մերոնց: Բայց գիտեմ, որ նվերները բարձիս տակ հայտնվում են մամայի ձեռքով: Հա, հա, հենց բարձի տակ: Միայն դպրոցում բարձին փոխարինեց Տոնածառը: Երևի արդեն այդքան խորը չէինք քնում:-)

Փորձում եմ չքնել: Չի ստացվում, աչքերս միանգամայն ցուցադրաբար հայտարարում են իրենց անկախությունն իմ գիտակցությունից: 1-ին դեռ հազիվ արթնացած` ձեռքս տանում եմ բարձի տակ ու... կա', նվեր ունեմ: Բոլորովին կարևոր չի ինչ, կարևորը նվեր ունեմ Ձմեռ Պապիկից: Զգում եմ, որ ինձ սիրում են: Այդ "անդեմ" նվերը, չգիտես ինչու, ինձ պատմում է ծնողներիս սիրո մասին, որն ամեն օր էի զգում, բայց որն անբացատրելիորեն բյուրեղանում էր Նոր Տարվա նվերում...

Հիշո՞ւմ եք Նոր Տարվա հանդեսները: Մանկապարտեզում, հետո դպրոցի կողմից պարտադրված: Հանդեսներն արդեն չեմ հիշում: Հիշում եմ միայն շինծու ձմեռ պապիկներին, իմ ծայրահեղ դժգոհությունն առ այն, որ երբեմն մոռանում էին Ձյունանուշին, ու հանդեսն ինձ համար դառնում էր տաղտուկի բույն: Ու մինչև հիմա սիրում եմ նվերների տոպրակները, որ Ձմեռ Պապը բաժանում էր հանդեսի վերջում: Ինչու, չգիտեմ: Որովհետև սիրել փտած մանդարինն ու ճիճվոտ շոկոլադե բատոնը կարծես թե մոխրագույն նյութի պակասի վառ վկայությունն է: Բայց ինչ արած. սիրում էի:-) Ու սիրում եմ Նոր Տարին, առանց մտածելու, պատճառաբանելու: Սիրում եմ առօրյան ջախջախող ընտանեկան եռուզեռը, մտերմիկ զրույցները խոհանոցում, գեղեցիկին այդ օրն առաջնային դեր տալու ջանքերը...

Քնել եմ ուզում, անկապ նախավարժանք 2008-ն սկսելու համար:-)

No comments: